Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը, որի շրջանակներում օժանդակություն կստանան կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների պատճառով սոցիալական խնդիրների առջև կանգնած Հայաստանի քաղաքացիներին: «Արձանագրվել է, որ մոտավորապես 20 000 քաղաքացիներ կան, ովքեր կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք չեն գտել։ Մենք որոշում կայացրինք այդ քաղաքացիներին ցուցաբերել աջակցություն», – այսօրվա նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառման շահառու կարող են համարվել Հայաստանի քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:
Ինչպես տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ցանկում կան նաև բացառություններ, որոնք հիմնականում վերաբերում են վարկային կազմակերպություններին, գրավատներին և ապահովագրական ընկերություններին։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Աջակցությունից չեն կարող օգտվել նրանք՝
– ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը,
– ով 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
– 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
– ովքեր հանդիսացել են կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ (կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառում) որոշումով սահմանված միջոցառման շահառու։
Աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:
Վարչապետը նշեց, որ միջոցառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում շուրջ 70 000 աշխատատեղ փակվել է, և մայիսին դրանցից 50 000-ը վերաբացվել է։
Աղբյորը ՝ https://epress.am/
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում