Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Արհեստական բանականության ստանդարտացված օգտագործումը ստեղծագործական ոլորտներում. Ինչո՞վ է այն անհանգստացնող երկրի առաջընթացի համար

Մի քանի ամիս առաջ հնարավոր է՝ լսած լինեք վերջերս թողարկված «մուլտֆիլմի» մասին, որն ամբողջ երկրով գովազդվում էր որպես «հայկական առաջին AI մուլտֆիլմ»: Այն անմիջապես ընդունվեց բարձր արձագանքներով և լայն տարածում ունեցավ լրատվականների կողմից, որտեղ այն գովազդում և գովաբանում էին «հայի ինքնության պահպանության» ու «հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու» հայտարարությունների ներքո։ Մուլտֆիլմի ռեժիսորն էլ, ի դեպ, գովազդային գործակալության տնօրեն է։ Թվում էր, թե սպասվում էր ինչ-որ հակադարձ արձագանք մարդկանց մեծամասնության կողմից, ովքեր գիտակցում են այս իրավիճակի բացասական կողմերը։ Սակայն իրականում ոչ ոք հրապարակայնորեն չի խոսել և չի բարձրացրել մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում գեներատիվ AI-ի կողմից ստեղծված արտադրանքի ցուցադրման խնդիրը:

Այս օրինակն ընդամենը վերջերս տեղի ունեցած ամենահայտնի դեպքերից մեկն էր, թե ինչպես է հնարավոր ակտիվ գովազդային ընկերության շնորհիվ հեշտությամբ առաջխաղալ Հայաստանի արվեստի շուկայում։

Իսկ ինչու՞ է սա այդքան կարևոր երկրի առաջընթացի համար

Այսպիսի էժան արտադրությունների հաջողություններն ուղիղ կերպով ազդում են Հայաստանի մրցակցային կարողությունների վրա, և, ինչպես ցույց է տալիս այս հստակ դեպքը, ազգային անիմացիոն ստուդիաների ձևավորման ու զարգացման փոխարեն կարելի է ԱԲ օգտագործելով արտադրել ուրիշ անիմատորների աշխատանքների հիման վրա գեներացված «աղբ» («slop»): Փաստն այն է, որ գեներատիվ ԱԲ-ի ստեղծագործականությունը իրական ստեղծագործականություն չէ: Ինչ-որ հստակ prompt տալիս՝ այն վերցնում է այն հսկայական տեղեկատվությունը, ինչի հիման վրա մարզվել է, և արտաբերում է ինչ-որ բան, որը բավականաչափ տարբերվում է իր մյուս արդյունքներից, որոնք այն տվել է այլ օգտատերերի։

Իհարկե, պետությանը հարկավոր է զարգանալ արհեստական բանականության շուկայում, բայց երբ խոսքը հասնում է ազգային մշակույթի արտացոլմանն ու այն աշխարհին ներկայացնելուն՝ նմանատիպ արտադրանքները դառնում են ծաղրանքի թեմա, սկանդալներ են առաջացնում ոլորտի մարդկանց մոտ և անլուրջ ընդունվում համաշխարհային լսարանի կողմից։

Եզրակացություն  

Այն երկրի համար, որն աշխարհին հնարավորություն չունի առաջարկելու հսկայական քանակությամբ կարևորագույն ռեսուրսներ, հատկապես կարևոր է զարգանալ ստեղծագործական բնագավառներում և, գոնե մի քանի հայրենակիցների շնորհիվ, աշխարհին տրամադրել աշխատանքներ (ներառյալ ստեղծագործական բոլոր ոլորտները), որտեղ արտացոլվում են մեր երկրի միջավայրում հասունացած մարդկանց իրական հայացքներն ու գաղափարների արտահայտումները։

Համենայն դեպս, կինոյին նորից անդրադառնալով, դրական զարգացումները նույնպես շատ են: Երկրում վերջերս գրանցվել է կինոյի հաճախելիության ռեկորդային աճ: Տեղի են ունենում համաշխարհային հին, ճանաչված բազում ֆիլմերի ցուցադրություններ ու փակ քննարկումներ, ինչպես նաև ի հայտ են եկել նոր էնտուզիաստներ, որոնք ցանկանում են նկարահանել իրենց սեփական ֆիլմերը։ Այսպիսով, անհրաժեշտ է ստեղծել ավելին, աջակցել նոր ստեղծագործողներին և նպաստել յուրաքանչյուր թարմ ու, ամենակարևորը, նշանակալից պրոեկտի տարածմանը, ինչից հետո, մեծ հավանականությամբ, այդ ամբողջ «slope»-ը գրեթե լիովին կանհետանա սպառողական շուկայից։

Աղբյուրներ.

Մուլտֆիլմի մասին հայտարարություններ. https://youtu.be/FA7ttxselys?si=Q-u4QEfmh9JNJ-DL

Spread the love