«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը։
– Տիկին Բաղդասարյան, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն այսօր հայտարարեց, որ որևէ մեկը չի արձանագրել՝ իր լիազորությունները դադարեցված են, պետք է լինի ՍԴ-ի համապատասխան նիստ, որտեղ էլ կարձանագրվի այդ ամենը։ Իրավական առումով ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու այս գործընթացը չպե՞տք է ապահովվի։
– ԱԺ գործառույթներն ավարտվում են այն պահին, երբ տեղի է ունենում քվեարկություն և դրան հաջորդող գործընթացում արդեն ԱԺ նախագահի կողմից պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են սահմանադրական փոփոխությունները։ Հաջորդ գործընթացներն արդեն ծավալում է ՍԴ աշխատակազմը, ՍԴ արդեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։ Փաստացի երբ հրապարակվում են սահմանադրական փոփոխությունները, ֆիքսվում է, որ տվյալ մարդկանց լիազորությունները Սահմանադրությունից բխող նորմերով, որոնք անմիջական են գործում, դադարեցվում են։ Արդեն իրավական առումով ինչպիսի արձանագրություններ կլինեն թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետև որևէ կերպ չի բխում ԱԺ-ի գործառույթներից։
– Պարզապես պնդում են, որ իրենց լիազորությունների դադարեցման մասին որևէ արձանագրություն չկա։ Տեսնում ենք, որ Արդարադատության նախարարը, ինչպես նաև վարչապետը ֆեյսբուքյան իրենց էջերում են գրել, որ տվյալ դատավորների լիազորությունները դադարեցված են, մինչդեռ համապատասխան արձանագրություն պետք է լինի։
– Փաստացիորեն Սահմանադրությունը երբ ուժի մեջ է մտնում, սահմանադրական նորմը սկսում է գործել։ Բայց համապատասխան գործառույթների առումով նաև պետք է Սահմանադրական դատարանի որոշակի աշխատակարգային որոշում կամ նման փաստաթուղթ, որը տրվում է ՍԴ նախագահի կողմից։ Այս պահի դրությամբ քանի որ նախագահի և փոխնախագահի լիազորությունները դադարեցված են, ՍԴ մասին օրենքով նախագահի լիազորությունները դրվում են տարիքով ավագ դատավորի վրա։ Բայց այս ամենը որևէ կերպ չի բխում ԱԺ-ի, վարչապետի կամ Արդարադատության նախարարի գործառույթներից։ Այսինքն զուտ օրենքի տեսանկյունից իրավական նորմը, որը սահմանում է այդ ամենը, սահմանադրությունը փաստացիորեն ուժի մեջ մտնում է , երբ սկսում է գործել։ Մնացածն արդեն աշխատանքային հարաբերությունների կարգավորող նորմեր են, որտեղ վարչապետը, ԱԺ նախագահը կամ նախարարն իրապես անելիք չունեն։ Համապատասխան արձանագրման մեջ կարող է նշվել, որ ենթադրենք ղեկավարվելով սահմանադրության 213-րդ հոդվածով և ՍԴ մասին համապատասխան հոդվածով, ՍԴ-ն ֆիքսում է՝ տվյալ դատավորների լիազորությունները դադարում են։
– Այսինքն ամեն դեպքում ՍԴ-ն պետք է կազմի արձանագրություն և այս դեպքում ևս այդ գործընթացը կլինի՞։
– Կարծում եմ՝ այո։ Նման գործընթաց պետք է լինի, որովհետև պետք է ֆիքսենք մեկ հանգամանք, որ այս պարագայում տեղերը թափուր մնալուց հետո արդեն առաջադրման գործընթացը կսկսվի։ Այսինքն տիկին Գյուլումյանի ասածը որքան էլ փորձեմ իրավականորեն մեկնաբանել, իրավունքի տեսանկյունից մենք այստեղ խնդիր չունենք։ Փաստացի 213-րդ հոդվածը, լինելով անցումային նորմ, նշված է , որ ուժի մեջ է մտնում հրապարակման երկրորդ օրը։ Նորմը որպես այդպիսին գործում է, իսկ մնացած գործառույթները որևէ կերպ չեն կարող բխել մեզանից։
– Խոսվում է նաև այն մասին, որ ՍԴ մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխությունները պետք է լինեին և հետո նոր սահմանադրական այս փոփոխությունները։ Ինչու՞ միաժամանակ չեն եղել այս երկու փոփոխությունները։
– Բոլոր մարդիկ, ովքեր նշում են, որ ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը չի փոփոխվել, ունեն սակավ իրավաբանական գիտելիքներ։ Երկրի մայր օրենքը չի կարող համապատասխանեցվել իրավական ավելի ցածր ուժ ունեցող օրենքների։ Երբ Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվում, սահմանվում է որոշակի ժամկետ, որի ընթացքում մնացյալ օրենսդրությունը համապատասխանեցվում է մայր օրենքին։ Այդպես եղավ նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ սահմանվեց միջանկյալ ժամանակ և ԱԺ կանոնակարգ օրենքը, ընտրական օրենսգիրքը, ՍԴ մասին օրենքը համապատասխանեցրին 2015թ.-ի ընդունած փոփոխություններին։ Այսինքն համապատասխանեցման ժամկետ կա և կարծում եմ, որ այդ ժամկետում ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը փոփոխության կենթարկվի։ Այսինքն մենք այստեղ պետք է նայենք իրավաբանական ինչ ուժ ունի տվյալ փաստաթուղթը։ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ Սահմանադրությունն ունի իրավաբանական բարձրագույն ուժ։ Այսինքն որևէ այլ նորմից չի կարող բխել, ավելին որևէ նորմ չի կարող մտնել հակասության մեջ։ Այստեղ պարզապես համապատասխանեցման հարց է, որի գործընթացները հաջորդական են։ Նախ փոխվում է Սահմանադրությունը, այնուհետև տեղի են ունենում համապատասխանություններ։
– Միջանկյալ ժամանակահատվածում, երբ օրենքները կհամապատասխանեցվեն մայր օրենքին, ՍԴ դատավորներն այդ շրջանում չպե՞տք է շարունակեն պաշտոնավարել։
– Ոչ, որովհետև սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն։ Այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու։ Պարզապես համապատասխանեցման ժամանակահատվածում կարծում եմ՝ թափուր տեղերի համար առաջադրումները չեն լինի, որովհետև նախագծում մեկ ամիս էր նշված, բայց փոփոխություն կատարվեց և մեկամսյա ժամկետը դարձավ երկամսյա։ Նախատեսված էր, որ համապատասխանեցումները կարգավորվեն, պետական մյուս ինստիտուտները ժամանկահատված ունենան իրենց թեկնածուներն առաջադրելու։
– Այդ դատավորների վարույթում գտնվող գործերի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք դատավորի լիազորությունները կասեցված են, իսկ երկուսն էլ արձակուրդում են։
– Արձակուրդը մշտական և անվերջ ձգվող ժամանակահատված չէ, այսինքն կարծում եմ, որ որևէ պարագայում մենք խնդիր չունենք ՍԴ-ի գործունեության և իր երաշխիքների հետ կապված, որովհետև այո՛, դադարեցվել են երեք անդամի լիազորությունները, բայց մենք ունենք արդեն 6 դատավոր և նրանք քվորումն ապահովում են։ Ավելին ասեմ, երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թափուր տեղերը կլրացվեն ըստ հաջորդականության և որևէ կազուսային խնդիր չեմ տեսնում, որը կկարողանա խոչընդոտել ՍԴ-ի բնականոն գործունեությանը կամ այս կազմով որևէ ճգնաժամ կստեղծի։ Ավելին, Վահե Գրիգորյանն այսօրվանից արդեն մասնակցում է ՍԴ-ի աշխատանքներին և կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չենք ունենա, որը ճգնաժամի կհանգեցնի։ ՍԴ-ի բնականոն գործունեությունը վտանգված չի լինի։
– Ի վերջո որ մարմինն է իրավասու նման փոփոխությունների վերաբերյալ վերջնական հայտարարությամբ հանդես գալու։
– Այս մասով հստակ պարզաբանում է տալիս Սահմանադրության անփոփոխելի հոդվածները։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է սահմանադիրը, իսկ սահմանադրի ներկայացուցիչն իշխանության երեք ճյուղերից միայն մեկում է՝ ԱԺ-ում։ Սա միանշանակ պատասխան է, որին որևէ մեկը չի կարող հակադարձել։ Այսինքն սահմանադիրը ժողովուրդն է և ԱԺ-ն ներկայացնում է ժողովրդի որպես հավաքական, ներկայացուցչական մարմին, որն օժտված է առաջնային մանդատով։
Աղբյուր` Փաստինֆո
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում