Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն գնում է դեպի գիտական և կրթական ոլորտների զարգացման նոր մոտեցումների։ Այդ ուղղությամբ մի կարեւոր նախաձեռնություն է համարվում Ակադեմիական քաղաքի կառուցումը։ Այս գաղափարը միտված է ստեղծել ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան կրթական, գիտական և նորարարական կենտրոն՝ որը կդառնա տարածաշրջանի լավագույն բուհերի, լաբորատորիաների ու տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնացումը մեկ վայրում։
Ակադեմիական քաղաքի նախագծի նպատակն է միավորել Հայաստանի առաջատար բուհերը, ինչպես նաեւ միջազգային գործընկեր համալսարաններ, որպեսզի ուսանողները և գիտնականները հնարավորություն ունենան ուսման, հետազոտության և համագործակցության համար լավագույն պայմաններ ունենալու։ Այն նախատեսվում է կառուցել Երեւանի հյուսիսային հատվածում՝ մոտ 700 հեկտար տարածքի վրա։ Նոր քաղաքում տեղ կգտնեն ոչ միայն համալսարաններ, այլև հանրակացարաններ, բնակելի շենքեր, տեխնոպարկեր, մշակութային և սպորտային կենտրոններ։
Այս նախագիծն ունի մեծ հեռանկարներ։ Նախ, ակադեմիական քաղաքը կնպաստի կրթության որակի բարձրացմանը, քանի որ ուսումնական գործընթացը կկազմակերպվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, և ուսանողները կունենան հնարավորություններ մասնակցելու իրական գիտական ծրագրերին։ Երկրորդ, այս տարածքում կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր, ինչը կնպաստի երիտասարդ մասնագետների Հայաստանում մնալուն։ Բացի այդ, ակադեմիական քաղաքը կարող է դառնալ միջազգային համագործակցության հանգույց՝ գրավելով օտարերկրյա ուսանողներ, գիտնականներ և ներդրողներ։
Բայց պետք է նշել, որ կան նաեւ որոշ դժվարություններ։ Նախագիծն իր մեծածավալ լինելու պատճառով պահանջում է հսկայական ֆինանսական ներդրումներ։ Բացի այդ, բուհերի և կրթական համակարգի վերակազմակերպումը պետք է իրականացվի խելամիտ կերպով, որպեսզի չվտանգվեն գործող կրթական հաստատությունների արժեքները։ Կարեւոր է նաեւ, որ այս նոր քաղաքում պահպանվի ազգային ինքնությունը և հայերեն կրթության դերը։
Եզրափակելով՝ կարելի է ասել, որ ակադեմիական քաղաքի կառուցումը մեծ հնարավորություն է Հայաստանի համար դառնալու տարածաշրջանային գիտակրթական կենտրոն։ Եթե նախագիծը իրականացվի ճիշտ պլանավորմամբ և միջազգային փորձի հիման վրա, այն կարող է վերափոխել մեր երկրի կրթական դաշտը՝ ստեղծելով նոր հնարավորություններ հազարավոր երիտասարդների համար։
Հեղինակ՝ Նոնա Ավետիսյան

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման