Restart Gyumri Initiative Center NGO-ի “Երիտասարդների ակտիվացման և փորձի փոխանակման արշավ”-ի շրջանակներում մեր թիմի կողմից առանձնացված խնդիրներից մեկը Արթիկ քաղաքում երիտասարդական ժամանցի վայրերի բացակայությունն է։ Ավելի մանրամասն ներկայացնենք ստորև։
Այս խնդիրը երևի թե ամենահին խնդիրն է, որը առկա է արդեն տասնամյակներ, բայց դեռ լուծում չի ստացել։ Արթիկ քաղաքում իսպառ բացակայում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան երիտասարդական ժամանցի վայրերը։ Արթիկի երիտասարդները դասերից հետո պարզապես չունեն վայրեր, որտեղ կարող են հավաքվել, շփվել, հետաքրքիր ժամանակ անցկացնել և ինչու ոչ, նաև դաս անել։
Նման մի վայր փորձել ենք ստեղծել մենք ինքներս։ Արթիկի “Ուրախ Տնակ Երիտասարդական Խորհրդին” կից ստեղծել ենք փոքրիկ կինոստուդիա, որտեղ արթիկցիները իրենց դասարանցիների կամ ընտանիքների հետ կարող են գալ և դիտել իրենց ուզած ֆիլմըսիմվոլիկ գումարի դիմաց։ Կինոստուդիան տաք եղանակին լավ գործում էր, գրեթե ամեն օր դասարաններ էինք ընդունում, սակայն հիմա ջեռուցման բացակայության, ինչպես նաև միայն շատ փոքր զանգվածի ստուդիայի մասին իմանալու պատճառով գործունեությունը դադարեցված է։
Բայց իհարկե ակնհայտ է, որ մեկ փոքրիկ կինոստուդիան շատ քիչ է երիտասարդների ակտիվ հանգիստը ապահովելու համար։ Արթիկում չկան անգամ ժամանակակից սրճարաններ։
Մենք ժամանցի լավ վայր ենք համարում նաև լավ գրադարանը կամ գրախանութը, քանի որ մի լավ գիրք կարդալուց ավելի լավ հանգիստ դժվար է պատկերացնել։ Բայց ցավոք Արթիկում չկան գրախանութներ, իսկ գրադարանը չի տալիս հնարավորություն տեղում գիրքն ընթերցելու։
Արթիկի այգին արդեն հայտնի պատճառներով նույնպես չի կարող լինել երիտասարդների հանգստի ու ժամանցի վայր։
Գործարարների բիզնես ծրագրերը սահմանափակվում են միայն հերթական խանութով, որոնց քանակը 1 քառակուսի մետրի վրա արդեն չափից դուրս շատ է, կամ էլ հերթական ռեստորանը, որոնց քանակը նույնպես աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ոչ ոք չի փորձում մտածել երիտասարդների մասին, չեն տեսնում կամ ձևացնում են թե չէ տեսնում, որ երիտասարդները պարզապես զբաղվելու բան չունեն և այդ պատճառով դպրոցն ավարտելուց հետո համարյա բոլոր երիտասարդները տեղափոխվում են Գյումրի կամ Երևան, որտեղ գոնե հնարավոր է զգալ, որ դու դեռ երիտասարդ ես։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման