Ներածություն
Ժամանակակից աշխարհում աշխատանքը պարզապես եկամտի միջոց չէ․ այն անհատի կայացման կարևոր պայմաններից մեկն է։
Գործազրկությունը սոցիալ-տնտեսական համակարգի հիմնախնդիրներից մեկն է, որն իր անմիջական ազդեցությունն է ունենում ոչ միայն բնակչության կենսամակարդակի, այլև երկրի տնտեսության զարգացման հեռանկարների վրա։
Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 13.9% (423 408 մարդ)՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12,4%-ից (377716 մարդ)։ Այս ցուցանիշը ոչ միայն շատ բարձր է ՀՀ բնակչության համար, այլև վկայում է աշխատաշուկայի խորքային ճգնաժամի մասին։
Այս ցուցանիշը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ գործազուրկների զգալի մասը կազմում են բարձրագույն կրթություն ստացած երիտասարդները։
Ի հակադրություն ՀՀ-ում տիրող իրավիճակի, մեր հարևան Ռուսաստանի Դաշնությունում գործազրկության մակարդակը նույն տարում իջել է մինչև 2.3-2.6%, ինչը համարվում է գրեթե ամբողջական զբաղվածություն և հասնում է պատմական նվազագույնի։ Սա պայմանավորված է տնտեսական կառավարման ավելի կայուն մեխանիզմներով, արդյունաբերության զարգացմամբ, ծառայությունների ոլորտների աճով, ինչպես նաև՝ նպատակային պետական ծրագրերով՝ ուղղված զբաղվածության խթանմանը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև այս տարբերությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն գլոբալ տնտեսական տատանումներով չէ պայմանավորված․ այն նաև ներքին գործոնների, քաղաքական կառավարման, կրթական համակարգի արդյունավետության ու սոցիալ-տնտեսական ռազմավարության արդյունք է։
էսսեի նպատակն է վերլուծել գործազրկության կառուցվածքային բնույթը ՀՀ-ում, բացահայտելու դրա պատճառները՝ մասնավորապես կրթության և աշխատաշուկայի անհամապատասխանությունը, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների առաջընթացի հետևանքով ավագ սերնդին առաջադրվող մարտահրավերները։ Միաժամանակ փորձ կարվի համեմատական հայացք նետել Ռուսաստանի փորձին՝ հասկանալու, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ իրավիճակը Հայաստանում բարելավելու նպատակով։
Գործազրկության պատճառները ՀՀ-ում
Կրթության և աշխատաշուկայի անհամապատասխանությունը.
Հայաստանում կրթական համակարգը հաճախ չի համընկնում աշխատաշուկայի պահանջներին։ Շատ երիտասարդներ, ավարտելով բուհերը, չեն կարողանում աշխատանք գտնել՝ համապատասխան հմտությունների պակասի պատճառով, երբ պահանջարկը բարձր է՝ մասնագետների պատրաստման մակարդակը՝ ոչ։ Կարևոր է նաև ընգծել, որ նորագույն տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է անընդհատ վերապատրաստում, նոր հմտությունների յուրացում, ծրագրային միջավայրերի, համակարգերի և թվային գործիքների տիրապետում։ Սակայն հին կադրերը, ովքեր երկար տարիներ աշխատել են ավանդական մեթոդներով, հաճախ դժվարությամբ են հարմարվում փոփոխություններին։ Եվ այս վերապատրաստման պակասն էլ նրանց դուրս է թողնում ժամանակակից աշխատաշուկայից։ Արդյունքում՝ նրանք կա’մ չեն կարողանում գտնել համապատասխան աշխատանք, կա’մ էլ վաղաժամկետ կենսաթոշակի են անցնում։
Տարածաշրջանային անհավասարությունը.
Աշխատատեղերի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում, մինչդեռ մարզերում և գյուղական համայնքներում գործազրկության մակարդակը բարձր է։ Տարածաշրջանային անհավասարությունը բերում է բնակչության միգրացիայի դեպի մայրաքաղաք, ինչն էլ ավելի է խորացնում մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրները։
Տեսական գիտելիքների գերակայությունը գործնական հմտությունների նկատմամբ.
Երիտասարդների շրջանում գործազրկության հիմնական պատճառներից է նաև այն, որ կրթական ծրագրերում գերակշռում են տեսական գիտելիքները, որոնց զիջում են գործնական հմտությունները։ Արդյունքում շրջանավարտները տեսականորեն տեղեկացված են, սակայն չունեն բավարար կարողություններ՝ գիտելիքը գործնականում կիրառելու համար։
Աշխատանքային փորձի պահանջը որպես խոչընդոտ սկսնակների համար.
Բացի այդ, երիտասարդների շրջանում գործազրկության պատճառ է նաև, անգամ սկսնակ աշխատողներից աշխատանքային փորձի առկայության պահանջը գործատուների կողմից։ Աշխատաշուկան ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ հայտարարությունների մեծ մասում որպես հիմնական պահանջ նշվում է՝ առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձի առկայություն, ինչը փաստացի ցույց է տալիս, որ համալսարանը նոր ավարտած երիտասարդը դուրս է մնում մրցակցությունից։ Սա ստեղծում է փակ շրջան՝ առանց փորձի աշխատանքի չեն ընդունում, իսկ առանց աշխատանքի հնարավոր չէ փորձ ձեռք բերել։
Արտագաղթող աշխատուժը.
Հայաստանում գործազրկության խնդիրը խիստ կապված է մեկ այլ կարևոր սոցիալ-տնտեսական երևույթի՝ արտագաղթի հետ։ Աշխատունակ տարիքի տղամարդկանց և երիտասարդների զգալի մասը մշտական կամ ժամանակավոր աշխատելու նպատակով լքում է երկիրը։ Այս երևույթն ունի երկակի ազդեցություն․ մի կողմից ազատվում են աշխատատեղեր, սակայն, մյուս կողմից՝ արտագաղթն ավելի է խորացնում կադրերի պակասը և աշխատաշուկայի կառուցվածքային թուլությունը։
Գործազրկության մակարդակի համեմատական վերլուծություն ՌԴ-ի հետ
2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում գործազուրկ բնակչության մակարդակը կազմել է 3.7%, ինչը համեմատաբար բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով տնտեսական անորոշությունները, միջազգային ճնշումներն ու մի շարք ներքին տնտեսական խնդիրներ։ Սակայն վերջին տվյալների համաձայն՝ ներկայումս այդ ցուցանիշը նվազել է մինչև 2.3%, ինչը խոսում է աշխատաշուկայի կայունացման և տնտեսության ոլորտում կատարված բարեփոխումների մասին։
2025 թվականի տվյալներով՝ գործազրկությունը Ռուսաստանում նվազել է մինչև 2.3%՝ արձանագրելով պատմական նվազագույն ցուցանիշներից մեկը։
Այս դինամիկայի պատճառներից են՝
նոր աշխատատեղերի ստեղծումը,
աշխատավարձերի բարձրացումն ու աշխատաշուկայում մրցակցային մթնոլորտի ձևավորումը,
ինչպես նաև աշխատունակ բնակչության ակտիվացումը՝ այդ թվում այն խմբերի, որոնք նախկինում չեն մասնակցել աշխատաշուկային։
Կենտրոնական դաշնային շրջանում (ЦФО) գործազրկությունը նվազել է մինչև 1.8%։ Փորձագետ և դասախոս (РУДН) Տատյանա Ուշկացը դա բացատրում է հետևյալ կերպ՝
«Կենտրոնական դաշնային շրջանում գործազրկության ցածր մակարդակը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, զարգացած ենթակառուցվածքներով, ինչպես նաև մասնագիտացված կրթական հաստատություններով, որոնք պատրաստում են այնպիսի կադրեր, ինչպիսիք պահանջում է շուկան»։
Եզրակացություն
ՀՀ-ում Առաջին հերթին պետք է բարեփոխել կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև խթանել մարզերում տնտեսական ակտիվությունը։ Հայաստանի համար կարևոր է մշակել ռազմավարություն, որը կլուծի գործազրկության կառուցվածքային խնդիրները՝ ապահովելով կայուն տնտեսական զարգացում։
Գործազրկությունը ոչ միայն հարվածում է երկրի տնտեսական կայունացմանը, այլև խաթարում է մարդկանց հոգեբանական առողջությունը, իջեցնում է կենսամակարդակը, ինքնագնահատականը, և, ամենավտանգավորը, խաթարում է հավատը սեփական հայրենիքում ապագա կառուցելու հնարավորության հանդեպ։
Բարձր գործազրկությունը հանգեցնում է նաև սոցիալական բևեռացման, հուսահատության և արտագաղթի։ Երիտասարդները, չգտնելով աշխատանք, հաճախ ընտրում են արտագաղթի ճանապարհը՝ գնալով ավելի լավ հնարավորությունների ետևից։
Սա ոչ միայն նվազեցնում է երկրի աշխատուժի պոտենցիալը, այլև ազդում է երկրի բնակչության նվազման վրա։
Վերջիվերջո, գործազրկության դեմ պայքարել նշանակում է պայքարել հանուն արժանապատիվ կյանքի և հայրենանվեր ապագայի։
Հեղինակ՝ Լաուրա Սահակյան
More Stories
Բուհական խնդիրները Հայաստանում
«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հայտարարում է վիդեոհոլովակների մրցույթ
Արհեստական բանականության մոդելների կիրառումը կրթության մեջ