Հայաստանի՝ մեծությամբ և բնակչության թվով երկրորդ քաղաքում՝ Գյումրիում դեռևս անհերքելի է աշխատատեղերի բացակայության խնդիրը:
Եթե ԽՍՀՄ-ի տարիներին ամբողջ համակարգում հնարավոր չէր գտնել աշխատունակ գործազուրկ քաղաքացի, ապա 21-րդ դարում մենք ունենք մի խղճալի ցուցանիշ. Շիրակի մարզում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ ամենաբարձրը ողջ հանրապետությունում:
Ամենաանհանգստացնող պատճառներից մեկը փորձի պակասն է. ինչո՞ւ… գործատուն աշխատանք է առաջարկում այն ենթադրյալ աշխատակցին, որն ունի աշխատանքային երկար տարիների փորձ, իսկ այն աշխատակցին, որը ենթադրաբար նոր է ավարտել ԲՈւՀ-ը, հարկավոր է աշխատանք, որպեսզի կարողանա աշխատանքային փորձ ձեռք բերել: Այս անվերջ թվացող շղթան կարծես ծայր չունի: Իսկ ինչ վերաբերում է վճարվող փորձաշրջանին, գործատուն համաձայն չէ: Նման կարգավիճակում աշխատանք փնտրող քաղաքացին համաձայն է յուրաքանչյուր պայմանի, միայն թե չմնա առանց աշխատանքի:
Ըստ shantnews.am-ի՝ Գյումրիի զբաղվածության կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը նշում է, որ պատճառներից մեկը նշանակված նվազագույն 68 հազարի սահմանից ավելի ցածր աշխատավարձերն են: Գործազուրկները հրաժարվում են ցածր վարձատրություն առաջարկող կազմակերպության թափուր հաստիքներից՝ փոխարենը հավակնություն տալով ընտանեկան նպաստին՝ նույնիսկ հաշվի առնելով, որ այդ նպաստով ընտանիք պահելն անհնար է:
2008 թվականի հոկտեմբերի 1-ի ցուցանիշով Շիրակի մարզում գործազրկության մակարդակը 12,9 տոկոս էր: Մարզում գրանցված է եղել աշխատանք փնտրող 15 հազար 200 քաղաքացի, որի 80 տոկոսը ուներ գործազուրկի կարգավիճակ: Կանայք, իհարկե, գերակշռում էին, իսկ բանվորի մասնագիտությամբ աշխատանք չունեցողները 62,2 տոկոսն են կազմել:
Այս մասին տեղեկացանք armenpress.am կայքից:
Արդեն 2019 թվականին shantnews.am կայքը ներկայացրեց մի ցուցանիշ, ըստ որի՝ փաստերը դեռևս խոսում էին այն մասին, որ շուրջ 11 տարի անց պատկերը դեպի դրական փոփոխություն չի գնացել:
Այդ թվականին միայն Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է եղել ավելի քան 10 հազ գործազուրկ, իսկ 2018 թվականին ընդամենը 1316 մարդ է կարողացել զբաղվածության կենտրոնի միջոցով աշխատանքի տեղավորվել:
Մեր ֆեյսբուքյան հարցումների համաձայն՝ շատ գործազուրկներ պնդում են, որ գործատուն նախապատվությունը տալիս է երիտասարդներին, իսկ վերջիններս էլ շեշտում են՝ կամ իրենց հանդեպ խտրականություն կա և բացի պարտականություններից կատարում են այլ աշխատանքներ, որոնց համար հավելյալ չեն վճարվում, կամ ուղղակի դառնում են հերթական գործազուրկը Շիրակի մարզում:
Asparez.am-ի լրագրող Կարինե Կազարովան 2022 թվականի մայիսի 18-ին ներկայացրեց մի նոր հոդված, որտեղ պատմում էր, թե ինչու Շիրակի մարզում թափուր աշխատատեղերը չեն համալրվում: Այս ամենը պարզելու նպատակով «Ախուրյան» համայնքային զարգացման ասոցիացիան աշխատաշուկայում վերլուծություն է կատարել «Մրցունակ երիտասարդն աշխատաշուկայում» ծրագրի շրջանակներում: Պարզվեց, որ մարզում ավելի քան 300 թափուր աշխատատեղ կա, որոնք շուրջ 3 ամիս չեն համալրվում:
«Ախուրյան» համայնքային զարգացման ասոցիացիայի նախագահ Լևոն Իգիթյանը նշեց, որ Շիրակի մարզում գործազրկությունը պայմանավորված է մի քանի գործոնով: Առաջինը եղել և դեռևս մնում է նվազագույնից ցածր աշխատավարձը՝ փոխարենը պահանջելով շատ աշխատաժամեր: Այնուհետև խոսքը գնում է մասնագիտական ներուժի բացակայության մասին. ինքնակենսագրական և CV ներկայացնելու, հմտությունների պակասի խնդիր:
Մինչ Գյումրին դարձել է ներքին և արտաքին տուրիզմի քաղաք, այս պահին թափուր հաստիքների մեծ մասը սպասարկման ոլորտում են, որոնք այդպես էլ դատարկ են մնում, ինչին Լևոն Իգիթյանը տվեց իր բացատրությունը.
-Այս պատկերի գլխավոր խնդիրը մեր մարզի ժողովրդի մենթալիտետից է. կարող է մայրաքաղաքում կամ հանրապետության մեկ այլ քաղաքներում տվյալ անձը աշխատի մատուցող, բայց Շիրակի մարզում չեն աշխատում. խուսափուն են:
Շիրակի մարզը և իր մարզկենտրոն Գյումրին գործազրկության ցանկում դեռևս գլխավորում են առաջին պատվավոր հորիզոնականը:
Որպես իրավիճակը վերլուծող ապագա լրագրող՝ աշխատանք փնտրող քաղաքացիներին առաջարկում եմ առաջին հերթին ծանոթանալ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին և իմանալ ու ճանաչել սեփական իրավունքները, քանի որ.
-Սույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:
Հոդվածները գրվել են «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երրորդ փուլի մասնակից Ազատուհի Հովակիմյանի կողմից:
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն