Ներածություն
Թվային տեխնոլոգիաների ինտեգրումը կրթական համակարգում արագորեն զարգանում
է՝փոխելով դասավանդման ավանդական մեթոդները։Թվային դարաշրջանի արագ զարգացող պայմաններում բարձրագույն կրթության համակարգը կանգնած է հիմնարար փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են ոչ միայն ուսումնական գործընթացի կազմակերպման լրացուցիչ գործիքներ, այլ կրթության նոր փիլիսոփայության և մեթոդական մոտեցումների ձևավորման հիմնական խթան։ 20-րդ դարի վերջին համակարգիչների և համացանցի տարածումը նշանակալից շրջադարձային ազդեցություն ունեցավ կրթության բնագավառում: Այս տեխնոլոգիաները մանկավարժներին և սովորողներին ապահովեցին տեղեկատվության, հաղորդակցության և ռեսուրսների աննախադեպ հասանելիություն: Թվային կրթության հայեցակարգը սկսեց ձևավորվել, երբ մանկավարժները ուսումնասիրեցին համակարգիչների և թվային հարթակների ներուժը՝ ուսուցումը բարելավելու և ուսուցումը հեշտացնելու համար:
Ժամանակակից աշխարհում թվային հեղափոխությունը արմատապես փոխում է կրթության կազմակերպման եղանակը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը բարձրագույն կրթության ոլորտում այլևս պարզապես նորարարություն չէ, այլ՝ անհրաժեշտություն, որը պայմանավորված է կյանքի բոլոր ոլորտների թվայնացմամբ։ Այսօր ուսանողները սովորում են նոր պահանջներով, որոնք ուղղված են քննադատական մտածողության, համագործակցության, հաղորդակցության և, իհարկե, թվային գրագիտության զարգացմանը։ Միևնույն ժամանակ, առկա է նաև լուրջ խնդիր․շատ համալսարաններ դեռևս չեն ապահովում ժամանակակից թվային գործիքներով համալրված լսարաններ, ինչն ազդում է ուսուցման որակի, ուսանողների ներգրավվածության և գործնական հմտությունների ձևավորման վրա։ Այս իրողությունն է դարձնում թեման առավել քան արդիական՝ պահանջելով գիտական ուսումնասիրություն, վերլուծություն և լուծումների առաջարկում։
Նպատակը. Հոդվածի նպատակն է վերլուծել թվային տեխնոլոգիաների ինտեգրումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում՝ ընդգծելով դրանց ազդեցությունը ուսուցման որակի,
նյութատեխնիկական ապահովվածության և ուսանողների ներգրավվածության վրա։
Հիմնախնդիրը։ Անհրաժեշտ է բացահայտել նյութատեխնիկական ապահովվածության և դասախոսների թվային պատրաստվածության բացերը, որոնք խոչընդոտում են ժամանակակից և արդյունավետ կրթական գործընթացի իրականացմանը։
21-րդ դարը ոչ միայն տեխնոլոգիական հեղափոխությունների, այլև կրթական վերափոխումների ժամանակաշրջան է։ Թվային դարաշրջանը փոխել է մեր մտածողությունը, հաղորդակցման ձևերը,և բնականաբար՝ նաև կրթության համակարգը։ Թվային դարաշրջանում փոխվում են նոր սերնդի պահանջները: Երիտասարդությունն օբյեկտիվորեն առավել արագորեն է հարմարվում տեխնոլոգիական փոփոխություններին և ցանկանում նույն արագությունը տեսնել նաև կրթական ծառայությունների ոլորտում: Նոր սերնդի համար սոցիալական ցանցերը դառնում են հաղորդակցման, տեղեկատվության ստացման և փոխանակման հիմնական աղբյուր: Նրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատկերացումներ ու ակնկալիքներ, թե ինչպես պետք է համալսարանը փոխգործակցի իրենց հետ, ինչպես պետք է կազմակերպվի կրթական գործընթացը, ինչպես պետք է փոխանցվի գիտելիքը, և ինչ վերջնարդյունքի են նրանք ձգտում՝ վերադարձնելու համար կրթության վրա ծախսվող նյութական և ժամանակային ներդրումը:
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կանգնած է մի փուլում, երբ թվայնացումը ոչ միայն հնարավորություն է, այլ նաև գոյատևման և մրցունակության հիմնական պայման։ ՏՏ ոլորտի զարգացումը, միջազգային համագործակ-ցությունների ընդլայնումը և նորարարական ծրագրերի պահանջարկը ցույց են տալիս, որ բուհերը պետք է գնան համակարգային վերափոխումների՝ ապահովելով կրթության որակի բարձրացում և համապատասխանություն համաշխարհային միտումներին։
Առաջին կարևոր պայմանը տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացումն է։ Շատ բուհերում դեռևս առկա են սահմանափակ ռեսուրսներ՝ թարմ սարքավորումների, բարձր արագությամբ ինտերնետի կամ ժամանակակից լաբորատորիաների տեսքով։ Մյուս կարևոր ուղղությունը դասախոսների շարունակական վերապատրաստումն է։ Թվային միջավայրում հաջողությամբ աշխատելու համար դասախոսները պետք է տիրապետեն բազմազան գործիքների՝ առցանց հարթակներից մինչև արհեստական բանականության կիրառություններ։ Վերապատրաստումները պետք է դառնան բուհի մշտական գործընթացի մաս՝
ապահովելով, որ դասախոսները կարողանան քայլել ժամանակի պահանջներին համընթաց և ապահովել կրթության նոր որակ։ Վերջապես, հեռանկարային է նաև արհեստական բանականության ինտեգրումը բուհերի կառավարման և ուսուցման գործընթացներում։ ԱԲ-ը կարող է նպաստել ուսանողների առաջադիմության վերլուծությանը, անհատականացված ուսումնական ծրագրերի կազմմանը, ինչպես նաև հաստատությունների կառավարման ավտոմատացմանը։ Այս մոտեցումները բուհերին կօգնեն դառնալ ավելի արդյունավետ և ճկուն։
Այսօր,արհեստական բանականությունը գնալով ավելի տարածված է դառնում կրթության
ոլորտում,քանի որ սովորողների ուսուցումը բարելավելու նպատակով շատ դպրոցներ և համալսարաններ օգտագործում են արհեստական բանականության ծառայությունները: Օգտագործելով արհեստական բանականության ուժը՝մանկավարժները կարող են ավելի լավ շփվել իրենց սովորողների հետ՝օգնելով նրանց սովորել ավելի արագ և արդյունավետ: Արհեստական բանականությունը նաև կարող է օգնել մանկավարժներին բացահայտել, հասկանալ և լուծել ուսուցման բացերը:Չնայած կրթության ոլորտը հեղափոխելու իր ներուժին՝արհեստական բանականության տեխնոլոգիան զերծ չէ սահմանափակումներից:
Սկզբի համար, արհեստական բանականության համակարգերը մեծապես հենվում են տվյալների վրա հիմնված ալգորիթմների վրա, և կարող է դժվար լինել մեծ քանակությամբ հուսալի տվյալներ գտնելը։ Թեև ԱԲ-ը կարող է բարձրացնել ուսանողների ինքնուրույն աշխատանքի արդյունավետությունը, զարգացնել տեղեկության որոնման հմտությունները և նպաստել ուսումնառության անհատականացմանը, այն ունի նաև մի շարք բացասական հետևանքներ, հատկապես Հայաստանի բուհերի մասշտաբով։ Նախ՝ ԱԲ-ի չարաշահումը նվազեցնում է ուսանողների քննադատական մտածողությունը, վերլուծական հմտությունները
և գրավոր ինքնարտահայտման մշակույթը, ինչի պատճառով ուսումնական գործընթացի որակը կարող է զգալիորեն տուժել։ Բացի այդ, շատ համալսարաններ Հայաստանում չունեն հստակ մշակված քաղաքականություն կամ մեխանիզմներ՝ ԱԲ-ի օգտագործման սահմանները կարգավորելու համար։ Հարկ է նշել, որ ուսուցման տեխնոլոգիաները սկզբնական շրջանում ներդրվել են բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում, իսկ հանրակրթական համակարգում վերջիններս ներմուծվել են ավելի ուշ: Չնայած թվայնացման արագ զարգացմանը, այսօր Հայաստանի բազմաթիվ բուհեր դեռևս կանգնած են լուրջ նյութատեխնիկական խնդիրների առաջ։ Շատ համալսարաններ չունեն համապատասխան լսարաններ, որոնք հագեցած կլինեն ժամանակակից թվային գործիքներով՝ ինտերակտիվ էկրաններով, բարձր տեխնիկական որակավորմամբ համակարգիչներով, կայուն ինտերնետ կապով կամ վիրտուալ լաբորատորիաներով։ Այս խնդիրը հատկապես բնորոշ է մարզային բուհերին, որտեղ տեխնիկական հագեցվածության մակարդակը հաճախ զգալիորեն պակասում է մյուս համալսարաններից։ Համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը սահմանափակում է նորարարական մեթոդների կիրառումը, նվազեցնում է ուսանողների ներգրավվածությունը և խոչընդոտում է դասախոսների՝ թվային տեխնոլոգիաները լիարժեք օգտագործելու հնարավորությունը։ Արդյունքում՝ բուհերի մի մասը չի կարող իրականացնել այնպիսի կրթական մոդելներ, որոնք այսօր համարվում են համաշխարհային չափանիշ։
Հետևաբար, Հայաստանի բարձրագույն կրթության արդիականացման կարևոր նպատակներից պետք է լինի ոչ միայն ծրագրերի ու մեթոդների վերափոխումը, այլ նաև տեխնիկական բազայի ամրապնդումը։ Թեև թվային գործիքները խթանում են ինքնուրույնությունը, շատ մասնագետներ կարծում են, որ ուսուցչի կամ դասախոսի ֆիզիկական ներկայությունը շարունակում է մնալ անփոխարինելի՝ կրթական միջավայրում էմոցիոնալ կապի, աջակցության և ուղղորդման տեսանկյունից։Հայաստանում թվային կրթական համակարգերի զարգացումը հատկապես ակտիվացավ հեռավար ուսուցման շրջանում, երբ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պայմաններում կրթությունը տեղափոխվեց առցանց հարթակներ։ Այդ ընթացքում լայն կիրառություն ստացան Dasaran.am, Microsoft Teams, Zoom, Google Classroom և այլ գործիքներ:
Ժամանակակից տեղեկատվական խելահեղ հոսքերում կողմնորոշվելը դարձել է այսօրվա քաղաքացու առօրյա խնդիրներից մեկը։Հարթակների, գործիքների ու միջոցների բազմազանության մեջ ինֆորմացիան մանիպուլացվում է, ինչն ազդում է մարդու գգացմունքների, պատկերացումների, որոշումների վրա, մոլորեցնում ու շփոթեցնում է։ Ապատեղեկատվության աճը մտահոգում է մարդկանց ամբողջ աշխարհում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Թվային դարաշրջանը դարձել է Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման հիմնական շարժիչ ուժը, քանի որ այն ոչ միայն փոխում է ուսուցման մեթոդները, այլ նաև վերաձևում է կրթության ամբողջ համակարգը՝ դարձնելով այն ավելի ճկուն, ինտերակտիվ և նորարարական։ Հաշվի առնելով, որ նոր սերունդը արագ է հարմարվում տեխնոլոգիական փոփոխություններին և ակնկալում նույն արագությունը կրթական ծառայություններից, բուհերը ստիպված են անդրադառնալ նյութատեխնիկական բացերին, դասախոսների թվային պատրաստվածությանը և առկա գործընթացների արդիականացման անհրաժեշտությանը։ Արհեստական բանականության և թվային գործիքների ներդրումը կարող է բարձրացնել ուսուցման որակը, մեծացնել ուսանողների ներգրավվածությունը և ստեղծել ժամանակակից, համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր։
Արդյունքում, Հայաստանի բարձրագույն կրթության արդիականացումը պահանջում է համակարգային մոտեցումներ, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավում, դասախոսների շարունակական վերապատրաստում և նորարարական մեթոդների կիրառում՝ ապահովելու համար կրթության մրցունակությունը և ուսանողների պատրաստվածությունը թվային դարաշրջանի մարտահրավերների դեմ։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Վ․Աթոյան <<Բարձրագույն կրթությունը թվային դարաշրջանի փոփոխվող
իրողություններում>>,Ամբերդ,2020,էջ 83-90
2. Ուսումնական ձեռնարկ դասավանդողների համար,<<Մեդիա գիտություն>>,Երևան: Մեդիա
նախաձեռնությունների կենտրոն, 2022,էջ 202
3. https://arar.sci.am/Content/362239/135-142.pdf
4. https://www.journalist.am/article/198

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման