Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ներառական կրթություն, կրթություն բոլորի համար։ Ոլորտի հիմնախնդիրները եվ լուծման ուղիները

Հոդվածում անդրադարձ է կատարվել ներառականության ոլորտի առկա հիմնախնդիրներին, դրանց առաջացման հիմնական պատճառներին և լուծման ուղիներին։ Աշխատանքում պարզ է դառնում, որ չնայած օրենսդրական առաջընթացին և տարբեր ծրագրային նախաձեռնություններին, ներառական կրթությունը դեռ չի դիտարկվում որպես կրթական համակարգի ռազմավարական առանցք։ Այն հաճախ ընկալվում է որպես մասնագիտացված ոլորտ՝ ոչ թե ընդհանուր կրթության անբաժան բաղադրիչ։ Այսօր շատ դպրոցներ ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը, սակայն ուսուցիչներից քչերն են մասնակցել վերապատրաստման կամ կրթական ծրագրերի, որոնք թույլ կտան հանրակրթական դասարաններում ուսումնական գործընթացը կազմաներպել այդ երեխաների կրթական կարիքներին համապատասխան։ Կատարած ուսումնասիրություններից կատարվել են եզրահանգումներ և առաջարկություններ` ուղղված ոլորտի կայունացմանը և արդիականացմանը։

Ներածություն։ Ժամանակակից աշխարհում կրթությունը դիտարկվում է ոչ միայն որպես գիտելիք փոխանցելու գործընթաց, այլ նաև որպես համընդհանուր զարգացումը խթանող հիմնական գործոն։ Ներառական կրթությունը, որը նպատակ ունի կրթության հասանելիություն ապահովել բոլոր երեխաների համար՝ անկախ ֆիզիկական, մտավոր, սոցիալական կամ մշակութային առանձնահատկություններից, առավել կարևոր է դառնում զարգացող հասարակություններում։ Հայաստանում ներառական կրթության հաստատումը կարևոր և անշրջելի գործընթաց է, սակայն դրա կայացումը բախվում է մի շարք կառուցվածքային, մարդկային և հասարակական մարտահրավերների։ Այս աշխատանքը նպատակ ունի վերհանել ներառականության հիմնական խնդիրները Հայաստանում՝ անդրադառնալով թե՛ պետական քաղաքականությանը, թե՛ միջազգային համագործակցության ազդեցությանը, ինչպես նաև մասնագիտական ներուժի և կրթական մշակույթի պակասին։

Կայունացման ճանապարհի խոչընդոտները։ Ներառական կրթության զարգացման առաջին քայլը պետական մակարդակով այն որպես ռազմավարական նպատակ ընդունելն է։ Ներառական կրթության լիարժեք զարգացումը Հայաստանում հաճախ մնում է քննարկումների մակարդակում՝ չդառնալով իրական ռազմավարական առաջնահերթություն պետության համար։ Չնայած ընդունված օրենքներին,  ծրագրերին և տարբեր նախաձեռնություններին, գործնականում այն դեռ չի ընկալվում որպես համակարգային բարեփոխման հիմնաքար։ Այս խնդիրը բազմաշերտ է և պայմանավորված է մի քանի խորքային գործոններով։ Նախ՝ Հայաստանում կրթական քաղաքականությունը երկար տարիներ գերազանցապես կենտրոնացած է եղել հիմնական կառուցվածքների պահպանման, չափորոշիչների փոփոխության, բուհական համակարգի բարեփոխման վրա՝ առանց համապարփակ ներառման դիտարկման։ Ներառականությունը դիտարկվել է որպես մասնագիտացված ուղղություն՝ ոչ թե որպես կրթության ընդհանուր որակի բարելավման միջոց։ Այս սխալ ընկալման հետևանքով ձևավորվել է պատկերացում, թե ներառական կրթությունը վերաբերում է միայն հատուկ կարիքներով երեխաներին, այնինչ իրական ներառական մոտեցումը վերաբերվում է բոլոր աշակերտների համար համարժեք պայմանների ստեղծմանը՝ անկախ սոցիալական, մշակութային, լեզվական կամ առողջական առանձնահատկություններից։ Երկրորդ՝ պետական մակարդակում հաճախ բացակայում է երկարաժամկետ, հարաճուն պլանավորում ներառականության հարցում։ Որոշումները, ֆինանսավորումը և բարեփոխումները հաճախ իրականացվում են պատահական կամ ծրագրային ձևով՝ պայմանավորված այս կամ այն միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս պարագայում ներառականության զարգացումը դառնում է ոչ թե համակարգային քաղաքականության արդյունք, այլ արտաքին ճնշման կամ ցուցադրական նախաձեռնության դրսևորում։ Բացի այդ, հանրային իրազեկվածության ցածր մակարդակը և հասարակության պահպանողական մտածողությունը խոչընդոտում են ներառականության ընկալումը որպես բնական և ցանկալի կրթական մոդել։ Երբ հասարակությունը պատրաստ չէ ընդունելու տարբերությունը որպես ուժ, քաղաքական գործիչներն ու պատասխանատու մարմինները ևս չեն շտապում այդ ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկել։ Ի վերջո, պետության համար ներառական կրթությունը ռազմավարական հարց չի դառնում, քանի որ այն չի դիտարկվում որպես երկարաժամկետ ներդրում մարդկային կապիտալի զարգացման մեջ։ Իսկ այդ ներդրումը վերաբերվում է ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, այլ բոլորին՝ ստեղծելով ավելի արդար, բաց և հզոր հասարակություն։

Ներառական կրթության համակարգում առանձնահատուկ խնդիր է մասնագետների պակասը։ Այս բացը խոչընդոտում է երեխաների կարիքներին համապատասխան արձագանք տալուն։ Մասնագետների բացակայության պատճառով ուսուցիչները մնում են մենակ՝ առանց գործնական աջակցության։ Աշակերտների անհատական կարիքները հաճախ անտեսվում են կամ լուծվում ոչ պատշաճ ձևով։ Ընտանիքները ևս չեն ստանում համապատասխան ուղեցույցներ։ Որպեսզի հնարավոր լինի մեղմել տիրող իրավիճակը, անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ ինչպիսիք են.

· բուհերում ներդնել ներառական կրթության պարտադիր դասընթացներ,

· կազմակերպել շարունակական վերապատրաստումներ ուսուցիչների, հոգեբանների և տնօրենների համար,

· կրթական հաստատություններում ձևավորել բազմամասնագիտական թիմեր՝ հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ և այլք։

Ներառական կրթությունը պահանջում է ուսումնական միջավայրի տեխնիկական, ֆիզիկական և հոգեբանական հարմարեցում։ Այստեղ պետությունը փորձում է  որոշակի քայլեր է կատարել ներառական կրթության շրջանակներում դպրոցները հարմարեցնելու ուղղությամբ, սակայն օժանդակությունը դեռևս թերի է և անբավարար՝ համընդհանուր ներառական կրթության նպատակներին հասնելու համար։ Պետությունը տրամադրում է որոշակի միջոցներ՝ մուտքի թեքահարթակների, հարմար սանհանգույցների, լսողական կամ տեսողական օժանդակ սարքերի ապահովման համար։ Սակայն այս միջոցները սահմանափակ են և հիմնականում տրվում են ըստ պահանջի՝ ոչ թե որպես համակարգային մոտեցում։ Որպես գերխնդիր կարելի է առանձնացնել այն փաստը, որ հարմարեցումները հիմնականում ֆիզիկական միջավայրին են վերաբերում, և մանկավարժական հարմարեցումները կամ անհատական մոտեցումը դեռևս քիչ է իրականացվում, ինչպես նաև գյուղական համայնքներում օժանդակությունը շատ ավելի թույլ է, քան Երևանի և խոշոր քաղաքների դպրոցներում։  կա՝ որոնք պիտի աջակցեն Որոշ դեպքերում ուսուցիչները դժվարանում են  հարմարեցումների գործնական կիրառման հարցում և այստեղ էլ գլուխ է բարձրացնում բազմամասնագիտական թիմերի և մասնագետների բացակայությունը։ անհրաժեշտ է նաև քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված են դպրոցներում ներառական մշակույթի ձևավորմանը։

Համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ. ներառական կրթության հաջողության համար կարևոր է համագործակցությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով։ Միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն ունի առանցքային դեր ներառական կրթության զարգացման գործընթացում։ Դրանք հաճախ դառնում են շարժիչ ուժ, երբ պետական համակարգը չի նախաձեռնում համակարգային փոփոխություններ։ Սակայն այս ներգրավվածությունը ունի և՛ դրական, և՛ որոշ դեպքերում սահմանափակող կողմեր։ Հայաստանում վերջին տարիներին բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ՝ ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵՄ կառույցների, Համաշխարհային բանկի, ու այլոց կողմից։ Նրանք տրամադրում են ֆինանսավորում, կազմակերպում վերապատրաստումներ, զարգացնում մեթոդական ուղեցույցներ, ներդնում գնահատման գործիքներ և աջակցում քաղաքականության մշակմանը։ Նրանց շնորհիվ շատ դպրոցներ ստացել են նյութական հարմարեցումներ, ուսուցիչներ՝ վերապատրաստում, իսկ աշակերտները՝ մասնագիտական աջակցություն։ Սակայն այս աջակցությունը հաճախ իրականացվում է ծրագրային ձևով՝ սահմանափակ տարածքով և ժամկետով։ Ծրագիրն ավարտվում է, և ներդրված մեխանիզմները կամ դադարում են գործել, կամ զուտ ձևական բնույթ են կրում, քանի որ ներքին՝ պետական ռեսուրսով չեն շարունակվում։ Միջազգային օգնությունը երբեմն դառնում է կախվածության աղբյուր՝ թույլ չտալով, որ պետությունը նախաձեռնությունը ամբողջությամբ  վերցնի իր վրա։ Բացի այդ, ծրագրերն ու նախաձեռնությունները հաճախ լինում են դրսից ներմուծված, որոնք չեն համապատասխանում ազգային կրթական համակարգին։ Սա կարող է հանգեցնել որոշ տարաձայնությունների՝ թե՛ մեթոդաբանական, թե՛ մշակութային մակարդակում։ Այնուամենայնիվ, միջազգային կազմակերպությունների դերակատարությունը չարժե նվազեցնել։ Դրանց ներգրավվածությունը միայն կայուն և համակարգային արդյունք է ունենում այն դեպքում, երբ պետությունն այն ընդունում է ոչ թե որպես ժամանակավոր օգնություն, այլ որպես հենակետ՝ ազգային կարողություններ ստեղծելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ այս ոլորտում անընդհատ իրականացվում են բազմաթիվ հետազոտություններ, այնուամենայնիվ առկա է խորքային վերլուծությունների պակաս։ Շատ դեպքերում հետազոտությունները կատարում են անկախ կազմակերպություններ, իսկ պետական համակարգը դրանց չի արձագանքում, կամ նույնիսկ, որոշ դեպքերում,  հետազոտության արդյունքները  չեն հասնում գործնական որոշումներ կայացնողներին, այսինքն առկա է համակարգված համագործակցության պակաս։ Որոշ չափով կարելի է մեղադրել նաև հասարակությանը, քանի որ երբ չկա  ճնշում կամ պահանջ, բարեփոխումները դառնում են ձևական։ Տվյալների բազայի կառուցումը, գործնական արդյունքների վերլուծումը և դրանց օգտագործումը որոշումների կայացման գործընթացում կարող են հանդես գալ որպես հզոր գործիք համակարգային խնդիրների լուծման ժամանակ։ Այս ոլորտի զարգացումը  պահանջում է միաժամանակյա և փոխկապակցված գործողություններ՝ քաղաքական, կրթական, տեխնիկական և հասարակական ոլորտներում։ Միայն համակողմանի մոտեցմամբ հնարավոր կլինի ստեղծել կրթական համակարգ, որը հասանելի կլինի բոլորի համար։

Ներառական կրթության արդյունավետ կիրառման համար դպրոցները պետք է ունենան ոչ միայն համապատասխան նյութատեխնիկական բազա, այլև համալրված լինեն բազմամասնագիտական թիմերով։ Սակայն ներկայումս Հայաստանի բազմաթիվ դպրոցներում այդպիսի թիմեր բացակայում են՝ վտանգելով ներառականության իրական և արդյունավետ կիրառումը։ Բազմամասնագիտական թիմը ներառում է հատուկ մանկավարժ,հոգեբան,սոցիալական աշխատող, լոգոպեդ, և այլ անհրաժեշտ մասնագետներ՝ կախված աշակերտների կարիքներից։ Այս մասնագետների դերն անփոխարինելի է ուսուցիչներին աջակցելու, կրթական միջավայրը հարմարեցնելու, հոգեբանական և սոցիալական խնդիրները հայտնաբերելու և լուծելու գործում։ Նրանց բացակայությունը հանգեցնում է տպավորությանը, որ ներառական կրթությունը իրականացվում է միայն ձևական մակարդակով։ Բազմամասնագիտական թիմի ձևավորումը ներկայիս պայմաններում բավականաչափ բարդ գործընթաց է, քանի որ առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փորձառու մասնագետների պակասը կրթական համակարգում, ցածր աշխատավարձը, մոտիվացիայի բացակայությունը, դպրոցների բյուջետային սահմանափակումները, ինչպես նաև մասնագիտական զարգացման սահմանափակ հնարավորությունները։ Ուստի պետությունը և կրթության ոլորտի պատասխանատու կառույցները պետք է առաջնահերթություն տան բազմամասնագիտական թիմերի ձևավորման ու կայացման գործընթացներին, քանի որ վերջինս հիմք կհանդիսանա համակարգի կայունացման և զարգացման համար։

Այժմ, ներառական կրթության գործընթացում, դպրոցներին և ընտանիքներին աջակցություն են ցուցաբերում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները (ՏՄԱԿ)։ Նրանց առաքելությունն է օգնել կրթական հաստատություններին ճիշտ գնահատելու երեխաների անհատական կարիքները, մշակելու համապատասխան անհատական ուսումնական ծրագրեր և ապահովելու շարունակական աջակցություն։ Սակայն գործնականում նրանց գործունեությունը հաճախ սահմանափակվում է դիտարկումներով և փաստաթղթային ձևակերպումներով՝ առանց խորքային միջամտության։ ՏՄԱԿ-ները պետք է վերածվեն վերլուծող և աջակցող կենտրոնների՝ որոնք ոչ միայն արձանագրում են խնդիրները, այլև մասնակցում են դրանց լուծման գործընթացին։ Այդ նպատակով ՏՄԱԿ-ների առջև պետք է դրվի հստակ գործնական առաքելություն` նրանց ներգրավելով կրթական քաղաքականության մշակման գործընթացներում։ Պետք է ուշադրություն դարձվի ՏՄԱԿ-ներում ներգրավված մասնագետների որակավորման մակարդակին, ինչպես նաև մասնագիտական կարողություններին և հմտություններին` հնարավորություն տալով զարգացնել վերջիններս։  Այս կենտրոնների օգտագործումը որպես ուղեցույց, այլ ոչ թե որպես պարզապես գնահատող մարմին կարող է նպաստել համակարգային խնդիրների բացահայտմանը։  Այս նպատակով անհրաժեշտ է՝

· արդիականացնել ՏՄԱԿ-ների մասնագիտական ներուժը՝ ապահովելով շարունակական վերապատրաստումներ,

· բարելավել մեթոդաբանական գործիքակազմը,

· ՏՄԱԿ-ներին հստակ լիազորություններ տալ քաղաքականության մշակման և դպրոցների զարգացման ծրագրերին մասնակցելու հարցում։

Եթե ՏՄԱԿ-ները ընկալվեն ոչ թե որպես խնդիր արձանագրող, այլ խնդիր լուծող կառույցներ, ապա նրանք կարող են դառնալ ներառականության կայունացման առանցքային դերակատարներ՝ օգնելով դպրոցներին ձևավորել միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ունեն հավասար զարգացման հնարավորություն։

Իրականում, ճիշտ հասկացված ներառական կրթությունը նշանակում է կրթություն բոլորի համար՝ առանց բացառությունների, ոչ միայն հաշմանդամություն ունեցող կամ հատուկ կարիքներով երեխաների, այլև առանձնաշնորհյալ, այսինքն՝ առանձնահատուկ ընդունակություններ ունեցող կամ տաղանդավոր երեխաների համար. ներառական կրթության սկզբունքը ենթադրում է, որ բոլոր աշակերտները՝ անկախ իրենց ֆիզիկական, մտավոր, սոցիալական կամ ակադեմիական տարբերություններից, պետք է ունենան հավասար հնարավորություններ զարգանալու իրենց առավելագույն ներուժով։ Այս համատեքստում առանձնաշնորհյալ կամ տաղանդավոր երեխաների ներառումը նույնպես դառնում է կարևոր խնդիր։ Շատ դեպքերում, կրթական համակարգերը կենտրոնանում են միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների վրա՝ մոռանալով, որ տաղանդավոր երեխաներն էլ ունեն յուրահատուկ կրթական պահանջներ։ Նրանք հաճախ ձանձրանում են դպրոցական սովորական ծրագրերով սովորելուց, չեն ստանում իրենց հմտությունները զարգացնելու բավարար հնարավորություն և, որպես հետևանք, երբեմն կորցնում են իրենց մոտիվացիան և  առհասարակ դուրս մնում լիարժեք զարգացման գործընթացից։ Նրանց կրթությունը պահանջում է ոչ միայն խորացված նյութ, այլ նաև ստեղծարարության, քննադատական մտածողության, նախաձեռնողականության խթանում։  Ներառական կրթությունը պետք է նախատեսի բազմաշերտ ուսումնական ծրագրեր, տարբերակված դասավանդման մեթոդներ, անհատական առաջադրանքներ և ծրագրեր, որոնք թույլ կտան յուրաքանչյուր երեխային՝ լինի նա կրթության լրացուցիչ աջակցություն պահանջ ունեցող, թե առավել արագ զարգացող, իր կարողությունների լիարժեքորեն իրացնի։ Սա նշանակում է, որ դասարաններում պետք է ստեղծվեն պայմաններ, որոնք միաժամանակ բավարարում են տարբեր կարողությունների և զարգացածության մակարդակների պահանջները։ Այս մոտեցումը նաև բարելավում է ընդհանուր կրթական որակը, քանի որ այն խթանում է անհատական աճը, ստեղծարարությունը, մրցակցային ոգին և փոխօգնության մշակույթը դպրոցական համայնքում։ Ինչպես նաև, մոտեցումը օգնում է ամբողջ դասարանի զարգացմանը։ Երբ դպրոցական համակարգը սովորում է արձագանքել տարբեր կարողությունների և կարիքների, այն դառնում է ավելի ճկուն և ստեղծագործ։

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ առանձնաշնորհյալ երեխաների ներառումը կրթական գործընթացում ոչ միայն նրանց տալիս է հնարավորություններ, այլև հարստացնում է ամբողջ դասարանը, խթանում փոխհամագործակցությունը և տարբերության հանդեպ դրական վերաբերմունքը։ Նման մոտեցումը հիմք է դնում այնպիսի հասարակության ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ, անկախ իր յուրահատկություններից, կարող է գտնել իր տեղը և դրսևորել իր լավագույն կողմերը։

Ներառականության կայունությունը պետությանը տալիս է ոչ միայն սոցիալական արդարության ապահովում, այլև ուժեղ և կենսունակ հասարակություն կառուցելու հնարավորություն։ Առաջին հերթին, ներառական կրթության կայուն զարգացումը նպաստում է մարդկային ռեսուրսի առավելագույն իրացմանը։ Երբ բոլոր երեխաները՝ անկախ ֆիզիկական, մտավոր, սոցիալական կամ մշակութային տարբերություններից, ստանում են հավասար որակյալ կրթություն,ապա այդ պայմաններում ձևավորված սերունդը կարողանում է ավելի ստեղծագործ, ճկուն և համագործակցող լինել տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում։ Այսպիսով, պետությունը ստանում է ոչ թե մեկուսացված խմբերով հասարակություն, այլ միասնական, ուժեղ ներքին կապերով հանրույթ, որը պատրաստ է մրցունակ լինել միջազգային հարթակում։ Բացի այդ, ներառական կրթության կայուն համակարգը նվազեցնում է սոցիալական անարդարությունը։ Երբ կրթական համակարգը ապահովում է բոլոր երեխաների մասնակցությունը՝ անկախ առանձնահատկություններից, հասարակությունում ձևավորվում են հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և համագործակցության արժեքներ։ Սա ուղղակիորեն նպաստում է սոցիալական համերաշխությանը և կայունությանը, քանի որ նվազեցնում է խտրականության, մեկուսացման ռիսկը։Հատկանշական է նաև, որ ներառականության կայուն համակարգ ունենալը բարձրացնում է պետության միջազգային վարկանիշը։ Ժամանակակից աշխարհում ներառական հասարակության առկայությունը դիտվում է որպես առաջադեմ, ժողովրդավարական և զարգացած պետության կարևոր չափանիշ։ Դա օգնում է ոչ միայն միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը, այլև ներդրողների, կրթական ծրագրերի և այլ արտաքին ռեսուրսների ներգրավմանը։Վերջապես, ներառականության կայունությունը մշակութային հարստացման հնարավորություն է տալիս։ Երբ տարբեր խմբերի, մշակույթների և առանձնահատկությունների հետ համակեցությունը զարգանում է դեռ դպրոցական տարիքում, հասարակությունը դառնում է ավելի բաց, ստեղծագործ և նորարար գաղափարների նկատմամբ ընկալունակ։ Այսպիսի հասարակությունը ավելի հեշտ է արձագանքում գլոբալ փոփոխություններին և ավելի արագ է զարգանում։

Եզրակացություն։ Հայաստանում ներառական կրթության կայացումը ոչ միայն սոցիալական արդարության պահանջ է, այլև ազգային զարգացման ռազմավարական ուղղություն։ Ներառական կրթության կայացումը Հայաստանում պահանջում է գործնական և կայուն քայլեր։ Չնայած առկա բարեփոխումներին և միջազգային համագործակցության ազդեցությանը, համակարգում դեռևս գերակշռում է մասնագետների պակասը, բազմամասնագիտական մոտեցման բացակայությունը, անհամաչափ օժանդակությունը մարզային դպրոցներին և հասարակական մտածողության որոշ պահպանողական տարրեր։ ՏՄԱԿ-ները և այլ աջակցության համակարգեր պետք է վերափոխվեն՝ դառնալով ոչ թե ձևական գնահատող մարմիններ, այլ իրական վերլուծող և աջակցող կենտրոններ։ Միայն հստակ ռազմավարությամբ, քաղաքական կամքով, տեղական ռեսուրսների զարգացմամբ և հանրային ընկալման փոփոխությամբ հնարավոր կլինի ձևավորել ամուր հիմքերով կրթական համակարգ։ Այդ ուղին լի է բազմաթիվ մարտահրավերներով՝ սկսած ֆինանսական և ինստիտուցիոնալ բացերից մինչև հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը։  Սակայն, պետք է նշել, որ չնայած Հայաստանում ներառական կրթության ոլորտում առաջընթացը դանդաղ է, այնուամենայնիվ, բավականաչափ կայուն է։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Spread the love