«Աշխարհի բոլոր երեխաներն ու երիտասարդները, իրենց անհատական ուժեղ և թույլ կողմերով, իրենց հույսերով և ակնկալիքներով, ունեն կրթության իրավունք: Դա մեր կրթական համակարգը չէ, որ ունի իրավունք երեխաների որոշակի խմբերի նկատմամբ: Հետևաբար, երկրի դպրոցական համակարգի պարտականությունն է հարմարվել բոլոր երեխաների կարիքների բավարարմանը»:
Բ. Լինդքվիսթ, ՄԱԿ-ի զեկուցող, 1994 թ.
Ներկա ժամանակներում լուրջ խնդիրներից է համարվում երեխաների և հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների զարգացմանն ու կրթությանը խոչընդոտող հանգամանքները: Աշխարհն այժմ այս խնդիրը փորձում է լուծել ներառական կրթության միջոցով։ Ներառական կրթությունը մի համակարգ է, որը հենվում է բոլոր երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և սոցիալապես սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց կրթություն ստանալու իրավունքի վրա: Այն արձագանքում է բոլոր սովորողներին բազմազան կարիքներին, մեծացնում նրանց մասնակցությունը ուսումնական, մշակութային ու ժամանցային կյանքին: Այն ենթադրում է փոփոխություններ և բարեփոխումներ կրթության բովանդակության, մոտեցումներին, կառույցների և մեթոդական համակարգի մեջ, տարածվում է համապատասխան տարիքային խմբի բոլոր երեխաների վրա: Ներառական կրթությունը ելնում է այն համոզմունքից, որ բոլոր երեխաներին կրթելը հանրակրթական համակարգի պարտականությունն է: Ներառումը հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս կրթություն ստանալ իրենց համայնքներում և չմեկուսանալ ընտանիքներից: Համայնքից և ընտանիքից հեռու՝ հատուկ դպրոցներում երեխաներին տեղավորելը հակասում է ընտանիքի և համայնքի կյանքին մասնակցության նրանց իրավունքին: Ընտանիքից ու համայնքից հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բաժանումը հաճախ վկայում է հասարակության մեջ նման մարդկանց նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարումների մասին: Ներառական կրթությունը կարող է բարձրացնել կրթության որակը բոլորի համար: Ներառական կրթությունն օգնում է հաղթահարել խտրականությունը:
Ներառական կրթության հանդեպ արդի մոտեցումը տարբերվում է նախկինում ընդունված այն տեսակետից, որ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտները առանձին են կրթություն ստանում և ուսուցումն իրականացվում էր առանձին դասասենյակներում, նույնիսկ առանձին դպրոցներում: Մարդիկ ընդունել էին դա և արդեն հարմարվել էին այդ մտքին, որ հատուկ կրթություն՝ նշանակում է առանձին կրթություն: Ներառական կրթությունն ընդունում է, որ բոլոր երեխաները տարբեր են, և հանրակրթական համակարգը պետք է հարմարվի բոլոր սովորողների անհատական պահանջմունքներին, սակայն ներառում չի նշանակում բոլորին ձուլելու կամ միատեսակ դարձնելու ձգտում: Այն ընդունում է, որ երեխաները սովորում են տարբեր արագությամբ, իսկ ուսուցիչներին անհրաժեշտ է զինել ուսուցման գործընթացի ճկունությամբ: Ներառման արդյունավետության գնահատման ուսումնասիրությունները հիմնականում իրականացվել են եվրոպական երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ըստ ԱՄՆ֊ի սահմանադրության, կրթությունը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է։ 1965թ֊ից սկսած ԱՄՆ֊ի ֆեդերալ կառավարությունն ընդունել է օրենքներ հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթության մեջ ներգրավելու համար։ Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը: Հայաստանում ներառական կրթությունը պաշտոնապես ընդունվել է 2003 թվականին։
ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-200-Ն), հանրակրթության համակարգում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության: Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել են ուսուցչի օգնականի հաստիքներ: Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝
● Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:
● Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձն է, որին հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ:
● Կիրառվում է երեխայի կրթությանն աջակցելու եռաստիճան համակարգ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն են ստանում 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հանրապետական կենտրոնի կողմից:
Թեմայի ուսումնասիրության ընթացքում հարցազրույց վերցրեցինք Իրինա Գրիգորյանից, ով աշխատում է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում որպես հոգեբան։ Ներառական կրթությունը, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, ուսուցման կազմակերպումն է հանրակրթական դպրոցում` հավասարը հավասարի հետ սկզբունքի հիման վրա։ Ներառական կրթությունը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին հաճախել դպրոց, չառանձնանալ հասարակությունից, շփվել իրենց հասակակիցների հետ, լինել հասարակության լիարժեք անդամ։ Ներառական կրթությունը, դրական ուղղվածություն է, և դրական կանդրադառնա բոլորի վրա եթե հնարավորություններ կա ճիշտ կազմակերպել ներառական կրթությունը։ Թերացումները ներառական կրթության կազմակերպման հարցում շատ են։ Հիմնականում կնշեմ մասնագիտական թիմի կարևորությունն, քանի որ մասնագիտական թիմը պետք է լինի միշտ դպրոցում երեխայի կողքին։ Երեխաների խնդրից ելնելով, դպրոցի մեծությունը հաշվի առնելով մասնագետները պետք է շատ լինեն։ Ներառական կրթության հաջողությունները դպրոցում կախված է օրինակ` թեքահարթակների, սանհանգույցների, դասարանում ճիշտ լուսավորության ապահովման, նյութատեխնիկական բազայի ապահովման հետ, որը օրինակ 23 միջնակարգ դպրոցում լավ ապահովված է, սակայն կան շատ դպրցներ, որտեղ խնդիրը պահպանվում է – նշել է Իրինա Գրիգորյանը:
Որպես հոգեբան Իրինան նաև նշել է, որ շատ հեշտ է նախապատրաստել երեխաներին ներառական երեխաների հետ շփմանը, քանի որ երեխաները շատ պատրաստակամ են հոգատար, բարեխիղճ և հոգեբանական ճիշտ աշխատանքից հետո հատկապես նրանք, ոչ միայն դրսևորում են դրական վերաբերմունք այլ նաև դառնում են հենց ուսուցչի հոգեբանի օգնական այս հարցում ու այստեղ նրանք կազմակերպում են հիմնականում և անհատական և խմբային պարապմունքներ ներառելով երեխաներին։ Երեխաների միջև տարաձայնություններ գրեթե չեն լինում, որովհետև նրանք շատ հոգատար են ներառված երեխաների հանդեպ, չնայած լինում են երբեմն տարաձայնություններ և այստեղ անհրաժեշտ է զրուցել երկու կողմերի հետ։ Հոգեբանական խաղերի, վարժությունների, տարբեր խմբային աշխատանքների միջոցով կարող ենք կազմակերպել ներառական և ոչ ներառական երեխաների առողջ շփումը։ Հաշվի առնելով ներառված երեխաների կարիքները այս դեպքում պետք է շատ ուշադիր լինել իրենց առանձնահատկություններին, որպեսզի իրենց չվիրավորենք։ Ներառական կրթությունը մյուս երեխաների վրա ունի դրական ազդեցություն, որովհետև ձևավորում է մարդասիրություն, փոխօգնություն, պատասխանատվության զգացում, հատկապես եթե ճիշտ ուղղորդվում են երեխաները, չնայած ծնողները, ուսուցիչները դժգոհել են։ Եվ վերջում բոլոր երեխաներին պետք է կրթություն, որը կօգնի նրանց հարաբերություներ հաստատելու և պատրաստվելու կյանքին: Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը: Այսպիսով, միջազգային մասշտաբներով ներառական կրթությունը շատ մեծ տարածում ունի և շատ արդյունավետ է: Հայաստանում կան հատուկ մանկավարժներ, որոնք հանդես են գալիս որպես փոփոխության շարժիչ ուժ և խթանում են ներառական կրթության զարգացմանը: Սակայն հարկավոր է ավելին անել, որպեսզի այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք մինչ այժմ համարվել են նեղ մասնագիտականը, լայնորեն տարածվեն և գործի դրվեն հնարավորինս ավելի լայն մասնագիտական շրջանակներում: Ակնհայտ է, որ երեխաները միասին սովորելով` սովորում են նաև միասին ապրել, և հաշմանդամություն ունեցող երեխաներին ոչ թե պետք է խղճալ և դիտարկել միայն որպես խնամքի կարիք ունեցողներ, այլ նրանց նախևառաջ պետք է ապահովել որակյալ կրթություն և երեխայակենտրոն միջավայր: Յուրաքանչյուր երեխայի համար լավագույն և անփոխարինելի միջավայրը իր ընտանիքն է, իր բակը, իր համայնքը և իր դպրոցը, ու երբ նա մեծանա, գիտակցի նաև, որ լավագույն վայրը աշխարհում իր հայրենիքն է:
Օգտագործած գրականության ցանկ
- ՙՙՆերառական կրթության ռազմավարություններ՚՚ Ավագյան Ա., Գևորգյան Ե., Գևոչգյան Ա., Կյուրեղյան Հ., Գրիգորյան Ռ., (խմբ.(2019)) Մինեապոլիս, Մինեսոթա, ԱՄՆ. Մինեսոթայի համալսարան: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան և Խ. Աբովյանի անվանհայկական պետական մանկավարժական համալսարան, Երևան, Հայաստան, 249 էջ
- https://lib.armedu.am/files/resource/files/2022-12-13/93399c4aa34193a1db66ee38430b06a2.pdf
Հոդվածի հեղինակներ՝
Հռիփսիմե Մկրտչյան
Լուսինե Հարթենյան
Լուսինե Թորիկյան
Զոյա Գևորգյան
Ռուզաննա Բարսեղյան
Լիլիթ Հակոբյան
Լուիզա Հարությունյան
Նվարդ Մինասյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում