Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից.

Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:

Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին:

Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»:

Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին:

Նշենք, որ ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:

jnews.ge

Spread the love