«Մենք ապրում ենք պատմական ժամանակահատվածում,որտեղ փոփոխություններն այնքան արագացված են,որ մենք սկսում ենք տեսնել ներկան միայն այն ժամանակ,երբ այն տակավին անհետացել է»։
Ռոնալդ Դեյվիդ Լեյնգ
Փոխվում է ոչ միայն աշխարհը, այլև նրա մասին մեր պատկերացումները։ Վերջին 20 տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ են կատարվել աշխարհաքաղաքականության, աշխարհատնտեսության և աշխարհամշակութային տարածություններում։
20-րդ դարի վերջին տասնամյակներում աշխարհում սկիզբ առած հասարակական և տնտեսական վերափոխումները արմատապես փոխեցին նաև պահանջները կրթական ծառայությունների ձևավորման և մատուցման նկատմամբ: Պահանջները վերաբերում են ինչպես կրթության նպատակներին և բովանդակությանը, կրթական տեխնոլոգիաներին, այնպես էլ ոլորտում և կրթական հաստատություններում կառավարման ձևերին և մեթոդներին, ռեսուրսների տեղաբաշխմանն ու ռացիոնալ օգտագործմանը, պետության դերին և առհասարակ կրթության փիլիսոփայությանը:
Ամբողջ աշխարհում՝ կրթական ոլորտում փոփոխությունները պայմանավորված են կոմպենտենցիաների (կարողունակություն) ձևավորման և զարգացման վրա։
Իսկ ի՞նչ է կոմպետենցիան։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շատ հաճախ մարդու ինտելեկտի բարձր աստիճանը առօրյա արդյունավետ գործունեության համար կամ մասնագիտական գործունեության մեջ արդյունավետ աշխատելու համար բավարար չէ։ 21-րդ դարում մարդուն գիտելիքից բացի անհրաժեշտ են կոմպետենցիաներ՝ արդյունավետ աշխատելու, ճիշտ կողմնորոշվելու և ըստ իրավիճակի գործելու համար։ Կրթական կոմպետենցիաները անհատի համալիր բնութագրիչներ են՝ գիտելիքների, վերաբերմունքի և արժեքների համակարգ, որը թույլ է տալիս հաջողությամբ լուծելու որոշակի խնդիրներ։ Բնագիտության և մաթեմատիկայի բարձր արդյունքներով, բարձրագույն կրթության դիմորդների բարձր չափանիշներով, միջազգային գնահատման արդյունքներով կրթական բարձր արդյունավետություն ունեցող երկրների կրթական համակարգերի հետազոտությունները ցույց են տվել, որ արդյունավետությունը պայմանավորված է կրթական հենքի վրա սահմանված կոմպետենցիաների շուրջ կրթական գործընթացը կառուցելով։ Կրթության մակարդակով առաջատար տարբեր երկրներում կրթական համակարգերի հենքում ընկած կրթական կոմպետենցիաները և արդյունավետության գրավական բաղադրիչ մասերը։
Այժմ ներկայացնենք կրթության բնագավառում առաջատար երկրների կրթության բովանդակության հիմքում ընկած կոմպետենցիաները, առանցքային ուղղությունները։ Դիտարկենք նաև ՀՀ կրթական քաղաքականությունը, քանի որ մեր երկիրը, որդեգրելով առաջատար երկրների լավագույն փորձը, նոր չափորոշչի հիմքում դրել է այդ երկրների հաջողության գրավական տրամաբանությունը և կոմպետենցիաները։
Հայաստան։ ՀՀ կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության առկա խնդիրներով, որոնք առանց հիմնարար փոփոխությունների լուծվել չեն կարող։ 2021թ․ փետրվարի 4-ին Կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր չափորոշիչը։ Հետազոտողները հաշվի են առել կրթության ոլորտում առաջատար երկրների կրթական համակարգի արդյունավետության գրավական կոմպետենցիաները, հենքային բաղադրիչները և ներառել են հանրակրթական նոր չափորշչի հիմքում։
Կրթական կոմպետենցիաներն են․
- լեզվական գրագիտություն,
- սովորել սովորելու,
- ինքնաճանաչողական և սոցիալական,
- ժողովրդավարական և քաղաքացիական,
- թվային և մեդիա,
- մշակութային,
- մաթեմատիկական և գիտատեխնիկական,
- տնտեսական կարողունակություն։
Չափորոշչում սահմանված են սովորողի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, որոնք նպատակաուղղված են նշված 8 առանցքային կոմպետենցիաների ձևավորմանը։ Վերջնարդյունքները ձևակերպված են դպրոցի կրթական տարբեր աստիճանների համար։
Վերջնարդյունքները պետք է լինեն՝
- հստակ ձևակերպված, միարժեք ընկալվող,
- հասանելի,
- շարունակական և զարգացող,
- չափելի։
Կանադա։ Կանադան համարվում է համաշխարհային առաջատարներից մեկը գրագիտություն զարգացման որակով։ Առաջատար է կարդալու և մաթեմատիկական գրագիտության, գիտական գրագիտության, ՏՀՏ գրագիտության ոլորտներում և ունիվերսալ է կոմպետենցիաներով (քննադատական մտածողություն, ստեղծագործականություն և այլն): Ուսումնական ծրագրերը թարմացնելու համար ընտրվել են հիմնական կոմպետենցիանները, որոնք ապահովում են էական ազդեցություն անհատի կրթական հաջողությունների վրա, նրա հարաբերությունները այլ մարդկանց հետ, զբաղվածության հնարավորությունները, առողջությունը և ընդհանուր բարեկեցությունը։
Կրթական կոմպետենցիաների բաղադիչներն են․
- բնավորության կրթություն,
- քաղաքացիական կրթություն,
- համագործակցություն,
- ստեղծագործականություն,
- հաղորդակցականություն,
- քննադատական մտածողություն և խնդիրների լուծում։
Ֆինլանդիա։ «Ֆորմալ կրթության» չափանիշով առաջատար դիրքում է Ֆինլանդիան։ Ֆինլանդիայի կրթական համակարգը լավագույններից է աշխարհում՝ տնտեսության կարիքների համար մարդկանց հմտությունները համապատասխանելու ձևաչափով։ Չնայած իր փոքր չափերին՝ Ֆինլանդիայի տնտեսությունը ամենահաջողակներից մեկն է աշխարհում։ Ֆինլանդիան ձգտում է, որ կրթական նպատակները բավարարեն տնտեսության կարիքները։ Բարեփոխումների ծրագիրը կառուցվել է շուրջ 20 տարի։ Բացահայտվել են 7 ընդհանուր /խաչաձև կոմպետենցիաներ, որոնք ներառվել են ուսումնական պլանում և ձևավորվում են բոլոր առարկաներից։ Ֆինն հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձնում «սովորել սովորելու» (learning to learn) կոմպետենցիային, այն համարելով հիմնաքար ամբողջ ուսումնական գործընթացի համար: Այս կոմպետենցիան վերաբերում է կրթությանն ամբողջությամբ և չի սահմանափակվում որևէ ուղղությամբ կամ առարկայով: Այն ուղղորդում է կրթական գործընթացը և ազդում սովորողների ակադեմիական նվաճումների վրա: «Սովորել սովորելու» կոմպետենցիան գործոն է դառնում ամբողջ կյանքի ընթացքում ուսուցման մեջ՝ որոշելով անհատի ճանաչողական հակումները և ինքնազարգացման ցանկությունը: Ֆինն հետազոտողները առանձնացնում են «սովորել սովորելու» կոմպետենցիայի հետևյալ հիմնական բաղադրիչները.
- մտածողության կարողություններ, խնդիրների լուծման հմտություններ,
- վերաբերմունք և արժեքներ՝ կապված դպրոցի և ուսումնական գործընթացի հետ,
- գիտելիք ստանալու ձգտում, որպես հատուկ մտածելակերպ։
Կոմպետենցիաներից յուրաքանչյուրի համար սահմանված են ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: Կրթական կոմպետենցիաներն են․
- սովորել սովորելու,
- մշակութային,
- մեդիագրագիտություն,
- հոգատարություն սեփական անձի նկատմամբ,
- ՏՀՏ գրագիտություն,
- կարիերայի զարգացում,
- ապագայի կառուցման ներգրավածություն, մասնակցություն։
Չինաստան։ Չինաստանում կրթական համակարգը զգալի փոփոխություններ է կրում։ Բարեփոխումները սկսվեցին 1980-ականներին, իսկ ընդամենը 33 տարում Չինաստանը այդ ճանապարհն անցավ այնպես, որ մյուս զարգացած երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, անցան մի ամբողջ դար։ Մինչ բարեփոխումների մեկնարկը բնակչության մոտ 23%-ը լրիվ անգրագետ էին, այսօր այս ցուցանիշն ընդամենը 5% է։ Կոմպետենցիաների զարգացումը չինական կրթական համակարգում կառուցված է ընդհանուր ուսուցման մեջ՝ ներառյալ հիմնական տարրերը, առարկայական գիտելիքներից մինչև աշխարհայացքի և բնավորության զարգացում:
Կրթական կոմպետենցիաներն են․
- ինքնազարգացում (սովորելու կարողություն, առողջ ապրելակերպ),
- մշակութային հիմքեր (մարդասիրություն, գիտական մոտեցում),
- սոցիալական ներգրավածություն (պատասխանատվություն, նորարարություն)։
Կորեա։ Կորեայի Հանրապետությունը համարվում է զարգացող երկիր, այնուամենայնիվ նրա տնտեսությունը միջազգայնորեն հայտնի է բարձր տեխնոլոգիաներով և ֆինանսական առումով։ Հարավային Կորեայի քաղաքացիների 68%-ը 25-34 տարեկանում ունեն առնվազն բակալավրի կոչում՝ սա ամենաբարձրն է համաշխարհային տնտեսապես զարգացած երկրների շարքում։ Կոմպետենտ սովորողի բնութագիրներ՝
Ինքնակառավարում։ Կառավարում է սեփական կյանքը, ունի ինքնություն և ինքնավստահություն՝ հիմնվելով կյանքի և մասնագիտական աճի համար անհրաժեշտ կարողությունների և որակավորումների վրա։
Աշխատել գիտելիքով և տեղեկատվությունով։ Մշակում և կիրառում է տարբեր աղբյուներից ստացված գիտելիքներն ու տվյալները գործնական խնդիրների ռացիոնալ լուծման համար։
Ստեղծագործական մտածողություն։ Կատարում է բացահայտումներ՝ ինտեգրելով տարբեր աղբյուրներից գիտելիքները, հմտությունները և փորձը։
Գեղագիտություն և հուզականություն։ Գտնում և ընդունում է կյանքի իմաստներն ու արժեքները՝ ուրիշների ապրումակցելով և նրանց մշակութային առանձնահատկությունները ըմբռնելով։
Հաղորդակցություն։ Լսում է ուրիշներին հարգանքով և արդյունավետ կերպով հաղորդակցվում։ Արտահայտվում է սեփական մտքերն ու զգացմունքները կյանքի տարբեր իրավիճակներում։
Քաղաքացիական գրագիտություն։ Ակտիվորեն մասնակցում է հասարակությունը դեպի լավը փոխելուն՝ունենալով ազգային և համաշխարհային հանրության արժեքներ։
Ընդհանրապես, կրթական համակարգում նորարարությունները արդյունավետ են և ժամանակի հրամայական: Աշխարհում նույնիսկ ամենազարգացած երկրներում պարբերաբար փոփոխություններ կատարվում են կրթական ոլորտում: Ցանկացած երկրի զարգացվածության և բարեկեցության աստիճանը պայմանավորված է այդ երկրի վարած կրթական քաղաքականությամբ։ Հուսով ենք, որ մեր որդեգրած նոր կրթական համակարգը համապատասխանում է նաև մեր ազգային առանձնահատկություններին և արժեքներին, կարողանալու են լուծել կրթական ոլորտում առկա խնդիրները։
Իբրև վերջաբան մեջբերենք Նելսոն Մանդելայի խոսքերը․ «Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Հանրակրթության պետական նոր չափորոշիչ (https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788)
- ADB (Asian Development Bank). 2010. Poverty\ Inequality, and Inclusive Growth inAsia: Measurement, Policy Issues, and Country Studies. Manila: Asian Development Bank.
- Ali, Ifzal and Juzhong Zhuang. 2007. Inclusive Growth Toward a Prosperous Asia: Policy Implications. ERD Working Paper No.97, Manila: Economics and Research Department, Asian Development Bank. Available on-line: (http:// www.adb.org/Documents/ERD/Working_Papers/WP097.pdf)
- ASER (Annual Status of Education Report)—Pakistan. 2011. Annual Status of Education Report (Rural). Islamabad: South Asian Forum for Education Development (SAFED). Available on-line: (http://www.safedafed.org/aser/document/aser/2011/Total%20PDF%20Aser% 20Report%20Low %20resulation.pdf)
- Annual Status of Education Report 2011: National (Rural)Paid Tuition. Islamabad: South Asian Forum for Education Development (SAFED).Available on-line: (http://www.aserpakistan.safedafed.org/docu-ment/report_cards/2011 /Tuition.pdf)
- United Nations Development Programme. Human Development Index (HDI): Education Index [URL: hdr.undp.org].
- United Nations Educational, Scientific and Cultural Organization (UNESCO) Institute for Statistics. Data Centre [URL: data.uis.unesco.org].
- United Nations Statistics Division. UNdata [URL: data.un.org].
- https://www.marieclaire.ru/stil-zjizny/10-universitetov-gde-uchilis-monarshie-osobyi-buduschie-prezidentyi-akteryi-i-pisateli/
- https://magazine.lectera.com/ru/articles/kak-vyglyadit-obuchenie-v-raznyh-stranah-mira
ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
21-րդ դարում անչափ կարևոր է կոմունիկացիաների դերը կառավարման համակարգում։ Կոմունիկացիան կրթական կազմակերպությունում պետք է նպաստի ուսումնական հաստատությունների ղեկավարների հաղորդակցական կոմպետեցիաների ձևավորմանը՝ կապված կրթական գործընթացում և կառավարման մեջ հաղորդակցական փոխգործակցության գործիքների, սկզբունքների, մոդելների արդյունավետ օգտագործման հետ։
Ուսումնական հաստատության հաղորդակցական միջավայրը։ Ուսումնական հաստատության հաղորդակցական միջավայրում հասկանում ենք կրթության որոշակի որակ ապահովող պայմանների մի շարք՝
- հիմնական արժեքների և վերաբերմունքի համակարգ (դպրոցի առաքելությունը, կրթության նպատակներն ու արժեքները, նորմեր և սկզբունքներ և այլն),
- ուսումնական հաստատության համար համապատասխան տեղեկատվության հետ աշխատելու մեթոդներ,
- կրթական գործընթացի մասնակիցների միջև կապեր և փոխազդեցություններ (հաղորդակցման ռազմավարություններ, դասավանդման և կառավարման ոճեր, գնահատման և խթանման մեթոդներ և այլն):
Տեղեկատվության միջոցով իրականացվում է կառավարման օղակների և մակարդակների միջև կապը: Տեղեկատվությունը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Արտաքին տեղեկատվությունը բնորոշում է շրջակա միջավայրի հետ կազմակերպության կապը և պարունակվում է վերադաս մարմինների հրամաններում, հրահանգներում, կարգադրություններում, պլաններում, գիտության և տեխնիկայի նվաճումների, շուկայի ցուցանիշների մասին հաղորդումներում և այլն: Ներքին տեղեկատվությունը վերաբերում է արտադրության գործընթացին, սարքավորումների վիճակին, տեխնոլոգիային և այլն: Տեղեկատվությունը մեծ նշանակություն ունի կազմակերպության ներքին և արտաքին կապերի կառավարման համար։ Տեղեկատվության տիրապետման աստիճանի բնութագրիչներ են’
- տեղեկատվության քանակը կամ ամբողջականությունը,
- դրա նշանակելիությունը,
- հավաստիությունը,
- վստահելիությունը,
- հասկանալի լինելը,
- արդիականությունը,
- ճկունությունը,
- տեղեկատվական գործընթացի տնտեսական արդյունավետությունը (տեղեկատվությունից ստացված շահույթի և դրա վրա կատարված ծախսերի հարաբերակցությունը),
- տեղեկատվության պաշտպանվածության ապահովումը:
Կոմունիկացիաները կարող են ունենալ երկու ուղղություն՝ վերևից ներքև (վարընթաց) և հակառակը ներքևից վերև (վերընթաց): Կոմունիկացիաները վերևից ներքև ուղղվածություն ունեն, երբ կառավարման բարձր մակարդակից տեղեկությունը հաղորդվում է ստորադաս մակարդակին: Կառավարման ստորադաս մակարդակներին հաղորդվում է տեղեկություն ընթացիկ խնդիրների, տարբեր առաջադրանքների, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների առաջնահերթության փոփոխության և այլնի մասին: Բացի նշված վարընթաց փոխանակումից, կազմակերպություններում իրականացվում են վերընթաց հաղորդակցումներ: Այսինքն տեղեկության փոխանցումը ստորին մակարդակներից բարձրերին, որի շնորհիվ վերջինները տեղեկացվում են ստորին մակարդակներում առկա հիմնահարցերի և իրավիճակի մասին ու առաջարկում դրանց վերացման (կարգավորման) հնարավոր տարբերակներ: Վերընթաց եղանակով տեղեկության փոխանակումը հիմնականում տեղի է ունենում հաշվետվությունների, առաջարկությունների, ահազանգերի, զեկուցագրերի ձևով՝ ի լրումն վարընթաց և վերընթաց եղանակով տեղեկության:
Տեղեկատվության գործընթացը կարելի է տրոհել չորս հիմնական տարրերի.
ա) ուղարկող անձ (կոմունիկատոր), որը մշակում է գաղափարներ կամ հավաքում և հաղորդում տեղեկություններ,
բ) հաղորդագրություն՝ հատուկ խորհրդանիշներով կոդավորված բուն տեղեկություն,
գ) տեղեկությունը կամ գաղափարը հաղորդելու միջոց (կապուղի),
դ) ստացող անձ (ռեցեպիենտ), որը ստանում է տեղեկատվությունը և մեկնաբանում:
Կոմունիկացիոն գործընթացի փոխկապակցված փուլերն են
- գաղափարի ծնունդը,
- կոդավորում և կապուղու ընտրություն,
- հաղորդում,
- ընդունում և վերծանում (ապակոդավորում):
Կոմունիկացիոն գործընթացի արդյունավետության ապահովման համար բացառիկ նշանակություն ունի հետադարձ կապը։ Դրանով է ճշտվում, թե որքանով հավաստի է ընկալվել հաղորդագրությունը:
Այժմ միջանձնային հաղորդակցության մասին։ Միջանձնային կոմունիկացիայի և, ընդհանուր առմամբ, մարդկային հաղորդակցության արդյունավետության կարևոր պայմաններից մեկը անձի այսպես կոչված «հաղորդունակությունն» է, այսինքն այն կարողությունը, որով մարդը բնականոն փոխհարաբերություններ է հաստատում ուրիշների հետ, համարժեքորեն ձևակերպում է իր ասելիքը, տեղեկություններ հաղորդում և ստանում ճշտորեն վերծանելով դրանք, զանազանելով կարևորն ու երկրորդականը, ապահովելով պատշաճ ուղիղ հետադարձ կապը:
Նշենք, որ հաղորդունակությունը հույժ անհրաժեշտ կարողություն է ղեկավարի համար, քանի որ նրա առօրյա գործունեության անբաժանելի մասն է մարդկանց, ենթակաների, գործընկերների, վերադասների հետ հաղորդակցումը: Մեր դիտարկմամբ, ղեկավարի և ենթակայի միջև տեղեկության փոխանակման բազմաթիվ տարատեսակներից են.
- խնդիրների, առաջարկությունների և սպասվող արդյունքների ճշգրտումը,
- խնդիրների լուծման մեջ ստորաբաժանման մասնակցության ապահովումը,
- աշխատանքի արդյունավետության հիմնախնդիրների քննարկումը,
- սպասվող փոփոխությունների վերաբերյալ ենթականերին տեղեկացնելը և այլն։
Առանձնացվում են ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների երկխոսության երկու համակարգեր ուղղաձիգ և հորիզոնական: Ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների ուղղաձիգ կոմունիկացիոն համակարգը կարելի է ներկայացնել հետնյալ գծապատկերի տեսքով.
Ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների հորիզոնական կոմունիկացիոն համակարգը կարելի է ներկայացնել հետևյալ գծապատկերի օգնությամբ.
Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ միջանձնային կոմունիկացիաներում կարող են հանդիպել արգելքներ, որոնցից են.
- ընկալմամբ պայմանավորված արգելքներ,
- իմաստաբանական արգելքներ,
- անորակ հետադարձ կապ,
- վատ ունկնդրում,
- աղմուկի զանազան տեսակներ:
Այսպիսով, միջանձնային կոմունիկացիաները կենսականորեն անհրաժեշտ են ամբողջ կազմակերպության ներսում տեղեկատվության արդյունավետ գործառության, կառավարման խնդիրների հաջող լուծման համար:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Ասատրյան Լ․, Կարապետյան Ա․ և ուրիշներ, Կրթության համակարգի կառավարման հիմունքներ, մաս 1, Երևան, 2003։
- Խաչատրյան Ռ․, Հովհաննիսյան Ս․ և ուրիշներ, Կառավարչական հմտություններ, Երևան, 2020։
- Հովհաննիսյան Ա․, Մենեջմենթի հիմունքներ, Երևան, 2015։
- Հովհաննիսյան Թ․, Խաչատրյան Լ․, Մարդկային ռեսուրսների կառավարում, Երևան, 2013։
- Սուվարյան Յու․, Մենեջմենք, Երևան, 2002։
Հոդվածները գրվել են «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երրորդ փուլի մասնակից Աիդա Սարգսյանի կողմից:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում