Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ատելության խոսք և դրա դեմ կանխարգելիչ միջոցառումներ

Եվրոպայի խորհուրդը 2013  թվականի մարտի 22-ին նախաձեռնեց «Ո՛չ ատելություն տարածող խոսքին» շարժումը, նպատակ ունենալով բարձրացնել ատելություն պարունակող եւ տարածող խոսքի խնդրի վերաբերյալ իրազեկության աստիճանը, փոխել դրա նկատմամբ վերաբերմունքը եւ մոբիլիզացնել երիտասարդներին,որպեսզի նրանք պայքարեն այդ դրսևորումների դեմ։ Ի սկզբանե նախաձեռնությունը պետք է իրականացվեր մինչև 2015 թվականը, բայց շնորհիվ մի շարք կազմակերպությունների և առցանց հարթակում շարժման ակտիվ տարածման այն 2017 թվականից հետո էլ շարունակվեց տարածվել։

Եվրոպայի խորհուրդը դիտարկում է ատելություն պարունակող եւ տարածող խոսքը որպես իրական վտանգ ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար:

«Համաձայն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի սահմանման՝ ատելություն քարոզող, պարունակող եւ սերմանող խոսքը ներառում է արտահայտման բոլոր այն ձևերը, որոնք տարածում, հրահրում, խրախուսում կամ արդարացնում են ռասայական ատելությունը, այլատյացությունը, հրեատյացությունը կամ ատելության այլ ձեւերը, որոնք հիմնված են անհանդուրժողականության վրա, ներառյալ՝ ագրեսիվ

ազգայնականության եւ էթնոկենտրոնության միջոցով արտահայտվող անհանդուրժողականությունը, փոքրամասնությունների, ինչպես նաեւ ներգաղթյալների եւ ներգաղթյալների ընտանիքից սերող անձանց նկատմամաբ թշնամանքի եւ խտրականության դրսեւորումները: 

Ելնելով քարոզարշավի նպատակներից՝ խտրականության եւ նախապաշարումների այլ տեսակները, ինչպես օրինակ՝ հակագնչուականությունը, քրիստոնյաֆոբիան, իսլամոֆոբիան, կնատյացությունը, սեքսիզմը, ինչպես նաեւ սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով խտրականությունը նույնպես մտնում են ատելություն քարոզող խոսք սահմանման մեջ:»

Հատված Քարոզարշավի մասին պատմող նյութից – www.nohatespeechmovement.org 

Քարոզարշավի նպատակներից են՝ արտահայտման ազատության նկատմամբ հարգանքի խթանումը, ատելություն պարունակող եւ քարոզող խոսքին ի պատասխան այլընտրանքային պատասխանների եւ վերաբերմունքի մշակումը, ներառյալ՝ կանխարգելումը, կրթությունը, իրազեկումը, օգտատերի ինքնակառավարման հմտությունների զարգացումը եւ զոհերի նկատմամբ համերաշխության դրսեւորումը: Քարոզարշավն ըստ էության մարդու իրավունքների խթանումն է առցանց, եւ համացանցը բոլորի համար ավելի անվտանգ տարածք դարձնելը:

«Ո՛չ ատելություն տարածող խոսքին» շարժման քարոզարշավի նախաձեռնողները գիտակցելով , որ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխատել մի քանի տարբեր մակարդակներում, խրախուսեցին  շարժման տրամաբանության ներքո  մշակել  «Գրանիշ»  ձեռնարկը՝ աջակցելու համար այն կրթական գործունեությանը, որն անհրաժեշտ է երիտասարդներին սովորեցնելու համար, թե ինչպես նրանք կարող են ինքնուրույն լուծել ատելության և խտրականության  խնդիրը՝ դրա հետ առնչվելու պարագայում:

Ձեռնարկի նպատակներից մեկն է տալ երիտասարդներին անհրաժեշտ գիտելիք, զարգացնել նրանց հմտությունները եւ շահագրգռել նրանց ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, ինչպես նաեւ համացանցն այնպիսի մի միջավայրի վերածելուն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ մասնակցայնության սկզբունքը:

Ձեռնարկը նախատեսված է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ոլորտի այն մասնագետների համար, ովքեր ատելություն տարածող առցանց խոսքի խնդրի լուծումը տեսնում են մարդու իրավունքների կրթության տեսանկյունից: Ձեռնարկը նախատեսված է 13-ից 18 տարիքային խմբի համար, սակայն ընդգրկված վարժությունները կարող են հարմարեցվել նաեւ այլ տարիքային խմբերին:

Ձեռնարկի կրթական մոտեցումը հինված է  մարդու իրավունքների կրթության  հետևյալ երեք հարթությունների վրա՝

  •  Սովորել մարդու իրավունքների մասին. 

ձեռք բերել գիտելիք դրանց բովանդակության վերաբերյալ, հասկանալ թե ինչ է նշանակում մարդու իրավունքներ եւ ինչպես են դրանք երաշխավորվում եւ պաշտպանվում

  • Սովորել մարդու իրավունքների միջոցով. 

հասկանալ, որ այն համատեքստը եւ եղանակը որով կազմակերպված է մարդու իրավունքների կրթությունը պետք է համահունչ լինի այն արժեքներին, որոնք ընկած են մարդու իրավունքների հիմքում (օրինակ՝ մասնակցայնություն, մտքի եւ արտահայտման ազատություն եւ այլն), ինչպես նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ մարդու իրավունքների կրթության մեջ սովորելու գործընթացը նույնքան կարեւոր է, որքան բովանդակությունը:

  • Սովորել մարդու իրավունքների համար, 

զարգացնելով հմտություներ, ձեւավորելով մոտեցումներ եւ ձեռք բերելով արժեքներ, որոնք սովորողներն այնուհետեւ կկիրառեն իրենց ամենօրյա կյանքում եւ առանձին կամ մյուսների հետ միասին կձեռնարկեն քայլեր մարդու իրավունքները խթանելու եւ պաշտպանելու համար:

«Ո՛չ ատելություն տարածող խոսքին» շարժման  և «Գրանիշ» ձեռնարկի ամբողջական տարբերակը կարող եք ձեռք բերել առցանց, հետևյալ հղմամբ՝ https://rm.coe.int/168070b324 

Հեղինակ ՝ Ռազմիկ Մարկոսյան

Spread the love