Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

5 հարց ու պատասխան Covid 19 եւ Stay Home հայկական հավելվածների մասին․

Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։

Այսօր Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում երկու հավելված է կիրառում: 

Covid 19 հավելվածը, որը կարող են գործածել բոլոր քաղաքացիները, հասանելի է Play Store-ում եւ App Store-ում: Երկրորդ հավելվածը, որը վերջերս գործարկվել է Play Store-ում, կոչվում է StayHome եւ նախատեսված է ինքնամեկուսացվածների, ոստիկանների եւ փրկարարների, ինչպես նաեւ օդանավակայանից մեկուսացման վայրեր ուղեկցողների համար:

Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրի շրջանակում զրուցել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի հետ՝ հավելվածների եւ դրանց առանձնահատկությունների մասին: 

1. Ո՞ր հավելվածով կարելի է օնլայն թեստ հանձնել եւ համավարակի մասին տեղեկատվություն ու վիճակագրություն ստանալ:

Covid 19 հավելվածը նախատեսված է բոլոր քաղաքացիների համար եւ թույլ է տալիս ախտանշանները ներկայացնող առցանց թեստ հանձնել: 

Եթե քաղաքացին թեստի արդյունքներով հայտնվի կարմիր գոտում, ապա համաճարակաբանները նրա հետ կապ կհաստատեն, հարցերի միջոցով կճշտեն, թե որքանով են ճիշտ գնահատված ախտանշանները, եւ եթե պարզվի, որ իրոք կան ախտանշաններ, կիրականացվի թեստավորում: 

Հավելվածի միջոցով նաեւ կարելի է ծանոթանալ բոլոր ցուցումներին, թե յուրաքանչյուր վայրում քաղաքացին իրեն ինչպես պետք է պահի, ինչ կանոնների հետեւի, որպեսզի հնարավորինս խուսափի վարակվելուց՝ տանը, գրասենյակում, դրսում եւ այլն:  

Ներկայացված են նաեւ օգտակար ցուցումներ. պարետի ընդունած վերջին որոշումները, վիճակագրություն՝ այդ թվում, վերջին օրվա վարակվածների, մահացածների, ապաքինվածների մասին թվեր, բժշկական հաստատությունների կոնտակտներ, ինչպես նաեւ նորություններ: Ժամանակին, երբ կար տեղաշարժման թերթիկ պահելու անհրաժեշտություն, հավելվածը հնարավորություն էր տալիս այդ թերթիկն առցանց լրացնել: 

2. Որքանո՞վ տարածված է այս հավելվածը:

Հավելվածը շուրջ 100 հազ. ներբեռնում է ունեցել՝ մարտից ի վեր: Հանձնած առցանց թեստերի թիվը գերազանցում է 250 հազարը, քանի որ մեկ հեռախոսով մի քանի թեստ է լրացվել: Արդյունքում, մեկ տասնյակից ավելի վարակակիրներ են հայտնաբերվել, թեստավորվել եւ համապատասխան բուժում ստացել:

3. Ի՞նչ խնդիր է լուծում Stay Home հավելվածը:

Stay Home հավելվածը կարող է կիրառվել տարբեր խմբերի կողմից՝ ինքնամեկուսացված անձինք, ոստիկաններ եւ փրկարարներ, օդանավակայանից տուն ուղեկցողներ: 

Հավելվածի միջոցով ինքնամեկուսացված անձը լուսանկարում է ինքն իրեն, հայտնում իր ինքնամեկուսացման վայրի մասին՝ կոորդինատների տեսքով: Այդ տվյալների շնորհիվ նա կցվում է 119 շրջաններից որեւէ մեկին եւ տեղակայման մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրում: Սա թույլ է տալիս որոշել,  արդյո՞ք տվյալ անձը լքել է ինքնամեկուսացման վայրը, թե ոչ: 

Այն նաեւ հեշտացնում է ոստիկանների եւ փրկարարների աշխատանքը, որոնք շրջայցեր են կատարում եւ հետեւում, որ ինքնամեկուսացված քաղաքացիները մնան տանը: Ունենալով իրենց տարածքում բնակվող ինքնամեկուսացված մարդկանց տեղադիրքի մասին տեղեկատվություն, այցելելով տարածք, նրանք զանգահարում են քաղաքացուն, եւ եթե վիզուալ կոնտակտի միջոցով պարզվում է, որ քաղաքացին իրոք տանն է, նրա բնակարան այցելություն չի կատարվում: Սրան զուգահեռ, հավելվածը նաեւ թույլ է տալիս վերահսկել ոստիկանների եւ փրկարարների աշխատանքը ու վստահ լինել, որ նրանք այցելում են բոլոր հասցեները: 

Հավելվածի թիրախում են նաեւ քաղաքացիներին մեկուսացման վայրեր ուղեկցողները: Երբ արտերկրից ժամանող քաղաքացիները օդանավակայանից վերադառնում են, պետության կողմից տեղափոխվում են ինքնամեկուսացման հասցեներ: Ուղեկցողը քաղաքացուն տանելով իր տան մոտ, նշում է նրա կոորդինատները, որպեսզի կարողանա առաջիկա տասնչորս օրերին իրականացնել վերահսկողություն: 

«Քանի որ վարակվածների ու ինքնամեկուսացվածների թիվն աճում է, անհրաժեշտություն է առաջանում թվային գործիքները կատարելագործել ու դարձնել իրավիճակին համահունչ: Այդ նպատակով էլ մշակվեց այս հավելվածը»,- նշում է Բագրատ Բադալյանը:   

«Բարեխիղճ քաղաքացին, որը պետք  է ինքնամեկուսանա տասնչորս օրով, օգնում է մեզ, որ իր տուն այլեւս չայցելենք եւ այդ ռեսուրսն ու էներգիան օգտագործենք  համավարակի դեմ պայքարում նմանատիպ կարեւոր այլ գործողություններ իրականացնելու համար»,- ընդգծում է նա:

Նրա խոսքով,  հավելվածի միջոցով տան կոորդինատներից բացի, որեւէ այլ տեղեկատվություն չի փոխանցվում:  

4. Ի՞նչպես ունենալ Stay Home հավելվածը:

Հավելվածը դեռ հասանելի է միայն Play Store-ում, սակայն առաջիկայում կհայտնվի նաեւ App Store-ում: Ներկայում մեկնարկել է հավելվածն ինքնամեկուսացվածների սմարթֆոններում տեղադրելու գործընթացը:  

5. Որքանո՞ վ են պաշտպանված այն քաղաքացիների անձնական տվյալները, որոնք կօգտվեն հավելվածներից: 

Բագրատ Բադալյանի խոսքով, այն, որ հավելվածները հաստատվել են Play Store-ի եւ App Store-ի կողմից, ապացուցում են, որ դրանք վստահելի են եւ անվտանգության հետ կապված խնդիր չունեն: 

Հավելվածները տեղադրված են «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի (ԷԿԵՆԳ) սերվերներում:

«Ինչպես քաղաքացիների մնացած բոլոր անձնական տվյալները, այդ թվում՝ առողջության պատմության էլեկտրոնային հարթակ, անձնագրային տվյալներ եւ այլն, հավելվածների միջոցով ստացվող տվյալները նույն մեխանիզմով են պաշտպանվում: Այնպես որ, հավելվածները պաշտպանված են եւ անվտանգության մասով խնդիրներ չեն առաջանա»,- հավաստիացնում է Բագրատ Բադալյանը:  

Հավելենք, որ օրենքի պահանջով, հավելվածների միջոցով հավաքագրված բոլոր տվյալներն արտակարգ դրության ավարտից հետո սահմանված կարգով պետք է ոչնչացվեն: 

Նարինե Դանեղյան

Spread the love