
![]()
«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հայտարարում է կարճամետրաժ վիդեոաշխատանքների մրցույթ ՀՀ-ում բնակվող 16-30 տարեկան երիտասարդների համար։
Ունե՞ս գաղափար, տեսակետ, պատմություն կամ խնդիր, որի մասին ցանկանում ես, որ ավելի շատ մարդիկ խոսեն։ Վիդեոհոլովակների մրցույթը երիտասարդներին հնարավորություն է տալիս տեսանյութի միջոցով բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, ներկայացնելու գաղափարներն ու առաջարկները և խոսելու հասարակական, երիտասարդական, քաղաքացիական, մշակութային ու համայնքային արդիական թեմաների մասին։
Ովքե՞ր կարող են մասնակցել.
Մրցույթը բաց է 16–30 տարեկան Հայաստանի հանարապետությունում բնակվող երիտասարդների համար։ Հատկապես խրախուսվում է մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը։ Մասնակցել հնարավոր է ինչպես անհատապես, այնպես էլ փոքր ստեղծագործական խմբով։ Մասնագիտական տեսանկարահանման կամ մոնտաժի փորձ ունենալը պարտադիր չէ։ Առաջնային են գաղափարը, բովանդակությունը, ստեղծագործական մոտեցումը և այն ուղերձը, որը ցանկանում եք փոխանցել։
Թեմատիկ ուղղություններ.
Տեսանյութը կարող է անդրադառնալ, օրինակ՝
☑️ երիտասարդների մասնակցությանը կամ չմասնակցելուն հանրային և քաղաքական գործընթացներին,
☑️ կրթական համակարգի խնդիրներին և հնարավոր լուծումներին,
☑️ երիտասարդների և քաղաքականության փոխհարաբերությանը,
☑️ մշակութային և արվեստային ակտիվիզմին,
☑️ ապատեղեկատվության և մանիպուլյատիվ տեղեկատվության ազդեցությանը մարդկանց որոշումների ու հասարակության վրա,
☑️ ժողովրդավարական գործընթացներին և երիտասարդների մասնակցությանը Հայաստանում ու տարածաշրջանում,
☑️ մարդու իրավունքներին՝ հայաստանյան համատեքստում,
☑️ համայնքային խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին,
☑️ երիտասարդներին վերաբերող այլ հասարակական խնդիրների։
Թվարկված ուղղությունները չեն սահմանափակում ստեղծագործական ընտրությունը։ Կարող եք ներկայացնել նաև հասարակական, քաղաքացիական, երիտասարդական, մշակութային, համայնքային կամ այլ հարակից թեմայով աշխատանք, եթե այն համապատասխանում է մրցույթի ընդհանուր նպատակներին։
Մրցույթի նպատակներն են՝
խթանել երիտասարդների քաղաքացիական և հասարակական մասնակցությունը,
ստեղծել ազատ ինքնարտահայտման և հանրային խոսքի հարթակ,
խրախուսել մեդիայի և ստեղծագործական միջոցների օգտագործումը հասարակական խնդիրների բարձրաձայնման համար,
զարգացնել երիտասարդների ստեղծագործական մտածողությունն ու մեդիաարտադրության հմտությունները,
ավելի լսելի դարձնել հատկապես մարզաբնակ երիտասարդների ձայնը։
Ներկայացվող աշխատանքի պահանջները՝
✔️ տևողություն՝ 2–10 րոպե,
✔️ֆորմատ՝ MP4,
✔️ լեզու՝ հայերեն կամ պարտադիր հայերեն ենթագրերով,
✔️ աշխատանքը պետք է լինի ամբողջական և մոնտաժված,
✔️ տեսապատկերի և ձայնի որակը պետք է բավարար լինի դիտման համար։
Տեսանյութը կարող է նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ տեխնիկայով, այնպես էլ հեռախոսով։
Գնահատման ժամանակ առաջնային չի լինելու օգտագործված տեխնիկան։ Կարևորվելու են աշխատանքի գաղափարը, բովանդակությունը, ստեղծագործական լուծումը և հաղորդվող ուղերձը։
Տեսանյութին անհրաժեշտ է կցել մինչև 200 բառանոց նկարագրություն, որտեղ կներկայացվեն թեման, հիմնական գաղափարը, ստեղծագործական մոտեցումը և աշխատանքի գլխավոր ուղերձը։
Գնահատման չափանիշներ. Աշխատանքները կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
✔️ թեմայի արդիականություն և մրցույթի նպատակներին համապատասխանություն, ✔️գաղափարի հստակություն և ինքնատիպություն,
✔️ բովանդակային խորություն,
✔️ ստեղծագործական մոտեցում,
✔️ հաղորդվող ուղերձի ուժ և հասկանալիություն,
✔️ իրականացման ընդհանուր որակ։
Բովանդակային սահմանափակումներ. Աշխատանքը չպետք է պարունակի՝
ատելության խոսք,
խտրականություն կամ որևէ անձի կամ խմբի նկատմամբ թշնամանքի խթանում,
բռնության խրախուսում կամ արդարացում,
մարդու արժանապատվությունը կամ իրավունքները ոտնահարող բովանդակություն,
անօրինական գործողությունների խրախուսում։
Հեղինակային և պատկերի օգտագործման իրավունքներ.
Մասնակիցը պետք է երաշխավորի, որ տեսանյութում օգտագործված երաժշտությունը, լուսանկարները, տեսանյութերը, գրաֆիկական նյութերը և այլ ստեղծագործական տարրերը չեն խախտում երրորդ անձանց հեղինակային կամ այլ իրավունքները։
Մրցույթի արդյունքները.
Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան հայերեն և անգլերեն հավաստագրեր, ինչպես նաև մրցույթի շրջանակում նախատեսված նվերներ։ Ժյուրիի կողմից ընտրված վիդեոաշխատանքները կհրապարակվեն «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի հաղորդակցման հարթակներում։
Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. հոկտեմբերի 20-ը՝ ներառյալ։
Վերջնաժամկետից հետո ներկայացված աշխատանքները չեն դիտարկվի։
Ինչպե՞ս ներկայացնել աշխատանքը.
Աշխատանքը և կից նյութերը անհրաժեշտ է ուղարկել՝
rg.ngo.restartlab@gmail.com նամակի Subject դաշտում նշել՝ «Վիդեոաշխատանքների մրցույթ և Անուն Ազգանուն»։ Նամակում անհրաժեշտ է ներառել՝
✅ մասնակցի անունը և ազգանունը,
✅ տարիքը,
✅ բնակության համայնքը,
✅ կոնտակտային տվյալները,
✅ կարճ կենսագրական տեղեկություն,
✅ տեսանյութի կարճ նկարագրությունը։
Եթե ֆայլի ծավալը թույլ չի տալիս այն ուղարկել էլեկտրոնային փոստով, կարելի է կցել Google Drive կամ այլ ֆայլային հարթակի հասանելի հղում։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար՝ +374 95 718191, կամ նամակ գրել հետևյալ էլ. հասցեին՝ mpetrosyan.restartgyumri@gmail.com։
Քո գաղափարը կարող է դառնալ պատմություն, որը կտեսնեն և կլսեն ուրիշները։ Ստեղծի՛ր, պատմի՛ր և բարձրաձայնի՛ր այն, ինչը կարևոր է քեզ համար։

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության