Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Տարիքը՝ սահմանափակո՞ւմ. ինչու են մարզերի մեծահասակները զրկված ինքնակրթության հնարավորությունից

Աշխատանքային օրվա ավարտին ո՞րն է մեծահասակների զբաղմունքը Հայաստանի մարզերում։ 

Եթե երիտասարդների համար կան թեկուզ սահմանափակ, բայց որոշակի նախաձեռնություններ, ապա 40-50 անց և ավագ սերնդի մարդիկ հաճախ կանգնում են փակ դռների առաջ։ 

Հանրային քննարկումներում գրեթե չի խոսվում այն մասին, թե ինչպես են ապրում մարզերի մեծահասկները աշխատանքից հետո, և արդյո՞ք կան վայրեր, որտեղ նրանք կարող են ստեղծագործել, շփվել կամ շարունակել կրթությունը։

Երբ օրը աշխատանքով չի սահմանափակվում ու ավարտվում

Նոյեմբերյան համայնքի 53 տարեկան  բնակիչ Անահիտ Փարսադանյանը այն եզակի մեծահասակներից է, ով ոչ միայն աշխատում է, այլև ինքնակրթվում, զարգանում ու համագործակցում երիտասարդների հետ։ 

Նրա  օրը չի սահմանափակվում աշխատանքով. Անահիտը  մասնակցում է տարբեր կրթական ծրագրերի ու համայնքային նախաձեռնությունների։ 

Ինչպես նաև, նա ղեկավարում է Նոյեմբերյան համայնքի երիտատարդական կենտրոնը, մասնակցել է բազում դասընթացների՝ բնության  պահպանումից մինչև մեդիագրագիտություն ու ազգային պարեր, շատերն էլ հենց ինքն է նախաձեռնել՝ նպատակ ունենալով համայնքի տարբեր տարիքային խմբերի ներգրավել ու նպաստել նրանց զարգացմանը։ 

Սակայն Անահիտի նման օրինակները շատ քիչ են։ Մարզերում բնակվող մեծահասակները  աշխատանքային օրվանից հետո շատ հաճախ կանգնում է նույն՝ պարզ, բայց կարևոր  հարցի առաջ՝ ինչո՞վ  զբաղվել առօրյա հոգսերից կտրվելու համար։

Եթե մարզերում երիտասարդների համար կան որոշակի հնարավորություններ, ապա միջին և ավագ սերնդի համար այդ ամենը հաճախ բացակայում է։ 

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր  65 տարին լրացած քաղաքացին կարող է դիմում ներկայացնել՝ խնամքի  կենտրոններում որոշ ծառյություններ ստանալու համար, սակայն  այս դեպքում կրկին չկան մշակութային ծրագրեր, արվեստ, որևէ այլ զբաղմունք և այլն, ինչպես նաև այդ հնարավորությունից կարող են միայն օգտվել հատուկ կարիք ունեցող անձինք (հատուկ սնունդ, առողջական խնդիրներ, ֆիզիկական խնամք և այլն)։

Խնամքն ինքնին չի նշանակում լիարժեք հասարակական կյանք. մարդուն անհրաժեշտ է սոցիալական աջակցություն, շփում, ստեղծագործական միջավայր, նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն։ 

 Ուսումնասիրելով DVV International in Armenia-ի սոցիալական էջերը՝ նկատվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ծրագրերին (որոնք նախատեսված են միջին ու ավագ սերնդի համար) մասնակցել է մեծահասակների շատ նվազ տոկոսը։

Հնարավորությունների պակասը  շատ լուրջ խնդիր է, սակայն մեծահասակների պասիվության միակ պատճառը հնարավորությունների սահմանափակ լինելը չէ։

«Այդ տարիքում նման տեղեր չեն գնում, նման բաներով չեն զբաղվում»

Հոգեբան Արփինե Խասիկյանի խոսքով՝ հնուց արմատացված կարծրատիպերը դեռևս թույլ չեն տալիս, որ մեծահասակներն էլ զարգանան, զբաղվեն ոչ ֆորմալ կրթությամբ ու նոր բաներ սովորեն։ 

«Շատերը վախենում ու կարծում են, որ  եթե մի նոր բանով սկսեն զբաղվել, ապա հասարակությունը վատ կարծիք կկազմի, կքննադատի և այլն, կամ մտածում են, որ արդեն մեծ են, և ճիշտ չէ նման բաներով զբաղվել այդ տարիքում», – հարցազրույցի  ժամանակ  նշել է  հոգեբանը։

Նման վերաբերմունքի պատճառով մարդը կարող է հրաժարվել հասանելի հնարավորություններից՝վախենալով, որ կպիտակավորվի։ Բայց խնդիրը կարծրատիպերով չի ավարտվում։ 

Մասնակցությանը կարող են խոչընդոտել անհարմար գրաֆիկը, ընտանեկան հոգսերը, տրանսպորտային խնդիրներն ու այսպես շարունակ։

Այսպիսով՝ ՀՀ մարզերում չկան բավարար պայմաններ, հնարավորություններ ու ռեսուրսներ, որոնք կնպաստեն մեծահասակների զարգացմանը, ինքնակրթմանն ու առօրյա հոգսերից կտրվելուն։ Իսկ հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերը ճնշում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են թե՛ փոփոխություն  բերել, թե՛ սովորել ու սովորեցնել։

Առաջին հայացքից խնդիրը թվում է փոքր, սակայն երբ դա դիտարկում ենք որպես  աշխատանքի ու հնարավորությունների պակաս, ցածր կրթական մակարդակի պաշար, հասկանում ենք, որ այստեղ միայն անհատի խնդիր չէ. երբ անհատը զրկվում է որոշ հնարավորություններից, այդ համայնքն էլ իր հերթին զրկվում է  զարգանալուց ու աճելուց։ 

«Մեծերի արվեստանոց»-ը՝ որպես հաջողված օրինակ

Նոյեմբերյան համայնքում  գործող «Մեծերի արվեստանոց»-ը ապացույցն է այն բանի, որ փոքր քայլերը բերում են մեծ փոփոխություններ։  

Արվեստանոցը  նախատեսված է մեծահասակների համար, հատկապես՝40, 50+ տարիքի խմբի և հենց կոչվում է «Մեծերի արվեստանոց»։

Այնտեղ մեծահասակները հնարավորություն են ունենում սովորելու նկարչական արվեստ, շփվելու, ստեղծագործելու ու ժամանակ անցկացնելու, որի շնորհիվ շաբաթական 2-3 անգամ հանդիպում են ու աշխատում տարբեր նկարների վրա։ 

Օգոստոսին  կայացել է  նրանց հեղինակային նկարների փոքրիկ ցուցահանդեսը,որոնցից շատ նկարներ ցուցադրվում  են «Լոֆթ Նոյեմբերյան» կենտրոնում։ 

Արվեստանոցի շնորհիվ մարդիկ ոչ միայն նոր հմտություններ են սովորում, այլև շփվում, հաճելի ժամանց անցկացնում, իսկ նրանց աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ նրանք՝ անկախ  տարիքից, կարող են ստեղծագործել ու զարգանալ, կարևոր դեր խաղալ համայնքում։

Ի՞նչ  է հնարավոր փոխել

Թե՛ ՀՀ մարզերում, թե՛ մայրաքաղաքում  նման կենտրոնների ու ծրագրերի  անհրաժեշտությունը մեծ է։  Բայց մինչև սա պետք է հասկանալ, թե  տվյալ բնակավայրերի բնակիչները ինչ խնդիրներ, առաջարկություններ ունեն։ 

Ծրագրերը պետք է իրականացվեն ոչ աշխատանքային օրերին կամ երեկոյան ժամերի, որպեսզի աշխատող անձինք ևս մասնակցելու հնարավորություն ունենան։ 

Կարելի է մեծահասակներին սովորեցնել տարբեր արվեստներ՝ ազգային  պարեր, ձեռագործություն, նկարչություն, կավագործություն, և նաև շատ կարևոր է  մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության ու նման գիտությունների դերը։

Նաև կարիք կա  հոգեբանական զրույցներ անցկացնելու մեծահասակների հետ, որպեսզի կոտրվեն կարծրատիպերը, հետո բացել լավ կենտրոններ ու օգնել մեծահասակներին ներգրավվել այդ կենտրոններում, լսել նրանց կարծիքները, առաջարկներն ու ցանկությունները։

Ինչպես նաև շատ կարևոր է, որ մեծահասակները ոչ միայն սովորողի դերում լինեն, այլև՝սովորեցնողի։ Տարբեր ոլորտներում փորձ ունեցողները կարող են հենց իրենք կիսվել իրենց գիտելիքներով ու փորձի փոխանակում կատարել։ 

Շատ հաճախ մենք անդրադառնում ենք երիտատարդներին, նրանց խնդիրներին ու կարիքներին, սակայն ուշադրության ու զարգացման կարիք ունեն նաև այն սերունդները, որոնք տարիներ շարունակ իրենց տքնաջան աշխատանքով ձևավորել են մեր համայնքներն ու մեզ լավ կյանքով ապահովել։ 

Ըստ իս՝ զարգացված պետությունը ստեղծվում է զարգացված հասարակությունից՝անկախ  սեռից, տարիքից ու բնակության վայրից։ 

Spread the love