“restART” արվեստի մրցանակաբաշխություն. Հայտերի ընդունման հրավեր։
«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է “restART” արվեստի մրցանակաբաշխության մեկնարկը։
“restART” արվեստի մրցանակաբաշխությունը Հայաստանի Հանրապետությունում արվեստի և մշակույթի բնագավառներում ստեղծագործողների, ժամանակակից արվեստագետների, քաղաքացիական ակտիվիստների և հանրային գործիչների համար է։
“restART” մրցանակաբաշխության նպատակն է՝
Խրախուսել և աջակցել Հայաստանի անկախ արվեստագետներին, նրանց ընձեռելով ինքնարտահայտվելու հետաքրքիր հնարավորություն՝ բարձրաձայնելու ՀՀ-ում 2018 թվականից մինչև 2023 թվականը ներառյալ առկա մարտահրավերները։
Մրցանակաբաշխությունը ստեղծելու է բաց, ազատ և ստեղծագործ տարածք, արվեստագետների նոր համայնք՝ համատեղ աշխատելու և համագործակցելու համար։ Ինչպես նաև, մրցանակաբաշխությունը նպաստելու է արվեստային աշխատանքների միջոցով խնդրահարույց հարցերի շուրջ բազմաբովանդակ երկխոսության ծավալմանը հայաստանյան հասարակության ամենատարբեր շերտերի միջև։
Այս մրցանակաբաշխությունը հիանալի հնարավորություն է հատկապես երիտասարդ արվեստագետների համար՝ ինքնարտահայտվելու, իրենց կողմից ստեղծած արվեստային աշխատանքները մեծ լսարաններին հասցնելու, հասանելի դարձնելու, ինչպես նաև՝ այլ ժամանակակից արվեստագետների հետ համագործակցություն սկսելու և նոր մշակութային փորձառություն ունենալու համար։
“restART” մրցանակաբաշխության ավարտից հետո «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ն ստեղծելու է արվեստագետների “restART” համահայաստանյան լաբորատորիան, որը զբաղվելու է Հայաստանում ժամանակակից արվեստի ուղղությունների զարգացմամբ և ժամանակակից արվեստի արտադրման աշխատանքներով։
“restART” արվեստի մրցանակաբաշխության շրջանակներում հրավիրում ենք հայաստանցի անկախ արվեստագետներին և արվեստային խմբերին աշխատանքներ ներկայացնելու հետևյալ անվանակարգերում`
● Տեքստ/գրականություն (արձակ, պոեզիա, հրապարակախոսություն)
● Վիզուալ արվեստ (գեղարվեստական ֆիլմ, վավերագրական ֆիլմ, անիմացիա, անիմացիոն ֆիլմ, լուսանկարչություն, վավերագրական լուսանկարչություն, կերպարվեստ, սթրիթ արտ, աբստրակցիա, ինստալյացիա/ներ, կոմիքս/ներ, ծաղրանկար/ներ)
● Պերֆորմանս (ակցիա, թատրոն)
● Երաժշտություն (երգ, երաժշտական համար)
*Նշված անվանակարգերում աշխատանքների ուղարկման մանրամասն ձևաչափերը և կոնտակտային տվյալները տեսնել հայտարարության վերջին հատվածում։
Ներկայացվող արվեստային աշխատանքները պետք է արծարծեն, բարձրաձայնեն և վեր հանեն (բայց չսահմանափակվեն) Հայաստանում, հայաստանյան հասարակությունում ներկայում առկա կարևոր և արդիական հարցեր և քաղաքական, սոցիալական խնդիրներ, ինչպիսիք են օրինակ՝
● Պատերազմ և խաղաղություն,
●Երիտասարդության վիճակը հայաստանյան կոնտեքստում, երիտասարդների անտեսված օրակարգը,
●Հայաստանում հասարակության սոցիալ-հոգեբանական խնդիրները, հետպատերազմյան, հետհեղափոխական, պոստ-պանդեմիայի պրիզմաներից,
●Հայաստանի Հանրապետության և իր հարևան պետությունների հարաբերությունների կարգավորման գործընթացները (Ադրբեջան, Թուրքիա),
● Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան. կոնֆլիկտների ազդեցությունը և հետևանքները տվյալ պետությունների հասարկությունների վրա,
●Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, ներկայիս մարտահրավերները,
●Հայաստանցիների և սփյուռքի հայերի ներկայիս փոխհարաբերությունները և միմյանց հասկանալու հարցերի դժվարությունները, դրանց պատճառները,
● ՀՀ-ում արվեստագետների և արվեստի բնագավառի պետական հաստատությունների դրությունը անցյալում և ներկայում,
●ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը 2018 թ․-ից մինչև այսօր, դրա ազդեցությունը հասարակության կյանքի տարբեր բնագավառների վրա,
● ՀՀ-ի Կրթության ընդհանուր համակարգի խնդիրները, (ներառյալ բուլինգը, բռնությունը, խոսքի ազատության սահմանափակումները կրթական հաստատություններում, կրթական հաստատությունների քաղաքականացվածությունը, կրթական հաստատությունների ընդհանուր վիճակը անցյալում և ներկայում, և այլն) կրթության որակը դպրոցներում և բուհերում.
● Էթնիկ, կրոնական, գենդերային, սեռական և գաղափարական փոքրամասնությունների կյանքը, իրավունքները և կենցաղը ՀՀ-ում 2018 թվականից ի վեր,
● Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի իրավունքները և ՀՀ-ում հետագա բնականոն կյանքի հարցերը՝ տեղի ունեցած հանցավոր էթնիկ զտումից հետո,
● ՀՀ-ում զինծառայողների իրավունքները և ՀՀ բանակի վիճակը ներկայում,
● Հայաստանում երիտասարդների քաղաքական և քաղաքացիական մասնակցության պասիվությունը, դրա պատճառները, նպաստող հանգամանքները
● Ռուսաստան․ բարեկա՞մ, թե՞ թշնամի։ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները 2018 թվականից սկսած,
●Մետամոդեռնիզմի, անցումային շրջափուլերի, մշակութային նոր ալիքների և թվային տեխնոլոգիաների «գալիք էպոխան»՝ հայստանյան կոնտեքստում, հայաստանյան հասարակության ադապտացիան համաշխարհային փոփոխություններին,
● Մարդ և Հայաստան փոխհարաբերություններ,
● Բռնության մշակույթը Հայաստանում․ դրա ազդեցությունը հասարակության վրա,
● Քրեական ենթամշակույթը Հայաստանում․ դրա ազդեցությունը հասարակության վրա,
● Ցանկացած այլ թեմա, որը ըստ հայտը ներկայացնողի՝ արվեստի միջոցով հստակորեն ներառում և արտացոլում է ներկայում Հայաստանում առկա սոցիալական, քաղաքական, ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական առկա խնդիրները, մարտահրավերները։
Աշխատանքները ուղարկելուց առաջ արվեստագետները պետք է հաշվի առնեն հետևյալ չափանիշները՝
1․ Աշխատանքները պետք է ստեղծված լինեն 2018 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում և պետք Է վերաբերվեն նշված ժամանակահատվածի իրողություններին։
2․ Աշխատանքները չպետք է հանդիսանան այնպիսի երևույթների խթանման և առաջխաղացման առարկա ինչպիսիք են՝ բռնության, ֆաշիզմի, ատելության, խտրականության կոչերն ու քարոզչությունը։
3․ Քաղաքական անկողմնակալություն. աշխատանքները չպետք է ունենան որևէ քաղաքական ուժի (կուսակցության) նկատմամբ հակվածություն կամ հակառակը։
4․ Աշխատանքները պետք է լինեն նորարարական և ինքնատիպ լուծումներով, գրագողության և այլոց հեղինակային իրավունքի խախտումներով աշխատանքները չեն դիտարկվելու։
5․ Աշխատանքները պետք է ունենան ուղեկցող տեքստային նկարագրություն (ծավալը՝ անսահմանափակ), որը պետք է բացատրի ներկայացվող աշխատանքը, արվեստի միջոցով կատարված մշակումը և հանդիսատեսի, դիտողի, լսողի համար նախատեսված ուղերձը՝ ընտրված թեմայի շրջանակներում:
6․ Աշխատանքները պետք է ներկայացնել սահմանված ժամկետների ընթացքում։ Ժամկետներից ուշ ուղարկված աշխատանքները չեն դիտարկվելու։
Աշխատանքները գնահատվելու են «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի կողմից ձևավորված անկախ մասնագիտական ժյուրիի կողմից։ Ժյուրիի կողմից ընտրվելու են սահմանված 4 անվանակարգերից լավագույն մեկական աշխատանքներ։ Ինչպես նաև սպասվում են խրախուսական մրցանակներ։ Ժյուրիի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է լինելու՝
● ստեղծված աշխատանքի արդիականությանը (արդի խնդրի ներկայացում), և ինքնատիպությանը,
● ստեղծված աշխատանքի ուղերձի հասանելիությանը, պարզությանը, ընկալելիությանը հասարակության տարբեր շերտերի համար,
● արվեստագետի քննադատական մտածողությանը և ընդգծված սեփական դիրքորոշմանը,
Ընտրված լավագույն աշխատանքները ցուցադրվելու են Երևանում և ՀՀ-ի 5 մարզերի մարզկենտրոններում։
Մրցանակները․
● Ներկայացված չորս անվանակարգերում՝ չորս լավագույն աշխատանքները կստանան “restART” մրցանակ, մրցանակը փաստող երկլեզու հավաստագիր, դրամական պարգև, հուշանվեր և ամենակարևորը՝ հնարավորություն հետագայում միանալու “restART” արվեստային լաբորատորիային։
● Նախատեսվում են նաև խրախուսական մրցանակներ․ մրցանակային առաջին տեղերը չզբաղեցրած, սակայն ինքնատիպ և նորարարական լուծումներով ներկայացված աշխատանքների հեղինակները կստանան երկլեզու հավաստագիր, հուշանվեր և հնարավորություն “restART” արվեստային լաբորատորիայում աշխատելու համար։
Աշխատանքների ուղարկման ձևաչափերը
Անվանակարգ 1։ Տեքստ/գրականություն (արձակ, պոեզիա, հրապարակախոսություն) անվանակարգի աշխատանքների ընդունման ձևաչափ․
«Տեքստ/գրականության (արձակ, պոեզիա, հրապարակախոսություն) անվանակարգի աշխատանքները պետք է ուղարկվեն pdf տարբերակով, 12 տառաչափ, տառատեսակ՝ Calibri. Աշխատանքները պետք է լինեն հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով և սրբագրված։
Անվանակարգ 2։ Վիզուալ արվեստ (գեղարվեստական ֆիլմ, վավերագրական ֆիլմ, անիմացիա, անիմացիոն ֆիլմ, լուսանկարչություն, վավերագրական լուսանկարչություն, կերպարվեստ, սթրիթ արտ, աբստրակցիա, ինստալյացիա/ներ, կոմիքս/ներ, ծաղրանկար/ներ) անվանակարգի աշխատանքների ընդունման ձևաչափ․
«Վիզուալ արվեստ» անվանակարգի աշխատանքները ընդունվում են երկու ձևաչափով։
Դրանք են՝
● Բարձր որակի լուսանկարներ (վավերագրական լուսանկարչություն, կերպարվեստ, սթրիթ արտ, աբստրակցիա, ինստալյացիա/ներ, կոմիքս/ներ, ծաղրանկար/ներ) – (ցանկալի է)՝ (3000×3000) JPEG տարբերակով։ Այս պատկերները պետք է ճշգրիտ ներկայացնեն բնօրինակի գույները, մանրամասները և օգտագործված նյութերը,
● Վիդեո նյութերի ուղարկման ձևաչափ. վիդեո նյութերը ուղարկել (ցանկալի է) MP4 ֆորմատով [1080p (1920×1080)]։ Ինչպես նաև վիդեոնյութերը կարող են ուղարկվել փակ հղումով, օրինակ՝ Յութուբից։
Անվանակարգ 3։ Պերֆորմանս անվանակարգի աշխատանքների ընդունման ձևաչափ.
Պերֆորմանսի, ակցիայի և թատրոնի անվանակարգի աշխատանքները պետք է ուղարկել վիդեո տարբերակով։ Վիդեո ֆայլը ուղարկել (ցանկալի է) MP4 ֆորմատով [1080p (1920×1080)]. այն պետք է հստակորեն ներկայացնի աշխատանքի կատարողականը լավագույն հնարավոր ձևով: Ինչպես նաև վիդոնյութերը կարող են ուղարկվել փակ հղումով, օրինակ՝ Յութուբից։ Եթե վիդեո տարբերակից բացի արվեստագետները անհրաժեշտություն են տեսնում ուղարկել նաև լուսանկարներ, ապա վերջիններս ցանկալի է ուղարկել՝ JPEG տարբերակով (3000×3000)։
Անվանակարգ 4։ Երաժշտություն անվանակարգի աշխատանքների ընդունման ձևաչափ․
Երաժշտություն անվանակարգի աշխատանքները ուղարկել աուդիո տարբերակով (WAV or MP3)։ Ինչպես նաև այս ոլորտի աշխատանքները կարող են ուղարկվել փակ հղումով, օրինակ՝ Յութուբից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցանակաբաշխությանը ներկայացվող բոլոր աշխատանքները, աշխատանքների տեքստային նկարագրությունը և կից ուղարկվող այլ ֆայլերը պետք է ուղարկել ստորև նշված էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով “restART” մրցանակաբաշխություն։
Էլ․ հասցե` rg.ngo.restartlab@gmail.com
Բոլոր հարցերի, առաջարկությունների և դիտարկումների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ստորև բերված կոնտակտային տվյալներով՝
Կազմակերպության հեռախոսահամար +374 95718191
Կազմակերպության ծրագրային մասով պատասխանատու անձի հեռախոսահամար +374 77253566, Անուշիկ Հովսեփյան
Կազմակերպության ծրագրային մասով պատասխանատու անձի էլ․հասցե՝ anushikhovsepyan.restartgyumri@gmail.com
Կազմակերպության ֆեյսբուքի էջ՝ https://cutt.ly/UwRsZWWi
Կազմակերպության ինստագրամի էջ՝ https://cutt.ly/qwRsZgDV
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ուշադրություն։ “restART” մրցանակաբաշխության ամփոփման փուլը և մրցանակների հանձնումը նախատեսվում է իրականացվել մինչև 2024թ․-ի ապրիլի 30-ը։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն ծրագիրը ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբեր ամսին և պետք է մեկնարկեր 2022 թվականի սեպտեմբեր ամսվա առաջին կեսին, սակայն, ՀՀ-ի սուվերեն տարածքների վրա ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայով պայմանավորված ծրագրի մեկնարկը ժամանակավոր հետաձգվել էր։ Սույն ծրագրի և մրցանակաբաշխության հեղինակային իրավունքները պատկանում են «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ին։
More Stories
Հոդվածների մրցույթ 2024
The Civil Society of Armenia condemns the actions aimed at the illegal occupation of the Armenian Quarter of Jerusalem.
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դատապարտում է Երուսաղեմի Հայկական թաղամասի ապօրինի զավթմանն ուղված գործողությունները.