Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ-ում Բարձրագույն կրթության խնդիրները ․ Աննա Առաքելյան

Ո՞րն է կրթության դերը մարդու կյանքում, ո՞ր մարդիկ են համարվում կրթված և ինչու՞ է այդքան անհրաժեշտ կրթություն ստանալ. սրանք հարցեր են, որոնք վերաբերվում են յուրաքանչյուրիս: Շատերը գիտեն, որ անհրաժեշտ է կրթություն ստանալ, բայց քչերը գիտեն, թե ինչու: Կրթությունը սոցիալական կյանքի ամենակարևոր ոլորտներից մեկն է, որի գործելակերպից է կախված երկրի մտավոր, մշակութային և բարոյական վիճակը, կրթությունը՝ ներկայումս ամենաշատ շահառուներ ունեցող ոլորտն է: Եվ այդ կրթության շնորհիվ ստացած գիտելիքի արդյունքում են ծնվում բացահայտումներ, որոնք բարելավում են մեր բոլորիս կյանքը: Եվ մեր հետ, մեր շրջապատում միասին ապրում են չբացահայտված էյնշտեյններ ու նյուտոններ, և իսկապես պետք է խոստովանենք, որ հատկապես հիմա՝ ժամանակակից աշխարհում մարդու համար կրթության դերը շատ մեծ է, որը ցավոք քչերն են ընկալում, հատկապես երբ զուգահեռ զարգանում է ժամանակակից շատ այլ ոլորտներ, որոնք ավելի եկամտաբեր են, և հետևաբար ավելի կրթվածները ունակ են ավելի որակյալ աշխատանքի և հետևաբար ավելի շատ եկամուտ կստանան քան մյուսները:

Հարյուր ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ չին գործարար Ջեք Մանն ասել է.
«եթե մենք ուսուցման ձևն ու սկզբունքները չփոխենք, հետո խնդիր կունենանք, մենք չենք կարող մեր երեխաներին սովորեցնել մրցել մեքենաների հետ, դրանք ավելի խելացի են», բայց միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ այդ մեքենաները ստեղծողները մարդիկ են և չի կարելի նաև չհամաձայնել Մայի այն մտքի հետ, որ երեխաների վրա պետք է մեծ ներդրում անել դեռ վաղ տարիքից՝ մանկապարտեզից, դպրոցից և երեխաներին պետք է սովորեցնենք լինել ստեղծագործ, կրեատիվ, այսինքն լինեն այնպիսին ինչպիսին չեն կարող լինել մեքենաները ու անել այն, ինչը չեն կարող անել դրանք ու պետք է իրենց մեջ սերմանենք այլ արժեքներ, սովորեցնենք քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հոգ տանել մարդկանց, շրջապատի մասին, ու անշուշտ միայն գիտելիքով չենք կարող փոխանցել այն, և ի տարբերություն մեքենաների մենք՝ մարդիկս, ունենք սիրտ, զգայարաններ, զգացմունքներ, այլ ոչ թե չիպեր:

Եվ դեռևս հին ժամանակներից մարդիկ գիտեն, որ ամենակարևորը դպրոցն ու կրթությունն է: Ու պետք է համաձայնենք, որ վերջին ժամանակներում դպրոցը պատրաստում է կյանքի մի ուրիշ աշխարհ, որը շատ ժամանակ գոյություն էլ չունի և, որպես աշակերտ, խոսելով Հայաստանի ներկայիս կրթության
որակի ու առհասարակ կրթության խնդիրների մասին չեմ կարող չնշել, որ այն գտնվում է սոսկալի վատ վիճակում: Ու մինչև այս իրականցրած փոփոխությունները ոչ մի ազդեցություն չեն ունեցել որակի բարձրացման գործում: Հատկապես Covid-19-ից հետո իրականացրած փոփոխությունները

ցավոք սրտի ևս չեն բարելավել՝ ընդհանուր ուսման գործընթացը և ամեն ինչ մնացել է անփոփոխ, նորից երեխաները սովորում են անգիտակցաբար, իրենց ծնողների ճնշմամբ, բարձր գնահատականների համար, ուսանողները՝ դիպլոմի, ուսանողական միջավայրի, հիշողությունների, այլ ոչ թե ոլորտի որակյալ ու լավագույն մասնագետ դառնալու համար, որպեսզի իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման գործում, լավ իսկ ի՞նչ է արվում մանկավարժների կողմից, նրանք ոչինչ չեն անում որպեսզի համագործակցեն աշակերտի հետ, դասապրոցեսը դարձնեն ավելի հետաքրքիր, ժամանակակից, որպեսզի աշակերտը սիրի թե՛ թեման, և թե՛ առարկան: Քչերին է տրված առհասարակ ուսուցիչ լինելու պատիվը, որովհետև շատերը մանկավարժ են դառնում, այլ ելք չունենալով, արդյունքում տուժում է թե՛ երեխան ,և թե՛ ուսումը ու թե՛կրթական համակարգը, որովհետև «ուսուցիչը» չկարողացավ դառնալ իր երազած մասնագետը, որովհետև նա երազում էր աշխատել այլ ոլորտում ու հետևաբար, արդյունքում ունենք հետևյալ պատկերը:

Ու հա, մեր այսօրվա կրթական համակարգը կարելի է ասել չի՛ համապատասխանում ներկայիս ժամանակների պահանջներին, շատ քիչ դպրոցներում է ու շատ քիչ ուսուցիչներ են, որ կարող են դասապրոցեսը պարբերաբար դարձնել ոչ ֆորմալ ու դա է հիմա գլխավոր պատճառը որ երիտասարդության մեծամասնությունը նախընտրում է ոչ ֆորմալ կրթությունը, ես ինքս վերջերս հարցազրույցիս ժամանակ նշել եմ, որ ներկայումս գերադասում եմ ոչ ֆորմալ կրթությունը, որովհետև սովորում եմ ոչ միայն կոշտ այլ նաև փափուկ հմտություններ ու գիտելիքներ, ունենում եմ փորձ, որը հետագայում ավելի անհրաժեշտ է իմ ապագայի ու աշխատանքի համար, և ցավոք սրանք ես չեմ գտել ֆորմալ կրթության շնորհիվ, հակառակ դեպքում՝ հավելյալ ժամանակ չէի ներդնի կամավորության, սեմիանարների ու առհասարակ ոչ ֆորմալ կրթության վրա և այն, ինչը ստանում ենք ոչ ֆորմալ կրթության շնորհիվ չենք կարողանում գտնել այլ տեղ, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ իմ ու մնացածի կյանքում բարձրագույն կրթության կարևորությունը, բայց արդյունքում ոչ ֆորմալ կրթության շնորհիվ ինքնակրթվում ենք, զարգանում ենք, զարգացնում մեր անձնային աճը, որը հետագայում մեզ ավելի շատ կօգնի, քան այդ օրվա ուսուցչի կողմից հանձնարարված այն դասը, որը անգամ կապ չունի մեր մասնագիտական կողմնորոշման հետ: Արդյունքում ունենք հետևյալ պատկերը՝ ներկայումս ՀՀ-ում գործում է 55 ԲՈՒՀ, որից 44-ը գտնվում է միայն Երևանում, իսկ շատ երիտասարդներ էլ զբաղվում են իրենց մարզում ոչ ֆորմալ կրթությամբ, ստանում են ավելին, քան տրվում է դպրոցներում, ավելի շուտ են աչքի ընկնում և արդյունքում դեռ չափահաս չդարձած աշխատում են անգամ իրենց իսկ տանից ու կառուցում իրենց ապագան, մոռանալով բարձրագույն կրթության մասին, դրա համար հիմա այսքան քիչ դիմորդներ ունենք:

Եվ այդ նույն երիտասարդները խնայում են ժամանակ, գումար ու այլ շատ ռեսուրսներ, որովհետև արդյունքում, ընդունվելով համալսարան, չէին ստանա իրենց անհրաժեշտ գիտելիքները ու հմտությունները մինչդեռ ներկայումս օնլայն, անվճար կուրսերի ու դասընթացների շնորհիվ կարող ես ավելի արագ ստանալ այն գիտելիքները, որը պետք է ստանային չորս տարվա ընթացքում ու պետք է համարձակվեմ ու ասեմ, որ սխալը երկու կողմից է․ մենք՝ երիտասարդներս չենք կարևորում կրթությունը, այն էլ բարձրագույն, իսկ համալսարանները չեն տալիս համապատասխան գիտելիքները ու փորձը, որպեսզի դիմորդները ցանկություն ունենան շարունակելու կրթությունը, գիտակցելու, որ բացի համալսարանից այդ գիտելիքը, փորձը ոչ մի տեղ չեն գտնի:

Ու կարող եմ առանձնացնել մի քանի պատճառներ, ըստ որի ներկայումս այսքան ցածր ցուցանիշներ ունենք դիմորդների թվի հետ կապված, նախ պետք է առանձնացնեմ, որ համալսարանը ասոցացվում էր դիպլոմի հետ, իսկ դիպլոմը՝ աշխատանքի, այնուհետև պետք է նշեմ, որ արտերկրի համալսարաններ ընդունվելը շատ հեշտ է դարձել, գիտելիքը կարող ես անվճար գտնել համացանցում, շատ համալսարաններում դեռևս դասախոսները չեն համապատասխանում ժամանակակից աշխարհին իսկ դասավանդման եղանակը շատ թույլ է, թեև կան մի քանի բացառություններ ու այս խնդիրները շատ-շատ են, և բացի այդ երիտասարդների մոտ արդեն արժեզրկվել է ԲՈՒՀ-ը և առաջացել շատ կարծրատիպեր, որոնք իրենց ազդեցությունն են ունենում, որովհետև դրանց զուգահեռ ապացուցվում է վերջինիս ճիշտ լինելը, մեր կողքին ապրողների օրինակներով:

Եվ ի վերջո յուրաքանչյուրս կրթությունը պետք է կարևորենք մեր կյանքում, որովհետև եթե չունենանք լավ կրթություն, լավ կրթական համակարգ, չենք կարող ունենալ լավ երկիր, ու այդ ստացած կրթության շնորհիվ պետք է ունենանք այնպիսի արժեհամակարգ, որ գիտակցենք մեր երկրի կարևորությունը մեր կյանքում ու որքան մեծ ներդրում կունենանք մեր ապագայի ու մեր երկրի բարելավման համար կամ պատահաբար չեն ասում մի՛ ձեռքով կռվել, մի՛ ձեռքով կրթվել, և մեր կողմից մեր ապագայի համար արված յուրաքանչյուր ներդրում՝ ներդրում է երկրի համար, քանզի կրթությունը ամենահզոր զենքն է, որը մենք կարող ենք օգտագործել աշխարհը, հետևաբար՝ մեզ ու մեր երկիրը փոխելու համար:

Այսպիսով, մենք կարող ենք վստահորեն ասել, որ առանց կրթության անհնար է ապրել ժամանակակից աշխարհում, թեև շատերը կարող են չհամաձայնվել, բայց ճիշտ մատուցված կրթությանը ոչ մի բան չի կարող փոխարինել անգամ ոչ ֆորմալ կրթությունը, ցավոք ներկայումս այդպիսի համակարգ չի գործում Հայաստանում, բայց ամեն ինչ կախված է մեզնից, եթե մենք ունենանք բարձր գիտակցական մակարդակ ու գիտակցենք որ մենք այն սերունդն ենք, որի ձեռքում հիմա ամեն ինչ կենտրոնացել է ու գործի դնենք մեր ունեցած ու մեզ ընձեռնված ռեսուրսները, ապա, համոզված եղեք մենք կունենանք այն համակարգը, որի մասին շատ երկրներ կերազեն, ամեն ինչ կախված է միայն մեզնից ու մեր ցանկություններից: Իսկ, եթե ուզում ենք մեր երկրում փոխել կրթության ձևն ու որակը, ապա եկեք առաջինը սկսենք մեզանից, փոխենք մեզ, այնուհետև մեր վերաբերմունքը դեպի շրջապատը, սիրով կատարենք մեր աշխատանքը և ինքներս հավատով լցվենք դեպի ապագան և այդ նույն հավատով լցնենք նաև մյուսներին: Ամեն ինչ սկսվում է մեզանից…

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երրորդ փուլի մասնակից Աննա Առաքելյանի կողմից:

Spread the love