Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Բուհական խնդիրները Հայաստանում

Ներածություն 

21-րդ դարում կրթությունը աննախադեպ կարևորություն է ստանում՝ որպես հասարակական զարգացման, սոցիալական առաջընթացի, նորարարության և քաղաքացիական գիտակցության հիմնական գործոն։

Բարձրագույն կրթությունը յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային հենասյուներից է։ Այն ձևավորում է մասնագետներ, խթանում գիտական ու նորարարական առաջընթացը և նպաստում հասարակական արժեքների կայացմանը։ Հայաստանում բուհերը շարունակում են կարևոր դեր խաղալ թե՛ մասնագիտական, թե՛ հասարակական դաշտում, սակայն կրթական համակարգը կանգնած է մի շարք խորքային խնդիրների առաջ։ Դրանք են՝ ուսումնական ծրագրերի հնացած լինելը, ուսանողների և դասախոսների անբավարար ներգրավվածությունը կրթական գործընթացում, գործնական հմտությունների պակասը, ֆինանսավորման խնդիրները, ինչպես նաև ուսանողական սոցիալական պայմանների անբավարար մակարդակը։

Այս խնդիրները հատկապես սրությամբ ի հայտ եկան վերջին տարիներին, երբ փոփոխվող աշխարհը՝ դինամիկ աշխատաշուկայով, տեխնոլոգիական զարգացումներով և գլոբալ մարտահրավերներով, կրթական համակարգից պահանջում է նոր որակի արձագանք։ Այդ պահանջները հաճախ չեն համընկնում բուհական իրականության հնարավորությունների հետ։ Շատ հաճախ ուսանողները ավարտում են բուհը՝ չունենալով բավարար գործնական հմտություններ՝ ինտեգրվելու աշխատաշուկա։ Բուհական կրթությունը երբեմն դիտարկվում է որպես տեսական, ռեժիմային և կտրված իրականությունից։

Սակայն այս խնդիրների վերհանումը չպետք է սահմանափակվի միայն քննադատությամբ։ Անհրաժեշտ է համակողմանի վերլուծություն՝ հասկանալու համար, թե որոնք են խնդիրների արմատները, ինչպես են դրանք ազդում ուսանողների, դասախոսների և հասարակության վրա, և որոնք են դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Այս էսսեն նպատակ ունի վերլուծել Հայաստանի բուհական համակարգում առկա հիմնախնդիրները, անդրադառնալ դրանց պատճառներին և հետևանքներին, ինչպես նաև առաջարկել լուծումներ դրանց հաղթահարման համար։ 

Բուհական համակարգի հիմնախնդիրները

Բուհական համակարգի խնդիրները բազմաշերտ են և պայմանականորեն կարելի է դասակարգել երեք հիմնական խմբի՝ կրթական բովանդակություն, կառավարման համակարգ, և սոցիալական պայմաններ։

1․ Կրթական բովանդակության հնացում

Հայաստանի բուհերում բազմաթիվ ծրագրեր դեռ հիմնված են խորհրդային շրջանի կրթական կառուցվածքի վրա՝ կենտրոնանալով տեսական գիտելիքի փոխանցման վրա՝ առանց բավարար շեշտադրության գործնական հմտությունների զարգացման։ Այսօր գործատուներն ակնկալում են ոչ միայն տեսական գիտելիք, այլև քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հաղորդակցման հմտություններ և թվային գրագիտություն։ Սակայն ուսանողները հաճախ բախվում են այն իրողությանը, որ կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։
Ուսումնական պլանները հաճախ չեն թարմացվում ժամանակին, դասավանդման մեթոդները հիմնականում շարունակում են մնալ դասախոս-լսող ձևաչափում, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրումն առանձին դեպքերում մնում է մակերեսային և ձևական։

 2․ Կառավարման համակարգի խնդիրներ

Բուհերում որոշումների կայացման գործընթացը հաճախ կենտրոնացված և ոչ թափանցիկ է։ Ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը բուհերի կառավարմանը շատ սահմանափակ է։ Չկա համակարգ, որտեղ բոլոր շահառու կողմերը կարողանան արտահայտել իրենց կարծիքը և ազդել փոփոխությունների վրա։ Այս իրավիճակը հանգեցնում է ցածր մոտիվացիայի, նորարարության պակասի և ընդհանուր դժգոհության։

Բացի այդ, որակավորման և գնահատման համակարգը ևս ունի խնդիրներ։ Գնահատականները հաճախ արտահայտում են ոչ թե ուսանողի գիտելիքի իրական մակարդակը, այլ ներկայացվում են ձևականության մեջ։

 3․ Սոցիալական պայմաններ և հոգեկան առողջություն

Ուսանողները հաճախ բախվում են սոցիալական բարդությունների՝ ուսման վարձերի բարձրություն, սահմանափակ կրթաթոշակներ, սուղ կեցության պայմաններ, հոգեբանական աջակցության բացակայություն։ Այս գործոնները բացասաբար են անդրադառնում ուսանողների թե՛ մասնագիտական, թե՛ անձնային զարգացման վրա։
Շատ ուսանողներ ստիպված են աշխատել՝ ուսման հետ զուգահեռ, ինչն էլ անդրադառնում է կրթության որակի վրա։

Հատկապես կարևորվում է ուսանողների հոգեկան առողջության ապահովումը։ Բուհական շրջանը լարված ու բարդ փուլ է՝ ինքնության որոնումներով, անորոշություններով։ Սակայն շատ բուհեր չունեն հոգեբանական աջակցության կենտրոններ, որոնք կարող են աջակցել ուսանողներին այդ դժվարությունների հաղթահարման ճանապարհին։

4․ Ֆինանսավորում և պետական քաղաքականություն

Բուհերի ֆինանսավորումը հիմնականում հիմնվում է ուսման վարձերից ստացվող միջոցների վրա, ինչն իր հերթին խորացնում է անհավասարության խնդիրը։ Սա սահմանափակում է կրթության հասանելիությունը սոցիալապես խոցելի խմբերի համար։ Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները հաճախ չեն բավարարում բուհերի արդիականացման, գիտահետազոտական գործունեության խթանման և ուսանողների սոցիալական պաշտպանության կարիքները։

Պետական կրթական քաղաքականությունը ոչ միշտ է ունենում երկարաժամկետ, հետևողական և ռազմավարական բնույթ։ Չկան այնպիսի համալիր ծրագրեր, որոնք ուղղված են կրթության որակի բարելավմանը կամ բուհերի միջազգային մրցունակության ամրապնդմանը։
Այս ամենը խոչընդոտում է թե՛ բուհերի բնականոն գործունեությունը, թե՛ ուսանողների լիարժեք մասնագիտական ձևավորումը։

Եզրակացություն

Եզրակացնելով կարելի է ասել, որ բուհական կրթության խնդիրները Հայաստանում կապված են կրթական բովանդակության, կառավարման, սոցիալ-հոգեբանական և ֆինանսական ոլորտների հետ։ Այս խնդիրները փոխկապակցված են և միասին խոչընդոտում են թե՛ անհատական, թե՛ հասարակական զարգացումը։ Եթե բուհերն այլևս չեն դիտարկվում որպես գիտելիքի, արժեքների և նորարարության կենտրոններ, ապա երկրի ապագա զարգացումը կանգնում է լուրջ մարտահրավերի առաջ։

Անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ պետության, բուհերի, դասախոսների, ուսանողների և աշխատաշուկայի ներկայացուցիչների համագործակցությամբ։
Առաջին հերթին պետք է վերանայել ուսումնական ծրագրերը՝ դրանք դարձնելով արդիական, կիրառելի և գործնական։ Ակտիվ ուսուցման մեթոդների՝ դեբատների, նախագծային ուսուցման, գործնական պարապմունքների կիրառումը խթանելու է կրթական գործընթացի արդյունավետությունը։ Նորարար տեխնոլոգիաների ներդրումը պետք է լինի բովանդակային, ոչ ձևական։

Կառավարման համակարգում անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն, մասնակցություն և հաշվետվողականություն։ Ուսանողները պետք է ներգրավվեն որոշումների կայացման գործընթացին, իսկ դասախոսները՝ ունենան զարգացման հնարավորություններ։

Սոցիալական ապահովության, հոգեբանական աջակցության, կրթաթոշակների և ուսման վարձերի ճկուն քաղաքականությունը կնպաստի, որ կրթությունը չդիտարկվի որպես սոցիալական բեռ։

Եվ վերջապես՝ պետական քաղաքականությունը պետք է լինի երկարաժամկետ, ռազմավարական և ներառող՝ հաշվի առնելով կրթության որոշիչ դերը երկրի զարգացման մեջ։ Կրթությունը ներդրում է ապագայի մեջ, և այսօրվա որոշումները ձևավորելու են վաղվա Հայաստանի մարդկային կապիտալը։

Հեղինակ՝ Անժելա Թարխանյան

Spread the love