Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ․ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ․ Աստղիկ Սարգսյան

Հոդվածում ուսումնասիրվել և վերլուծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը  ՀՀ տնտեսության վրա։ Անդրադարձ է կատարվել ռազմական գործողությունների պատճառով  առաջացած արտահանման և ներմուծման խնդիրներին, զբոսաշրջության արագ զարգացմանը, ինպես նաև տնտեսության ճյուղերի միջև առաջացած փոխադարձ կապին։

Հիմնաբառեր․ ռուս-ուկրաինական պատերազմ, տնտեսություն, զինված ուժեր, արտահանում, ներմուծում, զբոսաշրջություն, եկամուտ

Նախաբան։ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը նոր փորձություն էր հայաստանյան տնտեսության և ֆինանսական շուկայի համար։ 1 տարուց ավելի շարունակվող ռազմական գործողությունները իրենց ազդեցությունն են ունեcan երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության վրա։ Այս իրադարձության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու թե որքանով կարող է փոխվել երկրի տնտեսության զարգացումը կամ  ՀՆԱ-ն, կախված արտաքին սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունից։ Արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ իրենց հերթին փոխում են Հայաստանի տնտեսության զարգացման ելքը՝ առաջացնելով նոր ռիսկեր և հնարավորություններ։

Մասնագիտական գրականության ակնարկ։ Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում է 3 հիմնական ուղղություն, որոնք իրենց վրա  կրում են ամենամեծ ազդեցությունը, դրանք են․ բանկային համակարգը, արտահանումը ու ներմուծումը, զբոսաշրջությունը։

Առաջին հերթին անդրադառնանք բանկային հատվածին։

Համաձայն տնտեսագետ  Արմեն Քթոյանի համոզման ռուս-ուկրաինական պատերազմը ազդեցություն ունի այնքանով, որ  2015-2021թթ ՌԴ- ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգով Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ամսական ծավալը գերազանցում է մոտ 1մլն դոլարը։ Այսինքն կարելի է ասել, որ բնակչության կենսամակարդակը ուղիղ կապ ունի ծավալվող իրադարձությունների հետ, քանի որ ՀՀ-ի շատ քաղաքացիներ մեկնում են Ռուսաստան ՝ արտագնա աշխատանքի։ 

Կապված արտահանման հետ՝տնտեսագետ Աստղիկ Խաչատրյանի համոզմամբ  ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրել է համաշխարհային տնտեսության արժեքային շղթաների խզման և զգալի հումքի և էներգակիրների գների բարձրացման՝ դրանով իսկ նպաստելով գնաճային միտումներին , որը արդեն գոյություն ունի համաշխարհային շուկայում  և մեծ հարված է հասցնում տնտեսության վերականգնման տեմպերին COVID-ի համաճարակից հետո։ Դա մեծապես ազդել է նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա՝ պայմանավորված  վերջինիս սերտ փոխազդեցությամբ արտաքին և հատկապես ռուսական շուկաների հետ։ 

Ըստ ՀՀ զբոսաշրության կոմիտեի տվյալների 2018թ Հայաստան է եկել 531հզր ռոս զբոսաշրջիկ, իսկ 2022-ի տվյալներով շուրջ 790հզր զբոսաշրջիկ։  Հետևյալ տվյալները ցույց են տալիս, որ 5 տարվա ընթացքում շուրջ 15-20%-ով ավելացել է  ռուս զբոսաշրջիկների թիվը։ Կարելի է եզրակազնել, որ սա կապված ռազմական գործողությունների հետ։

2022 թվականը Հայաստանն ամփոփեց երկնիշ տնտեսական աճով։ Էական աճ գրանցվեց նաև զբոսաշրջության ոլորտում։ 2022 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 665 հազար 658 զբոսաշրջիկ: 2021 թվականի համեմատ՝ այս թիվը գրեթե կրկնապատկվել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են․ զբոսաշրջիկների գրեթե կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են: Ռուսաստանցիների ներհոսքը մեծացավ հատկապես անցյալ տարվա մարտից՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո։ Ի տարբերություն ռուսաստանցիների՝ Ուկրաինայի քաղաքացիների հոսքը նվազել է 18.3%-ով՝ կազմելով 18149 ։ Թեև զբոսաշրջիկների թվի նման ավելացումն անշարժ գույքի շուկայում որոշակի ցնցումներ առաջացրեց՝ վարձով բնակարանների պակասի ու դրանց գների մի քանի անգամ ավելացման տեսքով, բնակարանների վարձակալության գները աճել են մոտ 2-3 անգամ, այնուամենայնիվ, այն դրական ազդեցություն է թողել ֆինանսական հատվածում։

2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 8,5 տրիլիոն դրամ։ Տարվա ընթացքում ՀՆԱ-ն ընդլայնվել է 1,5 տրիլիոն դրամով ։ 2022 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստան բանկային համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 1.3 տրլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ` ավել է 1.1 տլն դրամով․   Ելնելով տվյալներից ՝ պարզ է դառնում, որ պատերազմը Հայաստանի տնտեսության համար շոկային իրադարձություն էր, որը հնարավորություն է տվել առանձին ոլորտներում առաջանցիկ աճ ապահովել:

Պայմանավորված ռազմական գործողություններով՝շատ ոլորտներում այսօր աննախադեպ աճ է գրանցվել, ինչպիսին նախորդ տարիներին չի եղել։ Ռուսաստանի շուկայում տեղի այս զարգացումները մեծ ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի արտահանման և ներմուծման վրա։ 2022 հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 77.7% արտահանման և 63.5 % ներմուծման աճ։ ԵՏՄ երկրների միջև ազատ ապրանքաշրջանառությունը թույլ է տալիս Հայաստանին դառնալ տարանցիկ երկիր, մի շարք ապրանքների գծով կա վերարտահանման գործոնը։ Դա ՀՀ-ի համար արտաքին առևտրի կառավարման մասով նոր մարտահրավերներ է ստեղծում։  Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի բացասական հետևանքներին։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է․

 «Տարբեր ոլորտներում գրանցված աճը կարճաժամկետ բնույթ ունի։ Սրանից զատ՝ որոշակի ազդեցություն ունեն արևմտյան պատժամիջոցները, որոնք առնչվում են նաև ՀՀ-ում գրանցված այն ընկերություններին, որոնք ունեն ռուսական կապիտալ կամ ռուս սեփականատերեր։ Այդ ընկերությունները բախվում են խնդիրների առաջին հերթին բանկային փոխանցումների հետ կապված, բացի այդ, արտասահմանյան ընկերությունները խուսափում են այդ ընկերությունների հետ համագործակցությունից ու նախընտրությունը տալիս են միայն հայկական կապիտալով ընկերություններին։

Դրա հետևանքով ՀՀ-ում գրանցված ընկերությունները հաճախորդների թվի նվազեցում են ունենում, ըստ այդմ, նվազել է նաև նրանց եկամուտը։ Ըստ տարբեր կանխատեսումների՝ սրա հետևանքով, հնարավոր է, ռուսական կապիտալ ունեցող որոշ ընկերություններ ստիպված լինեն հեռանալ Հայաստանից»։

Ելնելով Քթոյանի համոզմուքներից կարելի է ասել, որ  Ռուսաստանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները ունեցել են իրենց դրական և բացասական ազդեցությունը տնտեսության մյուս ճյուղերի վրա նույնպես։

Բացասական ազդեցություններից մեկը  այն է, որ Ռուսաստանից Հայաստան մեծածավալ դրամական հոսքեր կան, օրինակ՝ ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող հոսքերը դրամով արտահայտված, կրճատման վտանգի առաջ են. դա նշանակում է, որ այդ մասով Հայաստանում տեղի կունենա բնակչության գնողունակության որոշակի նվազում: Ռուսաստանից, եթե տարեկան ուղարկվում է 800մլն -1 մլրդ դոլարի տրանսֆեր, հիմա արդեն այդ գումարը էականորեն կկրճատվի և դա ուղղակիորեն կանդրադառնա ՀՀ տնտեսության պահանջարկի, տնտեսական ակտիվության վրա։ Բացի դրանից, նաև Ռուսական կապիտալով են գործում Հայաստանի բազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնց մի մասը հանդիսանում է ռուսական մայր ընկերության դուստր ֆիրման, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան»։ Արևմտյան երկրների կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ ուղղակի պատժամիջոցները կարող են արտացոլվել նաև Հայաստանում գործող դուստր ընկերությունների վրա։ Հայաստանի 10 ամենաշատ հարկ վճարող  ընկերություններից  5-ը գործում են ռուսական կապիտալով, դրանք ստեղծել են հազարավոր աշխատատեղեր և միլիարդավոր դրամներ են վճարում պետական բյուջե։ Նշենք նաևռուսական ընկերությունների գործունեության հնարավոր սահմանափակումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Այս պահին ռուսական ընկերությունների բաժետոմսերի գների կտրուկ անկումը անհնար է կասեցնել, և օտարերկրյա ներդրողները շտապում են ազատվել դրանց ից,  ։  Նման անկայուն իրավիճակում ռուսական ընկերությունները կարող են վերանայել արտերկրում, այդ թվում, Հայաստանում իրենց ներդրումային նախագծերը, սահմանափակել կամ հետաձգել դրանք. ինչը հանգեցնում է էլ ավելի դժվար իրողության։

Արմեն Քթոյանը իր հոդվածում նշում է․

«Հայաստանում Ռուսաստանը, ըստ էության, խոշորագույն ներդրողներից է, եթե ոչ ամենախոշորը: Իսկ թե հստակ ինչ ծավալի կլինի այս պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա՝ դժվար է ասել, կախված է նրանից, թե ինչ տևողություն կունենա այս կոնֆլիկտը»

Երկրորդ խնդիրը կապված է արտահանման և ներմուծման հետ։ Ռուսաստան արտահանվում են հիմնականում պատրաստի և վերջնական սպառման ապրանքներ (պահածոներ, գինի, կոնյակ, գյուղմթերք, զարդեր և այլն), որոնք ավելի մեծ օգուտ են բերում Հայաստանի տնտեսությանը։ Ռուսաստանից ներկրում են էներգակիրներ, մետաղներ, շինանյութ և լայն սպառման ապրանքներ։ Ռուսաստանի հետ առևտրի արտահաման աճի տեմպը անցյալ տարի 20%-ից ավելի է եղել, սակայն հիմա ռուբլու արժեզրկմամբ հայկական  ապրանքները Ռուսաստանում ինքնաբերաբար թանկանում են։ Սա հանգեցնում է նաև Ռուսաստանում շուկաներ ընդլայնելու սահմանափակմանը։  

Ներմուծման հետ կապված որպես դրական ազդեցություն կարելի է առանձնացնել հետևյալը, որ Հայաստան ներմուծված ապրանքի 30%-իցավելին ռուսական ծագում ունի և ռուբլու արժեզրկմամբ, ռուսական ապրանքները Հայաստանում էլ ավելի էժան կդառնան: Մի կողմից ՀՀ սպառողները ավելի էժան ռուսական ապրանքների ձեռքբերման հնարավորություն կունենան, բայց մյուս կողմից էլ մեր տեղի արտադրողները արդեն շատ ավելի մեծ դժվարությունների կհանդիպեն ռուսական ներկրողների հետ մրցակցելու հարցում։

Դիտարկենք  այն փաստը,  որ Ռուսաստանը, արևմտյան մի շարք երկրների կողմից ստանալով տնտեսական պատժամիջոցներ, փակ կլինի զբոսաշրջիկների համար և փոխարենը նրանք կայցելեն Հայսատան։ Այս  սահմանափակումների պայմաններում ռուս զբոսաշրջիկների մի հատված կա, որը որպես այլ ուղղություն դիտարկում է Հայաստանը. Այս ամենից կարելի է հետևություն անել, որ բիզնեսում հիմնականում ռուսների համար կարող ենք ունենալ այլընտրանքային դերակատարում՝ օգնելով զարգանալ մանր ու միջին բիզնեսներին։

Հայաստանի  բանկային հատվածում իրավիճակը  այլ է․ Ռուսաստանի կողմից ուկրաինական ճգնաժամի ակտիվ փուլի մեկնարկից մինչև ս.թ 2022 թվականի նոյեմբերի վերջին ՀՀ –ում ներգրավված ավանդների զգալի աճ է գրանցվել.  բանկային համակարգում ավանդը կազմել է  բացարձակ արտահայտությամբ  շուրջ 1 տրլն դրամ կամ 22% աճ։  Հարկ է նշել, որ նախորդ տարիների համեմատ , ավանդների ծավալը զգալիորեն աճել է  բանկային համակարգում։ 2022թ մարտ-նոյեմբեր ամիսներին   ավանդների առավելագույն աճի բացարձակ ցուցանիշը կազմել է 500 մլրդ դրամ։

Բացի այդ, ոչ ռեզիդենտներին պատկանող ավանդների ընդհանուր ծավալի դիտարկվող ընթացիկ մակարդակը ՀՀ բանկային համակարգում  առավելագույն մակարդակին է հասել։ 

Վերջին 3-4 տարիների ընթացքում ոչ ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդը կազմել է 2019 թվականի վերջին և 2020 թ. բացարձակ ցուցանիշներն աճել են 570 մլրդ դրամով՝ 825 մլրդ դրամից դառնալով 1,4 մլրդ դրամ. ռեզիդենտներին տրամադրված վարկերը կազմում են առևտրային բանկերի վարկային պորտֆելի 95%-ը։ Հատկանշական է, որ թեև ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը  ​​փոխվել  է 2022-ի դիտարկվող ամիսներին կան որոշ կառուցվածքային տեղաշարժեր: Այսպես, 2022 թվականի մարտին, նոյեմբերին ռեզիդենտ տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն աճել է 170 մլրդ դրամով կամ մոտ 10%: 

Այսպիսով Բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2022 թվականի մարտ-նոյեմբերին աճել են շուրջ 1 տրլն դրամով, հասնելով 8 տրլն դրամի առաստաղին. Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համակարգի ընդհանուր ակտիվների աճ բանկային համակարգում ավելի համեստ է եղել՝ մոտ 300 մլրդ դրամ, և այդպիսին բացարձակ աճ է գրանցվել նաև 2019թ։

Վարկային կազմակերպությունների չբաշխված շահույթը ընթացիկ ժամանակահատվածում կազմել է 26,4 մլրդ դրամ 2022 թվականի նոյեմբերին։ Ի տարբերություն բանկային համակարգի վիճակի, այս ցուցանիշը, թեև գերազանցում է 2021 թվականի նոյեմբերի մակարդակը երկու անգամ, չի կարելի աննախադեպ համարել։

Այս ամենի հետ մեկտեղ առաջ է գալիս Արևմտյան պատժամիջոցներից մեկը՝ Ռուսաստանի  SWIFT փոխանցման համակարգից  անջատելու փաստը։ Արդեն մի շարք ռուսական բանկեր անջատվել են այդ համակարգից, բայց դեռևս Ռուսաստանին ամբողջությամբ անջատելու որոշումը չի կայացվել, քանի որ ԵՄ երկրները մեծ կախվածություն ունեն ռուսական էներգակիրներից և դրանց համար հարկավոր է ունենալ վճարային գործող համակարգ։  1973-ին Բրյուսելում հիմնադրված SWIFT-ը՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության հասարակությունը (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) անվտանգ հաղորդագրությունների համակարգ է, որը հեշտացնում է արագ միջսահմանային վճարումները՝ սահուն դարձնելով միջազգային առևտրի հոսքը:

SWIFT-ից անջատված ռուսական բանկերը չեն կարողանա սպասարկել իրենց հաճախորդներին միջազգային փոխանցումներ կատարելիս, որը բանկային ծառայություններից հրաժարվելու պատճառ կարող է դառնալ։ Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերը Հայաստանի բանկային համակարգում ներգրավածություն ունեն, հետևաբար, ռուսական կապիտալով ստեղծված հայաստանյան բանկերը կարող են ընկնել այս սահմանափակումների տակ։ Բացի այդ, հայաստանյան մի շարք բանկերի համար ռուսական բանկերը հանդիսանում են նաև միջնորդ բանկեր, որոնց միջոցով գումարներ են փոխանցվում արտերկիր։

Մյուս կողմից, ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով հնարավոր է ռուսական ընկերությունները և ֆիզիկական անձինք իրենց գումարները պահեն Հայաստանում գործող բանկերում։

Այսինքն՝ մեր բանկային համակարգը կարող է նաև շահել այս իրավիճակում։

Պատժամիջոցների մյուս հարվածի կրողը ռուսական ավիաընկերություններն են, որը ևս մեծապես ազդելու է հայկական շուկայի վրա, մինչդեռ, եթե Հայաստանն ունենար հզոր ավիաընկերություններ, ապա ճգնաժամի այս հարվածը կարող էր զգալի օգուտ բերել մեր տնտեսությանը՝ սպասարկելով և ապահովելով ռուսական ուղևորահոսքի տարանցումը:

Մոսկվան ՀՀ քաղաքացիների համար եղել է նաև այլ երկրներ (ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՊՀ երկրներ, Ասիական երկրներ և այլն) ճանապարհորդելու կարևոր տարանցիկ կենտրոն։ Արևմտյան պատժամիջոցների հետևանքով եվրոպական և արաբական ավիաընկերությունները կավելացնեն իրենց մասնաբաժինը մեր շուկայում։ Ցավոք, Հայաստանում դեռևս գոյություն չունեն ազգային հզոր ավիաընկերություններ, որոնք կսպասարկեին նաև Ռուսաստանի քաղաքացիներին և զգալի օգուտ կբերեին մեր տնտեսությանը։

 Ինչպես նշվեց արդեն վերևում՝ հնարավոր է բիզնեսների, հատկապես ՏՏ ոլորտի որոշակի միգրացիա դեպի հայաստանյան շուկա։

2021-ին Հայաստան են այցելել 870․308 զբոսաշրջիկներ, որից 350․569-ը կամ 40,3 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանում կենսամակարդակի կտրուկ նվազումը կարող է կրճատել տուրիստական հոսքերն այդ երկրից, սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ Եվրամիության երկրների վիզային սահմանափակումները, հնարավոր է ընդհակառակը՝ դեպի Հայաստան տուրիստական հոսքերի ավելացում։

Արևմտյան պատժամիջոցները դրական ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա հետևյալ կերպ․

Բավական մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան ժամանակավոր բնակության։ Ընդ որում՝ նրանց մի մասը, ովքեր, որ բիզնես են ունեցել և տնտեսական պատժամիջոցների հետևանքով խնդիրներ են սկսել ունենալ մատակարարման, պատվերների ստացման և այլ առումներով,  ոչ միայն տեղափոխվել են Հայաստան, այլև՝ Հայաստանում կազմակերպություններ են հիմնել իրենց բիզնես գործունեությունը նաև հայկական ընկերությունների միջոցով կազմակերպելու համար: Օրինակ՝ եթե նախկինում պատվերներն ուղիղ ԱՄՆ-ից ստանում էին Ռուսաստան, Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից հետո որոշակի ռիսկեր են ավելացել, հիմա այդ նույն պատվերը նրանք ստանում են ԱՄՆ-ից դեպի Հայաստան։ 

Արդյունքում ստացվեց, որ այդ մեծ հոսքը իր հետ նաև որոշակի կապիտալ բերեց Հայաստան, ինչը բնականաբար աշխուժացրեց տնտեսությունը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից ակնհայտ երևում է, որ տնտեսության աշխուժացումն առաջին հերթին ծառայությունների և առևտրի ոլորտով է պայմանավորված։ Եթե առաջին տասը ամիսների կտրվածքով  խոսում ենք 14.5% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին, ապա միայն ծառայությունների ոլորտն աճել է  27.9%-ով։ Նույնը վերաբերում է առևտրի ոլորտին։  Ռելոկանտները օգտվում են որոշակի ծառայություններից՝ ռեստորաններ են այցելում, տներ  վարձում, բանկային համակարգից են  օգտվում և այլն։ Այդ գործոններով պայմանավորված՝ տնտեսությունը սկսեց աշխուժանալ։

Եզրակացություն

Ռուս-ուկրաինական պատերազմը իր հսկայական ազդեցությունը ունեցավ Հայաստանի տնտեսության վրա։ Չնայած դիտարկված բոլոր վնասներին ու սպասվելիք ռիսկերին, կան որոշակի դրական կողմեր, որոնք կարող են հարմար լծակ դառնալ տնտեսությունը ավելի զարգացնելու համար, մասնավորապես, շեշտը  կարող ենք դնել զբոսաշրջության վրա, քանզի ռազմական գործողությունները հանգեցնում են  ռուսների  արտագաղթմանը դեպի այն երկրներ, որոնք չեն սահմանել որևէ պատժամիջոց։  

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջությունը զարգացնելու համար առաջարկում ենք ավիաընկերությունների  հետ քննարկել բոլոր ակնկալվող ռիսկերը այդ ոլորտում և   այս պարագայում  ապահովել  ռուսական ուղևորահոսքի տարանցումը։ Որոշակի չափով ծանոթանալով տնտեսակն բոլոր ասպեկտների հետ, առաջարկում ենք որ պետութոյւնը որոշակի սուբսիդիաներ տրամադրի փոքր և միջին բիզնեսներին, ովքեր զբաղվում են արտահանման և ներմուծման գործունեությամբ, որպեսզի հայաստանյան շուկայում հնարավոր լինի դիմակայել արտերկրյա ներմուծողների հետ։

Օգտագործված գրականություն

  1. Ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունները , ՀՀ ԿԲ
  2. ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ. , Էդգար Աղաբեկյան, 2022,  10․05․23
  3. The impact of Russia’s war in Ukraine on the Armenian economy,  Authors: Dr. Armen Ktoyan, Dr. Anush Shirinyan, Astghik Khachatryan, YEREVAN Konrad Adenauer Stiftung 2023,  page 14, 16, 45,  10․05․23
  4. https://newsarmenia.am/news/economy  newsarmenia, 10․05․23
  5. https://evnreport.com/ EVN Report, 11.05․23
  6. https://ejc.am/hy   “ejc” տնտեսական լրագրողների ակումբ, 11․05․23
  7. https://www.cba.am/am/sitepages/fmcpublicannual.aspx  ԿԲ, 5․05․23
  8. https://mineconomy.am/page/89 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն․  11․05․23

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

Spread the love