Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Կիսաքանդ փողոցներ | Ֆոտոպատմություն

Գյումրի։ Տուրիզմ ու Զբոսաշրջություն, բայց միևնույն ժամանակ փոշի ու շաղախ։

Քաղաքի կենտրոնական և բանուկ հատվածների մշակութային և արգելոցային տարածքները շոյում են զբոսաշրջիկների և տեղացիների աչքը, քաղաքը լի է տեսարժան վայրերով, որոնք գրավում են զբոսաշրջիկներին՝ Գյումրին դարձնելով Հայաստանի զբոսաշրջության գլխավոր կենտրոններից մեկը։

Բայց միևնույն ժամանակ քաղաքի երկրորդական փողոցներում և ծայրամասային հատվածներում, ինչպես նաև որոշ կենտրոնական հատվածներում, քաղաքը կորած է փոշու և շաղախի մեջ, ինչի պատճառը անկանոն շինարարությունն ու կիսաքանդ և չասֆալտապատված փողոցներն են, որոնք վնաս են հասցնում ազգաբնակչության առողջությանը եւ քաղաքի ընդհանուր էկոլոգիայի պահպանմանը:

Քաղաքի ծայրամասային մերձակայքում ապրող բնակչությունը այսօր խեղդվում է փոշու ահռելի գորշ ամպերից, որոնք կախված են քաղաքի վրա: Փոշուն դիմագրավելու միակ միջոցը հաճախակի անձրևներն են և համայնքապետարանի ջրցան մեքենաները։ Սակայն վերջինների բանեցման հետևանքով էլ փողոցներում ու մայթերին կուտակված հողը վերածվում է ցեխի, և մարդկանց ու ավտոմեքենաների համար սկսվում է փորձություններով լի մի նոր շրջան։

Հանուն արդարության չենք կարող նաև չնշել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում կատարվել է փողոցների, բակերի, այգիների և պուրակների մասշտաբային և աննախադեպ հիմնանորոգումներ, բազմաբնակարան շենքերի կառուցում, նորոգում, ինչպես նաև նոր միկրոավտոբուսների, ավտոբուսների, տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումներ, լուսակետերի, լուսացույցերի նորացման աշխատանքներ, բայց այս ամենին զուգահեռ տեսնում ենք նաև ծայրամասային բնակատեղիների ոչ բարվոք, անուշադրության մատնված վիճակը և չլուսաբանված իրադրությունը։

Արձանագրենք նաև այն, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023 թվականին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց/փողոցի հատված։

Նաև ցանկանում ենք անդրադառնալ այն հարցին, որ ստեղծված իրավիճակի մեջ նաև կա բնակչության կոլեկտիվ մեղավորությունը, ովքեր, սրտացավորեն չվերաբերվելով իրենց մերձակա միջավայրին, իրենց հերթին աղտոտում են շրջակայքը՝ մեղքը բարդելով համայնքապետարանի ոչ պատշաճ աշխատանքի վրա և այլն։

Այս ֆոտոպատմության մեջ առկա լուսանկարները արտացոլում են քաղաքի արվարձանային հատվածների՝ կիսաքանդ ու չվերանորոգված փողոցների և մայթերի պատկերը մեր` ԺԵԴ երիտասարդներիս աչքերով։

Նյութը պատրաստեցին․
Մենթոր՝ Լիլիթ Պետրոսյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Ռաֆայել Ասլանյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Լիլիթ Հակոբյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Սուրեն Գյունաշյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Համլետ Մկրտչյան
— ԺԵԴ դպրոցի սան՝ Անահիտ Սուքիասյան

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

Spread the love