Պետությունը՝ հանուն երիտասարդների, երիտասարդները՝ հանուն պետության
Հռիփսիմե Մկրտչյանը շատերին հայտնի «Էկո աղբ» ՀԿ-ի հիմնադիրն է։ Հռիփսիմեն Հայաստանում առաջին անգամ իրականացրել է «Թուղթը աղբ չէ» խորագրով միջոցառումը, որը հետագայում շարունակական բնույթ է ստացել և դարձել է մեծ շարժում՝ «Աղբ չէ» խորագրով։
«Մենք ամեն կերպ ուզում էինք ցույց տալ, որ թղթի վերամշակումը Հայաստանում հնարավոր է։ Այս շարժմանը այժմ շատ մարդիկ են մասնակցում, ունենք շուրջ 23.000 հետևորդ»,-նշում է ՀԿ-ի հիմնադիրը։
Մասնագիտությամբ ֆիզիկոս Հռիփսիմեն նաև Եվրոպական ֆիզիկայի ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի՝ «Yerevan Young Minds»-ի հիմնադիրն է, որի գլխավոր նպատակը ֆիզիկան հանրայնացնելն է։ Հռիփսիմեն Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի փորձագիտական խմբի անդամ է, Եվրոպայի ֆիզիկայի ասոցիացիայի էքշն կոմիտեի անդամ։ Երիտասարդ գիտնականը նաև մենթորություն է անում մի շարք հասարակական կազմակերպությունների համար։
Հռիփսիմեն ասում է, որ առաջիկայում նոր ծրագրեր են սպասվում։ Հիմա սկսել են «Վերօգտագործիր Հայաստան» նախաձեռնությունը, որի նպատակն է հագուստներ հավաքելն ու անապահով ընտանիքներին տրամադրելը։
Այս բազմաբնույթ կամավորական աշխատանքներին զուգահեռ Հռիփսիմեն աշխատում է Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Տիեզերական ճառագայթների բաժանմունքում։ Նրա նախասիրություններից է ամպի և կայծակի ուսումնասիրությունը։
Հռիփսիմեն ասում է, որ ակտիվ և նախաձեռնող լինելու համար պատճառները շատ են։ Երիտասարդ գիտնականի համար առաջնայինը Հայաստանում այնպիսի փոփոխություններ իրականացնելն է, որոնք կծառայեն նաև ապագա սերունդներին։ «Հայրենիքը ամենից թանկ բանն է, այն ոչ մի դեպքում չպետք է կորցնել», -ասում է նա։
Հռիփսիմե Մկրտչյանը
Հռիփսիմեն կատակով ասում է, որ իրեն մոտիվացնում է մյուսների չմոտիվացված լինելը։ «Գիտեմ, որ ապրում եմ Հայաստանում և այստեղ շատ բան կա շտկելու, ուղղելու, բարելավվելու։ Եթե ոչ ոք ոչինչ չի անում, չի նշանակում, որ դու նույնպես պետք է այդպես վարվես։ Ինձ մոտիվացնում է ուրիշներին մոտիվացնելուց հետո արդյունք ստանալը, երբ դու հասկանում ես, որ կարող ես քաջալերանք լինել մեկ այլ մարդու համար, և ինքը կարող է սկսել ինչ-որ քայլեր անել ի նպաստ հասարակության բարեկեցության»,- նշում է նա։
Հռիփսիմեն չի ընդունում երիտասարդների և մեծահասակների տարանջատումը։ Կարծում է, որ պետության զարգացման գործում կարևոր է հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը։ Նրա խոսքով՝ երիտասարդները շատ բան կարող են փոխել, որովհետև հեշտ են նոր գիտելիքը յուրացնում և ավելի պարզ են ամեն բանի նայում։ «Երիտասարդությունը պետք է լինի անկախ, նպատակասլաց, մարտնչող, որպեսզի մենք կարողանանք ռեալ հաջողության հասնել»,- կարծում է Հռիփսիմեն։
Ակտիվ երիտասարդը մյուս երիտասարդներին կոչ է անում իրենց առաջ դնել իրականանալի, ռեալ նպատակներ և շարժվել առաջ։
Սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը նույնպես ճիշտ չի համարում տարեցների և երիտասարդների դերերի տարանջատումը։ «Այն, որ երիտասարդները իրենց դերը ունեն, ընդհանուր դատողություն է, մենք կարող ենք այն ավելի մասնատել՝ իրականությանը ավելի մոտ պատկերացում կազմելու համար։ Մանկավարժության մեջ մի սկզբունք կա, համաձայն որի աշակերտը պետք է գերազանցի ուսուցչին։ Եթե այս սկզբունքով մոտենանք, ապա երիտասարդները մասնագիտական որակներով պետք է գերազանցեն մեծահասակներին»,- նշում է նա։
Նրա խոսքով՝ հասարակությունների զարգացման բնականոն ընթացքն այն է, որ երիտասարդները ավելացնում են այն, ինչ որ եղել է, ստեղծվել է, կամ շտկում են այն թերությունները, որոնք եղել են, նաև ավելացնում են դրանք։
Սոցիոլոգը երիտասարդության զարգացման կարևոր նախապայման է համարում մրցակցային սկզբունքի գերիշխումը տնտեսության մեջ։ «Կրթությունը, տնտեսությունը, քաղաքականությունը տարանջատված չեն, հետևաբար երբ տնտեսության մեջ կա մրցակցային սկզբունք, որը ակնհայտ է, և յուրաքանչյուր երիտասարդ գիտի, որ իր անձնական հատկանիշներով, գիտելիքներով ինքը կարող է այդ տնտեսության մեջ առաջընթաց ապրել, ապա այդ երիտասարդը արդեն ունի շատ կարևոր դրդապատճառներ սովորելու»,- նշում է նա։
Մրցակցային սկզբունքը կնպաստի երիտասարդության զարգացմանը, իսկ երիտասարդները, բարձրակարգ մասնագետներ դառնալով, կամա թե ակամա կզարգացնեն պետությունը։
Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ կադրային քաղաքականության մեջ նույնպես պետք է գերիշխի մրցակցային սկզբունքը։ «Եթե երիտասարդը իմանա, որ իր ուժերով կարող է հասնել արդյունքի, նրան պետք չէ համոզել, որ սովորի»,- ասում է սոցիոլոգը։
Խոսելով հայ երիտասարդների մասին՝ Ռազմիկ Մարտիրոսյանը նշում է, որ մինչև 2017 թվականը Հայաստանում բնականոն չէր երիտասարդների մասնակցությունը վարչական աշխատանքներին, պետական գործունեությանը։ «Նախորդ իշխանությունների վարած կադրային քաղաքականության պատճառով սոցիալական վերելակները չէին աշխատում։ Այսինքն՝ երիտասարդները, ովքեր ձեռք էին բերում կրթություն, միայն իրենց կրթության միջոցով չէին կարողանում հասարակական դիրք գրավել, կամ առաջընթաց ապրել իրենց գործի մեջ, որովհետև նախորդ իշխանության վարած կադրային քաղաքականությունը խիստ սուբյեկտիվ էր, իսկ 2003 թվականից սկսեց գործել կուսակցական հովանավորչությունը»,- նկատում է Մարտիրոսյանը։
Սոցիոլոգը ընդգծում է՝ երիտասարդները հաջողության հասնելու համար սկսեցին կուսակցականացվել, ձևավորվեց, այսպես կոչված, պալատական երիտասարդություն, որը հակադրվեց ընդհանուր երիտասարդությանը։
Ռազմիկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ 2018թ․-ին, երբ եղավ հեղափոխությունը, սոցիալական վերելակի պայթյուն առաջացավ, որի պատճառով հարյուրավոր երիտասարդներ, ովքեր աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն չէին ունեցել, հայտնվեցին իշխանության մեջ։ «Այս հանգամանքը որոշակի առումով իրեն զգացնել տվեց․ կար անփորձություն, վարչարարության պակաս, ոլորտային տեղեկատվության պակաս, բայց դա առաջացավ նախորդ իշխանությունների վարած կադրային քաղաքականության պատճառով»,-նշում է նա։
Իսկ ի՞նչ դեր ունի պետությունը երիտասարդների և ուսանողների զարգացման գործում։ Չէ՞ որ միայն զարգացած երիտասարդները կարող են պետության առաջընթացի գործում դերակատարություն ունենալ։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ զարգացած արևմտյան երկրները վարում են պետական երիտասարդական քաղաքականություն, որն իրականացվում է երիտասարդական ակումբների և կենտրոնների միջոցով։ «Յուրաքանչյուր փոքր գյուղ կամ քաղաք ունի իր երիտասարդական կենտրոնը, որտեղ երիտասարդները կարողանում են իրենց ժամանակը արդյունավետորեն անցկացնել։ Իսկ դրա համար պետք է ունենալ երիտասարդական աշխատողներ, ովքեր վարձատրվում և աշխատում են երիտասարդների հետ»,- ասում է նա։
Ատոմ Մխիթարյանը զարգացած արևմտյան երկրներից առանձնացնում է Ավստրիան և Բելգիան։ Ասում է՝ այս երկրները բնակչության թվով և չափերով շատ չեն գերազանցում Հայաստանին, ուստի կարելի է այս երկրների փորձը բերել և տեղայնացնել Հայաստանում։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահի խոսքով՝ այս քաղաքականությունը իրականացնելու համար պետությունը պետք է պետական բյուջեում որոշակի գումար նախատեսի երիտասարդական նախաձեռնությունների խրախուսման համար։ Տեղական ինքնակառավարման մարմինները ևս երիտասարդական տեղական նախաձեռնությունների խրախուսման համար պետք է ունենան համապատասխան բյուջե։
Կա ևս մի օրինակ, որ ապացուցում է պետության կարևորագույն նշանակությունը երիտասարդության զարգացման համար։ Պատերազմներից հետո Հարավային Կորեան գնաց կրթական համակարգը բարեկարգելու ճանապարհով։ Դրա շնորհիվ հնարավոր դարձավ կանխել «ուղեղների արտահոսքը», ինչպես նաև գրավիչ դառնալ օտարերկրացի ուսանողների համար։ Պետությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց աշակերտների, ուսանողների և երիտասարդների համար, որի շնորհիվ վերջիններս ձեռք բերեցին համապատասխան փորձ ու գիտելիք՝ պետությունը զարգացնելու համար։ Այս քաղաքականության շնորհիվ Հարավային Կորեան այսօր Մեծ քսանյակի ուժեղ տնտեսություններից մեկն է։ Ըստ Հարավային Կորեայի կրթության նախարարության՝ յուրաքանչյուր սովորողի անհատականությունն ու առողջ միտքը զարգացնելը օգնում է ամրացնել «ազգի ողնաշարը»։
Կյունգ Հիի համալսարանը Հարավային Կորեայի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Սեուլում
Փաստորեն, երիտասարդության և պետության զարգացումը փոխկապակցված է։ Երիտասարդությունը երբեմն կարող է բեկումնային նշանակություն ունենալ պետության զարգացման համար, եթե ունենա լավ կրթություն ստանալու, արդար մրցակցությամբ և սեփական ուժերով ամենալուրջ խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն։ Իսկ այս հնարավորությունները կարող են իրականանալի դառնալ ժողովրդավար և իրավական պետություն ունենալու դեպքում, և հուսանք, որ մեր պետությունը հիմա այդ ճանապարհով է ընթանում։
Նանե Ավետիսյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն