Ավելի քան 2 տարի տևած երկար աշխատանքներից ու քննարկումներից հետո սույն թվականի հունիսի 19-ին ՇՊՀ-ի Գիտական խորհրդի կողմից հաստատվել են բուհի նոր խորհրդանիշները՝ Գերբն ու դրոշը (2 տարիների ընթացքում «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի մեդիա թիմի կողմից ստեղծվել են ՇՊՀ-ի Գերբի և դրոշի ավելի քան 10 տարբերակներ)։ Գերբի և դրոշի փոփոխությունը տեղի է ունեցել ՇՊՀ-ի ռեկտորի հասարակական հիմունքներով խորհրդական և ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Ղուկասյանի առաջարկությամբ։ Այս առաջարկությունը պայմանավորված էր նրանով, որ նախկին Գերբը ընդհանրապես չէր համապատասխանում բուհական ձևաչափին, չուներ որևէ հիմնավոր բացատրություն և չէր արտացոլում ժամանակակից ակադեմիական հաստատությանը հարիր վիզուալ։ Իսկ դրոշ ընդհանրապես գոյություն չուներ։ ՇՊՀ-ի նոր Գերբի և դրոշի հեղինակը ևս Գևորգ Ղուկասյանն է, իսկ ծրագրային աշխատանքների պատասխանատուները «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի մեդիա թիմի աշխատակիցներ Լալա Մանուկյանը, Լիլիթ Պետրոսյանը և Նարե Սահակյանը։ ՇՊՀ-ի խորհրդանիշները ստեղծվել են համապատասխան գրաֆիկական կանոններով և ամբողջությամբ հեղինակային են։ Խորհրդանիշները ստեղծելիս ուսումնասիրվել են միջազգային շուրջ 100 համալսարանների խորհրդանիշներ (Հյուսիսային Ամերիկա, Արևելյան և Արևմտյան Եվրոպա, Թուրքիա, Վրաստան), դրանց կառուցվածքը, նկարագրությունը և այլն։ Խորհրդանիշները բուհի 90 – ամյակին ընդառաջ անհատույց նվեր են համալսարանին «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի կողմից։

ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԵՐԲԻ ԴԵՏԱԼՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
ՇՊՀ-ի Գերբը շրջանաձև է, գույները՝ ալ կարմիր և սպիտակ։ Խորհրդանիշի կենտրոնում պատկերված է Հայաստանի առաջին համալսարանի և ապա` Լենինականի մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը (ներկայում՝ Շիրակի պետական համալսարան)։ Առաջին համալսարանի և Լենինականի մանկավարժական ինստիտուտի շենքի ներկայությունը ՇՊՀ-ի Գերբի (և դրոշի) կենտրոնում խորհրդանշում է կրթությունը, դպրությունը, գիտելիքը, գիտությունը և այս ոլորտներում Հայաստանի առաջընթացի էության ու հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում առաջին աշխարհիկ հեղինակավոր համալսարանը, որի լավագույն ավանդույթները հասել են մեզ։
ՇՊՀ-ի Գերբի կենտրոնում պատկերված առաջին համալսարանի շենքի ներքևում հիշատակված է 1934 թվականը։ Հենց այս տարեթվին է հիմնադրվել ՀՀ-ի ներկայիս մարզային ամենամեծ համալսարանը՝ ՇՊՀ-ն (նախկինում՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտ)։
ՇՊՀ-ի Գերբի ներքևում պատկերված է կիսաշրջանաձև ժապավեն։ Ժապավենի ձախ թևին գրված է ազատություն, աջ թևին՝ ազնվություն, իսկ մեջտեղում՝ ՇՊՀ-ն է։
Այս հատվածը խորհրդանշում է ակադեմիական ազնվությունը, հայ ժողովրդի անմար ձգտումը դեպի գիտելիքն ու կրթությունը և հավերժական պայքարը ազատության համար։ Համալսարանի առաքելությունն է ազատ մտածող, ազնիվ, բարեկիրթ, ստեղծագործ և նախաձեռնող քաղաքացի կերտելը։ Միայն ազատ մտածող մարդը կարող է ստեղծել հավելյալ արժեք պետության և հայրենիքի շենացման համար։
Այսպիսով՝ ՇՊՀ-ի Գերբը պարունակում է հետևյալ իմաստային և վիզուալ էլեմենտները.
1. Կրթության և գիտության մեկ կարևորագույն պատմական խորհրդանիշ՝ Հայաստանի առաջին համալսարանի և ապա Լենինականի նախկին մանկավարժական ինստիտուտի (ՇՊՀ-ի) շենքի գրաֆիկական պատկերը, որպես կրթության և գիտության օրրան,
2. Եվ մեկ կարգախոս ներքևի ժապավենի վրա՝ «Ազատություն և ազնվություն»։
ՇՊՀ-ի դրոշը ալ կարմիր և սպիտակ գույներով է, դրոշի կենտրոնում համալսարանի Գերբն է, որը գտնվում է ոսկեգույն նեղ գծերով ուղղանկյունու մեջ։
ՇՊՀ-ի Գերբը և դրոշը ստեղծվել են՝ ՇՊՀ-ի ռեկտորի խորհրդական, «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Ղուկասյանի մտահղացմամբ և հեղինակությամբ։
ՇՊՀ-ի Գերբի և դրոշի ստեղծման աշխատանքների ղեկավար՝ Գևորգ Ղուկասյան
Գրաֆիկական և ծրագրային աշխատանքների պատասխանատուներ՝ Լալա Մանուկյան, Նարե Սահակյան, Լիլիթ Պետրոսյան։





More Stories
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության
Քննադատական մտածողությունը՝ որպես ժամանակակից քաղաքացու կարևորագույն հմտություն․ Ինչպե՞ս զարգացնել այն