Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դատապարտում է Երուսաղեմի Հայկական թաղամասի ապօրինի զավթմանն ուղված գործողությունները.

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը՝ Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ

26 նոյեմբերի 2023թ., Հայաստան

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է Իսրայելի հանդեպ Համասի իրականացրած ահաբեկչության ակտը և դրան հետևած՝ Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի բնակելի թաղամասերի հումանիտար պաշարման և ոչ-ընտրողաբար ռմբահարումները։ Երկուստեք գործողությունների հետևանքով սպանվել են հազարավոր իսրայելցի և պաղեստինցի խաղաղ բնակիչներ։ Տարածաշրջանում առաջացել է ծայրահեղ հումանիտար ճգնաժամ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում երկու ժողովուրդներին՝ խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

Միաժամանակ, ծավալվող պատերազմը չպետք է քողածածկույթ դառնա Իսրայելի իրավապահ մարմինների և պետական աջակցություն վայելող ընկերությունների ապօրինությունների համար, որոնք իրականացվում են Երուսաղեմի հայ համայնքի դեմ։ Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, ինչ ականատեսն ենք Երուսաղեմի 1700-ամյա Հայկական թաղամասի, հայ համայնքի և Հայոց պատրիարքարանի նկատմամբ իրականացվող անթույլատրելի ճնշումների և ապօրինի գործողությունների։

Մենք դատապարտում ենք իսրայելական ոստիկանության և զինված ուժերի անօրինական և անհիմն գործողությունները՝ Երուսաղեմի Հին քաղաքի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին պատկանող հողերում ու տարածքներում։ Այդ գործողությունները, Իսրայելի իշխանությունների ուղղակի հովանավորությունն ունեցող «Xana Capital» ընկերությունը հիմնավորում է Երուսաղեմի Հայոց թաղամասի, «Կովերու պարտեզ» կոչվող տարածքի հանդեպ կասկածելի և մութ եղանակով ձեռք բերված 99-ամյա վարձակալության իրավունքի մի գործարքով, որը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը չեղարկել է՝ ապօրինի լինելու հիմքով։

Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին, այդ թվում՝ ոստիկանությանը և զինված ուժերին, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կոտնահարեն հայ համայնքի կրոնական, էթնիկ  և սեփականության իրավունքները, կխաթարեն կրոնական և էթնիկ դարավոր հավասարակշռությունը Երուսաղեմի Հին քաղաքում։

Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասի՝ հայ համայնքին և Հայոց պատրիարքարանին դարերով պատկանող «Կովերու պարտեզ» կոչվող տարածքի զավթմանն ուղղված գործողությունները։

Մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում այս դժվարին օրերին Երուսաղեմի Հին քաղաքում շուրջ 1700-ամյա հայկական ներկայության և ամբողջականության համար պայքարող հայ համայնքին։



Հակիրճ տեղեկություն ստեղծված իրավիճակի մասին.

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը, երկու տարի առաջ, 99 տարի ժամկետով, իսրայելական «Xana Capital» ընկերությանը վարձակալության էր հանձնել շուրջ 1700-ամյա Հայկական թաղամասի մի մասը (25%)՝ «Կովերու պարտեզ» անունով։ Այս տարածքը գտնվում է Սիոն լեռան վրա։ Սա Երուսաղեմի Հին քաղաքի ամենաբարձր կետն է։ Տվյալ տարածքում գտնվում են 5 հայ ընտանիքներին պատկանող տներ, հայկական կրթական կենտրոններ, ակումբներ և այլն։

Տեղի հայ համայնքը դեմ էր վարձակալության գործարքին, քանի որ գործարքը կատարվել էր գաղտնի՝ Հայոց պատրիարքարանի կանոնադրության դրույթների և գործող օրենքների խախտումներով։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայոց պատրիարքարանը օրեր առաջ միակողմանի չեղարկել է վարձակալության պայմանագիրը «Xana Capital» ընկերության հետ։

Ինչից հետո, ըստ էության, Իսրայելի իշխանությունների հովանավորությունն ունեցող «Xana Capital» ընկերության, ոստիկանության և զինված ուժերի ներկայացուցիչները մուտք են գործել հայ համայնքին և Պատրիարքարանին պատկանող այս տարածք և սկսել են ապօրինաբար քանդել պարիսպները, ասֆալտը և այլն։ Մի քանի հայ երիտասարդներ փորձել են խանգարել այս անօրինական գործողություններին և ձերբակալվել են։ Զինված ուժայինները պարբերաբար գնում-գալիս են Հայկական թաղամասի այս տարածք։

Փաստացի, իսրայելական իշխանությունների հովանավորությամբ, «Xana Capital» ընկերությունը ցանկանում է զավթել Հայոց թաղամասի 25%-ը։

Հայ համայնքի ներկայացուցիչները վրաններ են տեղադրել և պարեկություն են իրականացնում այս տարածքում, որպեսզի թույլ չտան Հայ համայնքին պատկանող տարածքի օկուպացիան։

Իսրայելում Ֆրանսիայի դեսպանատունը և Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիներն ու մի շարք այլ կազամկերպություններ արդեն հանդես են եկել «իսրայելական կողմի» անօրինական գործողությունները դատապարտող և հայ համայնքին ու Պատրիարքարանին աջակցող հայտարարություններով։

Իրավիճակը շարունակում է մնալ լարված և անորոշ։

Spread the love