ՊԱՏՄՎԱԾՔ
Ամենավտանգավոր սուտը այն չէ, որ ուրիշներն ասում են քեզ։
Ամենավտանգավորն այն է, որ դու ինքդ ես ասում քեզ և տարիների ընթացքում սկսում ես հավատալ:
– Մամ, ես արդեն գնում եմ դասի։
– Լավ, գնա՛, գնա՛, հանկարծ չուշանաս, տղաս։
– Եթե ես հանկարծ ուշանայի, պապդ ինձ չէր թողնի հանգիստ։ Չգիտեմ՝ ինչու էր նա այդքան սիրում դպրոցը, դասերը, այդ ամբողջ աշխարհը։ Ես, ընդհակառակը, չէի կարողանում տանել ոչ դասերը, ոչ էլ, անկեղծ ասած, դասընկերներիս։
Դուռը բացեցի, և աչքերիս առաջ միանգամից բացվեց առավոտյան բնապատկերը։ Սարերի մուգ կանաչը, հեռվում ձգվող լեռնաշղթան ու մաքուր երկինքը մի պահ այնպիսի տպավորություն ստեղծեցին, կարծես հեքիաթի մեջ էի հայտնվել: Բայց երկար կանգնելու ժամանակ չունեի։ Վազեցի դեպի ավտոբուսը, բարձրացա, նստեցի պատուհանի մոտ և մի քանի րոպե պարզապես նայեցի դուրս։ Ճանապարհի երկու կողմերում ձգվող բնությունը սովորական էր, բայց ինչ-որ պատճառով այդ առավոտ ամեն ինչ ավելի գեղեցիկ էր թվում։ Հետո շրջվեցի դեպի դասընկերս։
-Ի՞նչ կա։
-Ոչինչ։
Ու սկսեցինք խոսել։ Խոսում էինք ամենասովորական բաներից՝ այնպիսի թեմաներից, որոնք մի քանի ժամ անց նույնիսկ չէինք հիշելու։ Անիմաստ խոսակցություններ էին, բայց դպրոց գնալու ճանապարհին դրանք ինչ-որ կերպ կարևոր էին թվում։ Վերջապես հասանք դպրոց։ Մտանք ներս, բարձրացանք դասարան, և սկսվեց առաջին դասը։ Մի պահ դասընկերուհիս շրջվեց դեպի մեզ։
-Իսկ դուք գիտեի՞ք, որ պապս մեծ գործարանում է աշխատել։ Գիտե՞ք՝ այնտեղ ինչքան գինի էին արտադրում։
Նա սկսեց պատմել, թե ինչպես էր իր հայրը հիշում՝ պապը ընկերների հետ երբեմն գնում էր գործարան, գինի վերցնում, հետո միասին գնում էին դաշտեր ու այնտեղ ժամանակ անցկացնում։ Դասընկերս էլ միացավ խոսակցությանը։
-Իմ պապն էլ նրան ճանաչել է։ Ասում էր՝ երկուսով մի անգամ գնացել են ու միասին ինչ-որ բան են բերել։
Ես ժպտացի։
-Իմ պապն այդքան էլ խմիչք սիրող մարդ չէր։ Նա ավելի շատ սիրում էր մենակ մնալ։ Հաճախ գնում էր իր արվեստանոցն ու երկար ժամանակ փակվում այնտեղ։
-Արվեստանոցո՞ւմ։
-Հա։
Ես մի պահ լռեցի։
-Նա այնտեղ տարօրինակ բաներ էր նկարում։ Անկեղծ ասած՝ ոչ ոք երբեք չի հասկացել, թե ինչ է նկարում։
-Իսկ դու տեսե՞լ ես այդ նկարները։
Հարց տվեց դասընկերուհիս: Ես մի պահ մտածեցի։
-Ոչ։ Երբեք։
-Ինչո՞ւ։
-Չգիտեմ։ Պարզապես երբեք ցանկություն չեմ ունեցել մտնել այնտեղ։ Ծիծաղեցի։
-Ես արվեստից ընդհանրապես չեմ հասկանում։
-Դու՞։ Բայց եթե ուզենաս, կարող ես նկարել։ Լավ ձեռք ունես։
-Ես կյանքում նկար չեմ արել։
-Դե հենց դա էլ ասացի՝ եթե ուզենաս։
Ես ծիծաղեցի ու թեթևակի ձեռքով հարվածեցի ընկերոջս ուսին։ Այդ պահին ուսուցիչը ներս մտավ։
-Լավ, բավական է խոսելը։ Դասը սկսում ենք։
Մենք լռեցինք։ Ես երբեք առանձնապես չէի սիրում գիտությունը։
Բժշկությունն էլ ինձ չէր հետաքրքրում։ Իրականում նույնիսկ չգիտեի՝ ինչն եմ սիրում։ Երևի ծանր աշխատանքը, այն աշխատանքը, որ անում էր հայրս։ Կամ գուցե ընդհանրապես ոչինչ։ Ինձ ամենից շատ դուր էր գալիս փակվել սենյակում ու երկար նայել պատիս՝ պաստառների, փոքրիկ գծերի ու մանրուքների վրա։ Դասերի ժամանակ էլ երբեմն նայում էի գրքիս կամ տետրիս վրայի ամենափոքր պատկերներին և դրանցից ամբողջ աշխարհներ էի հորինում։ Մարդիկ կարծում էին, որ ես պարզապես անուշադիր եմ։ Բայց իրականում ես ուրիշ տեղ էի։ Ու դեռ չէի հասկանում, որ այդ փոքրիկ աշխարհները, որոնց մեջ ես ամեն օր փախչում էի, մի օր ինձ տանելու էին դեպի մի տեղ, որտեղ ես երբեք չէի ցանկացել մտնել։ Ես դպրոցը չէի սիրում։ Դպրոց գալիս էի հիմնականում երկու պատճառով։ Առաջինը՝ դասընկերներիս հանդիպելու համար։ Խոսում էինք, ծիծաղում, պատմություններ պատմում, երբեմն էլ ուղղակի ժամանակ էինք անցկացնում։ Երկրորդը՝ որպեսզի մայրս չբարկանար վրաս։ Այո՛, ես դպրոցն ընդհանրապես չէի սիրում։ Ավելի շատ սիրում էի գնալ մեր հին տունը՝ այն տունը, որտեղ ժամանակին ապրել էր մայրս։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ էր։ Հանգիստ էր։ Ոչ ոք ինձ չէր հարցնում՝ ինչ եմ անում, ուր եմ գնում կամ ինչու եմ այսքան ժամանակ լուռ։ Ես պարզապես կարող էի մենակ մնալ։ Իսկ պապիս արվեստանոցում ես կյանքում ոտք չէի դրել: Հայրս թույլ չէր տալիս։ Բայց, անկեղծ ասած, ես էլ առանձնապես ցանկություն չունեի ներս մտնելու։ Ի՞նչ պիտի անեի այնտեղ։ Նայեի՞ այն նկարներին, որոնք նույնիսկ հայրս չէր հասկանում։ Մի անգամ նա ուզում էր պապիս նկարներից մի քանիսը բերել տուն ու պատերից կախել։ Բայց հետո հրաժարվեց։ «Գեղեցիկ չեն»,— ասել էր նա։
Նրա կարծիքով՝ դրանք նույնիսկ նկարներ չէին։ Ինչ-որ անհասկանալի բաներ էին։ Այլանդակ պատկերներ, տարօրինակ ձևեր, գույներ, որոնք իրար հետ ոչ մի կապ չունեին։ Հայրս երբեմն պապիս անվանում էր խելագար։ Ասում էր՝ հոգեկան հիվանդ էր։
Ես երբեք չէի հասկացել՝ ինչու էր պապս այդպես նկարում։ Բայց, ճիշտն ասած, ինձ դա չէր էլ հետաքրքրում։ Այդ օրը, սակայն, մեր դասացուցակում կերպարվեստ կար։ Ես կերպարվեստը նույնպես չէի սիրում։ Ամեն տարի մեզ ստիպում էին ալբոմներ, մատիտներ ու ներկեր բերել։ Ես սովորաբար մի քանի դասից հետո այդ ալբոմները նետում էի աղբամանը։ Դրանց մեջ հիմնականում անհասկանալի գծեր, կիսատ պատկերներ ու իմ համար անիմաստ խզբզանքներ էին լինում։ Այդ օրը նույնպես ալբոմը բացեցի՝ առանց որևէ հետաքրքրության։ Դասարանի մյուսները նկարում էին։ Ես պարզապես նստած էի։
-Լսի՛ր։
Ձայն լսվեց հետևից։ Ընկերս էր։
-Մի դաշտ եմ նկարել։ Գեղեցիկ չէ՞։
Շրջվեցի։ Նրա առաջ դրված էր մի նկար։ Դաշտ էր։ Հեռվում՝ լեռներ, իսկ ներքևում՝ կանաչ տարածություն։ Ես մի քանի վայրկյան նայեցի։ Չգիտեմ՝ ինչու, բայց հանկարծ սկսեցի մանրուքներ նկատել։
-Այստեղ ինչ-որ բան պակասում է։
-Ի՞նչ։
Ես մատս մոտեցրի նկարին։
-Այստեղ մի քիչ ավելի տաք գույն կավելացնեի։ Իսկ լեռները… մի քիչ ավելի սուր կանեի։ Սրանք շատ կլոր են։ Իրական լեռներն այդպես չեն երևում։ Ընկերս նայեց նկարին, հետո՝ ինձ։
-Հա՞։
Ես լռեցի։ Մի պահ ինքս էլ չհասկացա, թե ինչ էի ասում։ Ինձ թվաց՝ ուղղակի հիմարություն եմ խոսում։ Բայց նա ժպտաց։
-Շատ գեղեցիկ է։ Ինչպե՞ս ես նկատում էս բաները։ Ես ուսերս թոթվեցի։
-Չգիտեմ։
Մի քանի վայրկյան անց նա նորից խոսեց։
-Լսիր, մի բան եմ ուզում խնդրել։
-Ասա։
-Կարո՞ղ ես այստեղ մի տուն նկարել։ Սովորական տուն։ Ուզում եմ այս դաշտով ավարտել նկարը, բայց չեմ կարողանում։ Ես էլ չեմ ուզում նկաչս փչացնեմ:
Ես վերցրի մատիտը: Ու հենց այդ պահին աչքերիս առաջ մի տուն հայտնվեց։ Ոչ թե այն տունը, որը սովորաբար երեխաները նկարում են։ Ոչ քառակուսի պատեր, ոչ եռանկյուն տանիք։ Ես տեսնում էի մի երկհարկանի տուն՝ սպիտակ փայտից։ Փայտե տախտակները հորիզոնական շարքով էին դասավորված և ամբողջությամբ սպիտակ ներկված։ Պատուհանները նույնպես փայտից էին։ Դրանց կողքերին կախված էին սև փեղկեր։ Տունն ուներ մի փոքրիկ պատշգամբ, որն ինչ-որ առանձնահատուկ տեսք էր տալիս ամբողջ շինությանը։ Պատշգամբը մոխրագույնի ու սպիտակի մեղմ երանգներով էր։ Վերևից կախված էին փոքրիկ լույսեր՝ գեղեցիկ ու հավասար դասավորված։ Տան դիմաց մի քանի ծառեր կային։ Ծառերի տակ՝ ծաղիկներ։ Պատուհանների ներսից կախված էին ալ կարմիր վարագույրներ, որոնց վրա սպիտակ ծաղիկներ էին պատկերված։ Տանիքը վառ կարմիր էր։ Իսկ տան շուրջը՝ սպիտակ փայտե ցանկապատ։ Ես դեռ չէի նկարում։ Պարզապես նայում էի մտքումս տեսած այդ տանը։
-Դե՞, նկարելու ես,— հարցրեց ընկերս։
-Չէ, ես չեմ կարող, տուր թող Սիլվան նկարի, նա լավ է նկարում:
-Լավ, Սիլվա…
Մի քանի րոպե մտածում էի, նոր ինչ էր կատարվում, կարծես գլխումս նոր նկատվել էր ուղեղի առկայությունը: Կարծես նոր, նա ինչ որ ազդակներ էր ուղարկում, որ գոյություն ունի:
-Հն, տես լավն է, Սիլվան նկարեց, մեր դասարանի տաղանդը, — քմծիծաղ տվեց նա:
Ես նայեցի: Այդտեղ մի բան չկար: Հաստատ: Մեկ քառակուսի, հետո քառակուսուն կից ուղղանկյուն, իսկնրանց գլխավերևում եռանկյուն տանիք: Քառակուսու մեջ դուռ էր նկարել, իսկ ուղղանկյան մեջ պատուհան, որը խաչաձև բաժանել էր:
– Շատ լավն է: Շատ լավն է…
Հատորդ առավոտ արդեն շաբաթ էր: Ես որոշել էի երեկոյան գնալ հին տուն, ու հանգստանալ:
Գնացի գիշերը: Մութ, թունդ կապույտ երկինք: Երկինքը երևում էր խորը, այնքան որ թվում էր, եթե երկար նայես այդ խորությանը, պարզապես կկորչես այդ անծայրածիր բաց հորիզոնի մեջ: Աստղերը փոքրիկ, կարծես մի տաղանդավոր վրձին այն անզգուշության պատճառով կաթեցրել է տիեզերքի վրա, մի քանի միլլիոն անգամ: Հեռավոր լույսերի պես կախված էին այդ մութ կապույտի վրա։ Նրանք չէին լուսավորում ամբողջ երկինքը, միայն հիշեցնում էին, որ նույնիսկ ամենախոր խավարում ինչ-որ տեղ դեռ լույս կա։ Որ ամեն տեղ, որտեղ թվում է անհույս է, անհնար է որևէ ճանապրհ լինի, կա ևս մեկ լույս, որը քեզ տանում է դեպի լուսավոր ապագա: Հեռվում երևում էին սև լեռները, որոնց հսկա լինելու պատճառը երևի նրանց այդ երկար կյանքն էր: Նրանք ապրել էին այդքան երկար, լսել հազարավոր խոսակցություններ, գաղտնիքներ, սիրո խոստովանություններ, ու պարզապես ուռչել: Նա չհասկացավ, թե ինչ հիմար բաներ է անցնում մտքով, նա նույնպես ցնդել է, ու արագ վազեց տուն:
Դեռ տուն չհասած նա նկատեց մի բան, որը չպետք է լիներ: Պապիս արվեստանոցում, բացի նրանից, ուրիշ ոչ ոք երբեք չէր մտել։ Այդպես էր ասում հայրս։ Բանալին ինձ մոտ էր։ Ձեռքս դրեցի բռնակին։ Մի պահ կանգ առա։ Հետո բացեցի դուռը։ Ներսում լույս էր։ Բայց մի քանի քայլ անելուց հետո աչքերս սկսեցին հարմարվել վառ գույնին։ Եվ այդ պահին ես նրան տեսա։ Մի մարդ նստած էր սենյակի խորքում։ Հանգիստ։ Անշարժ։.Նա սպիտակամորթ էր, նիհար, դեմքը՝ զարմանալիորեն գեղեցիկ։ Բայց ամենասարսափելին նրա դեմքը չէր։ Նրա դեմքը նման էր իմ դեմքին: Չափազանց նման։ Ես քարացա։
-Դու ո՞վ ես… — վախեցած հարցրի։ Նա դանդաղ բարձրացրեց գլուխը։
-Ես՞։
Նրա ձայնը հանգիստ էր։
-Դա կարևոր չէ։
Մի քանի վայրկյան լռեց։ Հետո նա նայեց ինձ։
-Իսկ դու ո՞վ ես։
-Ես… ես ո՞վ եմ։ Դու մտել ես իմ տուն ու ինձ հարցնում ես՝ ես ով եմ։ Ես ապշած նայեցի նրան։
-Սա քո տո՞ւնն է։
Մի պահ պապանձվեցի: Սա իմ տունը չէ: Բայց հետո էլ ավելի ինքնավստահ ասացի.
-Այո։
Մի պահ չգիտեի՝ ինչ հարցնել։ Հետո ավելի ինքնավստահ դարձա։
-Սա իմ պապի արվեստանոցն է։ Նա ժպտաց։ Ավելացրի.
-Իսկ ինչո՞ւ ես մտել այստեղ։
-Ես…
-Ո՞վ է քեզ թույլ տվել։ Որտեղի՞ց քեզ բանալիները։ Դուռը կոտրե՞լ ես։ Պատուհանի՞ց ես մտել։
-Կսպասե՞ս, որ բացատրեմ։
Նա լռեց։ Ես մի փոքր առաջ եկա։
-Ես եկել եմ այստեղ, որպեսզի նկարեմ։ Նա նայեց ինձ՝ կարծես չէր հասկանում։
-Եթե թույլ կտաս։ Ես շուրջս նայեցի։
-Պապիդ արվեստանոցը միակ վայրն է, որտեղ ես կարողանում եմ հավաքել մտքերս։ Այստեղ… չգիտեմ։ Այստեղ ամեն ինչ ուրիշ է։
Մի պահ լռեցի։
-Տես, օրինակ՝ ինչ հրաշալի գիշեր եմ նկարել։
Ես նայեցի կտավին։ Կտավի վրա մի պատկեր էր։ Խորը կապույտ ու սև գույներ։ Երկինքը այնքան մուգ էր, որ թվում էր՝ գիշերը ոչ թե պարզապես պատել էր տունը, այլ կուլ էր տվել ամբողջ աշխարհը։ Ես մոտեցա կտավին։ Ձեռքս բարձրացրեցի, բայց չդիպա։
-Ինչ հիմարություն է սա… Ես միանգամից նայեցի նրան։
«Մութ, թունդ կապույտ երկինք: Երկինքը երևում էր խորը, այնքան որ թվում էր, եթե երկար նայես այդ խորությանը, պարզապես կկորչես այդ անծայրածիր բաց հորիզոնի մեջ: Աստղերը փոքրիկ, կարծես մի տաղանդավոր վրձին այն անզգուշության պատճառով կաթեցրել է տիեզերքի վրա, մի քանի միլլիոն անգամ: Հեռավոր լույսերի պես կախված էին այդ մութ կապույտի վրա։ Նրանք չէին լուսավորում ամբողջ երկինքը, միայն հիշեցնում էին, որ նույնիսկ ամենախոր խավարում ինչ-որ տեղ դեռ լույս կա։ Որ ամեն տեղ, որտեղ թվում է անհույս է, անհնար է որևէ ճանապրհ լինի, կա ևս մեկ լույս, որը քեզ տանում է դեպի լուսավոր ապագա: Հեռվում երևում էին սև լեռները, որոնց հսկա լինելու պատճառը երևի նրանց այդ երկար կյանքն էր: Նրանք ապրել էին այդքան երկար, լսել հազարավոր խոսակցություններ, գաղտնիքներ, սիրո խոստովանություններ, ու պարզապես ուռչել»:
-Սա հիմարություն չէ։
Ձայնս ավելի վստահ էր, քան ես սպասում էի։ Ես նորից նայեցի նկարին։ Եվ այդ պահին ինչ-որ բան փոխվեց։ Ես հիշեցի այն պահը, երբ դուրս էի եկել տնից։ Սարերը։ Կանաչը։ Լեռների հեռավոր գիծը։ Ավտոբուսի պատուհանից երևացող ճանապարհը։ Դասարանում նստած պահերը։ Իմ մտքերը։ Այն ամենը, ինչ ես զգացել էի, բայց չէի կարողացել բառերով ասել։ Այդ ամենը կարծես հիմա կտավի վրա էր։ Ես լուռ նայում էի նկարին։.Մի պահ ինձ թվաց, թե դա անհնար է։.Ինչպե՞ս կարող էր մի նկար ցույց տալ այն, ինչ ես միայն մտածել էի։
-Իսկ այս կտավից բացի ուրիշ բան չե՞ս նկարել,— հարցրի ես։
Նա ոչինչ չասաց։ Պարզապես շրջվեց դեպի պատի մյուս կողմը։ Այնտեղ մի քանի կտավներ էին դրված՝ իրար վրա կուտակված։ Նա մոտեցավ դրանց։ Ձեռքով վերցրեց վերևի կտավը։ Եվ շրջեց դեպի ինձ։ Ես նայեցի։ Ու առաջին անգամ հասկացա, թե ինչու էր հայրս պապիս նկարները անվանում խելագարություն։ Բայց ես դեռ չգիտեի, որ այդ կտավը ոչ թե պարզապես նկար էր։ Այն իմ մասին էր։ Կտավում մի տղա էր, լիովին սև, առանց դեմք, իր շուրջ բոլորը ծանոթ պաստառներ էր, այդ տղան նստած էր մի վանդակի մեջ, որի չորս կողմը պաստառ էր:
-Ինչ հիմարություն է, այս տղան դեմք չունի, ու ինչկ է կենդանու նման վանդակի մեջ, կամ վանդակը ինչի է պաստառապատված:
-Այս նկարն իրականում ամենախորն էր այն ամենից, ինչ երբևէ նկարել էր։ Նկարում պատկերված էր տղա:
«Տղայի դեմքը չկար, ինչքան հիմարություն է» մտածեցի ես։ Եվ հենց դա էր ամենակարևորը։
-Ես ստիպված չեմ նայել նրա աչքերին՝ հասկանալու համար, որ նա տխուր է։ Նրա զգացմունքը դեմքի վրա չէր։ Այն պատկերված էր գունով` սև գույնի մեջ, պատերի լռության, դատարկության և այն ծանր օդի մեջ, որը կարծես չէր թողնում նրան դուրս գալ։ Նա փակված էր վանդակի մեջ։ Բայց դա կենդանու վանդակ չէր։ Դա նրա տունն էր։ Այն տունը, որտեղ նա իրեն ամենաապահովն էր զգում։ Չորս պատեր, որոնք երբեք ոչ ոքի ներս չէին թողնում։ Չկար դուռ, չկար պատուհան, չկար որևէ ճանապարհ, որով ուրիշ մարդ կարող էր մտնել։ Սկզբում այդ պատերը նրան պաշտպանել էին։ Հետո՝ բաժանել աշխարհից։ Եվ վերջում դարձել էին վանդակ։ Պատերի վրա կախված էին պաստառներ։ Դրանք նրա միակ ընկերներն էին։ Նա նայում էր դրանց ժամերով և ինչ-որ բան էր երևակայում։ Յուրաքանչյուր նկար մի փոքրիկ աշխարհ էր, որտեղ նա կարող էր գնալ, երբ իրական աշխարհը չափազանց լուռ էր դառնում։ Բայց այդ աշխարհները նույնպես դատարկ էին։ Որովհետև նա միայն պատկերացնում էր։ Չէր կարող դիպչել դրանց, չէր կարող մտնել դրանց մեջ, չէր կարող փոխել այն, ինչ տեսնում էր։ Նա պարզապես նայում էր։ Ես երկար կանգնած էի ու նայում էի այդ տղային։ Քարացա։ Այդտեղ ես էի։ Ոչ թե պարզապես նման մեկը։ Ես էի։ «Սա ես եմ», մտածեցի ես։ Բայց ոչինչ չարեցի։ Միայն նայեցի նրան։ Չհասկացա՝ ինչպես էր նա կարողացել այդքան ճիշտ պատկերել ինձ։ Ինչպե՞ս էր կարողացել նկարել իմ կերպարը՝ նույնիսկ առանց դեմքիս։ Եվ այդ պահին առաջին անգամ մտածեցի. Գուցե նա ինձ չէր նկարել։ Գուցե նա ամբողջ ընթացքում պարզապես սպասում էր, որ ես գտնեմ իրեն։
Առավոտ էր: Ծնողներս եկել էին:
-Ինչպե՞ս անցավ օրը,— անսովոր հետաքրքրությամբ հարցրեց հայրս։
-Դե… ինչպես միշտ։ Սովորական։ Ամբողջ օրը հեռախոս եմ նայել, հետո պառկել ու քնել եմ։ Դրանից ավելի հանգիստ բան չես կարող պատկերացնել,—ասացի ես։ Բայց մտքումս բոլորովին ուրիշ բան էր։ Ամբողջ օրը զրուցել էի այդ տղայի հետ։ Այդքան խորիմաստություն, այդքան իմաստություն ես երբեք չէի հանդիպել։
Նրա խոսքերի մեջ ինչ-որ բան կար, որը ստիպում էր ինձ լռել ու լսել։ Նա ամեն ինչի մասին կարծիք ուներ, բայց երբեք չէր փորձում իր կարծիքը պարտադրել։ Որոշեցի ոչինչ չասել ծնողներիս։ Ես հստակ գիտեի՝ եթե պատմեի այդ տղայի մասին, նրանք կգնային արվեստանոց, ամեն ինչ կստուգեին և, ամենայն հավանականությամբ, նրան դուրս կհանեին այնտեղից։ Իսկ ես չէի ուզում, որ նա դադարեր գալ և նոր կտավներ ստեղծել։ Ես անհամբեր սպասում էի միայն մի բանի՝ երբ նրանք կգնան քնելու։ Որպեսզի նորից գնամ նրա մոտ։ Նորից նստեմ նրա կողքին։ Ու ժամերով խոսենք կյանքի, մարդկանց, միայնության ու փիլիսոփայության մասին: Նա այնքան բան գիտեր։ Եվ ամենատարօրինակն այն էր, թե որքան բնական էր նա նկարում իրեն շրջապատող աշխարհը։ Ես չէի հասկանում՝ ինչպես կարող էր մարդը այդքան մանրամասն նկատել այն ամենը, ինչ ես սովորաբար նույնիսկ չէի նկատում։ Այդ օրը ես մի բան էի նկատել։ Մի ծաղկաման։ Այն դրված էր փոքրիկ, կլոր սեղանի վրա։ Սեղանը մի փոքր թեքություն ուներ, և այդ թեքությունը կարծես ավելի հետաքրքիր էր դարձնում ամբողջ տեսարանը։ Ծաղկամանը մուգ կապույտ էր՝ վրան գեղեցիկ ծաղկային նախշերով։ Նրա կողքին երկու հին գիրք կար։ Մեկը կոշտ կազմով էր՝ մոխրագույնի և շագանակագույնի խառնուրդով, իսկ մյուսը՝ մուգ կարմիր՝ թեթև շագանակագույն երանգներով։ Երկուսն էլ հին էին։ Էջերը մաշված էին, կազմերը՝ մի փոքր վնասված, բայց հենց այդ մաշվածությունն էր ամբողջ տեսարանին տալիս մի ուրիշ գեղեցկություն։ Սեղանին նաև երկու խնձոր կար։ Իհարկե, իրական չէին։ Պապիկս էր պատրաստել։ Նա այնքան վարպետորեն էր պատրաստում դրանք, որ առաջին անգամ տեսնելիս ես նույնիսկ փորձել էի մեկը ուտել։ Բայց հենց բերանս էի մոտեցրել, հայրս ծիծաղելով ասաց.
-Դա արհեստական է։
Այդ օրվանից ամեն անգամ այդ խնձորները տեսնելիս հիշում էի այդ պահը։ Ծաղկամանի մեջ մայրս հաճախ գեղեցիկ ծաղիկներ էր դնում։ Եվ երբ ծաղիկները, գրքերը, խնձորներն ու ծաղկամանը միասին էին հայտնվում այդ փոքրիկ սեղանի վրա, ամբողջ տեսարանը դառնում էր ինչ-որ տարօրինակորեն գեղեցիկ բան։ Ես չգիտեի՝ ինչպես էր դա կոչվում։ Այդ մասին պետք էր հարցնել նրան։ Գիշերը վերջապես եկավ։ Ծնողներս գնացին քնելու։ Ես սպասեցի մի փոքր, հետո կամաց դուրս եկա սենյակից և գնացի դեպի արվեստանոց։ Դուռը բացելուն պես նկատեցի, որ ներսի լույսերը վառ են։ Ես ժպտացի։ Նա նորից եկել էր։ Վազեցի ներս ու գտա նրան իր սովորական տեղում՝ կտավի դիմաց։
-Բարև։ Ո՞նց ես,— հարցրեցի ես։ Նա շրջվեց ու ուրախ նայեց ինձ:
-Բարև։ Ո՞նց պետք է լինեմ։ Էլի եկել եմ կտավ նկարելու։
-Իսկ այսօր ի՞նչ ես նկարել։ Կարո՞ղ եմ տեսնել։
-Այո, իհարկե։ Նատյուրմորտ եմ նկարել։ Ուզո՞ւմ ես տեսնել։
-Նատյուրմո՞րտ։ Դա ի՞նչ է։ Նա նորից ժպտաց։
-Արի։ Կտեսնես ու կհասկանաս։
Ես մոտեցա կտավին։ Մի քանի վայրկյան պարզապես լուռ նայեցի։ Հետո աչքերս լայնացան։
-Չեմ հավատում…— բարձր ասացի ես։
Կտավի վրա այն էր։ Այն ամենը, ինչ ես տեսել էի այդ օրը։ Ծաղկամանը։ Երկու հին գրքերը։ Երկու խնձորները։ Ծաղիկները։ Նույն դասավորությունը։ Նույն լույսը։ Նույն մթնոլորտը։
-Դու կարդո՞ւմ ես իմ մտքերը,— հարցրի ես։— Ճիշտն ասա։ Եթե դու Վանգա ես կամ գուշակ ես, ասա։ Ես էլ քեզ հետ կատակ չեմ անի։ Խնդրում եմ, ասա։ Նա միանգամից սկսեց բարձր ծիծաղել։
-Ո՛չ։ Պարզապես, ինչպես և դու, ես էլ եմ սովորել տարբերել գեղեցիկը սովորականից։
Ես նորից նայեցի կտավին։
-Բայց… սովորական չէր։ Մի փոքր լռեցի։
-Վերջապես խոստովանում եմ։ Շատ-շատ գեղեցիկ էր։ Հետո մոտեցա կտավին։ Այնքան բնական էր նկարված, որ մի պահ մոռացա՝ դիմացս կտավ է։ Հատկապես խնձորները։ Երբ դրանք տեսա, միանգամից հիշեցի այն օրը, երբ փորձել էի կտրել դրանցից մեկը, իսկ հայրս չթողեց։
-Դու պարզապես հանճար ես,— ասացի ես։ Նա միայն ժպտաց։
Այդ գիշեր մենք կրկին երկար խոսեցինք։ Կյանքի մասին։ Մարդկանց մասին։ Գեղեցկության մասին։ Եվ այն մասին, թե ինչու երբեմն մարդը կարող է ժամերով նայել մի սովորական սեղանի վրա դրված մի քանի իրերի և հանկարծ հասկանալ, որ դրանց մեջ մի ամբողջ աշխարհ կա։ Մենք խոսեցինք մինչև գիշերվա կեսը։ Իսկ ես դեռ չէի հասկանում մի բան։ Ինչպե՞ս էր նա կարողացել նկարել մի բան, որը ես ամբողջ օրը տեսել էի, բայց նրան երբեք չէի պատմել։ Նա գիտեր իմ մասին ամեն ինչ։ Ես նրան պատմել էի այն ամենը, ինչ ապրել էի մինչև տասնյոթ տարեկանս։ Պատմել էի մանկությանս մասին, պատանեկությանս, ծնողներիս հետ ունեցած հարաբերությունների, ընկերներիս, վախերիս ու այն բաների մասին, որոնք սովորաբար ոչ մեկին չէի պատմում։ Նա երբեք չէր շտապում պատասխանել։ Սկզբում լսում էր։ Հետո մի քանի բառ էր ասում։ Եվ այդ մի քանի բառը երբեմն ավելի շատ բան էր ասում, քան ուրիշների երկար խոսակցությունները։ Նա ինձ խորհուրդներ էր տալիս, պատմում հոգեբանական երևույթների մասին, բացատրում մարդկանց վարքագիծը։ Երբեմն ընդամենը երկու-երեք սովորական հարց էր տալիս և կարծես միանգամից հասկանում էր, թե ես ինչպիսի մարդ եմ։ Ես պարզապես զարմանում էի։ Եվ օր օրի ավելի էի կապվում նրա հետ։ Ինձ դուր էր գալիս ոչ միայն նրա գիտելիքը, այլև նրա բնավորությունը։ Նրա հանգստությունը։ Նրա՝ մարդկանց հասկանալու կարողությունը։ Այն, թե ինչպես էր նա խոսում ինձ հետ՝ առանց երբևէ ծիծաղելու իմ թուլությունների վրա։ Ես միշտ մտածել էի, որ այնքան էլ լավ ընկեր չեմ։ Գուցե հենց դրա համար մարդիկ ինձ հետ չէին շփվում։ Մտածում էի, որ շատ բան չգիտեմ։ Թեև մարդիկ անընդհատ ասում էին, որ ես խելացի եմ, տաղանդավոր եմ, ինչ-որ բաների մեջ առանձնահատուկ եմ։ Ես երբեք ամբողջությամբ չէի հավատացել նրանց։ Բայց նա ինձ հակառակը համոզեց: Եվ առաջին անգամ ես սկսեցի մտածել, որ գուցե խնդիրն իսկապես իմ մեջ չէր։ Մենք դեռ երկար էինք շփվում։ Բայց կար մի տարօրինակ բան։ Ես նույնիսկ նրա անունը չգիտեի։ Եվ նա իմ անունը նույնպես չգիտեր։ Հիմա, երբ մտածում եմ դրա մասին, դա նույնիսկ տարօրինակ չէ։ Ես երբեք նրան անունով չէի դիմում։ Երևի ինչ-որ ներքին զգացողությամբ խուսափում էի դրանից, կարծես նրա անունը իմանալը ինչ-որ բան կփոխեր։ Իսկ նա, երբ ուզում էր ինձ ինչ-որ բան հարցնել, պարզապես թեթև դիպչում էր ուսիս կամ ձեռքին։ Ես արդեն հասկանում էի։ Նա ուզում էր խոսել։ Այդպես անցնում էին մեր օրերը։ Մինչև եկավ հերթական երկուշաբթին։ Դպրոց գնալուց առաջ ես կանչեցի իմ ընկերոջը։ Դասարանում նա միակ մարդն էր, ում կարող էի իսկապես ընկեր անվանել։
-Լսիր, քեզ մի բան եմ ասում, բայց հանկարծ ոչ մեկին չասես։ Բացառապես ծնողներիս։ Հասկացա՞ր։
Նա նայեց ինձ։
-Իհարկե չեմ ասի։ Ի՞նչ է եղել։
-Արի։ Քեզ մի բան պետք է ցույց տամ։
Մենք արագ շարժվեցինք դեպի մեր հին տունը։ Դեպի արվեստանոց։ Մի քանի րոպե անց կանգնած էինք դրա դիմաց։ Ես մատնացույց արեցի շենքը։
-Տեսնո՞ւմ ես այս արվեստանոցը։
-Այո՛։ Մի րոպե… ի՞նչ է պատահել։
-Դու այստեղ գեղեցիկ գույներ չե՞ս տեսնում։ Նկարներ։ Կտավներ։ Նա երկար նայեց շենքին։
-Ո՛չ։ Հին արվեստանոց է։ Ի՞նչ գույներ։ Անձրևը կարծես ամբողջ գեղեցկությունը լվացել-տարել է այստեղից։
Ես չհասկացա։
-Լո՞ւրջ ես խոսում։
-Այո՛։ Ինչո՞ւ պիտի խաբեմ քեզ։
-Ի՞նչ է… դու չե՞ս տեսնում։ Նա նորից նայեց ինձ։
-Չէ։ Բայց ի՞նչ է պատահել քեզ։ Դու ահավոր տարօրինակ ես պահում քեզ։ Ես լռեցի։
-Ես էլ չգիտեմ,— վերջապես ասացի ես։— Ես դեռ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ։
Նա մոտեցավ ինձ։
-Լավ, հանգստացի՛ր։ Ի՞նչ ես ուզում ասել։ Ասա։ Ես խորը շունչ քաշեցի։
-Ամեն գիշեր այստեղ գալիս է մի մարդ։
-Մա՞րդ։
-Տղա։ Նա արվեստագետ է։ Նկարիչ։ Ես նրա հետ ընկերություն եմ անում։ Նա հրաշալի կտավներ է նկարում։
Ընկերս մի քանի վայրկյան լուռ նայեց ինձ։
-Արի, ներս մտնենք։ Մի քանի կտավ ցույց կտամ։ Քանի դեռ դպրոցից չենք ուշացել։
Մենք ներս մտանք։ Եվ կանգ առանք։ Դատարկություն։ Ոչ մի կտավ։ Ոչ մի նկար։ Ոչ մի նոր վրձին։ Ոչ մի թարմ ներկի հոտ։ Ոչինչ։
Ես մի քանի վայրկյան պարզապես կանգնած էի՝ չհասկանալով, թե ինչ եմ տեսնում։
-Մի րոպե…
Հայրս բոլոր կտավները վաղուց տարել էր ու դրել տան մյուս հատվածում։ Բայց ես երեկ գիշեր այստեղ էի տեսել դրանք։ Ես տեսել էի՝ ինչպես էր նա նկարում։ Տեսել էի՝ ինչպես էր նոր կտավները կախում պատերից։ Ես խոսել էի նրա հետ։ Ժամերով։ Ինչպե՞ս կարող էր հիմա այստեղ ոչինչ չլինել։ Ես մոտեցա սեղանին։ Փոշի։ Վրձինների վրա՝ փոշի։ Կտավների վրա՝ փոշի։ Սեղանների վրա՝ հաստ, անշարժ փոշի։ Կարծես այստեղ ոչ ոք ամիսներով չէր մտել։ Բայց ես երեկ այստեղ էի։ Ես հաստատ այստեղ էի։ Նույնիսկ հիշում էի, թե որտեղ էր նա նստած։ Հիշում էի նրա ձայնը, հիշում էի նրա ծիծաղը, հիշում էի կտավները։ Բայց հիմա այդ ամենից ոչինչ չկար։ Արվեստանոցում նույնիսկ մարդու ներկայության զգացում չկար։ Ընկերս բռնեց ձեռքս։
-Դու երևի քեզ վատ ես զգում։ Արի տուն գնանք։ Ես ոչինչ չպատասխանեցի։
-Այսօր դպրոց չգնա։ Գնա հանգստացի՛ր։
-Լավ… լավ,— մրմնջացի ես։
Մենք դուրս եկանք։ Ես ամբողջ օրը միայն մեկ բանի մասին էի մտածում։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Ո՞վ էր այդ տղան։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս էր նա կարողացել գոյություն ունենալ մի վայրում, որտեղ, կարծես, ոչ ոք վաղուց չէր մտել։ Գուցե նա իսկապես ինչ-որ գուշակ էր։ Գուցե ինձ խաբել էր։ Գուցե ամբողջը պարզապես իմ երևակայությունն էր։ Բայց մի բան հաստատ գիտեի։ Ես պետք է նորից վերադառնայի։ Պետք է հասկանայի այդ ամենի գաղտնիքը։ Եվ վերջապես գիշերը եկավ։ Ես նստած էի անկողնուս վրա՝ նայելով ժամացույցին։ Սլաքները դանդաղ շարժվում էին։ Ես սպասում էի։ Ամեն րոպեն մի ամբողջ ժամ էր թվում։ Մինչև վերջապես… Ժամը հասավ։ Ես վեր կացա։ Դուռը կամաց բացեցի։ Եվ նորից գնացի դեպի արվեստանոց։ Այս անգամ՝ ոչ թե նրա հետ խոսելու։ Այս անգամ ես ուզում էի հասկանալ, թե ով էր նա իրականում։ Հենց գիշերը պատեց երկինքը, տղան վազելով գնաց դեպի նույն արհեստանոցը։ Նա միանգամից բացեց դուռն ու ներս մտավ։ Նույն լույսը, նույն սեղանը, նույն կտավը։ Եվ նույն տղան՝ նույն դիրքով նստած կտավի դիմաց։
-Բարև,— շնչակտուր ասաց տղան։
-Ի՞նչ է պատահել,— առաջին հայացքից հանգիստ հարցրեց դիմացինը։
-Ես այսօր եկա… ու դու այստեղ չէիր։
-Գիտեմ,— շատ հանգիստ պատասխանեց նա։ Տղան մի պահ լռեց։
-Դու այստեղ չես ապրում։
-Ոչ։
-Դու այստեղից չես։
-Ոչ։
-Ուրեմն… դու որտեղի՞ց ես։
Դիմացինը նայեց ուղիղ նրա աչքերի մեջ։
-Ես քեզանից եմ։ Նա սկսեց ծիծաղել։
-Ես լուրջ եմ հարցնում։
-Իսկ ես լուրջ եմ պատասխանում։ Ծիծաղը դանդաղ մարեց։
-Լավ։ Ասա՝ դու ո՞վ ես։
-Դու այդ հարցը շատ ես սիրում տալ, գիտե՞ս։
-Պատասխանիր։ Արագ։ Մինչև ծնողներիս չկանչեմ։ Տղան մի պահ լռեց։
-Լավ։ Լսիր։
Նա շրջվեց դեպի կտավը։
-Հիշո՞ւմ ես այն տունը, որը քեզ խնդրեցի պատկերացնել։
Տղան սկզբում ձևացրեց, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Բայց հիշում էր։ Շատ լավ էր հիշում։
-Երբ քեզ խնդրեցի նկարագրել այդ տունը, դու միանգամից ասացիք… Երկուսն էլ միաժամանակ արտասանեցին.
-«Ես չեմ կարող նկարել», — երկուսով հավասար պատասխանեցին։ Տղան նայեց նրան։
-Այո՛։ Ես չեմ կարող նկարել։
-Բայց դու կարողացար պատկերացնել այդ տունը։ Մեծ տուն էր։
Երկհարկանի։ Ուներ դռներ, պատուհաններ։ Ներսում նույնիսկ սովորական մի սեղան կար։ Դու ամեն ինչ տեսնում էիր։
-Դա երևակայություն էր։
-Իսկ ի՞նչ ես կարծում՝ նկարիչը որտեղի՞ց է սկսում։ Տղան լռեց։
-Նա նախ տեսնում է այն, ինչ դեռ գոյություն չունի։ Սենյակում մի քանի վայրկյան բացարձակ լռություն տիրեց։
-Հիշո՞ւմ ես,— շարունակեց նա,— ամեն անգամ, երբ ես նոր կտավ էի նկարում, դու ասում էիր. «Ես կարծես սա արդեն տեսել եմ։ Ինչ-որ տեղ»։
-Այո՛։ Հիշում եմ։
-Իսկ այն նկարը, որը մի անգամ քեզ ցույց տվեցի։ Դու այն նույնպես ճանաչեցիր։
-Այո՛… բայց ի՞նչ կապ ունի սա։ Նա դանդաղ շրջվեց դեպի տղան։
-Ամեն ինչ կապ ունի։ Տղայի դեմքը փոխվեց։
-Մի րոպե… Դու ուզում ես ասել…
Նա չկարողացավ ավարտել նախադասությունը։
-Որ ես դու՞ եմ։ Դիմացինը գլխով արեց։
-Ոչ։
Տղան թեթևացած շունչ քաշեց։
-Գիտեի, որ անհնար է։
-Ես չեմ ասել, որ դու ես ինձ։ Տղան նորից շփոթվեց։
-Ուրեմն ի՞նչ ես ասում։
-Ես քո երևակայությունն եմ։ Տղան քարացավ։
-Չէ՛…
-Դու ինձ ստեղծել ես։
-Չէ՛, դա հնարավոր չէ։
-Բայց դու ինձ տեսնում ես։
-Որովհետև դու իրական ես։
-Իսկ ո՞վ է ասել, որ երևակայած բաները իրական չեն թվում։
Տղան հետ քաշվեց։ Նա նայեց սենյակին։ Նույն լույսը։ Նույն պատերը։ Նույն կտավները։ Հանկարծ ամեն ինչ սկսեց տարօրինակ թվալ։
-Սպասիր… Եթե դու իմ երևակայությունն ես, ապա այս բոլոր կտավները…
-Քոնն են։
-Ո՛չ։
-Քոնն են։
-Ես չեմ նկարել դրանք։
-Դու չես հիշում, որ նկարել ես։
-Ես ընդհանրապես նկարել չգիտեմ։ Դիմացինը ժպտաց։
-Դու միշտ նույն բանն ես ասում։
-Որովհետև դա ճիշտ է։
-Ո՛չ։ Դու պարզապես այդպես ես հավատացել։ Տղան նայեց իր ձեռքերին։
-Բայց եթե ես դրանք չեմ նկարել…
-Դու նկարել ես։
-Ինչպե՞ս։
-Քո երևակայությամբ։ Տղան ոչինչ չէր ասում։
-Դու ամբողջ ընթացքում նկարել ես,— շարունակեց նա։— Պարզապես ոչ թղթի վրա։ Քո գլխում։
Նա մոտեցավ սեղանին և վերցրեց մի դատարկ ալբոմ։
-Իսկ երբ ինչ-որ մեկը քեզ հարցնում էր՝ «Ինչո՞ւ չես նկարում», դու միշտ նույն պատասխանն էիր տալիս։
-«Ես տաղանդ չունեմ»։
-Հենց դա էր քո ամենամեծ սխալը։ Տղան նայեց նրան։
-Դու կարծում ես, որ եթե մարդը միանգամից Այվազովսկու կամ Պիկասոյի նման չի նկարում, ուրեմն չպե՞տք է փորձի:
-Ես պարզապես…-
-Ո՛չ։ Լսիր։
Նրա ձայնը դեռ հանգիստ էր, բայց այժմ ավելի հաստատուն։
-Ոչ ոք միանգամից հրաշալի նկարիչ չի դառնում։ Ոչ ոք միանգամից հրաշալի երգիչ կամ պարող չի դառնում։ Մարդը սովորում է սխալներից։
Նա մատով թեթև հարվածեց ալբոմին։
-Եթե մեկը սխալ գույն է օգտագործում, հաջորդ անգամ սովորում է՝ որքան օգտագործել։
Մեկ հարված էլ։
-Եթե մեկը սխալ շարժում է անում ու ընկնում, հաջորդ անգամ սովորում է՝ ինչպես դնել ոտքը։
Նա ալբոմը մեկնեց տղային։
-Իսկ դու ի՞նչ ես անում։
Տղան ոչինչ չպատասխանեց։
-Դու նույնիսկ չես փորձում։ Տղան նայեց ալբոմին։
-Այդքան ալբոմ ես գցել աղբը, որովհետև կարծում էիր՝ դրանց մեջ ոչինչ չկա։ Բայց այնտեղ հենց այն բանն էր, ինչ ամբողջ կյանքում փնտրում էիր։
-Ի՞նչ։
Դիմացինը նայեց նրա աչքերին։
-Քո տաղանդը։
Տղան դանդաղ բացեց ալբոմը։ Դատարկ էջ։ Նա վերցրեց մատիտը։ Ձեռքը դողում էր։
-Իսկ եթե չստացվի՞։ Դիմացինը ժպտաց։
-Այդ դեպքում առաջին անգամ կսխալվես։
-Իսկ հետո՞։
-Հետո նորից կփորձես։
Տղան երկար նայեց դատարկ էջին։ Առաջին անգամ նրա առաջ դատարկ թուղթ չէր։ Այնտեղ մի ամբողջ աշխարհ էր։ Ու այդ աշխարհը միայն իրեն էր սպասում։
«Մի փորձիր նկարել այն, ինչ տեսնում ես։ Նկարիր այն, ինչ ուրիշները չեն տեսնում»։

More Stories
Կրթության իրական նպատակը գիտելիք փոխանցելն է թե՞ կյանքին պատրաստ անհատ ձևավորելը
Արվեստը՝ բաց հարց
Արհեստական բանականությունը և կրթության ապագան. ճգնաժամային մարտահրավերներից մինչև ռազմավարական տրանսֆորմացիա