Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ինչո՞ւ նախարարի հրամանից հետո չփակվեցին որոշ հատուկ դպրոցներ.Լարիսա Կարապետյան

Լարիսա Կարապետյան

Լրագրություն, 2-րդ կուրս

Այս դպրոցում դասամիջոցին միջանցքներում միայն աշխույժ ոտնաձայներ են լսվում և ոչ մի աղմուկ։ Այստեղ տիրող լռությունը խախտվում է միայն ուսուցիչների զրույցներով։ Այստեղ 117 երեխա զարգացնում է փոքրիկ ձեռքերը, որ կարողանա «խոսել»: Խոսել, սակայն, այստեղ, երեխաներին թույլ չեն տալիս․ ուսուցիչները վստահ են՝ զրուցակիցները նրանց չեն հասկանա։ 

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը գործում է դեռևս 1959 թ․–ից, այստեղ սովորում են լսողության ֆունկցիայի խոր և ծանր խանգարումներ ունեցող 5-18 տարեկան երեխաներ՝ ՀՀ տարբեր մարզերից,  Արցախից  և Վրաստանից: Հատուկ դպրոցը գիշերօթիկ է։ Սա նշանակում է, որ երեխաների ճնշող մեծամասնությունը գիշերում է դպրոցում, և տուն գնում միայն հանգստյան օրերին։ Մեծ մասի համար ընտանիքի հետ լինելու այս հնարավորությունն անգամ չտեսնված շռայլություն է, հատկապես՝ հեռավոր մարզերից, Արցախից կամ Վրաստանից եկած փոքրիկների համար։

Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանն ասում է՝ իրենց աշակերտները պարզ են, մաքուր, ինչ մտածում են, դա էլ ասում են։ Տնօրենը վստահ է՝ դա գալիս է ուսուցիչների հետ լավ հարաբերություններից և երեխաների համար վստահելի միջավայրից․

«Մեր և երեխաների հարաբերությունները լղոզված են։ Մեր դպրոցում չկա ուսուցիչ աշակերտ  փոխհարաբերություն, մեզ մոտ տիրում է միայն   պարզության և ջերմության մթնոլորտ: Իրենք այստեղ շատ լավ են զգում, բայց երեխաների առաջադիմությունն այդքան էլ բարձր չէ, քանի որ չեն կարողանում լավ ընկալել և վերարտադրել, սակայն մեր երեխաները բարձր առաջադիմություն ունեն արհեստագործական առարկաներից»,– ասում է տնօրենը:

Դպրոցի հոգեբան Հասմիկ Նիկողոսյանի խոսքով՝ երեխաները հաճախ շատ դժվար են ընտելանում գիշերօթիկ դպրոցում, լաց են լինում, խնդրում, որ ծնողներն իրենց տանեն տուն։

 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքերով, ներառականության գաղափարը որոշակի առումով հակասության մեջ է «Հատուկ դպրոցների» գոյության հետ, որովհետև ներառական կրթության գաղափարի հիմքում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների միասին սովորելու գաղափարն է․

«Հաշմանդամություն ունեցող երեխաները ստանում են առանձնացված, մեկուսացված կրթություն, բացի դա՝ ներառման կարևորագույն սկզբունքներից մեկը որակյալ կրթությունն է, ինչը, միջազգային փորձը ցույց է տալիս, որ «Հատուկ դպրոցում» հնարավոր չէ ապահովել։ Նաև «Հատուկ դպրոցում» բարձր է երեխաների նկատմամբ բռնության ռիսկը՝ ի համեմատություն հանրակրթական ընդհանուր տիպի դպրոցների»,– ասում է փորձագետը:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, ռիսկերը նույն են, ինչ հաշմանդամություն չունեցող երեխաների դեպքում, բայց նաև կան հավելյալ ռիսկեր։ Բացի այդ, երեխան պետք է ստանա անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ իր կրթության իրավունքի իրացման համար, բայց խնդրի լուծումը ոչ թե հատուկ կրթությունն է այլ անհրաժեշտ ծառայությունների ստեղծումը ներառական միջավայրում․

«Դա որքան էլ դժվար ուղի լինի, պետք է ընտրենք հենց ներառման ճանապարհը․ պետության պարտավորությունն է՝ անել ամեն ինչ, որ ներառումը լինի լիարժեք, որ երեխաները ստանան իրենց անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝  մյուսների հետ հավասար հիմունքներով կրթություն ստանալու համար»,– ասում է Հովսեփյանը:

Նա հիշեցնում է, որ Հայաստանը դեռ տարիներ առաջ է որդեգրել համընդհանուր ներառման քաղաքականությունը, սակայն ինչը ենթադրում էր նաև հատուկ դպրոցների փակում։ Որոշ հատուկ դպրոցներ, այնուամենայնիվ, չփակվեցին՝ անգամ համընդհանուր ներառական կրթության անցումից հետո․

«Դա պայմանավորված էր նրանով, որ պետությունը չունեցավ բավարար կամք և կարողություններ՝ այս դպրոցները փակելու։ Իրականում, որոշ մասնագիտացված դպրոցների պարագայում աշխարհում ընդհանրապես կա նման դժվարություն․ խոսքը, մասնավորապես, լսողության և տեսողություն խնդիր ունեցող երեխաների մասին է։ Այս դեպքում փոքր ինչ վիճելի է այս դպրոցների փակման հարցը։ Սակայն, թե ինչու չփակվեցին մյուս հատուկ դպրոցները, դա կառավարության կարողությունների պակասի և քաղաքական կամքի  բացակայության հետևանք է»,– բացատրում է Հովսեփյանը:

Փորձագետը հատուկ դպրոցների հարցի լուծումը տեսնում է մարման կարգով իրականացվող գործընթացի միջոցով․ երեխաները, ովքեր սովորում են հատուկ դպրոցում, շարունակեն կրթությունը, նոր ընդունվող երեխաների դեպքում արդեն նրանց համար պետք է ապահովվեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները՝ նրանց նախընտրած հանրակրթական դպրոցներում:

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

Spread the love