Երկիր՝ մեկ քաղաքի մեջ. ինչու ենք փախչում դեպի Երևան և ինչպես կանգնեցնել մարզերի դատարկումը.
Համայնքները կարող են անել անհնարինը՝ նորոգել ճանապարհները, բարեկարգել այգիներն ու մշակութային կենտրոններ բացել, բայց միևնույն է՝ մարզային բնակչի հայացքն ուղղված է դեպի Երևան։ Եվ խոսքը միայն երիտասարդների մասին չէ. հաճախ տեղափոխվում են ամբողջ ընտանիքներով։
Հանրային քննարկումներում ընդունված է կարծել, թե մայրաքաղաքային «տենդի» հիմնական պատճառը աշխատատեղերն ու կրթական ռեսուրսներն են։ Սակայն, լինելով փոքր քաղաքի բնակիչ, վստահեցնում եմ՝ շարժիչ ուժն այլ է։ Երևան տեղափոխվելն առաջին հերթին փախուստ է տեղական կարծրատիպերից, սոցիալական ճնշումից և ամենուր հետապնդող «բա մարդիկ ինչ կասեն»-ից։ Ընտանիքները փնտրում են ոչ թե պարզապես աշխատանք, այլ անձնական տարածք, անանունություն և ազատություն, որն այսօր մարզային միջավայրը դեռ չի կարողանում առաջարկել։
Կյանքից վերցրած իրական օրինակներ. Այս իրականությունը տեսնում եմ իմ շրջապատում ամեն օր.
Ամբողջ ընտանիքի հեռանալը. Մտերիմներիցս մեկը, ով ունի երեք երեխա, կանգնած էր հենց այս հանգրվանին։ Ավագ երեխաների՝ Երևանում ուսանող դառնալուց հետո ծնողները նույնպես որոշեցին լքել մեր քաղաքը և տեղափոխվել մայրաքաղաք։ Երեխաների գնալու հետ մարզում նրանց պահող սոցիալական թելերը պարզապես կտրվեցին, ու ընտանիքն ամբողջությամբ տեղափոխվեց Երևան։
Հասարակության ճնշումն ու վերադարձի անհնարինությունը. Մեկ այլ մտերիմս վերջերս էր վերադարձել մեր փոքրիկ քաղաք, սակայն շատ կարճ ժամանակ անց հասկացավ, որ չի կարողանում ապրել այստեղ։ Պատճառը ոչ թե աշխատանքի բացակայությունն էր, այլ հասարակության մշտական ճնշումը, ուշադրությունն ու միջամտությունը անձնական կյանքին։ Նա ստիպված է նորից տեղափոխվել Երևան՝ պարզապես հանգիստ շնչելու համար։
Անանունության փնտրտուքն ու Երևանի «գերտաքացումը»
Այս հոգեբանական փախուստը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ մայրաքաղաքն աշխատում է իր հնարավորությունների ծայրահեղ սահմանագծին: Սա միայն զգացմունքային դիտարկում չէ, այլև չոր վիճակագրություն. Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը (իսկ փաստացի բնակվողների հաշվարկով՝ մոտ 45%-ը) և տնտեսական շրջանառության շուրջ 75-80%-ը կենտրոնացված է մեկ քաղաքում: Երբ հազարավոր ընտանիքներ լքում են մարզերը ոչ միայն հանուն աշխատանքի, այլ հանուն ազատ շնչելու միջավայրի, Երևանը սկսում է «ճեղքեր տալ».
Տրանսպորտային ու բնակարանային կոլապս. Բնակչության անանգամ հոսքը Երևանի փողոցները վերածում է անվերջ խցանումների, իսկ վարձակալության գների թռիչքաձև աճը բնակարան գտնելը դարձնում է անհասանելի հենց նոր տեղափոխված ընտանիքների համար:
Կապերի խզում համայնքի հետ. Մարզային երիտասարդների ու ակտիվ ընտանիքների մեծ մասը հեռանում է, ինչի հետևանքով մարզերը կորցնում են իրենց ամենաակտիվ, մտածող ու փոփոխություն պահանջող զանգվածին, իսկ տեղական կարծրատիպերն ավելի են ամրանում՝ ստեղծելով փակ շրջան:
Ձևական ապակենտրոնացում. Քանի դեռ մարզերում ներդրումները սահմանափակվում են միայն ֆիզիկական ենթակառուցվածքներով, բայց չեն փոխում սոցիալական մթնոլորտը, Երևանի ձգողականությունը չի նվազելու:
Ազատության միջավայրի անհրաժեշտությունը՝ ամբողջ ընտանիքի համար
Մարզային համայնքները պետք է դառնան տարածքներ, որտեղ մարդիկ՝ անկախ տարիքից, իրենց չեն զգա մշտական դիտարկման ու դատապարտման ներքո: Դա նշանակում է ստեղծել անկախ համայնքային ու երիտասարդական կենտրոններ, աջակցել այլընտրանքային նախաձեռնություններին և ձևավորել միջավայր, որտեղ «այլ կերպ մտածելը» չի դիտարկվում որպես սպառնալիք: Միայն այն ժամանակ, երբ մարզը կառաջարկի ոչ միայն տանիք, այլև ազատություն ամբողջ ընտանիքի համար, Երևանը կդադարի լինել ապաստարանի դեր տանող միակ քաղաքը:
Իրական լուծումը. ոչ թե փոխել անհատին, այլ վերադաստիարակել համայնքային միջավայրը Որպեսզի մարզերը չդատարկվեն, մեր պետական ու սոցիալական քաղաքականությունը պետք է կտրուկ փոխի իր թիրախը: Անօգուտ է աշխատել միայն առանձին խմբերի հետ, եթե տանը կամ փողոցում նրանք բախվելու են տեղական միջավայրի դիմադրությանը: Պետք է աշխատել նրանց հետ, ովքեր ձևավորում են այդ մտածելակերպն ու խթանում կամ ճնշում են մարդկանց ինքնադրսևորումը:
- Միջսերնդային հարթակների ներդրում. ՏԻՄ-երի և դպրոցների մակարդակով ստեղծել նախագծեր, որտեղ ավագ սերունդն ու համայնքային առաջնորդները ոչ թե վերահսկում կամ քննադատում են, այլ դառնում են տեղական նախաձեռնությունների մենթորներն ու աջակիցները:
- Համայնքային ու ծնողական կրթություն. Մարզերում իրականացնել հոգեբանական ու սոցիալական ծրագրեր, ցույց տալով, որ «բա մարդիկ ինչ կասեն»-ի ճնշումն առաջնային պատճառն է, որ ընտանիքներն ու զավակները լքում են տունն ու համայնքը:
- Հեռավար աշխատատեղեր և Co-working տարածքներ. Պետական հարկային արտոնություններով խրախուսել խոշոր ընկերություններին մարզերում բացել ժամանակակից աշխատանքային տարածքներ, որոնք բնակիչներին թույլ կտան վաստակել բարձր աշխատավարձ, իսկ համայնքին ստիպելու են հարգել յուրաքանչյուրի ինքնուրույնությունը:
Միայն այն ժամանակ, երբ համայնքային միջավայրը դադարի մարդկանց ազատությունը տեսնել որպես սպառնալիք, մարզերը կվերածվեն ապրելու և արարելու գրավիչ կենտրոնների:
Օգտագործված աղբյուրներ
- ՀՀ Վիճակագրական կոմիտե (Armstat). «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով». Երևան: Armstat
- UNFPA Armenia & ՀՀ ԿԳՄՍՆ. «Հայաստանի երիտասարդության կարիքների հետազոտություն». Երևան: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
- ՀՀ Կադաստրի կոմիտե. «Անշարժ գույքի շուկայի վերլուծության տեղեկագիր». Երևան: Cadastre.am — cadastre.am

More Stories
Արհեստական բանականության ստանդարտացված օգտագործումը ստեղծագործական ոլորտներում. Ինչո՞վ է այն անհանգստացնող երկրի առաջընթացի համար
Սոցիալական ցանցերը և երիտասարդները․ ինչպե՞ս է թվային միջավայրը փոխում մեր մտածելակերպն ուվարքագիծը
Վիրտուալ զբոսաշրջությունը Գյումրիում որպես մշակութային ժառանգության պահպանման ժամանակակից մոտեցում