
ՍՎԵՏԼԱՆԱ ԱՐԿԱԴԻԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ, տ.գ.թ.
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության
ինստիտուտի գիտաշխատող
ԱՆԻ ՌՈԲԵՐՏԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մագիստրոս
Ներածություն: Սույն հոդվածում ներկայացնում և լուսաբանում ենք պետական կառավարման առանձնահատկությունները միջնադարում: Անհրաժեշտ է նշել, որ կառավարումը, որպես այդպիսին ծագել է մարդկության պատմության հետ միաժամանակ: Այն կարելի է ասել անհրաժեշտություն է, առանց որի առնվազն բարդ կլիներ կարգավորել մարդկային գործունեության ամենատարբեր բնագավառները: Խոսելով հանրային կառավարման մասին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը /Ուիլսոնը/ նշում է. «Հանրային կառավարումը կառավարության ամենաակնհայտ գործառույթն է, այն գործադիրն է, օպերատիվը, կառավարության գործունեության ամենաակնառու ասպեկտը և այնքան հին է, որքան ինքը պետությունը»: Ահրաժեշտ է նշել, որ հանրային կառավարումը բնորոշ է հիմնականում քաղաքացիական հասարակությանը, ըստ էության համարվելով պետական կառավարման զարգացման բարձրակետը: Այս երկու տերմինները քաղաքագիտության մեջ մտնելով հաճախ են փոխարինում միմյանց, որը գործնականում սխալ չէ, բայց հնարավոր բացթողումներից խուսափելու նպատակաով անհրաժեշտ ենք համարում հանդես բերել հանրային կառավարման սահմանումներից. «Հանրային կառավարման համակարգը ներառում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինպես նաև հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու զանգվածային լրատվական միջոցները»:
Հետազոտության օբյեկտը տվյալ դեպքում պետական /հանրային/ կառավարումն է միջնադարյան ժամանակահատվածում: Ժամանակահատվածի ընտրությունը պատահական չէ և կապված է քաղաքագիտական ուսմունքներում աչքի ընկնող ընդհանրություններով և տարբերություններով, պարզությամբ և միաժամանակ պետության կառավարման ծայրահեղական մոտեցումներով:
Հենց այս միտումների հնարավորինս ուսումնասիրությունն ու հակասությունների բացահայտումն էլ կայանում է մեր աշխատանքի հիմնական նպատակը:
Կատարված ուսումնասիրությունների շրջանակներում առաջադրել ենք հետևյալ խնդիրները.
-հանդես բերել փաստարկված և հնարավորինս հիմնավորված նյութ՝ միջնադարյան պետական կառավարաման մասին խոսելիս,
-հարցին նայել մի քանի տեսանկյուններից՝ ոչ ճիշտ մեկնաբանություններից խուսափելու նպատակով,
-պահպանել ժամանակագրական հաջորդականություն:
Մեր հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել Միջնադարը բնութագրող ռեֆորմացիոն գաղափարներին, ուտոպիական սոցիալիզմին, ինչպես նաև Մաքիավելիի, «Միապետամարտների» և Բոդենի ուսմունքներին: Հոդվածում կատարվող վերլուծությունների համար հիմք են ծառայել համեմատական վերլուծությունների և անալիզի և սինթեզի մեթոդները:
Հետազոտության արդյունքները: Կատարված հետազոտության ընթացքում ներկայացվել է ողջ միջնադարի պետական կառավարման համակարգը՝ հիմք ընդունելով ակնառու ներկայացուցիչների աշխատությունները, մասնավորապես համեմատական վերլուծության միջոցով, վեր են հանվել մի շարք առանձնահատկություններ:
Միջնադար. Ռեֆորմացիա: Խոսելով արդեն Միջնադարյան ժամանակահատվածի մասին առաջին հերթին նշենք, որ այն քաղաքական-հասարակական առումով մարդկության պատմության ամենահակասական և կարելի է ասել նույնիսկ ծայրահեղական շրջաններից է: Նախ Միջնադարն աչքի ըկավ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների մշտական և շարունակական պայքարով: Հետո՝ Միջնադարին ենք «պարտական» մեկը մյուսին հաջորդող խաչակրաց արշավանքների ինչպես նաև Ռեֆորմացիայի /ռեֆորմ-բարեփոխում/ համար: Սա այն շրջանն էր, երբ կաթոլիկ եկեղեցին վայելելով քաղաքական իշխանությունների աջակցությունը շրջանառության մեջ էր դրել ինդուլգենցիաներն, որոնք այլ կերպ կարելի է անվանել նաև «դրախտի տոմսեր»:
Համգամանքը գուցե այնքան էլ չի առնչվում մեր աշխատանքի թեմային, բայց հարկ է հաշվի առնել, որ այս քաղաքականությունը հովանավորվում էր նաև պետությունների կողմից, իսկ թիրախն իհարկե հասարակ մարդիկ էին: Բանն այն է, որ միջնադարյան մարդու տեսլականն այնպիսին էր, որ նա մեծ տեղ էր հատկացնում հանդերձյալ կյանքին և քավարան կոչվածում սպասվելիք տառապանքները փոքր-ինչ կրճատելուն: Հավանաբար օգտվելով հենց այս հանգամանքից եկեղեցին հայտարարում էր, որ Քրիստոսն ու իր հետնորդներն այնքան բարիք են գործել, որ կբավականացնի ողջ մարդկության մեղքերը քավելու համար, բայց դրանց մնացորդները գտնվում են եկեղեցու տնօրինման տակ, իսկ ձեռք բերման համար անհրաժեշտ էր բարեգործություն անել եկեղեցու համար՝ որոշակի գումար վճարելով:
Խոսելով տվյալ ժամանակահատվածում կաթոլիկ եկեղեցու «իրավասությունների» մասին, անհրաժեշտ անդրադարձ կատարենք նաև ինկվիզիցիայի դատարանին: Այն ըստ էության դարձավ կաթոլիկ իշանության հենարանը, և պաշտոնական գաղափարախոսութթյունն իրականացնողը: Հենց ինկվիզիցիայի դատարանի միջոցով էր կաթոլիկ եկեղեցին պատժում հերետիկոսներին, աթեիստներին և ընդհանրապես պապական իշխանությանը հակադրվողներին:
Եկեղեցական նման գաղափարներն իհարկե ունեին ընդդիմախոսներ՝ բողոքականության այսպես ասած հիմանադիր Մարտին Լյութերի գլխավորությամբ: Վերջինս գտնում էր, որ բոլոր մարդիկ հավասար են և անկախ իրենց զբաղեցրած դիրքից և եկեղեցուն նվիրաբերած միջոցների չափից պետք է հետևեն Սուրբ գրքին: Իսկ ահա ինչ վերաբերում է աշխարհիկ իշխանությանն, ապա նա գտնում է. «Աշխարհիկ կառավարումը, աշխարհիկ օրենքները տարածվում են միայն մարդկանց արտաքին հարաբերությունների, նրանց մարմնի և ունեցվածքի վրա, որ հնարավոր լինի տեսնել, ճանաչել, գնահատել, դատել, պատժել և փրկել մարդկանց»: Փաստորեն լյութերականության հիմանադրույթ էր հանդիսանում նաև աշխարհիկ իշխանության անկախությունը պապականությունից:
Լյութերականությանը մի փոքր քննադական տեսանկյունից է մոտենում Ռեֆորմացիայի շրջանի քաղաքական մտքի ականավոր ներկայացուցիչ Թոմաս Մյունցերը: Նա մերժում է Լյութերի այն միտքը, թե աշխարհիկ պետությունը մի ինստիտուտ է, որն օրենքների օգնությամբ հասարակության տարբեր շերտերի միջև հաստատում ու պահպանում է քաղաքացիական միասնություն: Հեղինակը գտնում է նաև, որ Լյութերն աշխարհիկ պետությունից կրոնական հարցերն առանձնացնելով փաստորեն արդարացնում է իշխանության բռնազավթումը սոցիալական վերնախավերի կողմից:
Ուտոպիական սոցիալիզմ: Միջնադարյան կառավարման և քաղաքական մտքի մասին պատկերացումներն ամբողջական չեն լինի, եթե անդրադարձ չկատարենք ուտոպիական սոցիալիզմին: Այս ուսմունքի հիմնադիրն է Թովմաս Մորն /1478-1535 թթ/ իր հռչակավոր «Ուտոպիա» աշխատությամբ: Նա ներկայացնում է իդեալական կառավարում ունեցող կղզի, որը սակայն իրականում գոյություն չունի /այստեղից է գալիս քաղաքագիտական մտքի մեջ բավականին մեծ տարածում գտած ուտոպիա տերմինն, որը նշանակում է իդեալական, բայց ոչ իրական/:
Այս իդեալականությունը դրսևորվում է ընդհանրապես ավատատիրական հասարակարգի քաննադատմամբ, երբ այսպես ասած բարձր խավերը ձգտում էին ճոխության, որն ուղեկցվում էր աշխատավորների շահերի ոտնահարմամբ: Հետաքրքրական է սակայն, որ նա նույնպիսի քաննադական մոտեցում է ցուցաբերում նաև կապիտալիզմի առաջին դրսևորումների մասին խոսելիս: Մի փոքր ավելի ուշադիր Մորի ուսմունքն ուսումնասիրելուց հետո, կարելի է ասել, որ այն այնքան էլ իդեալիստական չէ, քանի որ ելնելով անգլիական հասարակական-քաղաքական վիճակից, երբ ֆերմերները հանում էին գյուղացիներին իրենց հողատարածքներից՝ վերածելով դրանք ոչխարների արոտավայրի՝ մահուդագործության զարգացման և բրդի աճող պահանջարկը բավարարելու նպատակով: Մորը դիմելով վերջիններիս նշում է. «Ձեր ոչխարները խժռում են մարդկանց» : Այս դեպքում հարց է առաջանում արդյո՞ք արժե նրա ուսմունքը լիովին անիրական համարել: Ճիշտ է մի կողմից նա առաջարկում է կառավարման իդեալական մոդել՝ կառավարում, որի այսպես ասած օբյեկտը հավասար խավերն էին, մյուս կողմից մեղադրում ավատատերերին գյուղատնտեսությունը ոչնչացնելու մեջ:
Ռեալիզմի և «Ուտոպիայի» սահմանագծին էր գտնվում նաև Թոմաս Մորի ուսմունքին բնորոշ կոմունիզմը: Տերմինը գուցե այնքան էլ բնորոշ չէ Միջնադարին և ավելի լայն գործածություն է ստացել 20-րդ դարում, բայց կարծես թե արձանագրված փաստ է, որ հասարակական-քաղաքական այս համակարգի արմատները ձգվում են մինչև Միջնադար: Մորն իհարկե պաշտպանում է կոլեկտիվիզմի սկզբունքը: Բայց նա կարողանում է ավելի շրջահայաց գտնվել՝ սկբունքը տարածելով ինչպես սպառման այնպես էլ արտադրվող առարկաների /ապրանքների/ նկատմամբ:
Ուտոպիական սոցիալիզմի գաղափարախոսությունը միջնադարում զարգացնում էր նաև Թորազմո Կամպանելլան նշանավոր «Արևի քաղաքը» աշխատության հեղինակը: Իր «Արևի քաղաք»-ում Կամպանելլան մարմնավորում է կալաբրիական դատավարության ծրագիրը և արդար պետության ստեղծման պլանը:
Նա փաստորեն ստեղծում է մի նոր պետություն, որի հիմնական ուսմունքը վեհ էր քրիստոնեականից. դա պետություն էր, որտեղ չկային խավեր, անհավասարություն, սակայն որն ուներ թագավոր, ով և համարվում էր արևի ներկայացուցիչն երկրի վրա: Ընդ որում Կամպանելլան կարևորում է մտավոր և ֆիզիկական աշխատանքի բաժանումը, որի ճիշտ կատարումն էլ հեղինակը համարում է ժողովրդավարական պետության հիմքը:
Բավական հետաքրքիր մոտեցում է առաջարկում հեղինակը իշխանափոխության կատարման համար: Ըստ նրա պետության հոգևոր և աշխարհիկ կառավարումը պետք է տրվեր ամենաիմաստուն և կրթված քաղաքացուն: Բայց նա ինքնակամ իշխանությունը փոխանցելու էր նրան, ով իրենից ավելի խելացի կգտնվեր:
Մոդելը բավականին պարզ էր, բայց ոչ օբյեկտիվ: Բայց որևէ գնահատական տալուց առաջ հարկավոր է հաշվի առնել, որ խոսքն ուտոպիական սոցիալիզմի մասին է: Ի տարբերություն Մորի Կամպանելլայի ուսումնունքն ավելի քան անիրական է, հեղինակն ըստ ամենայնի առաջարկում է պետության մոդել, որում որպես այդպիսին չկա առանձնացված քաղաքացիական և դատական /օրենսդիր և գործադիր/ իշխանություն:
Միջնադարյան հասարակարգը հակասական էր, նույնիսկ ծայրահեղական: Օրինակ, քաղաքական առումով այս հակասականությունը դրսևորվեց այն ժամանակ, երբ ռեալիզմին այսպես ասած հակադրվեց ուտոպիզմը:
Ն. Մաքիավելի: Ուտոպիզմի մասին արդեն խոսել ենք, իսկ ինչ վերաբերվում է ռեալիզմին ապա պետք է նշել, որ քաղաքական մտքի այս «ժանրը» միջնադարում վեր հանեց Մաքիավելին իր հռչակավոր «Տիրակալը» աշխատությամբ: Եթե համեմատելու լինենք Մորին և Մաքիավելիին /քաղաքական այս հակադրությունը շեշտելու համար մենք սկզբում ներկայացրել ենք Մորի ուսմունքը, հետո միայն Մաքիավելիինը՝ չնայած ժամանակագրական հաջորդականությանը/ ապա նշենք, որ վերջինիս ներկայացրած պետությունն ու տիրակալն առավել իրական են:
Աշխատությունը գրվել է 1513 թվականին և բաղկացած է 26 գլխից: Դրանում նա նախ առանձնացնում է երկու տեսակի պետություն՝ հանրապետություն և միահեծան միապետություն: Ընդ որում նա ժառանգական միապետությունը պահպանելու համար կոչ է անում պահպանել հին ավանդույթները: Փաստորեն նա առաջ է քաշում այն միտքը, որ ընտելացած մասսաներին ավելի հեշտ է կառավարել և այս պարագայում պետք չէ կտրուկ փոփոխություների գնալ, իսկ մյուս պարագայում կարծես թե հակասելով ինքն իրեն նա գրում է, որ տիրակալը նվաճելով նոր տարածք պետք է կործանի այն՝ քանզի հակառակ պարագայում տվյալ քաղաքը /տարածքը/ չի խնայի նրան՝ ձգտելով դեպի հինը: Կարծես թե առաջ է գալիս հակասություն, բայց եթե մի փոքր ավելի ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ հեղինակն երկու հակադիր ճանապարհներով ապացուցում է ընտելացած մասսաների կառավարելիության տեսությունը: Առաջին պարագայում նա ապացուցում է, որ նրանց հեշտ է կառավարել միայն թե չխախտվեն ավանդույթներն, իսկ մյուս պարագայում նշում նոր քաղաքներն ավերելու մասին, որովհետև նրանք արդեն ընտելացած էին և ձգտելու էին հնին:
Պետական ապարատում կառավարման բացթողումների մասին խոսելիս հեղինակն անում է հետաքրքիր համեմատություն. «Բժիշկներն ասում են, որ սկզբում թոքախտը դժվար է ախտորոշել, բայց հեշտ է բուժել, բայց եթե այն աչքաթող է արված, ապա հեշտորեն է ախտորոշվում, բայց բուժելը դժվար է» : Իսկ ինչ վերաբերում է մաքիավելիական հայտնի արտահայտությանը՝ «նպատակն արդարացնում է միջոցները», ապա հեղինակը բավականին հետաքրքիր ձևով է բացատրում այն: Նա մասնավորապես նշում է, որ տիրակալը պարտավոր չէ տրված ամեն մի խոստում կատարել և որ կարող է անհրաժեշտության դեպքում նաև ստել: Այս ամենում հեղինակն ամենևին անբարոյականություն չի տեսնում և գտնում է, որ առհասարակ տիրակալին առաքինություններ պետք չեն, բայց հարկ է, որ թվա թե նա օժտված է դրանցով:
«Միապետամարտներ». Լա Բոեսի Էտիեն: Մաքիավելիի միապետական հայացքներին Միջնադարում հակադրվեցին «Միապետամարտները»: Շարժումն հայտնի է նաև, որպես ավատատիրական ընդդիմություն: Ընդդիմադիր այս շարժումը, որի ներկայացուցիչների թվում էին Ֆ.Գոտմանը, Յ. Բրուտը, Տ. Բեզը և այլք, ըստ էության հանդես էին գալիս միապետների իրավունքները սահմանափակելու դիրքերից: Ընդ որում, որպես վերջինների իրավասությունների «սահմանող օղակ» նրանք նշում էին ժողովրդին, իսկ ժողովուրդ ասելով հասկանում՝ դասային ներկայացուցիչների ժողովները: Փաստորեն այս դրույթն առաջադրելով «Միապետամարտները» հանդես էին գալիս դեմոկրատիայի դիրքերից, մյուս կողմից հակասում ժողովրդական նորմերին՝ խոսելով ժողորդական խավերի անհրաժեշտության մասին:
Այնուամենայնիվ, խոսելով միապետի և հպատակների հարաբերությունների մասին, «Միապետամարտները» կամ «Բռնապետամարտները» փորձում էին հավասարակշռել դրանք՝ կնքված համաձայնագրի պայմաններով, որոնց ճշգրիտ կատարումն էլ օրինական է դարձնում միապետի, ասել է թե, բռնապետի իշխանությունը:
Հակասականությունն որն առկա է այս պայքարում տեղ գտավ հենց իրենց՝ միապետամարտների աշխատություններում: Ասվածի լավագույն օրինակ է հանդիսանում ֆրանսիացի մտածող, հրապարակախոս Լա Բոեսի Էտիենի «Դատողություն կամավոր ստրկության մասին» աշխատությունը, որում հեղինակն առաջ է քաշում հետևյալ միտքը. «ազատ մարդիկ ձգտում են հնարավորինս անել ընդհանուր բարիքի համար»: Իսկ ահա ստրկացված մարդիկ դրան ընդունակ չեն:
Հեղինակը նաև անդրադառնում է սովորույթի ուժին, բայց ոչ մաքիավելիական դիրքերից: Մասնավորապես նա հարցին նայելով միայն բացասական դիտակետից գտնում է, որ սովորույթի ուժը կործանարար է ժողովրդի համար, որովհետև հենց սովորույթի ուժով նա կամովի հանձնում է իշխանությունը բռնապետին: Եվ հենց այս անգիտակցությունն էլ հեղինակը համարում է վերջինիս հենարանը:
Լինելով նորարական իր ժամանակի համար Լա բոեսի այս գաղափարները՝ հետագայում հիմք հանդիսացան լուսավորականության տարածման համար:
Ժ. Բոդեն: Ռեալիստական գաղափարախոսությունն իր ուսմունքում պահպանում է նաև Ժան Բոդենը: Վերջինիս ուսմունքի կենտրոնում, ինքնիշխանությունն է: Երևույթ, որն այնքան էլ բնորոշ չէ Միջնադարյան Եվրոպային: Ընդ որում հեղինակն ինքնիշխանությունը համարում է գերագույն արժեք նշելով՝ «Ինքնիշխանությունը պետության մշտական և բացարձակ իշխանությունն է: Բացարձակ՝ որևէ օրենքով չկապված իշխանություն, քաղաքացիների և հպատակների նկատմամբ». Այս տեսակետն արտահայտելիս հեղինակը կարելի է ասել, որ նույնիսկ ընկնում է ծայրահեղության մեջ: Քանզի նա գտնում է, որ ինքնիշխաններին ոչ ոք իրավունք չունի հրամայել, նա մինչև անգամ բացառում է օրենքների գոյության անհրաժեշտությունը: Հեղինակն ինքնիշխանությունից վեր դասում է միայն աստծուն և բնությանը:
Իսկ ինչ վերաբերում է կառավարման համակարգին, ապա պետք է նշել, որ նա մերժում է խառը տիպի պետությունները նշելով որ իշխանությունը չի կարող միաժամանակ պատկանել թագավորին, ազնվականությանը և ժողովրդին, քանզի երեք սկզբներից մեկը պարտադիր դառնոմ է որոշիչ: Բոդենը նախապատվությունը տալիս է ժառանգական միապետությանն, այդպիսի երկրիները համարելով հեշտ կառավարելի: Ըստ երևույթին նշված հանգամանքով էր պայմանավորված նաև Բոդենի կողմից ընտանիքին տրված դերակատարությունը. սոցիալական այս իստիտուտը հեղինակը համարում էր պետության հիմքը, որն կառավարում էր մասնավոր սեփականությունը: Սակայն հետաքրքիր է, որ վերը նշված ինքնիշխանության գաղափարարը չի տարածում մարդկանց վրա, նրանց ի սկզբանե համարելով անհավասար: Բոդենը գտնում է, որ առհասարակ պետք չէ իշխանություն վստահել ժողովրդին, քանի որ այն համարում է ամբոխ՝ բազմագլուխ ու դատողությունից զուրկ գազան: Եվ ահա այստեղ անհրաժեշտություն է առաջանում մեջ բերել Փ. Դրաքերի հետևյալ ձևակերպումն ամբոխի և կառավարման միջև կապի վերաբերյալ. «Կառավարումը գործունեության հատուկ տեսակ է, որն անկազամակերպ ամբոխին վերախոխում է արդյունավետ, նպատակասլաց և արտադրողական խմբի»:
Եզրակացություն: Այսպիսով, կատարված ուսումնասրություններից հետո, կարելի է գալ ընդհանուր եզրահանգման և նշել, որ Միջնադարն այնքան էլ խավարամտության ժամանակահատված չէր, ինչպես նշում են շատ պատմաբաններ: Ճիշտ է այս շրջանում որպես այդպիսին չկային հանրապետություններ, որոնց հիմքերը դրված կլինեին դեմոկրատական հիմքերի վրա, բայց այս պարագայում հարկ է հաշվի առնել ժամանակահատվածը, բարքերը և հետո միայն եզրահանգումներ անել:
Հարկ է նշել նաև, որ Միջնադարը միայն մեկ քաղաքական ուսմունքի կամ պետական կառավարման կողմնորոշման ժամանակահատված չէր: Սա մի ժամանակահատված էր, երբ ուտոպիստներն առաջարկեցին իդեալական կառավարման համակարգ, իդեալական տիրակալով, այն դեպքում, երբ Մաքիավելին ավելին քան ռեալիստորեն «նկարագրել էր» ժամանակահատվածի տիրակալներին: Նրա ռեալիստական հայեցակարգին, ինչպես արդեն հիշատակել ենք, հաջորդեց Բոդենի՝ ինքնիշխանական ուսմունքը:
Այս հեղինակների անունները դեռ երկար կարելի է թվել, բայց մեր հետազոտության ուսումնասիրության «առարկան» են հանդիսացել այն քաղաքագետների ուսումունքներն, որոնք դարձել են բնութագրական տվյալ ժամանակահատվածի համար:
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԱՐԿԱԴԻԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ, տ.գ.թ.
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության
ինստիտուտի գիտաշխատող
ԱՆԻ ՌՈԲԵՐՏԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մագիստրոս
Հոդվածում ներկայացվել է պետական կառավարման առանձնահատկությունները Միջնադարում` ելնելով ժամանակահատվածի քաղաքական տեսությունների մակարդակից: Դրանում տեղ են գտել ռեֆորմացիոն, Թովմաս Մորի և Թորազմո Կամպանելլայի ուտոպիական սոցիալիզմի վերաբերյալ գաղափարախոսությունները, ինչպես նաև Նիկոլո Մաքիավելիի ավելին քան ռեալիստական, «Միապետամարտների» բռնակալների իշխանությանը հակադրվող և Ժան Բոդենի ինքնիշխանական բնութագրվող քաղաքական հայացքները: Աշխատանքի համար բնութագրական կարելի է համարել միջնադարյան ժամանակահատվածում քաղաքական ուսմունքներում առկա հակասությունների շեշտադրումը:
Բանալի բառեր. ուսմունք, ուտոպիական գաղափարախոսություն, առաքիննություններ, տիրակալ, ռեֆորմացիա, կառավարում,միջնադար, իշխանություն, բարեփոխում:
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման