Համառոտագիր
Սույն հոդվածը նվիրված է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում ազգային ինքնության դիսկուրսի ուսումնասիրությանը։ Վեպը դիտարկվում է ոչ միայն որպես ազգային-ազատագրական գաղափարների գեղարվեստական արտահայտություն, այլև որպես ազգային ինքնության ճգնաժամի ախտորոշման և դրա հաղթահարման գաղափարական նախագիծ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե ինչպես է Աբովյանը ներկայացնում ազգային ինքնության ճգնաժամի սոցիալ-հոգեբանական պատճառները և ինչ գրական միջոցներով է ձևավորում ազգային ինքնագիտակցության վերականգնման ուղիները։
Հետազոտության ընթացքում կիրառվել են գրականագիտական, սոցիալ-մշակութային և հետգաղութային վերլուծության մեթոդները։ Տեսական հիմք են ծառայել Ֆրանց Ֆանոնի գաղութացված գիտակցության, Հոմի Բհաբհայի «Երրորդ տարածության», Բենեդիկտ Անդերսոնի ազգային ինքնության և Սվետլանա Տեր-Մինասովայի լեզվի ու մշակույթի փոխհարաբերության վերաբերյալ մոտեցումները։
Ուսումնասիրության արդյունքում ցույց է տրվում, որ Աբովյանը նախ բացահայտում է օտար տիրապետությունների հետևանքով ձևավորված վախի, հարմարվողականության և պատմական հիշողության խաթարման դրսևորումները, ապա առաջարկում է դրանց հաղթահարման ուղիները՝ լեզվական հեղափոխության, գրական թեմատիկայի վերափոխման և նոր տիպի ազգային անհատի՝ Աղասու կերպարի միջոցով։ Հոդվածում հիմնավորվում է, որ այս երեք ուղղությունները կազմում են ազգային ինքնության վերակառուցման միասնական համակարգ, որի միջոցով «Վերք Հայաստանի» վեպը ներկայանում է որպես ազգային ինքնագիտակցության ձևավորման և մշակութային վերազարթոնքի կարևորագույն գրական նախագիծ։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը հայ գրականության պատմության մեջ համարվում է ազգային նոր գրականության հիմնարար ստեղծագործություններից մեկը։ Այն ավանդաբար ուսումնասիրվել է որպես ազգային-ազատագրական պայքարի, ռոմանտիզմի և աշխարհաբար գրականության ձևավորման կարևորագույն դրսևորում։ Սակայն արդի գրականագիտական և հետգաղութային ուսումնասիրությունների շրջանակում վեպը կարող է դիտարկվել նաև որպես ազգային ինքնության ճգնաժամի, պատմական հիշողության խաթարման և օտար տիրապետությունների հետևանքով ձևավորված հոգեբանական վիճակների գեղարվեստական վերլուծություն։
XIX դարի առաջին կեսին հայ հասարակությունը գտնվում էր երկարատև քաղաքական, սոցիալական և մշակութային ճնշումների ազդեցության ներքո։ Այդ պայմաններում ձևավորվել էին վախի, հարմարվողականության, սեփական ուժի նկատմամբ անվստահության և սոցիալական մեկուսացման երևույթներ։ Աբովյանը «Վերք Հայաստանի» վեպում ոչ միայն արձանագրում է այս իրողությունները, այլև առաջարկում է դրանց հաղթահարման գաղափարական ճանապարհ՝ ազգային ինքնագիտակցության վերականգնման միջոցով։ Վեպում լեզվի, պատմական հիշողության, ժողովրդի կենցաղի և նոր տիպի հերոսի պատկերումը դառնում է ազգային ինքնության վերակառուցման միջոց։
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը բազմիցս դարձել է հայ գրականագետների ուսումնասիրության առարկա։ Վեպի պատմագրական, գաղափարական և գեղարվեստական առանձնահատկություններին իրենց աշխատություններում անդրադարձել են Պիոն Հակոբյանը, Հրանտ Թամրազյանը, Էդվարդ Ջրբաշյանը և այլ գրականագետներ։ Սակայն արդի գրականագիտական մոտեցումների և հետգաղութային տեսության կիրառման շրջանակում վեպը հնարավորություն է տալիս բացահայտելու ազգային ինքնության ճգնաժամի, պատմական հիշողության խաթարման և հոգեբանական վերափոխման այն գործընթացները, որոնք ձևավորվում են օտար տիրապետությունների ազդեցության պայմաններում։
Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ Աբովյանի ստեղծագործությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել, թե ինչպես է գրական տեքստը արձագանքում ազգային ինքնության ճգնաժամին և ինչպես է ձևավորում ինքնության վերականգնման նոր մեխանիզմներ։ Հետգաղութային տեսության տեսանկյունից վեպը բացահայտում է ոչ միայն արտաքին ճնշման հետևանքները, այլև դրա ներքին հոգեբանական ազդեցությունը՝ վախի, հնազանդության և ինքնամեկուսացման ձևերով։ Բացի այդ, այսօր, երբ աշխարհն արագորեն փոխվում է, իսկ մշակույթները ենթարկվում են գլոբալ ազդեցությունների, հայ հասարակությունը կրկին կանգնած է սեփական ինքնության պահպանման մարտահրավերների առջև։ Այս համատեքստում Աբովյանի երկի վերլուծությունը թույլ է տալիս քննության առնել ինքնապահպանման այն պատմական ու մշակութային փորձը, որը կարող է էական նշանակություն ունենալ նաև ժամանակակից ինքնության ճգնաժամերը հասկանալու և հաղթահարելու համար։
Հետազոտության նպատակն է ցույց տալ, թե ինչպես է Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի» վեպում ներկայացնում ազգային ինքնության ճգնաժամը և ինչ գեղարվեստական ու գաղափարական միջոցներով է կառուցում դրա հաղթահարման ուղիները։ Նպատակից ելնելով՝ առաջադրվում են հետևյալ խնդիրները․
- ուսումնասիրել վեպում ներկայացված ազգային ինքնության ճգնաժամի սոցիալ-հոգեբանական պատճառները,
- բացահայտել պատմական հիշողության և ազգային ինքնագիտակցության վերականգնման դերը Աբովյանի գեղարվեստական համակարգում,
- վերլուծել աշխարհաբարի կիրառությունը որպես լեզվական և ազգային ինքնության ձևավորման միջոց,
- ուսումնասիրել գրական թեմատիկայի փոփոխությունը՝ ժողովրդի կենցաղի, ընտանեկան հարաբերությունների և մարդկային զգացմունքների ներմուծումը գրականություն,
- քննել Աղասու կերպարը որպես նոր տիպի ազգային անհատի ձևավորում և բացահայտել անհատ–ամբոխ հակադրության միջոցով ներկայացվող ազգային հոգեբանական վիճակը։
Հետազոտության մեթոդաբանական հիմքը կազմում են գրականագիտական, սոցիալ-մշակութային և հետգաղութային վերլուծության մեթոդները։ Գաղութացված սուբյեկտի հոգեբանության և ներքին հնազանդության խնդիրների ուսումնասիրության համար կիրառվում են Ֆրանց Ֆանոնի տեսական դրույթները, իսկ ազգային ինքնության ձևավորման և մշակութային միջանկյալ տարածությունների վերլուծության համար՝ Հոմի Բհաբհայի «Երրորդ տարածության» հայեցակարգը։ Լեզվի և ազգային ինքնագիտակցության փոխհարաբերության ուսումնասիրության համար օգտագործվում են Բենեդիկտ Անդերսոնի և Սվետլանա Տեր-Մինասովայի տեսական մոտեցումները։
Հետազոտության գիտական նորույթը կայանում է նրանում, որ «Վերք Հայաստանի» վեպը դիտարկվում է ոչ միայն որպես ազգային-ազատագրական գաղափարների արտահայտություն, այլև որպես ազգային ինքնության վերակառուցման համակարգային նախագիծ։ Առաջարկվում է վեպի գաղափարական կառուցվածքը դիտարկել երեք հիմնական ուղղություններով՝ լեզվական հեղափոխություն, թեմատիկ վերափոխում և նոր տիպի ազգային անհատի ձևավորում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անհատ–ամբոխ հակադրությանը՝ որպես գաղութացված գիտակցության և ազգային ինքնագիտակցության բախման գեղարվեստական արտահայտության։
ԳԼՈՒԽ 1․ԳԱՂՈՒԹԱՅԻՆ «ԹՄՐՈՒԹՅԱՆ» ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» վեպը, ձևավորվելով 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմական իրադարձությունների համատեքստում, դուրս է գալիս զուտ պատմական պատումի սահմաններից՝ վերածվելով ազգային ինքնության ճգնաժամի գեղարվեստական ախտորոշման։ Վեպում Աբովյանը ոչ միայն ներկայացնում է արտաքին քաղաքական և սոցիալական իրադարձությունները, այլև բացահայտում է այն հոգեբանական հետևանքները, որոնք ձևավորվել էին երկարատև օտար տիրապետությունների պայմաններում։
Միաժամանակ «Վերք Հայաստանի» վեպը պետք է դիտարկել ոչ միայն որպես ազգային ինքնության ճգնաժամի արտացոլում, այլև որպես ազգային ինքնության նոր դիսկուրսի կառուցման փորձ։ Աբովյանի գրական ռազմավարության միջոցով այդ դիսկուրսը վերածվում է ինքնաճանաչման, հոգեբանական արթնացման և դեկոլոնիզացիոն գործընթացի։Այդ պատճառով իր «Հառաջաբանում» նա ազգային-ազատագրական և լուսավորչական առաքելության ստանձնումը զուգահեռում է Կրեսոսի համր որդու պատմական առասպելին , քանի որ այդ նպատակը իրականացնելը ուղղակիորեն հեշտ չէր եղել նրա համար: Ինչպես որդին, երեսուն տարի լուռ մնալուց հետո, հոր կյանքին սպառնացող վտանգի պահին հանկարծակի բացում է լեզուն և փրկում նրան, այնպես էլ Աբովյանի «մունջ լեզվի» բացվելը պատահական չէր․ այն հնարավոր դարձավ գրեթե երեսուն տարվա ընթացքում կուտակված գիտելիքի, մտավոր հասունացման և եվրոպական կրթության շնորհիվ։ Միայն այդ հիմքի վրա նա կարողացավ իր գրով և գրականությամբ ձևավորել ազգային ինքնության նոր դիսկուրս և այն ծառայեցնել ազգի հոգեբանական ու ազգային վերազարթոնքին։ Աբովյանի դեկոլոնիզացիոն ռազմավարությունը նախ սկսվում է ոչ թե արտաքին ուժի անմիջական մերժումից, այլ սեփական հասարակության ներքին վիճակի քննությունից։ Այս գործընթացը կարելի է մեկնաբանել Հոմի Բհաբհայի «Երրորդ տարածության» հայեցակարգի լույսի ներքո։ Թեև Աբովյանը չէր կարող ուղղակիորեն կիրառել հետգաղութային տեսության հասկացությունները, նրա «Վերք Հայաստանին» վեպում կերտվում է մի խորհրդանշական միջավայր, որը կարելի է դիտարկել որպես Երրորդ տարածության գրական դրսևորում։ Այդ տարածությունը չի նույնանում ո՛չ գաղութային ներկայի իրականության, ո՛չ էլ միայն անցյալի իդեալականացված պատմական հիշողության հետ, այլ ձևավորվում է դրանց միջև՝ որպես ազգային ինքնության վերաիմաստավորման հնարավորություն։
Այս տարածության կառուցման առաջին փուլը կարելի է բնութագրել որպես հոգեբանական «սառը ցնցում»՝ ազգային գիտակցության ախտորոշման գործընթաց։ Այս գործընթացը կարելի է մեկնաբանել Ֆրանց Ֆանոնի՝ գաղութացված սուբյեկտի հոգեբանության վերաբերյալ տեսության շրջանակում, որի համաձայն՝ երկարատև օտար տիրապետության պայմանները ոչ միայն ենթարկում են հասարակությանը արտաքին իշխանության ազդեցությանը, այլև ձևափոխում են նրա ինքնաընկալումը՝ առաջացնելով թերարժեքության զգացում, անհատական հարմարվողականություն և հավաքական ինքնագիտակցության թուլացում։
Այս տեսանկյունից Աբովյանը ախտորոշում է դարավոր օտար տիրապետության թողած առավել խորքային հետևանքներից մեկը՝ սոցիալական ատոմիզացիան, որի պայմաններում հավաքական պատասխանատվությունը փոխարինվում է անհատական գոյատևման ռազմավարությամբ, իսկ ազգային միասնությունը՝ ներքին անտարբերությամբ։ Այս հոգեբանական վիճակը վեպում արտահայտվում է այն դրվագներում, որտեղ վտանգի պահին հասարակական համախմբման փոխարեն գերիշխում է սեփական անձի փրկության ձգտումը։ Երբ սարդարի ֆարաշները գալիս են աղջկան տանելու, գյուղի տղամարդիկ չեն դիմում միասնական դիմադրության, այլ փորձում են հեռու մնալ վտանգից․ «Տղամարդկերանց որը որ վախլուկ էր, գլուխն առավ, կորավ. որը որ մի քիչ պինդ սիրտ ուներ, զարզանդելով, դողդողալով մոտ եկավ, չէ՛ թե օգնություն անի, չէ՛, այլ թե տեսնի, ի՞նչպես մարդիկ են եկողները…»:
Այս դրվագը ցույց է տալիս այն հոգեբանական վիճակը, որի մասին խոսում է Ֆանոնը․ երկարատև ճնշման պայմաններում անհատը աստիճանաբար անցնում է ոչ թե հավաքական գործողության, այլ անհատական գոյատևման ռազմավարության։ Հենց այս երևույթն է Աբովյանը խտացնում «ամեն մարդ իր գդակի տերն է» արտահայտությամբ, որտեղ ընդհանուր ազգային շահը դառնում է երկրորդական սեփական կենցաղային ապահովության և անձնական գոյատևման խնդիրների նկատմամբ: Սակայն Աբովյանի ախտորոշումը չի սահմանափակվում միայն վախի և անհատական գոյատևման դրսևորումների նկարագրությամբ։ Վեպում նա բացահայտում է նաև առավել խորքային մի երևույթ՝ երկարատև օտար տիրապետության պայմաններում անարդարության հետ համակերպվելու հոգեբանական վիճակը։ Բռնությունը աստիճանաբար դադարում է ընկալվել որպես բացառիկ իրավիճակ և վերածվում է առօրյա իրականության, որի նկատմամբ ձևավորվում է անզորության և հարմարվողականության դիրքորոշում։ Այս հոգեբանական վիճակը արտահայտվում է ժողովրդի իրավազուրկ և անպաշտպան գոյավիճակի նկարագրության մեջ․ «Դատաստան չկա՛, իրավունք չկա՛… Ո՛չ տունն էր իրանց, ո՛չ մալը, ո՛չ ապրանքը, ո՛չ ջանը, ո՛չ օղլուշաղը»։
Սակայն Աբովյանի դեկոլոնիզացիոն ռազմավարությունը չի սահմանափակվում ազգային ճգնաժամի ախտորոշմամբ։ Եթե նախորդ փուլում հեղինակը բացահայտում է գաղութացված գիտակցության հետևանքները՝ վախը, անհատական հարմարվողականությունը և անարդարության հետ համակերպումը, ապա հաջորդ փուլում նա փորձում է վերափոխել այդ գիտակցությունը՝ դիմելով հիշողության և ինքնընկալման վերակառուցման մեխանիզմներին։
Այս գործընթացում կարևոր դեր է կատարում «հայելային կառուցվածքի» հնարքը։ Աբովյանը բազմիցս դիմում է անցյալի հիշատակմանը՝ հակադրելով պատմական հերոսականությունը ներկայի բարոյահոգեբանական ճգնաժամին։ Անցյալը նրա համար ոչ թե պարզապես փառաբանվող ժամանակաշրջան է, այլ մի խորհրդանշական հայելի, որի միջոցով հասարակությունը ստիպված է տեսնել սեփական ներկա վիճակը և միաժամանակ վերագտնել կորցրած ներուժի գիտակցումը։
Այս հնարքը դրսևորվում է թե՛ «Հառաջաբանում», թե՛ վեպի տարբեր հատվածներում։ Աբովյանը հիշատակում է Հայկի, Վարդանի, Տրդատի, Գրիգոր Լուսավորչի և այլ պատմական կերպարների անունները՝ ընդգծելով ազգային շարունակականության գաղափարը․ «…Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ՝ քնած տեղս էլ ինձ ասում էին, որ եu իրա՛նց որդին եմ»։ Նմանատիպ հիշատակումները կրկնվում են նաև վեպի հետագա հատվածներում, որտեղ հեղինակը վերակենդանացնում է հայկական պատմական հիշողությունը՝ հիշատակելով Հայկին, Արա Գեղեցիկին, Տիգրանին, Վարդան Մամիկոնյանին և այլ ազգային կերպարների։
Սակայն Աբովյանի նպատակը անցյալի իդեալականացումը չէ։ Պատմական հիշողությունը նա վերածում է ներկայի վերափոխման գործիքի։ Այդ պատճառով անցյալի հերոսական կերպարները հանդես են գալիս որպես հակադրություն ներկայի անզորության նկատմամբ և միաժամանակ որպես հիշեցում այն արժեքների մասին, որոնք պետք է վերականգնվեն։
Այս հոգեբանական ազդեցության գագաթնակետը դրսևորվում է այն հատվածում, որտեղ Աբովյանը հայ ժողովրդի պատմական դիմադրողականությունը համեմատում է արտաքին աշխարհի փորձի հետ։ Նա գրում է, որ «լուսավորյալ, քրիստոնյա, խաչապաշտ եվրոպացիք» Ամերիկայի բնիկ ժողովուրդների նկատմամբ իրականացրել են ոչնչացման քաղաքականություն, մինչդեռ հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում պահպանել է իր գոյությունը՝ տարբեր տիրապետությունների պայմաններում։ Այս հակադրությամբ Աբովյանը ոչ միայն ցույց է տալիս հայ ժողովրդի տոկունությունը, այլև վերափոխում է նրա նկատմամբ ձևավորված թերարժեքության զգացումը՝ այն փոխարինելով պատմական արժանապատվության գիտակցությամբ։
Այդ պատճառով պատմական հիշողությանը հաջորդում է անմիջական կոչը։ Դիմելով ամբողջ ազգին՝ Աբովյանը գրում է․ «Դո՛ւք իրար պահեցե՛ք… դո՛ւք իրար թասիբ քաշեցե՛ք, ձեր Նախնիքը միտք բերե՛ք, ձեր հողն ու ազգը պաշտեցե՛ք»։ Այստեղ անցյալը այլևս պարզապես հիշողություն չէ, այլ վերածվում է գործողության հիմքի։ Աբովյանը փորձում է վերականգնել այն հավաքական պատասխանատվությունը, որը թուլացել էր երկարատև օտար տիրապետության հետևանքով։
Հայելային կառուցվածքի մյուս կարևոր դրսևորումը «դրսի հայելու» մեթոդն է։ Աբովյանը ներկայացնում է արտաքին՝ եվրոպական աշխարհի ընկալումը, որտեղ հայ ժողովրդին վերագրվում է «սիրտ չունենալու» կամ հոգևոր-հուզական խորությունից զուրկ լինելու թեզը, քանի որ հայոց դասական գրականությունը դիտարկվում էր միայն կրոնական կաղապարների մեջ։ Այս արտաքին հայացքը Աբովյանն օգտագործում է ոչ թե ինքնանվաստացման, այլ աշխարհաբարով «սրտի բաներ» ստեղծելու անհրաժեշտությունն ընդգծելու համար․ ժողովուրդը պետք է սեփական, կենդանի լեզվով ու գրականությամբ վերականգնի իր հուզական աշխարհն ու ինքնությունը՝ կոտրելով արտաքին աշխարհի ձևավորած աղավաղված պատկերը։ Այսպիսով, Աբովյանի դեկոլոնիզացիոն ռազմավարությունը կառուցվում է մի քանի փոխկապակցված փուլերի միջոցով․ նախ՝ ազգային ճգնաժամի և գաղութացված գիտակցության ախտորոշում, ապա՝ պատմական հիշողության, արտաքին հայացքի և ինքնարտահայտման միջոցով այդ գիտակցության վերափոխման փորձ։ Այս գործընթացում ձևավորվում է այն խորհրդանշական միջավայրը, որը կարելի է մեկնաբանել Հոմի Բհաբհայի «Երրորդ տարածության» գաղափարի շրջանակում։ Այն ձևավորվում է ոչ թե անցյալի պարզ վերականգնմամբ և ոչ էլ ներկա իրականության ընդունմամբ, այլ դրանց միջև ստեղծվող նոր իմաստային տարածքում, որտեղ հնարավոր է ազգային ինքնության վերակառուցումը։
Այս տեսանկյունից «Վերք Հայաստանին» վեպում կառուցվող Երրորդ տարածության հիմնասյուները դառնում են այն երեք գաղափարական ուղղությունները, որոնք Աբովյանը նախանշում է իր «Հառաջաբանում»՝ որպես ազգային վերածննդի հիմնական ուղիներ։ Դրանք կարելի է դիտարկել որպես նրա դիսկուրսի երեք փոխկապակցված «հեղափոխություններ», որոնց միջոցով հեղինակը փորձում է հաղթահարել ազգային հոգեբանական ճգնաժամը և ձևավորել նոր ինքնություն։ Այս երեք ուղղությունների՝ որպես Աբովյանի դեկոլոնիզացիոն նախագծի առանցքային բաղադրիչների, մանրամասն վերլուծությանը կանդրադառնանք հաջորդ գլխում։
ԳԼՈՒԽ 2․ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ. ԱԲՈՎՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առաջին գլխում ցույց տվեցինք, թե ինչպես է Աբովյանը ախտորոշում գաղութացված գիտակցության դրսևորումները։ Երկրորդ գլխում կքննարկենք այն գեղարվեստական և գաղափարական միջոցները, որոնց միջոցով նա կառուցում է այդ գիտակցության այլընտրանքը՝ ազգային ինքնության նոր դիսկուրսը։«Վերք Հայաստանին» վեպում «Երրորդ տարածությունը» գրականորեն մարմնավորվում է երեք փոխկապակցված գաղափարական հեղափոխությունների միջոցով, որոնք դառնում են ազգային ինքնության նոր դիսկուրսի հիմնասյուները՝ լեզվի հեղափոխությունը, հերոսի աշխարհիկացումը և թեմատիկայի վերափոխումը։
Այս երեք ուղղություններից առաջնայինը լեզվական հեղափոխությունն է, քանի որ հենց լեզուն է այն միջավայրը, որտեղ ձևավորվում և արտահայտվում են ազգային մտածողությունը, մշակութային հիշողությունն ու ինքնագիտակցությունը։ Այդ պատճառով հերոսի և թեմատիկայի վերափոխումները հնարավոր են դառնում նախ և առաջ լեզվի նորացման հիմքի վրա։ Լեզվական հեղափոխության անհրաժեշտությունը հիմնավորելիս Աբովյանը առաջ է քաշում մի գաղափար, որը համահունչ է ժամանակակից լեզվաբանական պատկերացումներին․ լեզուն պարզապես հաղորդակցման միջոց չէ, այլ ազգային հոգեբանության, մշակույթի և աշխարհընկալման անմիջական արտացոլումը։ Ինչպես նշում է Սվետլանա Տեր-Մինասովան, լեզուն մշակույթի հայելին է, որտեղ արտացոլվում են ոչ միայն շրջապատող աշխարհը, այլև տվյալ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, ավանդույթներն ու հոգեբանական առանձնահատկությունները։[
Այս տեսանկյունից լեզվական հեղափոխությունը «Վերք Հայաստանին» վեպում միայն գրական կամ ոճական ընտրության հարց չէ, Աբովյանը առաջիններից էր, որ գիտակցեց հայ հասարակության լեզվամշակութային ճգնաժամը․ կենդանի ժողովրդական խոսքից օտարված գրաբարը այլևս չէր կարող դառնալ ազգային վերածննդի լեզու, քանի որ այն խորացրել էր լեզվական ու հոգևոր օտարումը ժողովրդի և սեփական մշակութային ինքնության միջև։
«Հառաջաբանում» Աբովյանը բացահայտում է այն հիմնական պատնեշը, որը բաժանում էր գրականությունն ու ժողովրդին։ Գրաբարը, լինելով ժողովրդի կենդանի խոսքից հեռացած գրական լեզու, վերածվել էր անարդյունավետ հաղորդակցման միջոցի․«…թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՛ր, ո՞ւմ պետք է ասես… Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ եu չե՛մ սիրում»։ Այս հատվածում Աբովյանը լեզվի արժեքը պայմանավորում է ոչ թե նրա գրական հեղինակությամբ, այլ հասարակության հետ կենդանի հաղորդակցություն ստեղծելու կարողությամբ։ Եթե լեզուն անհասանելի է ժողովրդին, ապա նույնիսկ ամենաբարձր գաղափարներն ու գեղարվեստական արժեքները չեն կարող իրականացնել իրենց լուսավորչական և ազգապահպան առաքելությունը։ Խնդիրը, հետևաբար, գրաբարի մշակութային արժեքը չէր, այլ այն, որ այն այլևս չէր կատարում ազգային հաղորդակցության իր հիմնական գործառույթը։
Կարող ենք նաև նշել , որ Աբովյանի լեզվական հեղափոխությունը համահունչ է Բենեդիկտ Անդերսոնի այն կարևոր թեզին ըստ որի՝ ազգը ձևավորվում է ոչ միայն ընդհանուր պատմության կամ տարածքի, այլև տպագիր լեզվի միջոցով ստեղծվող միասնական հաղորդակցական տարածքում։ Ժողովրդին հասկանալի լեզվով ստեղծված գրականությունը հնարավորություն է տալիս անհատներին իրենց ընկալել որպես մեկ ազգային համայնքի անդամներ՝ կիսելով նույն պատմական հիշողությունը, արժեքներն ու մշակութային փորձը։ Այս տեսանկյունից աշխարհաբարին անցնելը Աբովյանի համար ազգային համայնքի վերակազմավորման և ազգային ինքնագիտակցության ձևավորման կարևոր նախապայման։
Լեզվական օտարման հետևանքները առավել ցայտուն են դառնում Աղասու ներքին ապրումների և մտորումների միջոցով։ Աղասին՝ որպես ժողովրդի միջից ելած բնական, անաղարտ և աստվածապաշտ կերպար, և հաճախ հանդես գալով ժողովրդի անունից հստակ նշում է այն խնդիրը որ հայտնվում էին մի իրավիճակում, երբ եկեղեցական պաշտամունքն ու գրաբարով կատարվող ծեսը անհասկանալի էին լինում իրենց և չէին հաղորդում հոգևոր այն արժեք , որը կհաղորդեին , եթե նրանք հասկանային լեզուն ․«Նրա համար ժամն ու գիլի հարսանիքը մեկ էր. ո՛չ բառն էր իմանում, ո՛չ զորությունը…»։ Այս դրվագով Աբովյանը ցույց է տալիս, որ երբ լեզուն դադարում է հասկանալի լինելուց, խզվում է ոչ միայն հաղորդակցությունը, այլև մարդու ներքին մասնակցությունը հավատքին։ Նույն միտքը արտահայտվում է նաև այն նկարագրությամբ, որտեղ տերտերները հաճախ պարզապես «բառերն են կուլ տալիս» կամ անգիր արտասանում՝ առանց դրանց իմաստը վերապրելու։ Աղասու դժգոհությունն այսպիսով վերածվում է ոչ միայն եկեղեցական կյանքի, այլև լեզվական օտարման քննադատության․ «…խոստովանվելիս ինքը պետք է իր մեղքի վատությունը, իր արած չարությունը միտք անի, փոշմանի, զղջա… թե չէ՛ զոռ անելով, մարդի վրա բեռը դնելով… սրտիցը ո՛չինչ խաբար չառնելով ի՞նչ կընկննի մարդի ձեռքը. ո՛չինչ»։
Երբ Աղասին դուրս է գալիս ժամից և գնում դաշտերը, բնության, արևի, աղբյուրի և Աստծո ստեղծած աշխարհի հետ հաղորդակցվում է անմիջական ու կենդանի զգացողությամբ։[7] Այս հակադրությամբ հեղինակը ցույց է տալիս, որ իսկական հոգևոր փորձառությունը ծնվում է ոչ թե անհասկանալի բառերի մեխանիկական կրկնությունից, այլ մարդու ներքին, գիտակցված մասնակցությունից, որը հնարավոր է միայն կենդանի լեզվի միջոցով։ Միևնույն ժամանակ ժողովրդական կենցաղում՝ աշխարհիկ տարածության մեջ, աշխարհաբարը դրսևորում էր իր ամբողջ կենսունակությունն ու ստեղծագործական ներուժը։ Աբովյանը ցույց է տալիս, որ նույնիսկ գիր ու գրականություն չիմացող հասարակ գեղջուկն ունի լեզվամտածողության բարձր մշակույթ և բանավոր խոսքի հարուստ արվեստ․ «…ում լեզվումը մի քիչ հունար կա, սուփրի ու գինու կամ արաղի թասի վրա ա փորձում… Թեկուզ քսա՛ն թաս էլ մեկ մարդ խմի, քսա՛ն մարդ էլ նստած, ամեն թաս խմելուն ամենին էլ հատուկ-հատուկ մեկ բան որ չասի, թասը կուլ չի գնալ, բկումը կմնա»։
Սակայն այդ հարուստ բանավոր մշակույթը դուրս էր մնացել գրավոր դիսկուրսից։ Գրականության և կյանքի միջև առաջացել էր խոր վիհ․ գրավոր լեզուն դարձել էր «մեռած», մինչդեռ կենդանի լեզուն շարունակում էր ապրել միայն ժողովրդի առօրյայում։
Հենց այստեղ է դրսևորվում Աբովյանի լեզվական հեղափոխության էությունը․ նա առաջին անգամ ժողովրդական կենդանի խոսքը բարձրացնում է գրականության մակարդակի՝ վերացնելով գրավոր և բանավոր մշակույթների միջև գոյացած խզումը։ Ամենացնցող հատվածներից մեկում Աբովյանը հերոսի բերանով անում է դառն արձանագրում․ այլազգիները (տեքստում՝ մոլլաները) իրենց երեխաներին կրթում են, սովորեցնում են իրենց կրոնն ու գիրը, մինչդեռ հայ երեխաները մնում են անգրագետ ու անօգնական․ «Մի գնա մեչիդը, ամեն մի մոլլա… քառասուն-հիսուն մեծ, պստիկ գլխին հավաքել, առավոտեց մինչև մութը ուսումն ա տալիս… մերոնք հենց իրանց քեֆն են արամիշ անում… Մեր որդիքն էլ մեզ նման էշ ուտում, էշ մեծանում են»։ Այս դիտարկումը ցույց է տալիս, որ ժողովրդի թուլության հիմնական պատճառը ոչ միայն արտաքին ճնշումն է, այլ նաև սեփական լեզվով կրթության և ինքնաճանաչման բացակայությունը։ Այդ միտքն առավել հստակ է արտահայտվում հետևյալ խոսքերում․ «…ախր մեր ազգը որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի՛ ըլում, թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ընչի՞ համար ենք էկել աշխարհ…»։ Այս հարցադրումները պատահական չեն։ Դրանք ուղղված են ազգային ինքնության հիմնարար տարրերին՝ «ո՞վ ենք մենք», «ի՞նչ է մեր հավատը», «ո՞րն է մեր գոյության իմաստը»։ Աբովյանի համոզմամբ՝ այս հարցերի պատասխանները չեն կարող հասանելի դառնալ մի լեզվով, որը ժողովուրդը չի հասկանում։ Հետևաբար աշխարհաբարին անցնելը ոչ թե պարզապես լեզվական բարեփոխում է, այլ ազգային ինքնաճանաչման նախապայման։
Ժողովրդական կենդանի լեզուն գրականության դիսկուրս ներմուծելիս Աբովյանը չի սահմանափակվում միայն պարզ խոսակցական բառապաշարի կիրառմամբ։ Նրա լեզվական հեղափոխության խորքային շերտերից մեկը ժողովրդական բանավոր մշակույթի հարուստ միջոցների՝ օրհնանքների, անեծքների, առած-ասացվածքների և դարձվածքների ինտեգրումն է տեքստային կառույցում։ Վեպում հատկապես հուզական և ողբերգական տեսարաններում հաճախ հանդիպում են այնպիսի դարձվածներ, որոնք կապված են մարդու ներքին ապրումների հետ՝ «սիրտը արյուն դառնալ», «սիրտը վառվել», «սիրտը պատռվել», «սիրտը կտրատվել» և նմանատիպ արտահայտություններ։ Պատահական չէ, որ դրանց առանցքում հենց «սիրտ» հասկացությունն է։ Հայկական ժողովրդական լեզվամտածողության մեջ սիրտը ոչ միայն մարմնի օրգան է, այլ մարդու զգացմունքների, ցավի, խղճի և հոգեկան ապրումների կենտրոնը։ Այսպիսի պատկերավոր դարձվածքների միջոցով Աբովյանը ձգտում է փոխանցել այն հոգեբանական ծանրությունը, որը կրել էր հայ ժողովուրդը դարավոր պատերազմների, բռնությունների և կորստի պայմաններում։ Նույն կերպ հոգեբանական հետաքրքիր շերտ է բացահայտում «լեզուն քնացնել» դարձվածքը։ Այն վերաբերում է այն իրավիճակին, երբ մարդը գիտի ճշմարտությունը, սակայն ստիպված է լռել կամ չարտահայտել իր իրական կարծիքը։ Աբովյանի կիրառմամբ այս դարձվածքը կարելի է մեկնաբանել որպես այն վախի արտահայտություն, որը ձևավորվել էր օտար տիրապետության պայմաններում, երբ ազատ խոսքը կարող էր վտանգավոր լինել։
Հոգեբանական և արժեքային համակարգ են արտահայտում նաև ժողովրդական անեծքները։ Վեպում դրանք հիմնականում հնչում են այն դեպքերում, երբ դատապարտվում են դավաճանությունը, անարդարությունը, ագահությունը կամ բարոյական նորմերի խախտումը։ Օրինակ՝ «Ինչ կերել ես, քթովդ գա» անեծքը պարզապես հուզական պոռթկում չէ։ Այն արտահայտում է ժողովրդի համոզմունքը, որ անարդար ճանապարհով ձեռք բերվածը չի կարող երջանկություն բերել և ի վերջո վերադառնալու է իր տիրոջը որպես պատիժ։ Այս իմաստով անեծքը կատարում է նաև դաստիարակչական գործառույթ՝ լեզվի միջոցով վերահաստատելով համայնքի բարոյական նորմերը։
Օրհնանքները առավել հաճախ հնչում են հյուրասիրության, շնորհակալության, բարի գործի գնահատման կամ բաժանման պահերին՝ դառնալով մարդկային հարաբերությունների կարգավորման ձև։ Աբովյանը բազմիցս օգտագործում է ժողովրդական օրհնանքներ, օրինակ՝ «Տունդ շե՛ն կենա», «Աստված օջախդ հաստատ պահի», «Աստված քեզ մեկ ղոչ որդի տա», որոնք ոչ միայն բարեմաղթանքներ են, այլև արտահայտում են հայ ժողովրդի արժեհամակարգը։ Դրանց միջոցով բացահայտվում են այնպիսի ազգային առանձնահատկություններ, ինչպիսիք են հյուրասիրությունը, բացսրտությունը, երախտագիտությունը, ընտանիքի և օջախի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը։
Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև առած-ասացվածքները, որոնք վեպում հիմնականում կիրառվում են բարոյախրատական նպատակներով։ Դրանց միջոցով Աբովյանը ոչ միայն փոխանցում է ժողովրդական կենսափորձը, այլև ձևակերպում է այն բարոյական սկզբունքները, որոնք, նրա համոզմամբ, պետք է դառնան հասարակական կյանքի հիմքը։ Օրինակ՝ «Լավություն կանես՝ լավություն կտեսնես, վատություն կանես՝ վատություն» կամ «Իմացողին մեկ, չիմացողին հազար» արտահայտությունները ներկայացնում են արդարության, գիտելիքի, փոխադարձ պատասխանատվության և բարոյական վարքի մասին ժողովրդի պատկերացումները։
Լեզվական հեղափոխությամբ անխուսափելիորեն վերափոխվում է նաև այն իրականությունը, որը դառնում է գրական պատկերման առարկա։ Եթե գրաբարը սահմանափակում էր գրականության թեմատիկ շրջանակը՝ այն կենտրոնացնելով կրոնական, բարոյախրատական և պատմական նյութի վրա, ապա աշխարհաբարը Աբովյանին հնարավորություն է տալիս գրականության կենտրոն տեղափոխել հայ մարդու կենդանի իրականությունը։ Այսպիսով, նրա երկրորդ գաղափարական հեղափոխությունը թեմատիկայի վերափոխումն է, որի արդյունքում գրականության առանցք են դառնում առօրյան, ընտանեկան կյանքը, մարդկային զգացմունքները և ազգային ճակատագիրը։
«Հառաջաբանում» Աբովյանը բացահայտում է հայ գրականության խորքային ճգնաժամը․ հասարակությունը չուներ սեփական լեզվով այնպիսի գրականություն, որը կհետաքրքրեր, կհուզեր և կձևավորեր ընթերցողին։ Գրաբարյան տեքստերի անհասկանալի լինելու պատճառով հայ երիտասարդությունը ստիպված էր դիմել օտար լեզուներին ու գրականությանը․ «…Սիրտս ուզում էր պատռի, որ էս երեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում։ Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս։ Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը ավելի էին սիրում, քանց մերը։ Բայց պատճառը շատ բնական էր։ Էն լեզվըներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները, որ մարդի սիրտ կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրիլ։ Ո՞վ չի՛ ուզիլ լսիլ, թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ի՞նչ զատ են, բայց մեր լեզվումը թե էսպես բաներ ըլին, թո՛ղ աչքս հանեն»։ Այս հատվածում Աբովյանը մատնանշում է ոչ միայն լեզվական, այլև թեմատիկ ճգնաժամը։ Պատահական չէ, որ նա որպես գրականության մեջ բացակայող թեմաներ թվարկում է սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողին, զավակին, պատերազմն ու մահը։ Սրանք այն հիմնարար մարդկային փորձառություններն են, որոնց շուրջ ձևավորվում է ազգային կյանքի ամբողջական պատկերը։ Հետևաբար, աշխարհաբարին անցնելը նրան հնարավորություն էր տալիս ոչ միայն փոխել գրականության լեզուն, այլև հայ գրականություն վերադարձնել հենց այն թեմաները, որոնք ապրում էին ժողովրդի իրական կյանքում։
Առաջին հերթին գրականության առարկա է դառնում ժողովրդական կենցաղն ու առօրյան։ Վեպի առաջին մասում Աբովյանը մանրամասն պատկերում է Քանաքեռի ձմեռային կյանքը, գյուղական առօրյան և հասարակ մարդկանց ամենօրյա զբաղմունքները․«Էսպես մեկ խիստ ձմեռվան օրի լիսն ու մութը որ բաժանվեցավ, ու աղոթարանը բաց էլա, քանաքռցիք, քնից վեր կացան, տան երդիկները բաց արին, երեսները լվացին, մեկ երկու խաչ հանեցին, բարի լիս ասացին իրար, երեխեքը ծածկեցին, ու ամեն մարդ սկսեց գնալ իր բանը»։ Այսպիսի պատկերներով Աբովյանը ցույց է տալիս, որ հասարակ մարդու առօրյան նույնպես կարող է դառնալ բարձր գրականության նյութ։ Մինչ այդ գրականության կենտրոնում հիմնականում կրոնական կամ պատմական նյութն էր, իսկ այստեղ առաջին անգամ գեղարվեստական արժեք է ստանում ժողովրդի բնական կյանքը՝ իր աշխատանքով, ընտանեկան հարաբերություններով, կենցաղով և սովորույթներով։ Այս կերպ ազգային ինքնությունը ներկայացվում է ոչ միայն պատմական անցյալի, այլև ժողովրդի ամենօրյա կյանքի միջոցով։
Թեմատիկ նորության կարևոր դրսևորումներից է նաև ընտանեկան զգացմունքների պատկերումը։ Աղասու մոր նամակում աշխարհաբարով ներկայացվում է հայ մոր անսահման ցավն ու որդու նկատմամբ սերը․«Ա՛ղասի ջան, Ա՛ղասի․ գլխովդ փարվան ըլիմ, Աղասի։ Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում, ինձ էրում․ ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խավարում․ընչի՞ չեմ թոզ դառնում, որ բա;քի թե քամին բերի, գամ, ոտիդ տակ տակին ցրվեմ…»։ Այս հատվածում անձնական ողբերգությունը վերածվում է ազգային ողբերգության խորհրդանիշի։ Մոր ձայնը ներկայացնում է ոչ միայն մեկ ընտանիքի վիշտը, այլև այն ցավը, որը կրել էր ամբողջ ժողովուրդը պատերազմների, բռնությունների և բաժանումների ընթացքում։ Ընտանեկան զգացմունքը, այսպիսով, ձեռք է բերում ազգային նշանակություն։
Նույն կերպ նոր թեմատիկ շերտ է բացվում սիրո պատկերումով։ Նազլուի նամակը Աղասուն ներկայացնում է հայ կնոջ ներաշխարհը, նրա անձնական ապրումներն ու հոգեկան պայքարը՝ առանց վերացական բարոյախոսության և ձևականության․«Երա՛բ, որ սիրտս հանեմ, էս թղթումը դնեմ, երա՛բ, որ բաց անես ու հազար թուր միջումը ցցված տեսնիս, կդիմանա՞ս էն ժամանակը, թե Նազլուդ, քո ջրատար Նազլուդ, ի՞նչ ցավա քաշում , ի՞նչ օրումն ա , ի՞նչ հալումն, իմ գլխի՛ տեր , իմըմբրի՛ թագավոր, Ա՛ղասի»։ Սիրո թեման այստեղ հանդես է գալիս որպես բնական մարդկային զգացում, որն արտահայտվում է ժողովրդի կենդանի լեզվով։ Այսպիսով, Աբովյանը հայ գրականության մեջ ներմուծում է այնպիսի հոգեբանական աշխարհ, որը մինչ այդ գրեթե չէր դարձել գեղարվեստական պատկերման առարկա։
Թեմատիկայի վերափոխման կարևորագույն ուղղություններից մեկը հայրենասիրության և ազգային արժեքների թեմայի առաջադրումն է։ Եթե նախորդ գրականության մեջ հայրենիքի գաղափարը հիմնականում ներկայանում էր կրոնական կամ պատմական համատեքստում, ապա Աբովյանի մոտ այն վերածվում է կենդանի ազգային ծրագրի։ «Վերք Հայաստանին» վեպում հայրենասիրությունը սահմանափակված չէ հայրենի հողի նկատմամբ զգացմունքային կապվածությամբ, այլ ներառում է լեզվի, հավատքի, կրթության և մշակույթի պահպանման գաղափարը։ Այս գաղափարը հստակ ձևակերպվում է Աբովյանի հետևյալ խոսքերում. «Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես»։ Այս ձևակերպմամբ հեղինակը ազգային ինքնության երկու հիմնական հենասյուն է համարում լեզուն և հավատը՝ դրանք ներկայացնելով որպես ժողովրդի գոյության անհրաժեշտ պայմաններ։
Նույն գաղափարի շարունակությունն է երիտասարդությանը հասցեագրված կոչը. «Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք… տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք»։ Հատկանշական է, որ Աբովյանը չի մերժում օտար լեզուների ուսումնասիրությունը։ Ընդհակառակը՝ նա այն խրախուսում է, սակայն ընդգծում է, որ այդ գործընթացը չպետք է հանգեցնի ազգային ինքնության կորստի։ Այսպիսով, կրթությունն ու բաց աշխարհին հաղորդակցվելը ներկայացվում են ոչ թե ազգային արժեքներին հակադրվող, այլ դրանց վրա հիմնված երևույթներ։
Նույն գաղափարական համակարգի բաղադրիչ են նաև այն հատվածները, որտեղ հեղինակը երիտասարդներին կոչ է անում ստեղծագործել սեփական լեզվով. «Բաս չե՞ք ուզի, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք…», «Բաս ձեր սիրտը չի՞ ուզիլ, որ դուք էլ ոտանավոր գրեք… որ այլազգք իմանան, թե մեր միջումն էլ ա էլել երևելի գրող…»։ Այստեղ գրական ստեղծագործությունը ներկայացվում է ոչ միայն որպես անհատական ինքնարտահայտման ձև, այլ որպես ազգային մշակույթի շարունակականության ապահովման միջոց։ Աբովյանի համար ազգային գրականությունը դառնում է այն տարածքը, որտեղ ժողովուրդը կարող է ներկայացնել ինքն իրեն, պահպանել իր լեզուն և ներկայանալ այլ ժողովուրդների առաջ որպես ինքնուրույն մշակութային համայնք։
Այսպիսով, թեմատիկայի վերափոխմամբ Աբովյանը գրականության մեջ ձևավորում է ազգային ինքնության նոր գաղափարական տարածք։ Սակայն այդ նոր իրականությունը չէր կարող ամբողջանալ առանց նոր տիպի հերոսի, որը կդառնար այդ գաղափարների կրողն ու իրականացնողը։ Եթե նախորդ գրականության կենտրոնում գերակշռում էին սրբերը, թագավորները կամ կրոնական կերպարները, ապա Աբովյանը գրականության կենտրոն է բերում հասարակ հայ մարդուն։ Աղասին պարզապես գլխավոր գործող անձ չէ։ Նա այն նոր ազգային սուբյեկտն է, որի միջոցով մարմնավորվում է ազգային ինքնության նոր դիսկուրսը։ Եթե լեզվական հեղափոխությունը ստեղծում է ազգային ինքնության լեզուն, իսկ թեմատիկ հեղափոխությունը՝ նրա գաղափարական բովանդակությունը, ապա Աղասին դառնում է այդ նոր իրականության կենդանի կրողը։
Աբովյանը դեռ հերոսի առաջին նկարագրությունից նրան առանձնացնում է շրջապատից։ Նրա ֆիզիկական գեղեցկությունը, ուժն ու խիզախությունը («…էնպես աղվոր…», «էնպես քաջ…») ինքնանպատակ գեղարվեստական նկարագրություններ չեն։ Դրանք խորհրդանշում են այն ներուժը, որը, հեղինակի համոզմամբ, շարունակում էր ապրել հայ ժողովրդի մեջ՝ չնայած պատմական պարտություններին ու գաղութացված հոգեբանությանը։
Սակայն Աղասու կերպարի գլխավոր նորությունը ոչ թե նրա ֆիզիկական կատարելությունն է, այլ այն, որ նա ամբողջ վեպում կառուցվում է անհատ–ամբոխ հակադրության միջոցով։ Աբովյանը առաջիններից է, ով հայ գրականության մեջ ստեղծում է այնպիսի հերոս, որը գիտակցաբար հակադրվում է ոչ միայն արտաքին թշնամուն, այլև սեփական ժողովրդի գաղութացված հոգեբանությանը։ Աղասին որպես Անհատ ծնվում է հենց այն պահին, երբ փրկում է Թագուհուն։ Այս գործողությունը միայն անձնական խիզախության դրսևորում չէ։ Այն առաջին գիտակցված ընդվզումն է այն հասարակական հոգեբանության դեմ, որն ընտելացել էր վախին, լռությանը և հնազանդությանը։ Այդ պահից սկսած Աղասին այլևս ամբոխի մասնակից չէ, այլ նրա դիմաց կանգնած Անհատ։
Աղասու այս քայլի նշանակությունն առավել հստակ է դառնում այն արձագանքի միջոցով, որ այն ստանում է հասարակության մեջ։ Աբովյանը ցույց է տալիս, որ ժողովրդի գերակշռող մտածելակերպը մարմնավորվում է Եպիսկոպոսի կերպարում։ Նա ոչ միայն արտահայտում, այլև կրոնական հիմնավորում է այն հոգեբանությունը, որը տարիների բռնաճնշումների հետևանքով դարձել էր ժողովրդի գոյատևման ձևը։ Եպիսկոպոսի համոզմամբ՝ հայը չպետք է դիմադրի, այլ պետք է համբերի ու հնազանդվի. «Քրիստոնեն սրով չի պետք է իր բանը յոլա տանի․նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա»։ Նույն տրամաբանությամբ նա արդարացնում է նաև ժողովրդի կրավորական վարքագիծը. «…քանի կարանք, մեր գլուխը պահենք. «հա» կասեն՝ «հա» ասենք, «ոչ» կասեն՝ «ոչ» ասենք…»։ Իսկ Աղասուն բնութագրում է որպես «հիմար Աղասի», որը «մեկ աղջկա խաթեր սուր քաշեց», իսկ հետո «գժի պես ընկել ա սարեսար…»։ Այս գնահատականը բացահայտում է գաղութացված գիտակցության ամենախոր շերտերից մեկը․ ազատության համար պայքարող անհատը վտանգավոր է թվում ոչ միայն իշխանությանը, այլև սեփական ժողովրդին, քանի որ կոտրում է այն հնազանդության կանոնները, որոնց միջոցով վերջինս սովորել էր գոյատևել։ Ուստի վեպում Եպիսկոպոսը հանդես է գալիս ոչ թե որպես առանձին անհատական դիրքորոշում ունեցող կերպար, այլ որպես ամբոխի հավաքական գիտակցության խոսնակ։
Սակայն անհատ–ամբոխ հակադրությունը սահմանափակված չէ միայն Թագուհու փրկության դրվագով։ Վեպի ամբողջ ընթացքում Աբովյանը կառուցում է այնպիսի իրավիճակներ, որոնցում նույն իրադարձության նկատմամբ անհատն ու ամբոխը արձագանքում են սկզբունքորեն տարբեր կերպ։ Այս հակադրությամբ հեղինակը ցույց է տալիս, որ ազգային ինքնության վերակառուցումը չի կարող սկսվել գաղութացված հոգեբանության մեջ մնացած ամբոխից, այլ նախաձեռնում է այն անհատը, որը կարողացել է հաղթահարել վախն ու ներքին հնազանդությունը։
Նույն հակադրությունը դրսևորվում է Անիի ավերակների մոտ։ Աղասին պատմական անցյալի կորստի մեջ տեսնում է ոչ թե միայն ողբերգություն, այլ ազգային վերածննդի հնարավորություն։ Նա կոչ է անում ժողովրդին մնալ այդ սուրբ հողի վրա և վերականգնել կորցրած արժանապատվությունը․ «Մնանք էս սուրբ հողումը, մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտքից…»: Սակայն ամբոխը պատրաստ չէ ստանձնելու այդ պատասխանատվությունը։ Նրա համար ազատագրական պայքարը շարունակում է մնալ վտանգավոր և անհնարին հեռանկար, մինչդեռ Աղասին արդեն հաղթահարել է գաղութացված գիտակցության համար բնորոշ հարմարվողականությունն ու վախը։
Այնտեղ, որտեղ ամբոխը նահանջում է, Աղասին առաջ է շարժվում. «Աղասին իր գլխիցը վաղուց էր ձեռք վեր առել…»։ Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ նրա հերոսությունը պայմանավորված չէ միայն ֆիզիկական ուժով։ Նախ և առաջ նա հաղթահարել է այն ներքին վախը, որը շարունակում է կառավարել ամբոխին։ Հետևաբար, Աղասու պայքարը միայն արտաքին թշնամու դեմ մղվող կռիվ չէ․ այն նաև հոգեբանական դիմադրություն է գաղութացված մտածողության նկատմամբ։ Այս կերպարում Աբովյանը ներկայացնում է ազգային ինքնության նոր կրողին, որի գիտակցված ընտրությունն ու պատասխանատվության զգացումը դառնում են ազգային վերածննդի նախապայման։
Միևնույն ժամանակ Աբովյանը կարևորում է, որ իրական առաջնորդը չի առաջնորդվում անձնական փառասիրությամբ կամ նյութական շահերով։ Աղասին հրաժարվում է իրեն հասանելիք ավարից, իսկ ժողովրդի երախտագիտությունը փորձում է ուղղել դեպի Աստված՝ խնդրելով, որ փառք տան ոչ թե իրեն, այլ Աստծուն և սուրբ Սարգսին։ Այս կերպ հեղինակը ստեղծում է ազգային առաջնորդի նոր տիպար, որի ուժը հիմնված է ոչ թե իշխանության կամ անձնական շահի, այլ բարոյական հեղինակության վրա։
Այսպիսով, Աղասին «Վերք Հայաստանի» վեպում հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր հերոս, այլ որպես ազգային ինքնության նոր մոդել։ Նա այն անհատն է, ով կոտրում է գաղութացված մտածողության շրջանակները, սեփական օրինակով վերականգնում է արժանապատվության գաղափարը և ցույց տալիս, որ ժողովրդի ազատագրությունը սկսվում է նախ անհատի ներքին ազատագրումից։ Հենց այս իմաստով Աղասու կերպարը դառնում է Աբովյանի երրորդ գաղափարական հեղափոխության առանցքը և ազգային ինքնության նոր դիսկուրսի կենդանի մարմնավորումը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի քննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ստեղծագործությունը չի սահմանափակվում միայն ազգային-ազատագրական գաղափարների գեղարվեստական արտահայտությամբ։ Այն հանդես է գալիս որպես ազգային ինքնության ճգնաժամի բացահայտման և դրա վերակառուցման գաղափարական նախագիծ, որտեղ Աբովյանը ոչ միայն պատկերում է օտար տիրապետությունների հետևանքով ձևավորված հոգեբանական և մշակութային հետևանքները, այլև ձևավորում է ազգային ինքնագիտակցության վերականգնման գեղարվեստական համակարգ։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ «Վերք Հայաստանի» վեպում ազգային ինքնության նոր դիսկուրսը ձևավորվում է խորհրդանշական «Երրորդ տարածության» մեջ, որտեղ փոխազդում և վերաիմաստավորվում են պատմական հիշողությունը, ներկայի ճգնաժամային իրականությունը և ազգային վերածննդի հեռանկարը։ Այդ տարածությունը ո՛չ անցյալի պարզ վերականգնում է և ո՛չ էլ օտար մշակութային համակարգի ընդունում, այլ նոր ինքնության ձևավորման միջավայր, որտեղ ժողովուրդը վերագտնում է սեփական ձայնը, արժանապատվությունն ու ինքնագիտակցությունը։
Աբովյանի կողմից այդ տարածության կառուցումն իրականացվում է մի շարք փոխկապակցված գեղարվեստական և գաղափարական մեխանիզմների միջոցով։ Վեպում նախ բացահայտվում են երկարատև օտար տիրապետության պայմաններում ձևավորված հոգեբանական երևույթները՝ վախը, հարմարվողականությունը, սոցիալական մեկուսացումը և պատմական հիշողության թուլացումը։ Այս իրողությունները կարելի է մեկնաբանել հետգաղութային տեսության շրջանակում՝ որպես գաղութացված գիտակցության դրսևորումներ։ Սակայն հեղինակի նպատակը միայն այդ վիճակի արձանագրումը չէ․ ազգային ճգնաժամի պատկերումը դառնում է ինքնության վերափոխման և նոր ազգային գիտակցության ձևավորման նախապայման։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Երրորդ տարածության» ձևավորման հիմնական միջոցներն են պատմական հիշողության վերակենդանացումը, արտաքին հայացքի միջոցով սեփական վիճակի վերաիմաստավորումը, լեզվական հեղափոխությունը և ժողովրդի իրական կյանքի ներմուծումը գրականություն։ Աշխարհաբարի կիրառմամբ Աբովյանը վերականգնում է գրականության և ժողովրդի միջև խզված կապը՝ լեզուն դարձնելով ազգային ինքնաճանաչման և մշակութային միասնության հիմք։ Թեմատիկ վերափոխմամբ նա գրականության կենտրոն է բերում ժողովրդի առօրյան, ընտանեկան հարաբերությունները, մարդկային զգացմունքները և ազգային կյանքի իրական պատկերը։
Առանձնահատուկ նշանակություն ունի Աղասու կերպարը, որը ներկայանում է ոչ թե որպես ժողովրդի հակադրություն, այլ որպես այն արժեքների կրող, որոնք Աբովյանը ձգտում է կրկին արթնացնել ազգային գիտակցության մեջ՝ քաջություն, արժանապատվություն, պատասխանատվություն և ազատության ձգտում։ Նրա անհատականությունը հակադրվում է ոչ թե ժողովրդին, այլ այն հոգեբանական վիճակին, որը ձևավորվել էր երկարատև ճնշման պայմաններում։ Այս իմաստով Աղասին դառնում է «Երրորդ տարածության» մեջ ձևավորվող նոր ազգային սուբյեկտի գեղարվեստական մարմնավորումը, որի միջոցով Աբովյանը ներկայացնում է ազգային ինքնության վերակառուցման հնարավոր ուղին։
Այսպիսով, «Վերք Հայաստանի» վեպում ազգային ինքնության դիսկուրսը ձևավորվում է հատուկ գեղարվեստական համակարգի միջոցով, որի հիմքում ընկած են ազգային ճգնաժամի ախտորոշումը, պատմական հիշողության վերականգնումը, լեզվամշակութային վերափոխումը և նոր ազգային անհատի ձևավորումը։ Աբովյանը ստեղծում է մի խորհրդանշական տարածություն, որտեղ անցյալը, ներկան և ապագայի ազգային նախագիծը միավորվում են նոր ինքնության կառուցման գործընթացում։ Հենց այս պատճառով վեպը ներկայանում է ոչ միայն որպես իր ժամանակի պատմական իրադարձությունների գեղարվեստական արձագանք, այլև որպես ազգային ինքնագիտակցության ձևավորման, ինքնության վերակառուցման և մշակութային վերազարթոնքի կարևորագույն գրական նախագիծ։
Ամփոփելով՝ կարելի է նշել, որ «Վերք Հայաստանի»-ի արդիականությունը պայմանավորված է նաև ազգային ինքնության պահպանման և վերաիմաստավորման հիմնախնդրի շարունակականությամբ։ Թեև փոխվում են պատմական պայմաններն ու հասարակության առջև ծառացող մարտահրավերները, ազգային ինքնության պահպանման համար շարունակում են առանցքային նշանակություն ունենալ սեփական լեզվի, մշակութային արժեքների, պատմական հիշողության և ազգային ինքնագիտակցության ամրապնդումը։ Այս տեսանկյունից Աբովյանի վեպը կարելի է դիտարկել ոչ միայն որպես իր ժամանակի ազգային ճգնաժամի գեղարվեստական արտահայտություն, այլև որպես ինքնության պահպանման և վերակառուցման գաղափարական ուղիների մասին մտածելու կարևոր գրական փորձ։։

More Stories
Արհեստական բանականության ստանդարտացված օգտագործումը ստեղծագործական ոլորտներում. Ինչո՞վ է այն անհանգստացնող երկրի առաջընթացի համար
Սոցիալական ցանցերը և երիտասարդները․ ինչպե՞ս է թվային միջավայրը փոխում մեր մտածելակերպն ուվարքագիծը
Ինչու են երիտասարդները նախընտրում համայնքներից տեղափոխվել Երևան