Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում

Հայաստանում և ամբողջ աշխարհում բազմաթիվ մեծ արվեստագետներ են թողել իրենց անգնահատելի հետքը արվեստի պատմության մեջ: Մարտիրոս Սարյանը՝ իր վառ գույներով բնապատկերներով, Արամ Խաչատրյանը՝ իր երաժշտական գլուխգործոցներով, Ալեքսանդր Թամանյանը՝ իր ճարտարապետական հանճարով, Սարգիս Պիծակը՝ մանրանկարչության յուրահատուկ նմուշներով, Միքելանջելոն՝ իր անզուգական քանդակներով և նկարներով, և Երվանդ Քոչարը՝ իր ժամանակից առաջ անցած ստեղծագործություններով, ձևավորել են արվեստի պատմության անփոխարինելի էջերը։ Չնայած նրանք այսօր մեզ հետ չեն, նրանց ստեղծագործությունները շարունակում են ներշնչել, հիացնել և ապրել սերունդների հիշողություններում։ Նրանց մեծությունը և թողած ժառանգությունը կշարունակեն հիշվել և գնահատվել, անկախ ժամանակի հոսքից։

Ժամանակակից արվեստում, սակայն, մի շարք նոր արվեստագետներ են գործում՝ իրենց նորաոճ ստեղծագործություններով ու մոտեցումներով։ Գյումրիում և նաև Հայաստանում այսօր ճանաչված ժամանակակից արվեստագետներից են Տաթևիկ Ավետիսյանը (Ստեփանակերտ, հայտնի աշխատանքներից՝ «Հայոց արիասիրտ թագուհին» խորագրով թեմայի շուրջ գծանկարգել է Փառանձեմ թագուհուն), Արշակ Սարգսյանը (Գյումրի, հայտնի աշխատանքներից՝ «Պապիկ», «Խելահեղության շաբաթ», «Սուր ձայն», «Leigh», «Տոնահանդես», «Կամք» և այլն), Արթուր Հովհաննիսյանը (Երևան, հայտնի աշխատանքներից՝ «Մետրոյում», «Մետրո․ Մայր և որդի», «Լեռների ծաղիկներ», «Ջրախաղ», «Երգչախումբ», «Բերդ»), Ժակլին Սարգսյանը (Գյումրի, հայտնի աշխատանքներից՝ «Ծառերը», «Տատը», «Գյումրի»), Արփինե Քեթցյանը (Երևան, նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրի մասնավոր պատկերասրահներում՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ), Արայիկ Ալեքյանը (Վեդի, Հայտնի աշխատանքներից՝ «Ռնգեղջյուր»,  Վազգեն Սարգսյանի հուշարձանը Արարատում, Վեդիում, Երևանի Շ․ Ազնավուրի հրապարակում տեղադրված մի շարք քանդակներ (ձի, ուղտ, կարիճ, միջատ, արջ)), Ավետիք և Հրաչյա Վարդանյանները (Գյումրի, ArtInsight հարթակի հիմնադիրներ)։

Ժամանակակից արվեստում նկարիչը ստեղծագործող անձնավորություն է, ով անցնում է տարբեր զարգացման փուլեր՝ աշակերտությունից մինչև վարպետում։ Ինչպես նշում է Մ. Ս. Քագանը, յուրաքանչյուր գեղարվեստական ստեղծագործություն սկսվում է գաղափարի ծնունդից, այնուհետև դառնում է որոշակի ժամանակահատվածում մշակվող գաղափար, և վերջապես ավարտվում է այդ ստեղծագործության իրականացմանը։ Ժամանակակից արվեստագետներին բնորոշ է բարձր ինտելեկտը, հուզական ակտիվությունը, հարուստ երևակայությունը, բարձր լարվածությունը, առաջադրանքների կատարումը էվրիստիկ մոտեցմամբ և մեծ ցանկությունը ներգրավվելու արվեստի մեջ։

Արվեստագետի ամենաթանկ նվերը միշտ համարվել է ստեղծագործելու, այսինքն՝ ստեղծագործ մտածելու և երևակայելու կարողությունը: Ուսուցման գործընթացում այս հմտությունն անհրաժեշտ է առաջին հերթին կոմպոզիցիայի, առաջադրանքների վրա աշխատելիս։ Սակայն առանց հիշողության և երևակայության վրա աշխատելու ունակության անհնար է ստեղծագործություն կազմել։ 

Խոսելով Հայաստանի երիտասարդներից շատերի հետ նկատեցի, որ կարծիքների մեծամասնությունը համընկնում էին իրար։ Հայաստանում երիտասարդությունը հետաքրքրված է արվեստով, նկարում են, ստեղծագործում, քանդակում։ Բայց եղան նաև կարծիքներ, որ Հայաստանում երիտասարդների մեծամասնությունը չի հետաքրքրվում արվեստով։

Մեր ժամանակակից գյումրեցի արվեստագետներից Ավետիք և Հրաչյա Վարդանյանները  եղբայրներ են, ովքեր փորձում են  համախմբել, միավորել արվեսագտեներին և արվեստասերներին միմյանց հետ, և բոլոր այն ստեղծագործությունները, ովքեր թաքնված են՝ տեսանելի դարձնել հանրությանը։ Նրանք ստեղծել են հարթակ Art Insight,  որն էլ հնարավորություն է տալիս մշակել որոշակի ռազմավարություն արվեստագետին և արվեստասերին միմյանց հետ կապելու, արվեստի ընկալման նոր շերտեր բացահայտելու, թարգմանելու և այդ ուղիները առավել գործուն դարձնելու։

Եղբայրներից Ավետիք Վարդանյանը ասել է.

«Մենք ուզում ենք Հայաստանի ժամանակակից արվեստը հանրայնացնելու դաշտ ստեղծել, հանրագումարի բերել այն բոլոր ստեղծագործությունները, որոնք թաքնված են արվեստանոցներում և դրանք տեսանելի դարձնել հանրությանը։ Մենք Հայաստանում ունենք լավ ժամանակակից արվեստ, որը տեսանելի չէ»։

Իսկ Հրաչյա Վարդանյանը ասել է.

«Արվեստի գործը հարաբերություն ձևավորելու մասին է՝ թե՛ մարդկանց միջև, թե՛ արվեստի ստեղծագործությունների։ Հայաստանն ունի բոլոր նախապայմանները, որպեսզի ունենա ժամանակակից արվեստի զարգացման համար լավ միջավայր։ Արվեստն ըստ արժանվույն պիտի գնահատվի, և ներդրումներ արվի այնտեղ։ Հասարակության մեջ կարող շերտը արվեստի հանդեպ գնահատանք պետք է ունենան։ Սա է արվեստի զարգացման միակ ճանապարհը»։

Արվեստագետ եղբայրների նպատակն է, ստեղծել հավաքածու, որը նորարարության, նոր մտածողության, նոր հայացքի մասին է, որը չի ցուցադրվել ու չի հաղորդակցվել հանրությանը։

«Մեր նպատակը վիզուալ արվեստը տեսանելի դարձնելն է։ Գրաֆիկա, գեղանկար, լուսանկարչություն, քանդակ և այլն, հետագայում նաև ինստալացիաներ և պերֆորմանսներ կներգրավվեն։ Ստեղծագործությունները հանրության հետ շփվելու կարիք ունեն»։ – նշել են  Վարդանյան եղբայրները։

Spread the love