Սույն հոդվածում դիտարկվում են Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական արագընթաց փոփոխությունները և դրանց համատեքստում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած հնարավորություններն ու մարտահրավերները։Տարածաշրջանում փոխվում են ոչ միայն պետությունների հարաբերությունները,այլև անվտանգության ,տնտեսական համագործակցության և արտաքին դերակատարների ներգրավվածության տրամաբանությունը։Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը,Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP նախաձեռնության շուրջ ձևավորված պայմանավորվածությունները,Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը,ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության խորացումը ստեղծում են նոր միջավայր ,որը միաժամանակ պարունակում է և՛ հնարավորություններ,և՛ խնդիրներ։
Սույն հոդվածի հիմնական հարցն է՝ինչպե՞ս է Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունը փոխում Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները,և ի՞նչ պայմաններում է կարող Հայաստանը այդ փոփոխությունները վերածել երկարաժամկետ պետական շահի։
Հոդվածում կիրառվել են փաստաթղթերի ուսումնասիրության,համեմատական վերլուծության և պատճառահետևանքային կապերի բացահայտման մեթոդները։
Հոդվածի հիմնական գաղափարն այն է,որ տարածաշրջանային փոփոխությունը ինքնին դեռևս հնարավորություն չէ։Այն հնարավորություն է դառնում միայն այն դեպքում,երբ Հայաստանի Հանրապետությունը կարողանում է իր տարածքում ձևավորվող նոր տնտեսական և քաղաքական գործընթացները կապել ինքնիշխանության,իրավական հստակության,անվտանգության ,տնտեսական արդյունավետության և պետական կարողությունների ամրապնդման հետ։
Առանցքային բառեր
Հարավային Կովկաս, Հայաստան, արտաքին քաղաքականություն, տարածաշրջանային անվտանգություն,աշխարհաքաղաքականություն,տնտեսական համագործակցություն։
Ներածություն
Աշխարհաքաղաքականությունը փոխվում է ոչ միայն սահմաններ գծելով,այլև դրանց նշանակությունը վերասահմանելով։Եվ այսօր Հարավային Կովկասում ընթացող տեղաշարժը ոչ այլ ինչ է,եթե ոչ այդպիսի անցնցում,բայց խորքային վերափոխման ցայտուն վկայություն։Տարածաշրջանում երկար տարիներ գերիշխել է հակամարտությունների,փակ սահմանների,խափանված կապուղիների և անվտանգության մշտական սպառնալիքների տրամաբանությունը։Սակայն վերջին տարիներին այս համակարգում երևան եկան նոր գործընթացներ,որոնք կարող են փոխել տարածաշրջանի տնտեսական և քաղաքական նշանակությունը։Այս փոփոխությունների կենտրոնում Հայաստանը հայտնվում է յուրահատուկ դիրքում ․ մի կողմից երկիրը շարունակում է գտնվել անվտանգության բարդ միջավայրում և ունի չլուծված կամ լուծման փուլում գտնվող բազմաթիվ հարցեր,իսկ մյուս կողմից՝Հայաստանի աշխարհագրական դիրքը,որը երկար ժամանակ հիմնականում ընկալվել է որպես սահմանափակում, նոր փոփոխվող պայմաններում կարող է դիտարկվել որպես ռազմավարական առավելություն։Սակայն այս խնդրի լուծումը լոկ աշխարհագրության տիրույթում չէ․քարտեզի վրայի սովորական տարանցիկ երթուղին ինքնին պետությունը ռազմավարական հանգույց չի դարձնում։Ճանապարհը դառնում է գործոն միայն անվտանգության,իրավական հստակության,ներդրումների ,մաքսային արդյունավետության և քաղաքական կայունության առկայության դեպքում։Հետևաբար,Հայաստանի օրակարգը պետք է լինի ոչ թե սոսկ իր տարածքով անցնող երթուղիների արձանագրումը,այլ այդ ճանապարհների շուրջ քաղաքական,տնտեսական և ռազմավարական արժեքի ստեղծումը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Հրապարակված տեքստում կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը,ինչպես նաև ամրագրում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնելու սկզբունքը։
Միևնույն ժամանակ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված են ներպետական ընթացակարգեր։
Այս գործընթացը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկկողմ հարաբերությունների,այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության և անվտանգության ապահովման համար։
Այդուհանդերձ ,Հայաստանի կենսական շահը պահանջում է զերծ մնալ պատրանքներից և տարբերակել ստորագրված փաստաթուղթը իրական դաշտում դրա կենսագործումից։Կարևոր է նշել,որ թղթային համաձայնությունը դեռևս չի երաշխավորում անվտանգությունը։Երկարաժամկետ կայունությունը հնարավոր է միայն այն դեպքում,երբ առկա են վերահսկելիության անառարկելի մեխանիզմներ,իսկ կապուղիների և տարանցիկ ուղիների գործարկումը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանն ու պետական շահերին։Հենց այս ռազմավարական զգոնությունն է,որ պետք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գնահատման հիմքում։
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
Հարավային Կովկասն աշխարհագրորեն համեմատաբար փոքր տարածաշրջան է, սակայն դրա աշխարհաքաղաքական կշիռն անհամեմատելիորեն գերազանցում է իր տարածքային չափերը։ Այստեղ հատվում են Սև ու Կասպից ծովերի, Մերձավոր Արևելքի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Եվրոպայի ռազմավարական քաղաքական ու տնտեսական վեկտորները։ Ուստի, տարածաշրջանային դինամիկան վաղուց դուրս է եկել սոսկ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շրջանակից։ Այսօր Հարավային Կովկասը միաժամանակ հանդես է գալիս որպես․
- Անվտանգության ապահովման բարդ համակարգ,
- Միջազգային տարանցիկ հանգույց,
- Էներգետիկ ու տնտեսական հաղորդակցության առանցք,
- Եվրոպական և ասիական շուկաների ռազմավարական կամուրջ,
- Ուժային խոշոր կենտրոնների շահերի հատման ու բախման գոտի։
Տարածաշրջանում որևէ կապուղու կամ տրանսպորտային ուղիների վերագործարկումը երբեք միայն ճանապարհաշինարարական կամ տրանսպորտային հարց չի եղել։ Այն ունակ է արմատապես վերաձևելու առևտրային հոսքերը, ներդրումային հետաքրքրությունները, սահմանային ենթակառուցվածքների ռազմավարական գինը և պետությունների դիվանագիտական դիրքերը։ Անշուշտ, եթե պետությունը վերածվում է միջազգային տարանցիկ ուղղության, նրա տնտեսական ու քաղաքական կշիռն աճում է։ Սակայն նույն այդ գործընթացը պարունակում է կործանարար ռիսկեր․ առանց սեփական ենթակառուցվածքների, մաքսային ռեժիմների, տվյալների անվտանգության, իրավական դաշտի և սահմանային վերահսկողության անառարկելի ինքնիշխանության, տարանցիկ դերը կարող է ծնել նոր, կործանարար կախվածություններ։ Այսպիսով՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը միաժամանակ և՛ ռազմավարական հնարավորություն է, և՛ խոցելիության պոտենցիալ աղբյուր։
Հետևաբար, տարածաշրջանային ուղիների հնարավոր ապաշրջափակման համատեքստում Հայաստանի առաջնային խնդիրը ոչ թե պարզապես նոր երթուղիներ ստանալն է, այլ այդ նոր ձևավորվող ցանցում իր ինքնիշխան շահերն ու ռազմավարական դերը հստակորեն ամրագրելը։
2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2020 թվականի պատերազմն արմատապես փոխեց տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը ու անվտանգության համակարգը։Հետագա տարիներին ընթացող բանակցային բարդ գործընթացների արդյունքում 2025 թվականին հանրայնացվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե մեկ իրադարձության, այլ մի քանի փոխկապակցված գործընթացների շրջանակում։
1. Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը,
2. Հայաստան–Թուրքիա հարաբերությունների հնարավոր վերանայումը,
3. Տարածաշրջանային հաղորդակցությունների ու կապուղիների ապաշրջափակման հիմնախնդիրը,
4. Արտաքին ուժային կենտրոնների ռազմավարական ներգրավվածության տեղաշարժերը,
5. Հարավային Կովկասի աշխարհատնտեսական նշանակության վերաճը։
Այս գործընթացներից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ քաղաքական կշիռ, սակայն դրանց իրական ազդեցությունն ու պոտենցիալ ռիսկերը հնարավոր է գնահատել բացառապես համալիր փոխկապակցվածության մեջ։ Օրինակ՝ Հայաստան–Թուրքիա սահմանի հնարավոր ապաշրջափակումը չի կարող դիտարկվել միայն տնտեսական հարթության վրա։ Դրա ռազմավարական ազդեցությունը ուղղակիորեն պայմանավորված է նրանով, թե ինչպես զուգահեռաբար կզարգանան Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները, Հայաստան–Վրաստան ռազմավարական կապերը և, ամենակարևորը, որքանով պատրաստ ու մրցունակ կլինեն Հայաստանի սեփական ճանապարհային, երկաթուղային և անվտանգության համակարգի ենթակառուցվածքները։
Այսպիսով, առանձին վերցրած ոչ մի երթուղի ինքնաբավ չէ․ դրա իրական արժեքն ու անվտանգության ռիսկերը ձևավորվում են այն ցանցային համակարգի շնորհիվ, որի մասն է այն դառնում։ Ահա թե ինչու սույն վերլուծության հիմնական ռազմավարական մոտեցումը հետևյալն է․ Հայաստանը պետք է դիտարկենք ոչ թե պասիվ տարանցիկ ճանապարհ, այլ տարածաշրջանային ցանցերում իր ինքնիշխան շահերը պաշտպանող ակտիվ դերակատար։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Պետական-ռազմավարական մտածողության տեսանկյունից «պատերազմի ավարտի» արձանագրումը դեռևս անվտանգության երաշխիք չէ․ առանցքայինը հետպատերազմյան փուլում ձևավորվող միջպետական հարաբերությունների բնույթն ու ուժային հավասարակշռությունն են։
2025 թվականի նախաստորագրված համաձայնագրով ամրագրված է, որ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից և պարտավորվում են զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Փաստաթուղթը նախատեսում է նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան ժամկետում ։
Սա վկայում է, որ խաղաղության հայեցակարգը փաստաթղթում ձևակերպված է ոչ միայն որպես ռազմական գործողությունների դադարեցում, այլ որպես միջպետական հարաբերությունների նոր համակարգ ձևավորելու փորձ։
Սակայն պետական անվտանգության տեսանկյունից թղթային ձևակերպումներից անհամեմատ ավելի կարևոր է դրանց իրականացումը գործնականում։ Եթե փաստաթուղթը զուրկ է գործուն տնտեսական լծակներից, սահմանային անվիճելի կանխատեսելիությունից, հուսալի դիվանագիտական խողովակներից և ռիսկերի չեզոքացման մեխանիզմներից, ապա հայտարարված «խաղաղության» հիմքերը մնում են խոցելի։
Այս համատեքստում անհրաժեշտ է դիտարկել խաղաղության ձևավորման երեք ռազմավարական մակարդակները․
1. Իրավական խաղաղություն․
Պետությունները միջազգային իրավունքի տիրույթում ամրագրում են փոխադարձ պարտավորությունները ու ինքնիշխանության ճանաչումը։
2. Ինստիտուցիոնալ խաղաղություն․
Ստեղծվում են վերահսկողության, սահմանային միջադեպերի կանխարգելման և հնարավոր վեճերի լուծման անխափան մեխանիզմներ։
3. Գործնական-աշխարհատնտեսական խաղաղություն․
Պետությունը, բիզնեսն ու հասարակությունը սկսում են իրացնել խաղաղության տնտեսական ու լոգիստիկ առավելությունները՝ ապահովելով տարանցիկ ուղիների, առևտրային հոսքերի և ենթակառուցվածքների անվտանգ գործունեությունը։
Եթե առաջին մակարդակն ապահովում է իրավական հիմքը, իսկ երկրորդը՝ անվտանգության ապահովման վերահսկվող լծակները, ապա միայն երրորդ մակարդակի լիարժեք կայացման դեպքում է խաղաղությունը վերածվում կայուն իրականության։
Ուստի, Հայաստանի Հանրապետության համար առաջնայինը ոչ թե լոկ փաստաթղթի ստորագրման փաստն է, այլ դրա շուրջ այնպիսի տնտեսական, ինստիտուցիոնալ և ապահով միջավայրի ձևավորումը, որը կապահովի Հայաստանի անառարկելի ինքնիշխանությունն ու երկարաժամկետ պետական շահը։
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ՈՒՂԻՆԵՐԸ
Տարածաշրջանային քաղաքական օրակարգում վերջերս հաճախ է շրջանառվում «միջանցք» բառը։Սակայն Հայաստանի Հանրապետության համար կարևոր է ինքնիշխանության վրա հիմնված հստակ մոդելների հակադրումը։
Հայաստանի պաշտոնական ռազմավարական հայեցակարգը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն է, որի առանցքային սկզբունքը տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների վերաբացումն է՝ պետությունների լիակատար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության անժխտելի հիմքերի վրա։
Այս համատեքստում 2025–2026 թվականներին Հայաստան–Միացյալ Նահանգներ ռազմավարական համագործակցության շրջանակում ձևավորվել է TRIPP նախաձեռնությունը։ 2026 թվականի մայիսին հրապարակված Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագրով հստակ սահմանված է, որ TRIPP-ի նպատակն է խթանել միջազգային տրանսպորտային կապը, գլոբալ առևտրի զարգացումն ու տնտեսական համագործակցությունը։ Ամենաառանցքայինն այն է, որ փաստաթուղթն ամրագրում է Հայաստանի Հանրապետության անվերապահ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բացառիկ իրավազորությունը նախագծի իրականացման ողջ տարածքում։
Սա ընդգծում է տարածաշրջանային երթուղիների ու կապուղիների հարցի բազմաշերտ ու ռազմավարական բնույթը։ Կարելի է ասել՝ այստեղ խոսքը վաղուց դուրս է եկել սոսկ ճանապարհաշինարարական կամ տրանսպորտային տիրույթից։
Խոսքը պետական անվտանգության ու ինքնիշխանության այնպիսի հիմնասյուների մասին է, ինչպիսիք են․
• Մաքսային ինքնիշխան համակարգերը,
• Սահմանների անվտանգ վերահսկողությունը,
• Տվյալների ռազմավարական կառավարումը,
• Հարկային ինքնուրույն քաղաքականությունը,
• Ուղղակի ներդրումների խթանումն ու ենթակառուցվածքների կառավարումը,
• Իրավական անվտանգությունն ու կարգավորումները։
TRIPP-ի շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև հայ-ամերիկյան համատեղ ընկերության հիմնում (նախնական բաժնեմասնակցությամբ՝ 26% Հայաստան և 74% ԱՄՆ), ինչպես նաև դրա երկարաժամկետ զարգացման ու կառավարման հատուկ մեխանիզմներ։
Այսօրինակ պայմանավորվածությունները պահանջում են խորքային, պետականակենտրոն ,իրավական, տնտեսական և ռազմավարական վերլուծություն։ Հարցադրումը չպետք է սահմանափակվի միայն պետական բյուջե ակնկալվող մուտքերի գնահատմամբ․ առանցքայինն այն ավելացված արժեքի շղթան է, որը Հայաստանը կկարողանա ձևավորել այդ երթուղիների շուրջ։Եթե Հայաստանը ծառայելու է միայն որպես տարանցիկ տարածք օտարերկրյա բեռնատարների համար, ապա տնտեսական ու քաղաքական շահը լինելու է նվազագույն։
Սակայն, եթե այդ ուղիների երկայնքով ձևավորվեն․
• Ժամանակակից լոգիստիկ ու պահեստային հանգույցներ,
• Մաքսային և բեռնափոխադրման բարձրակարգ ծառայություններ,
• Ֆինանսական, ապահովագրական ու տեխնոլոգիական էկոհամակարգեր,
• Արտադրական, արտահանման և սպասարկման նոր կարողություններ,
ապա տարանցիկ ուղին կվերածվի պետական հզոր տնտեսական էկոհամակարգի։
TRIPP-ը
TRIPP նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն դուրս է գալիս սովորական ճանապարհաշինության տիրույթից՝ ընդգրկելով երկաթուղային, էներգետիկ, նավթագազային, թվային և էլեկտրական ենթակառուցվածքային լայնամասշտաբ նախագծեր ։Սա էապես մեծացնում է նախագծի աշխարհատնտեսական ազդեցությունը, սակայն որքան ծավալուն են ենթակառուցվածքները, այնքան բարձր են պետական կառավարման, ինստիտուցիոնալ պատրաստվածության և անվտանգության համակարգի վերահսկողության պահանջները։
Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության պետական շահը պահանջում է հետևողականություն առնվազն հինգ ռազմավարական ուղղություններով․
1. Ինքնիշխանության անառարկելիություն․
Պետական տարածքի, սահմանային ռեժիմի և ինքնիշխան գործառույթների նկատմամբ Հայաստանի բացառիկ վերահսկողության ապահովում։
2. Ազգային տնտեսական շահ․
Պետական բյուջեի, տեղական մասնավոր հատվածի և տնտեսական համակարգի համար իրական, չափելի արժեքի ձևավորում։
3. Անվտանգության երաշխիքներ․
Ռազմավարական ենթակառուցվածքների՝ Հայաստանի անվտանգության և պետականության դեմ հնարավոր օգտագործման ռիսկերի չեզոքացում։
4. Իրավական հստակություն և կանխատեսելիություն․
Կողմերի իրավունքների, պարտականությունների և վեճերի լուծման անխափան, ինքնիշխանությանը չհակասող իրավական մեխանիզմների ամրագրում։
5. Ռազմավարական կախվածության բացառում․
Այնպիսի կախվածության առաջացման կանխում, որը ապագայում կարող է սահմանափակել Հայաստանի ինքնուրույն քաղաքական որոշումների ազատությունը։
Վերջին դրույթն ունի առանցքային նշանակություն․ արտաքին ներդրումներն ինքնին ոչ դրական, ոչ բացասական երևույթ են։ Դրանց ռազմավարական էֆեկտը պայմանավորված է բացառապես ներդրման պայմաններով ու պետական վերահսկողության աստիճանով։Եթե ներդրումային ծրագիրն ընդլայնում է Հայաստանի տնտեսական կարողությունները, հզորացնում ենթակառուցվածքային ներուժն ու ստեղծում որակյալ աշխատատեղեր, այն վերածվում է զարգացման լուրջ խթանի։Սակայն, եթե ձևավորվող համակարգը ծնում է միակողմանի կախվածություն և կաշկանդում է պետության ինքնիշխան ընտրության հնարավորությունները, ապա նույն այդ համակարգը կարող է վերածվել ռազմավարական խոցելիության։
Ահա թե ինչու արտաքին ներդրումները գնահատելիս սոսկ ֆինանսական ծավալները բավարար չափանիշ չեն։Անհրաժեշտ է խորքային քննության ենթարկել ներդրման քաղաքական ու իրավական պայմանները, ժամկետները, սեփականության ու կառավարման իրավունքների բաշխումը և, ամենակարևորը, Հայաստանի Հանրապետության բացառիկ վերահսկողության տակ մնացող լծակների ծավալը։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հնարավոր փոփոխությունը
Տարածաշրջանային տրանսպորտային ու լոգիստիկ ցանցերի վերաբացման հարցը հնարավոր չէ ամբողջական դիտարկել առանց Հայաստան–Թուրքիա հարաբերությունների խորքային, անաչառ ու սթափ վերլուծության։
2026 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման, տնտեսական ու գործարար կապերի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաբլոկավորման հեռանկարները ։
Հայաստանի Հանրապետության պետական շահի տեսանկյունից Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր փոփոխությունները պահանջում են բազմաշերտ ու ռազմավարական գնահատում․
Տնտեսական ուղղություն․
Ուղիղ տրանսպորտային կապի ապահովումը կարող է կրճատել բեռնափոխադրումների ժամանակն ու տրանսպորտային ծախսերը, սակայն սա պահանջում է տեղական արտադրողի պաշտպանության հստակ մեխանիզմներ։
Քաղաքական ուղղություն․
Երկարատև շրջափակման հաղթահարումը կարող է նվազեցնել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացվածությունը՝ ընդլայնելով արտաքին քաղաքական դիվանագիտական մանևրելու տարածությունը։
Հասարակական-գործարար ուղղություն․
Սահմանային ռեժիմի փոփոխությունը կարող է ձևավորել մարդկային, մշակութային և գործարար նոր շփումների միջավայր։
Աշխարհատնտեսական ուղղություն․
Հայաստանը հնարավորություն է ստանում սերտորեն ներառվելու միջազգային տրանսպորտային ու լոգիստիկ ուղիների մեջ։
Այնուամենայնիվ, պետականակենտրոն մոտեցումը պահանջում է ձերբազատվել վտանգավոր պատրանքներից և պարզունակ միակողմանի ընկալումներից։
Սահմանի հնարավոր բացումը ինքնաբերաբար չի երաշխավորում տնտեսական վերելք, առավել ևս՝ անվտանգություն։
Այստեղ առաջնային է դառնում ազգային անվտանգության հիմնախնդիրը․
- Ռազմաքաղաքական և սահմանային անվտանգություն․
Բաց սահմանը չպետք է ստեղծի անվտանգության նոր խոցելիություն, հետախուզական կամ սպառնալից ներթափանցումների ռիսկեր։
- Տնտեսական անվտանգություն․
Առանց ներքին մրցունակության, սեփական արտադրողի պաշտպանության, արտահանման հզոր կարողությունների և պետական արդյունավետ վերահսկողության՝ բաց սահմանը կարող է հանգեցնել թուրքական ապրանքների անարգել տարածապաշտությանը՝կլանելով տեղական շուկան և ստեղծելով տնտեսական կախվածություն։
- Ժողովրդագրական և հողային անվտանգություն․
Պետք է գործեն անսասան իրավական արգելքներ, որոնք կանխելու են ռազմավարական նշանակություն ունեցող հողերի, ենթակառուցվածքների և անշարժ գույքի օտարումը կամ վերահսկողության կորուստը։
Պետք է ընդգծենք՝ սահմանի վերաբացման հնարավորությունը պետական հզորության, տնտեսական ինքնիշխանության և անառիկ անվտանգության վերածելու համար Հայաստանի Հանրապետությունը նախևառաջ պետք է կառուցի ներքին, ինստիտուցիոնալ, տնտեսական և պաշտպանական հզոր կարողություններ։
Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ․
Տարածաշրջանային փոփոխության մյուս կարևոր բաղադրիչը Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների զարգացումն է։
2026 թվականի մայիսի 4–5-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանավորեց որակապես նոր փուլ։ Եվրոպական միության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկումների առանցքում են եղել տրանսպորտային ու էներգետիկ փոխկապակցվածությունը, թվային համագործակցությունը և ենթակառուցվածքների արդիականացումը։ Գագաթնաժողովի արդյունքներով պաշտոնապես հիմնադրվեց «Հայաստան–ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը»։
Միաժամանակ, ԵՄ-ն հայտարարել է «Global Gateway» (Համաշխարհային դարպաս) ծրագրի շրջանակում Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումների ծավալը մինչև 2.5 միլիարդ եվրոյի հասցնելու պատրաստակամության մասին ։Այս գործընթացը դուրս է գալիս լոկ ֆինանսական աջակցության կամ վարկային միջոցների ներգրավման տիրույթից։
Սա փաստում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տնտեսական, թվային, էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածությունը դառնում է ազգային անվտանգության ու ռազմավարական ինքնիշխանության ամրապնդման ինքնուրույն ուղղություն։ Արտաքին քաղաքականությունն այլևս չի սահմանափակվում միայն դիվանագիտական հայտարարություններով կամ արարողակարգային հանդիպումներով։Այն դառնում է շոշափելի ու կենսական համակարգ, որն ուղղակիորեն առնչվում է․
- Միջազգային որակի տրանսպորտային ցանցերին,
- Էներգետիկ անկախությանն ու անվտանգությանը,
- Պաշտպանված թվային ենթակառուցվածքներին,
- Ուղղակի ու նպատակային ներդրումներին,
- Մրցունակ կրթությանն ու բարձր տեխնոլոգիաներին,
- Քաղաքացիների ազատ շարժունակությանն ու իրավունքների պաշտպանությանը։
Սա ռազմավարական խոր փոփոխություն է հատկապես Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող պետության համար։Փոքր պետության միջազգային կշիռն ու աշխարհաքաղաքական ազդեցությունը չեն որոշվում միայն տարածքի ծավալով կամ բնակչության թվով։ Այդ ազդեցությունը բազմապատկվում է, երբ պետությունը կարողանում է ստեղծել այնպիսի ռազմավարական, տնտեսական ու տեխնոլոգիական հանգույցներ, որոնք իրենց ռազմավարական նշանակությամբ գերազանցում են երկրի աշխարհագրական չափերը։
Գործընկերների բազմազանություն,ոչ թե գործընկերների փոփոխություն
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում արտաքին կապերի բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) հայեցակարգը։Պետական-ռազմավարական մտածողության տեսանկյունից արտաքին քաղաքականության բազմազանեցումը չպետք է նշանակի մեկ գործընկերոջ մեխանիկական փոխարինումը մյուսով։ Փոքր, սակայն ռազմավարական զգայուն աշխարհագրություն ունեցող պետության համար կենսական հարցադրումը հետևյալն է․ արդյո՞ք պետությունն ունի տնտեսական, քաղաքական, ապահով և տեխնոլոգիական այնպիսի դիմակայուն ու բազմաշերտ խողովակներ, որոնք թույլ կտան կանխել համակարգային խաթարումները արտաքին որևէ ուղղության տատանման կամ ճնշման պարագայում։
Այս պետական տրամաբանությամբ՝ Հայաստանի անվտանգության և տնտեսական համակարգի համար փոխլրացնող նշանակություն ունեն տարբեր ուղղությունները․
- Եվրոպական միությունը,
- Միացյալ Նահանգները,
- Վրաստանը,
- Իրանի Իսլամական Հանրապետությունը,
- Թուրքիան,
- Մերձավոր Արևելքի և Ասիայի տարածաշրջանային պետությունները,
- Միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ հարթակները։
Այնուամենայնիվ, հարաբերությունների աշխարհագրական ընդլայնումն ինքնին դեռևս անվտանգության երաշխիք չէ․ եթե պետությունը զարգացնում է բազմակողմ կապեր, սակայն չունի ներքին տնտեսական դիմադրողականություն, մրցունակ բանակ և կայուն ինստիտուցիոնալ համակարգ, ապա գործընկերների քանակը չի վերածվում ինքնիշխանության։
Ուստի, արտաքին քաղաքականության բազմազանեցման խորքային, պետականամետ նպատակը պետք է լինի ոչ թե սոսկ «արտաքին բարեկամների թիվը ավելացնելը», այլ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխան որոշումների և ռազմավարական ընտրության ազատության ապահովումը։
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ․
Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունի բացառիկ, ռազմավարական և անվտանգության ապահովման անփոխարինելի նշանակություն։Իրանը տարածաշրջանային խոշոր տերություն է, որի համար Հարավային Կովկասում տրանսպորտային ու լոգիստիկ ուղիների վերաձևումն անմիջականորեն առնչվում է ազգային, տնտեսական և ռազմաքաղաքական անվտանգության հետ։ Հայաստանի համար Իրանի հետ անխափան սահմանն ու հարաբերությունները դեպի հարավ ելքի, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապի կենսական պատուհան են։Այս պատճառով Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը պետք է ձերբազատվի վտանգավոր պարզունակեցումից՝ տարածաշրջանը չդիտարկելով միայն «Արևմուտք–Ռուսաստան» կամ «Հայաստան–Ադրբեջան» սև-սպիտակ երկընտրանքի տիրույթում։Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրականությունը բազմաշերտ է ու բարդ․
- Այստեղ խաչվում են Իրանի կենսական շահերն ու կարմիր գծերը,
- Առկա է Թուրքիայի տնտեսական և քաղաքական ազդեցության ընդլայնման միտում,
- Անփոխարինելի է Վրաստանի տարանցիկ դերը,
- Գործում են Ադրբեջանի հարաբերությունները տարբեր ուժային կենտրոնների հետ,
- Եվ ամենաառանցքայինը՝ առկա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետական շահը։
Այս ամենը պահանջում է վարել բազմավեկտոր ու հասուն դիվանագիտություն, որտեղ մեկ ուղղությամբ համագործակցությունը չի իրականացվի մյուս կենսական ուղղության հաշվին կամ դրա բացառմամբ։
ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ․
Հայաստանի տարածաշրջանային կապերի քննարկման ժամանակ Վրաստանի դերը երբեմն ստվերվում է Հայաստան–Ադրբեջան կամ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների աղմկոտ օրակարգերի պատճառով։
Սակայն Հայաստանի արտաքին առևտրի, տրանսպորտային ուժեղացման, էներգետիկ հոսքերի և դեպի Սև ծով ու եվրոպական շուկաներ դուրս գալու տեսանկյունից Վրաստանի ռազմավարական նշանակությունը շարունակում է մնալ հիմնարար։
Սա ևս մեկ անգամ ընդգծում է պետական կարևորագույն սկզբունքը․ Հայաստանի Հանրապետության արտաքին տրանսպորտային ցանցը չի կարող կառուցվել սոսկ մեկ ուղղության կամ մեկ ճանապարհի հույսով։Երբ Հայաստանը զուգահեռաբար զարգացնում է հյուսիսային, հարավային և արևմտյան տրանսպորտային ու լոգիստիկ ուղիները, ձևավորվում է պետական դիմակայունության նոր մակարդակ։Այստեղից բխում է ազգային անվտանգության հետևյալ կենսական կանոնը․
Տրանսպորտային ու ենթակառուցվածքային բազմազանեցումը պետության քաղաքական ինքնուրույնության և դիվանագիտական ճկունության գլխավոր երաշխիքն է։
Եթե պետությունն ունի արտաքին աշխարհի հետ կապող միայն մեկ կենսական ուղի, ապա այդ ուղու ցանկացած խափանում, շրջափակում կամ քաղաքական ճնշում կարող է հանգեցնել պետականության պարալիզացման (կաթվածահարման)։
Երբ առկա են բազմազան, փոխլրացնող ու պաշտպանված ենթակառուցվածքային ուղիներ, պետության ինքնիշխան ընտրության և դիմադրողականության հնարավորությունները բազմապատկվում են։
Ուստի, ենթակառուցվածքային բազմազանեցումը ոչ թե պարզապես տնտեսական հարց է, այլ Հայաստանի ազգային անվտանգության և պետական դիմակայունության անկյունաքար։
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տարածաշրջանային մեծ փոփոխությունների մասին խոսելիս հաճախ լսում ենք միայն խոշոր նախագծերի, ճանապարհների ու միջազգային հայտարարությունների մասին։Սակայն Հայաստանի համար ամենակարևոր հարցը հետևյալն է․ ի՞նչ է ստանալու մեր պետությունն ու հասարակությունը այս ամենից։Այստեղ կարելի է առանձնացնել հինգ հիմնական հնարավորություն․
1. Տարանցիկ տնտեսության զարգացում․
Ճանապարհների վերաբացումը Հայաստանին հնարավորություն է տալիս մտնելու միջազգային բեռնափոխադրումների ու սպասարկման շղթայի մեջ։ Սակայն միայն ճանապարհ ունենալը քիչ է․ անհրաժեշտ են ժամանակակից պահեստներ, մաքսակետեր և սպասարկման բարձր որակ։
2. Ներդրումների աճ․
Խաղաղ ու կանխատեսելի տարածաշրջանը միշտ գրավիչ է ներդրողների համար։ Բայց ներդրումները կգան միայն այնտեղ, որտեղ կա օրենքի ուժ, սեփականության պաշտպանություն և տնտեսական հստակություն։
3. Տեղական արտադրության ընդլայնում․
Բաց ճանապարհները նոր շուկաներ են բացում մեր ապրանքների համար։ Սակայն այստեղ գործում է անվտանգության կարևոր կանոն․ եթե Հայաստանը չունենա մրցունակ տեղական արտադրանք, ճանապարհները հիմնականում ծառայելու են դրսի ապրանքները մեր երկիր ներմուծելուն՝ վնասելով մեր տեղական արտադրողին։ Ուստի, ճանապարհների բացումը պետք է խստորեն կապված լինի տեղական արդյունաբերությունը պաշտպանելու և զարգացնելու քաղաքականության հետ։
4. Բարձր տեխնոլոգիական զարգացում․
Ժամանակակից տրանսպորտային համակարգերը պահանջում են թվային կառավարում, ժամանակակից մաքսային համակարգեր և թվային անվտանգություն։ Այս ոլորտում Հայաստանի տեխնոլոգիական ու մտավոր ներուժը կարող է դառնալ մեր մեծ առավելությունը։
5. Մարդկային կապերի ընդլայնում․
Ճանապարհները միայն ապրանքների համար չեն․դրանք նոր հնարավորություններ են ստեղծում մարդկանց ազատ տեղաշարժի, կրթության, զբոսաշրջության և մշակութային շփումների համար։
Ճանապարհի առկայությունն ինքնին տնտեսական զարգացում չի ապահովում։ Դրա իրական արժեքը ձևավորվում է այն ժամանակ, երբ տրանսպորտային կապը վերածվում է տեղական արտադրության, ծառայությունների, ներդրումների, աշխատատեղերի և պետական եկամուտների աճի։ Որպեսզի ճանապարհը դառնա իրական տնտեսական աճ, անհրաժեշտ է ամբողջական շղթա․
Ճանապարհը պետք է ունենա սպասարկող համակարգ, որպեսզի զարգանա տեղական բիզնեսը, որն էլ իր հերթին բերի ներդրումներ և ստեղծի որակյալ աշխատատեղեր։ Սրանից կբարձրանան պետական բյուջեի մուտքերը, ինչն էլ կբերի երկրի տնտեսական ու պաշտպանական հզորացմանը։Եթե այս շղթայից որևէ օղակ պակասում է, ճանապարհի տնտեսական ու ռազմավարական օգուտը մնալու է չնչին։
Հայաստանի պետական քաղաքականության գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ թե լոկ հնարավորությունների մասին խոսելը, այլ երկրի ներսում այնպիսի օրենքներ, տնտեսություն և բանակ կառուցելը, որոնք այդ հնարավորությունները կվերածեն իրական պետական հզորության։
ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Տարածաշրջանային ճանապարհների վերաբացումը միայն հնարավորություններ չի ստեղծում ․ այն իր հետ բերում է նաև լուրջ ռիսկեր ու մարտահրավերներ, որոնք պահանջում են պետական բարձր զգոնություն։
1. Տնտեսական անհավասարություն․
Եթե տարածաշրջանային առևտրից հիմնականում օգտվեն հարևան ավելի մեծ տնտեսությունները, իսկ Հայաստանը դառնա միայն ուրիշի ապրանքների տարանցման տարածք, ապա մեր տնտեսական օգուտը կլինի չնչին, իսկ տեղական արտադրողը կհայտնվի անհավասար մրցակցության մեջ։
2. Արտաքին տնտեսական կախվածություն․
Մեծ ճանապարհներն ու ենթակառուցվածքները պահանջում են խոշոր գումարներ։ Արտաքին դրամագլխի (կապիտալի) ներգրավումը կարող է արագացնել զարգացումը, բայց պետք է պահպանել պայմանագրերի թափանցիկությունն ու պետական ամբողջական վերահսկողությունը, որպեսզի երկիրը չընկնի պարտքային կամ քաղաքական կախվածության մեջ։
3. Անվտանգության նոր խոցելիություն․
Ճանապարհները, երկաթգծերը, էներգետիկ և թվային ցանցերը սոսկ տնտեսական միջոցներ չեն․ դրանք նաև ռազմավարական ենթակառուցվածքներ են։ Դրանց բացումը չպետք է ստեղծի հետախուզական, ռազմական կամ դիվերսիոն նոր սպառնալիքներ մեր երկրի համար։
4. Իրավական վեճերի ու վերահսկողության կորստի ռիսկ․
Միջազգային ներդրումային ծրագրերն ունեն բարդ պայմանագրեր։ Պետությունը նախապես պետք է հստակեցնի իրավական պատասխանատվությունը, սեփականության հարցերը և վեճերի լուծման մեխանիզմները, որպեսզի հետագայում չկորցնի վերահսկողությունը սեփական տարածքի նկատմամբ։
5. Հնարավորությունների գերագնահատում և վտանգավոր պատրանքներ․
Սա ամենաքիչ քննարկվող, բայց ամենավտանգավոր ռիսկերից է։ Երբ որևէ նախագիծ ներկայացվում է որպես «նոր դարաշրջանի» սկիզբ, հասարակության մեջ ստեղծվում է սխալ սպասում, թե ճանապարհի բացումով բոլոր խնդիրներն ինքնին կլուծվեն։Սակայն իրական տնտեսական ու պետական զարգացումը տանջալից ու հետևողական աշխատանք է։
Ճանապարհը միայն հնարավորություն է, իսկ արդյունքը կախված է նրանից, թե որքանով է մեր պետությունը պատրաստ պաշտպանելու իր շահերը, տնտեսությունն ու անվտանգությունը։
Եթե արտաքին աշխարհն ու տարածաշրջանը փոխվում են, միայն արտաքին քաղաքականություն փոխելը բավարար չէ։Որպեսզի Հայաստանը կարողանա օգտվել հնարավորություններից և չեզոքացնել սպառնալիքները, առաջնահերթ պետք է հզորացնի իր ներքին կարողությունները․
1. Մասնագիտական ուժեղ մարդկային ռեսուրս․
Տարածաշրջանային նոր իրողությունները պահանջում են ոչ միայն դիվանագետներ, այլև միջազգային իրավունքի փորձագետներ, տնտեսագետներ, տրանսպորտային սպասարկման մասնագետներ, թարգմանիչներ, բարձր տեխնոլոգներ, տվյալների վերլուծաբաններ և պաշտպանական ու անվտանգության համակարգի մասնագետներ։
2. Ուժեղ և արդյունավետ պետական կառավարում․
Միջազգային պայմանագիրը կարող է շատ լավ գրված լինել, սակայն դրա կիրառումն ու պետական շահի պաշտպանությունը պահանջում են պետական մարմինների (բանակ, մաքսակետեր, ոստիկանություն, տնտեսական նախարարություններ) անխափան ու կազմակերպված աշխատանք։
3. Տեղական ձեռնարկատիրության պատրաստվածություն․
Եթե սահմանների ու ճանապարհների բացումից օգտվեն միայն արտասահմանյան խոշոր ընկերությունները, տեղական տնտեսությունը կտուժի։ Պետությունը պետք է աջակցի ու զարգացնի տեղական բիզնեսը՝նպաստելու տնտեսական արժեքի ու եկամուտների հնարավորինս մեծ մասի պահպանմանը երկրի ներսում։
4. Գիտակից և իրազեկ հասարակություն․
Արտաքին քաղաքականության շուրջ քննարկումները հաճախ ընկնում են երկու ծայրահեղության մեջ․ ամեն ինչ ներկայացվում է կամ որպես «կործանարար վտանգ», կամ որպես « հնարավորություն»։Իրական պետական քաղաքականությունը շատ ավելի բարդ է։Միևնույն գործընթացը կարող է միաժամանակ պարունակել և՛ լուրջ ռիսկեր, և՛ հնարավորություններ։ Ուստի հասարակությանն անհրաժեշտ է սթափ, պետականմետ ու առանց պատրանքների մոտեցում։
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ․
Հարավային Կովկասի ապագայի և տարածաշրջանային վերաձևումների մասին խոսելիս երիտասարդությունը չպետք է դիտարկվի սոսկ որպես քաղաքական ծրագրերի «թիրախային խումբ»։Երիտասարդներն այն սերունդն են, որոնք կրելու են այսօրվա որոշումների ողջ պատասխանատվությունը և երկարաժամկետ ապրելու են դրանց հետևանքների պայմաններում։ Գարեգին Նժդեհը դիպուկ ու ռազմավարական հեռատեսությամբ նշել է ․«Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ Ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդությանը»։
Տարածաշրջանային հնարավոր զարգացումները երիտասարդ սերնդի համար կարող են ստեղծել նոր հորիզոններ․
• Միջազգային որակյալ կրթություն և օտար լեզուների տիրապետում,
• Մրցունակ ձեռնարկատիրություն (բիզնես) և բարձր տեխնոլոգիաներ,
• Պետականաշինության, դիվանագիտության և ռազմավարական հետազոտություններ,
• Զբոսաշրջություն, մշակութային փոխանակում և միջազգային հարթակներում պետական շահերի պաշտպանություն։
Սակայն այստեղ ևս անվտանգության ու պետական շահի հարցը դառնում է առանցքային ․ տարածաշրջանը բացվում է, բայց հայ երիտասարդը չունի լեզվական, մասնագիտական, թվային ու ազգային-գաղափարական ամուր հենք, արդյունքում այդ հնարավորությունը մնում է արտաքին մի գործընթաց, որից նա չի կարողանում օգտվել, կամ ավելին՝ դառնում է արտաքին ազդեցությունների առջև խոցելի։
Այս պատճառով տարածաշրջանային քաղաքականությունը նախևառաջ ազգային ու մարդկային ներուժի (կապիտալի) զարգացման քաղաքականություն է։Սա կենսական է ոչ միայն տնտեսության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։Այն հասարակությունն ու երիտասարդությունը, որոնք խորությամբ ճանաչում են հարևան պետությունների շահերն ու նկրտումները, տիրապետում են միջազգային իրավունքին, տնտեսությանն ու տեղեկատվական պայքարի կանոններին, ավելի պատրաստված ու անառիկ են բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Տարածաշրջանային մեծ փոփոխությունների պայմաններում Հայաստանի պետական քաղաքականությունը չի կարող սահմանափակվել մեկ-երկու քայլով։ Այն պետք է լինի ամբողջական ու բազմաշերտ․
1. Առաջին ուղղություն․ Խաղաղության պետական ու իրավական ամրապնդում
Խաղաղությունը չպետք է մնա թղթի վրա կամ բանավոր խոստումների տեսքով․ այն պետք է ամրապնդվի հստակ իրավական պայմանագրերով, պետական մեխանիզմներով և անվտանգության երաշխիքներով։
2. Երկրորդ ուղղություն․ Տրանսպորտային ցանցերի ու ճանապարհների զարգացում
Հայաստանը պետք է ձգտի հնարավորինս շատ ուղղություններով (հյուսիս, հարավ, արևմուտք) կապվել տարածաշրջանային ու համաշխարհային ճանապարհներին։
3. Երրորդ ուղղություն․ Տնտեսական իրական օգուտի ստեղծում
Միայն ուրիշի ապրանքների համար ճանապարհ տալը բավարար չէ․ Հայաստանը պետք է դառնա սպասարկման, տրանսպորտային ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների և տեղական արտադրության ակտիվ մասնակից։
4. Չորրորդ ուղղություն․ Արտաքին կապերի բազմազանեցում
Տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցությունը մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։
5. Հինգերորդ ուղղություն․ Ներքին կարողությունների ու բանակի հզորացում
Ոչ մի արտաքին հնարավորություն չի կարող երկարատև արդյունք ունենալ, եթե պետության ներսում չկան ուժեղ տնտեսություն, կազմակերպված պետական ապարատ և մրցունակ բանակ։
Այս հինգ ուղղությունները մեկ ամբողջական շղթա են․անվտանգությունն ու խաղաղությունը բացում են կապուղիները, ինչը բերում է տնտեսական աշխուժացման․սա զարգացնում է մարդկային ու ազգային ներուժը, որն էլ իր հերթին հզորացնում է պետությունը։Եթե այս օղակները միմյանցից անջատ են, արդյունքը լինելու է թույլ ու անբավարար։
Երբ դրանք գործում են միասին, տարածաշրջանային ցանկացած փոփոխություն վերածվում է Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման ռազմավարության։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
Տարածաշրջանային քննարկումների ժամանակ հարցը հաճախ ձևակերպվում է սպասողական դիրքերից․ «Ի՞նչ կարող են մեզ տալ տարածաշրջանային նոր պայմանները»։Սակայն պետականապահանջ ու հասուն մոտեցումը պահանջում է տալ բոլորովին այլ հարցադրում․
«Ի՞նչ կարող է Հայաստանի Հանրապետությունն առաջարկել տարածաշրջանին ու աշխարհին»։
Այս փոփոխությունը առաջին հայացքից ձևական է թվում, բայց իրականում պետական մտածողության խորքային շրջադարձ է։
Եթե Հայաստանը միայն սպասում է արտաքին ներդրումների, ճանապարհների վերաբացման կամ օտարերկրյա շուկաների, ապա նա շարունակում է մնալ ուրիշների գրած սցենարների պասիվ հետևորդը,բայց ,եթե Հայաստանը հանդես է գալիս սեփական նախաձեռնություններով և առաջարկում է․
- Բարձր տեխնոլոգիական ու թվային լուծումներ,
- Մրցունակ մասնագիտական ու իրավական ծառայություններ,
- Որակյալ կրթական ու գիտական ներուժ,
- Տրանսպորտային ու պահեստային ժամանակակից սպասարկում,
- Բարձրարժեք տեղական արտադրանք,
- Գրավիչ ու անվտանգ զբոսաշրջային ուղղություններ,
- Պաշտպանված թվային ծառայություններ,
ապա մեր պետության միջազգային դերն ու աշխարհաքաղաքական կշիռը բազմապատկվում են։
Կարևոր է ընդգծել՝ պետական հզորության մյուս առանցքային բաղադրիչը պաշտպանունակությունն է։ Տնտեսական և տրանսպորտային բացվածությունը կարող է կայուն ու անվտանգ լինել միայն այն դեպքում, երբ պետությունն ունի իր տարածքը, ենթակառուցվածքները և կենսական շահերը պաշտպանելու բավարար կարողություն։ Հետևաբար տնտեսական զարգացումն ու պաշտպանունակությունը պետք է դիտարկվեն ոչ թե որպես մրցակցող, այլ փոխլրացնող պետական առաջնահերթություններ։ Ուժեղ տնտեսությունը ստեղծում է պաշտպանունակության նյութական հիմքը, իսկ պաշտպանունակությունը՝ տնտեսական և քաղաքական զարգացման անհրաժեշտ անվտանգ միջավայրը։
Այսինքն՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը պետք է ամրապնդվի ու լրացվի ազգային-մարդկային, տնտեսական ու պաշտպանական հզոր դիրքերով։
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ
Տարածաշրջանային յուրաքանչյուր նոր նախագծի, առաջարկի կամ պայմանավորվածության դեպքում Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի պարզ, բայց բազմաշերտ ու խորքային վերլուծության սեփական մոդելով։ Այդ մոդելը հիմնված է տասը առանցքային հարցադրումների վրա, որոնք թույլ են տալիս ամբողջական պատկերացում կազմել ցանկացած գործընթացի մասին․
Նախաձեռնողի ինքնությունը․ Առաջնահերթ պետք է պարզել, թե կոնկրետ որ պետությունը, միջազգային կազմակերպությունը կամ ուժային կենտրոնն է հանդես գալիս տվյալ նախագծով։
Արտաքին շահը․ Անհրաժեշտ է հստակ հասկանալ նախագիծն առաջ մղող կողմի իրական՝ տնտեսական, քաղաքական կամ ռազմավարական հետաքրքրությունները։
Հայաստանի օգուտը․ Պետք է ճշգրիտ հաշվարկել, թե ինչ է ստանում մեր պետությունը՝ ֆինանսական եկամուտ, նոր կապուղիներ, ներդրումներ, նոր շուկաներ, թե անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։
Հայաստանի զիջումն ու ներդրումը․ Կարևոր է գնահատել, թե ինչ է տալիս Հայաստանը փոխարենը՝ սեփական տարածք, ենթակառուցվածք, իրավական արտոնություններ, թե ֆինանսական միջոցներ։
Վերահսկողության իրավունքը․ Առանցքային հարց է, թե ով է իրականացնելու գործընթացի փաստացի վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, մասնավոր ընկերությունը, թե համատեղ միջազգային կառույցը։
Ժամանակային ընդգրկումը․ Պետք է հստակեցնել նախագծի ազդեցության ժամկետները՝ դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ պայմանավորվածություններ են։
Ռիսկերի գնահատումը․ Անհրաժեշտ է վեր հանել հնարավոր բոլոր՝ տնտեսական, քաղաքական, իրավական և անվտանգության սպառնալիքները։
Ռիսկերի կառավարումը․ Պետք է նախապես մշակել այդ ռիսկերը չեզոքացնող իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական հստակ մեխանիզմներ։
Այլընտրանքների առկայությունը․ Պետք է գնահատել, թե արդյոք Հայաստանն ունի զարգացման այլ ուղիներ, այլ ճանապարհներ կամ գործընկերներ ընտրելու հնարավորություն։
Ներքին պատրաստվածությունը․ Վերջապես, անհրաժեշտ է գնահատել, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին երկրի ներսում նախագիծն իրականացնելու համար՝ մասնագետներ, օրենսդրական փոփոխություններ, տեղական գործարարության մասնակցություն, ենթակառուցվածքներ, թե բարձր տեխնոլոգիաներ։
Այսպիսի պետականամետ ու սթափ մոտեցումը թույլ է տալիս խուսափել երկու վտանգավոր ծայրահեղություններից․ առաջինը՝ «ամեն ինչ լավ է» մակերեսային լավատեսությունն է, երկրորդը՝ «ամեն ինչ վտանգավոր է» անկազմակերպ տագնապայնությունը։
Իրական, պետականակենտրոն վերլուծությունը գտնվում է հենց դրանց միջև՝ հիմնվելով սառնասիրտ հաշվարկի, անվտանգության և ազգային շահերի պաշտպանության վրա։
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերափոխումների մասին խոսելիս ուշադրությունը հաճախ սխալմամբ կենտրոնանում է բացառապես արտաքին խոշոր դերակատարների վրա։ Սակայն Հայաստանի նման պետության համար կենսական ու առաջնային հարցը սեփական պետական կարողությունների զարգացումն է։ Այս իրողությունը կարելի է բացահայտել հետևյալ հստակ օրինաչափություններով․
Ենթակառուցվածքներ և մասնագետներ․ Եթե տարածաշրջանում ձևավորվում են նոր տրանսպորտային ու առևտրային ուղիներ, բայց Հայաստանը չունի ժամանակակից ենթակառուցվածքներ, պատրաստված մասնագետներ և մրցունակ գործարար միջավայր, ապա այդ պատմական հնարավորությունն ուղղակի կանցնի մեր երկրի կողքով։
Պետական ապարատի արդյունավետություն․ Եթե կան ներդրումային առաջարկներ, բայց պետական կառավարման համակարգը դանդաղաշարժ է, անարդյունավետ կամ բյուրոկրատացված, ապա հնարավորությունը պարզապես կկորչի կամ կուշանա։
Տեղական արտադրության մրցունակություն․ Եթե արտաքին շուկաները բացվում են, բայց հայկական արտադրանքը մրցունակ չէ, ապա ներմուծումը կաճի շատ ավելի արագ, քան արտահանումը՝ վնասելով մեր տեղական տնտեսությանն ու ազգային արժույթին։
Պետական միասնական ռազմավարություն․ Եթե արտաքին գործընկերները հետաքրքրված են Հայաստանի տարածքով ու ենթակառուցվածքներով, բայց մեր պետությունը չունի հստակ ու երկարաժամկետ ազգային ռազմավարություն, ապա առանձին նախագծերը կմնան հատվածական և չեն վերածվի միասնական պետական քաղաքականության։
Այս ամենից բխում է պետականաշինության անկյունաքարային սկզբունքը․ արտաքին միջավայրը կարող է միայն ստեղծել հնարավորություն, սակայն այդ հնարավորությունը սեփական շահերին ծառայեցնելու և կառավարելու կարողությունը ձևավորվում է բացառապես երկրի ներսում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունը դեռևս վերջնականապես ավարտված համակարգ չէ․ այն ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթաց է, որտեղ միաժամանակ բախվում և խաչաձևվում են խաղաղության հաստատման, տրանսպորտային ուղիների վերաբացման, տնտեսական համագործակցության և արտաքին խոշոր դերակատարների ներգրավվածության միտումները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը դրել է նոր իրավական շրջանակի հիմքը, սակայն դրա իրական արժեքը պետք է գնահատել ոչ թե փաստաթղթի պարզ առկայությամբ, այլ դրա կիրառման, Հայաստանի ինքնիշխանության անշեղ պահպանման և երկարաժամկետ պետական ինստիտուտների ամրապնդման միջոցով։ TRIPP-ի և տարածաշրջանային մյուս կապուղիների շուրջ ընթացող գործընթացները փաստում են, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է ձեռք բերել ռազմավարական նոր տնտեսական ու քաղաքական նշանակություն։ Միևնույն ժամանակ, այդ հնարավորությունների իրացումը պահանջում է մեր երկրի ինքնիշխանության, իրավազորության, պաշտպանունակության, տնտեսական արդյունավետության և պետական վերահսկողության ամուր և արդյունավետ մեխանիզմներ։ Հայաստան–ԱՄՆ TRIPP շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովում արձանագրված ուղղությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանային կապակցվածությունն այլևս չի սահմանափակվում միայն տրանսպորտային կապուղիներով,այլ վերածվում է լայնածավալ ռազմավարական համագործակցության։ Այս համատեքստում կարելի է առանձնացնել հետևյալ հիմնարար եզրահանգումները։ Առաջին հերթին, Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունը Հայաստանի համար հնարավորություն է ձևավորելու միջավայր, որի իրական ազգային արժեքը մեծապես կախված է նրանից, թե որքան արդյունավետ ու պետական շահերից բխող քաղաքականությամբ մեր երկիրը կկարողանա օգտագործել այդ միջավայրը։ Միևնույն ժամանակ, կապուղիների ու ճանապարհների բացումը պետք է դիտարկել ոչ թե որպես պարզ ենթակառուցվածքների վերականգնում, այլ որպես ամբողջական տնտեսական, անվտանգության և քաղաքական համակարգի ձևավորում, քանի որ ճանապարհն ազգային արժեք է ստեղծում միայն այն ժամանակ, երբ դրա շուրջ զարգանում են տեղական սպասարկումը, արտադրությունը, ներդրումներն ու մարդկային կապիտալը։ Ակնհայտ է նաև, որ խաղաղությունը պետք է գնահատել ոչ միայն պատերազմի ժամանակավոր բացակայությամբ, այլ այնպիսի ամուր պետական ինստիտուտներով, հզոր տնտեսությամբ ու անվտանգության համակարգով, որոնք կնպաստեն խաղաղության կայունությանը։ Այս համատեքստում արտաքին հարաբերությունների բազմազանեցումը ոչ թե գործընկերների ակներև փոփոխություն է, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրության և ինքնուրույն որոշումների հնարավորության ընդլայնումը։ Իսկ այս նոր իրողությունից օգտվելու կենսական պայմանը գտնվում է հենց Հայաստանի ներսում՝ պետական կառավարման արդյունավետ և հաշվետու աշխատանքի, կրթության, մասնագիտական ու ռազմական ներուժի, տեղական տնտեսության և բարձր տեխնոլոգիական կարողությունների հետևողական զարգացման մեջ։ Ի վերջո, մեր պետության ու ազգի առջև ծառացած ամենակարևոր հարցադրումը հետևյալն է․ եթե Հարավային Կովկասն իսկապես մտնում է պատմական նոր փուլ, ապա Հայաստանը պետք է միայն պասիվ հարմարվի՞ այդ նոր իրականությանը, թե՞ ակտիվորեն մասնակցի տարածաշրջանային օրակարգի ձևավորմանը։ Այս հարցի պատասխանը կախված չէ միայն արտաքին ուժերի կամ հարևանների ցանկությունից։ Տարածաշրջանի ապագան ձևավորվում է մեծ պետությունների շահերի և աշխարհաքաղաքական գործընթացների տիրույթում, բայց փոքր պետության իրական դերակատարությունը ու հզորությունը կախված են նրանից, թե որքան հստակ է նա հասկանում իր ազգային-պետական շահը, որքան հետևողական է այն պաշտպանելու հարցում և որքանով է պատրաստ սեփական հնարավորությունները վերածելու իրական պետական կարողության։ Հարավային Կովկասի փոփոխվող միջավայրում Հայաստանի համար ամենամեծ պատմական հնարավորությունը ոչ միայն սեփական պետականության դերը վերաիմաստավորելն է,այլև հզոր,ինքնիշխան,արժանապատիվ և անվտանգ պետություն կառուցելը,որն իր արդյունավետ պետական կառավարմամբ,մրցունակ տնտեսությամբ,բանակով,դիվանագիտությամբ,որակյալ կրթությամբ,տեխնոլոգիական կարողություններով և ազգային միասնությամբ ի զորու կլինի պաշտպանել իր ժողովրդի իրավունքներն ու ազգային շահերը,ամրապնդել իր դիրքը տարածաշրջանում և ինքնուրույն կերտել սեփական ապագան։
Օգտագործված գրականություն և աղբյուրներ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի հրապարակում, 11 օգոստոսի 2025 թ
2.Եվրոպական միության խորհուրդ, ԵՄ-Հայաստան գագաթնաժողով, 4–5 մայիսի 2026 թ.
3. Եվրոպական միության խորհուրդ, Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարություն, 5 մայիսի 2026 թ.
4. Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն, Համատեղ մամուլի հաղորդագրություն՝ հանձնակատար Մարտա Կոսի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ, 19 մարտի 2026 թ. (Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն)
5. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններ և TRIPP-ին առնչվող փաստաթղթեր, 2026 թ. (usa.mfa.am)

More Stories
Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին․ հնարավորություններ, մարտահրավերներ և հեռանկարներ
Այն, ինչ ուրիշները չեն տեսնում
Կրթության իրական նպատակը գիտելիք փոխանցելն է թե՞ կյանքին պատրաստ անհատ ձևավորելը