Արարատյան դաշտն իր կրոնական և քաղաքական կենտրոններով, պատմական մայրաքաղաքներով, պատմության հնագույն ժամանակներից ի վեր կարևոր քաղաքական, քաղաքակրթական, հոգևոր և մշակութային ազդեցություն է ունեցել Արարատյան երկրի կյանքում: Այդ մասին են վկայում պատմամշակութային մի շարք կոթողները, պատմական մայրաքաղաքներից հայտնաբերված և մինչ այսօր պեղումների արդյունքում գտնված արժեքավոր գտածոները: Խոշորագույն արժեքների մասին են վկայել պատմիչներ Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը: Արարատյան հարթավայրում են կառուցվել հայոց մայրաքաղաքները՝ Արմավիրը (մ.թ.ա. 330–210), Երվանդաշատը (մ.թ.ա. 210–180), Արտաշատը (մ.թ.ա. 180–77), այնուհետև Տիգրան Մեծի օրոք` Մեծ Հայքի մայրաքաղաքը կարճ ժամանակով գտնվում էր Արարատյան դաշտից դուրս՝ Տիգրանակերտում (մ.թ.ա. 77–69), հետո տեղափոխվեց Արտաշատ (մ.թ.ա. 69–մոտ 120 թ.), Վաղարշապատ (մ.թ.ա. մոտ 120–330), Դվին (336–428 թթ):
Արարատյան երկրի հնագույն մայրաքաղաքներն ու մշակութային համալիրներն այս անգամ դարձել էին հետազոտության առարկա՝ «Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային գիտաժողովում։ Գիտաժողովը Հայաստանի գինու պատմության թանգարանում համախմբել էր նշանավոր հնագետների, բնագետների, պատմաբանների Հայաստանից և տարբեր երկրներից՝ վեր հանելու հայոց մշակույթն ու բազմադարյա պատմությունը։ Այն կազմակերպվել էր Հայաստանի գինու պատմության թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի դասական հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ։ Հետազոտական զեկույցները վերաբերվում էին Արարատյան դաշտի քաղաքներում զարգացած գինեգործության, արքունական քաղաքների, մայրաքաղաքային ենթակառուցվածքների, աշխարհագրական, տնտեսական, քաղաքական առանձնահատկություններին։ Գիտաժողովը մեկնարկեց Հայաստանի գինու պատմության թանգարանից։ Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն, հնագետ, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հայկ Գյուլամիրյանը նախևառաջ շնորհավորեց կոլեգաներին հուշարձանների պահպանության միջազգային օրվա առթիվ, ապա ներկայացրեց թանգարանի գործունեությունը։ Հայաստանի գինու պատմության թանգարանը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ հնագույն մշակութային արժեքների պահպանման և ցուցադրման մի կենտրոն։
«Գինու պատմության թանգարանը հիմնադրամ է, որը հիմնվել է 2017 թվականին և սկսել գործել 2022 թվականից, այն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության, ԳԱԱ ՀԱ ինստիտուտի և մի շարք թանգարանների հետ։ Այստեղ բացահայտվում է գինու պատրաստման դարավոր ավանդույթը Հայկական լեռնաշխարհում, գինու պատրաստման համար կիրառվող գործիքները, հնագիտական հսկայական նյութը, որն, անշուշտ, վառ վկայություն է և օժանդակում է։ 1,5 տարվա ընթացքում մենք ունեցել ենք ավելի քան 24000 այցելու Հայաստանից և արտերկրից, ունեցել ենք 4 համատեղ ցուցահանդեսներ։ Իսկ հիմա առաջին անգամ կազմակերպվել է գիտաժողովը, որը կարևոր ձեռնարկ է հայագիտության մեջ։ Գաղափարը ծնվեց հայ-գերմանական «Արտաշատ» նախագծի արդյունքում, որն իրականացնում է Արտաշատի պեղումները։ Հնագետները, պատմաբանները, բնագետները բացահայտում են Հայաստանի մայրաքաղաքները` իրենց փառահեղ ժառանգությամբ ու պատմությամբ։ Հայկական մայրաքաղաքները հետաքրքիր և կարևոր դիվանագիտական կետում են եղել և մեծ նշանակություն ունեցել, քանի որ կապել են արևելքը արևմուտքին, և այս գիտաժողովը հնարավորություն է տալիս վեր հանել և ներկայացնել այդ անչափ կարևոր նշանակությունը»,- ասաց Հ. Գյուլամիրյանը։
Հայաստանում գինեգործությամբ են զբաղվել ավելի քան 6000 տարի առաջ. դրա վկայությունն են Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավում հայտնաբերած խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթները, խաղողի կորիզներն ու բաժակները։ Գիտաժողովի աշխատանքներն ու հետազոտությունները նաև ողջունում է Հայաստանի գինու պատմության թանգարանի հիմնադիր-նախագահ, Արմենիա Վայն ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունն իր առջև խնդիր էր դրել զարգացնել գինու զբոսաշրջությունը Հայաստանում։
«Արմենիա Վայն ընկերությունը այս տարի նշում է հիմնադրման 15-ամյակը, և որպես երիտասարդ ընկերություն` մենք պետք է նորարարություն բերեինք այս ոլորտ, և դրանցից մեկը սերունդների երկխոսության փիլիսոփայությունն է։ 21-րդ դարում մենք փորձում ենք հայացք նետել և հասկանալ, թե ինչպիսին էր կյանքը մեր թվարկությունից առաջ, բացահայտել այն մշակույթը, կենցաղը, որում ապրել են այդ ժամանակ, համեմատել մեր օրվա հետ, քանի որ մենք բոլորս ունենք նույն ծագումնաբանությունը, բայց տարբեր է մեր մշակույթը։ Մեր հարստությունն է այդ մշակութային տարբերությունը։ Մեր գիտնականների բացահայտումները շատ արժեքավոր են մեզ համար, օրինակ թե ինչպես են սնվել, ինչ են խմել այդ ժամանակ, ինչպիսի սպասք է օգտագործվել այդ ժամանակ։ Մեր կարգախոսներից մեկը եղել է բացահայտելը, և վստահ եմ, որ գիտաժողովի ընթացքում շատ հետաքրքիր բացահայտումներ ենք ունենալու, որոնք 4 տարիների ընթացքում պեղվել են հնագետների կողմից»,- ասաց Վ. Մկրտչյանը։
Արարատյան հարթավայրում հատկապես ակտիվ պեղումներ են իրականացվել պատմական Արտաշատ մայրաքաղաքում: Պեղումները մեկնարկել են անցյալ դարի 70-ական թվականներին, երբ Փոքր Վեդի գյուղում ջրատարի անցկացման ժամանակ հայտնաբերվեց լատինատառ արձանագրությունը՝ Արտաքսատա (Արտաշատ) քաղաքի և հռոմեական կայսր Տրայանոսի տիտղոսների հիշատակությամբ։ Իսկ վերջին շրջանի պեղումներից մեկի արդյունքում 2021թ.-ին հայտնաբերվել են պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունակապ պալատի մնացորդները: Ըստ արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանի՝ հայտնաբերված կառույցը սյունակապ է և հանդիսանում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի կառույցներից մեկը։ Կառույցը թվագրվում է մ․թ․ա. 2-1 դդ. և մ․թ․ 1-2-րդ դդ․։ Մինչ այդ
2008 թ.ին Արտաշատ մայրաքաղաքի տարածքում հայտնաբերվել էր հնագույն բաղնիքների մի ամբողջ համակարգ։ Հետագա պեղումների արդյունքում գտնվեց նաև հնագույն տաճարի տնտեսական հատվածը։ 2018 թվականից արդեն հայ-գերմանական «Արտաշատ» նախագծի շրջանակում պեղումներին միացան Մյունսթերի համալսարանի դասական հնագիտության ինստիտուտի գիտնականները։ Ինստիտուտի պրոֆեսոր, հնագետ Աքիմ Լիխտենբերգերը հերթական անգամ Հայաստանում է և ողջունում է աշխատանքների արդյունքների ամփոփումը։
«Շատ ուրախ եմ, որ այսօր այս գեղեցիկ, պատմական վայրից եմ ողջունում մեր գործընկերներին։ Ուրախ եմ, որ հենց Մյունսթերի դասական հնագիտության ինստիտուտը պատիվ ունի Գինու պատմության թանգարանի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ մասնակցել այս կարևորագույն գիտաժողովին։ Մեր համագործակցությունը արդեն մի քանի տարի է` շարունակվում է, և այսօր գիտաժողովը կարևոր արդյունքները գրանցելու և քննարկելու առիթի է վերածվել։ Այսօր այստեղ ենք ներկայացնելու Արարատյան հնագույն մայրաքաղաքները, որոնք մեր հետազոտության կենտրոնում են հայ- գերմանական «Արտաշատ» նախագծի համատեքստում։ Համագործակցությունը սկսվել է 2018 թվականից, և արդյունքում հայ և գերմանացի հնագետները բացահայտում են Արտաշատ հնագույն մայրաքաղաքը, հայտնաբերում քաղաքի հնագույն կառույցների նոր շերտեր»,- ասաց պրոֆեսորը։
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը հույս է հայտնում, որ այս գիտաժողովը նաև կարևոր հարցեր տալու համար լավ առիթ է և անգամ առավել հնագույն մայրաքաղաքներ բացահայտելու գաղափարներ կարող է տալ, ինչի հնարավորությունը տալիս է հարուստ դարավոր մշակույթը։
«Հիանալի վայր է ընտրվել գիտաժողովի կազմակերպման համար, միաժամանակ նաև շատ խորհրդանշական է հատկապես հնագիտական ուսումնասիրությունների տեսակետից, և վստահ եմ` մեծ հետք կթողնի բոլորիս վրա։ Որպես հնագետ, երբ մտածում եմ Արարատյան հարթավայրի մասին, միանգամայն պարզ է, որ այն հնագույն Հայաստանի կենտրոնն ու սիրտն է եղել։ Դասական շրջանում, միջնադարում ամեն ինչ սերտ կապված է եղել Արարատյան դաշտի հետ, և այսօր ևս մեր մայրաքաղաքը գտնվում է խորհրդանշական վայրում։ Հնագիտական աշխատանքները վերաբերվում են դասական շրջանին, բայց շատ հետաքրքիր է նաև դասականին նախորդած նախապատմական դարաշրջանը, և հետաքրքիր է` արդյո՞ք եղել են մայրաքաղաքներ Արարատյան հարթավայրում նախապատմական դարաշրջանում Արտաշատից, Դվինից առաջ։ Մեր գործընկեր Էմմա Խանզադյանն ահա պատմում էր Մեծամորի մասին՝ որպես երկաթե դարի Հայաստանի մայրաքաղաք, ո՞վ գիտե, գուցե այլ մայրաքաղաքներ ևս եղել են։ Իրապես, երբ տեսնում ենք Ուրարտական շրջանը, Կարմիր Բլուրը, Էրեբունին, կամ բրոնզե դարաշրջանում Կուր-Արաքսյան հսկայական մշակույթը մ.թ.ա. 3-րդ հազ., հսկայական մշակութային կենտրոններ են եղել։ Մեր խնդիրն է բացահայտել այս խոշոր մշակութային համալիրները, և ես հուսով եմ, որ համագործակցությունը մեր գործընկերների հետ շարունակական կդառնա»,- նշում է բանախոսը։
Գիտաժողովի ավարտին հետազոտողները գործնական այց ունեցան Արտաշատի և Դվինի հնավայրեր։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում