Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Կրթության որակի բարելավման խնդիրները. Ջեմմա Գաբրիելյան

Չարությունը տգիտության արդյունք է:
• Տգիտությունը կրթության բացակայություն է:
• Չարությունը հաղթահարելու համար պետք է բարձրացնենք կրթական մակարդակը:
Խորխե Բուկայ

Ինչպիսի առաջընթաց էլ մեր հասարակությունը գրանցել է դարերի ընթացքում, գրանցել է կրթության շնորհիվ: Լինելով հասարակության հիմնաքարը՝ կրթությունը հիմք է հանդիսանում բարեփոխումների համար, օգնում է առաջընթացին և ճանապարհ է հարթում նորարարության համար։ Որակյալ կրթության կարևորությունը չի կարող խաթարվել հասարակության մեջ, այն չի կարող հետընթաց ունենալ, այդ իսկ պատճառով հայտնի փիլիսոփաները, մեծագույն անձնավորությունները բոլոր ժամանակներում գրել են քաղաքակիրթ հասարակության մեջ դրա անհրաժեշտության մասին: Կրթության շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են բացահայտել տիեզերքի անսահմանությունը և ատոմներում նրա գոյության առեղծվածը: Այն հասկացությունները, ինչպիսիք են գրավիտացիան, կոգնիտիվ դիսոնանսը, լազերային ուղղորդվող վիրաբուժական միջամտությունները և միլիոնավոր այլ հասկացություններ չէին լինի, եթե չլիներ կրթության կարևորությունը: Սակայն, ցավոք, 21-րդ դարում որոշ երկրներ հետ են մնում որակյալ կրթության մրցավազքում:
Որակյալ կրթությունը պետք է ֆիքսված լինի յուրաքանչյուր սովորողի սոցիալական, զգացմունքային, մտավոր, ֆիզիկական և ճանաչողական զարգացման վրա՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկական պատկանելությունից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից կամ աշխարհագրական դիրքից: Այն պետք է պատրաստի այնպիսի անհատներ, ովքեր կարող են դրսևորել իրենց ոչ միայն կյանքի դրական փուլում, այլև փորձությունների ժամանակ:
Միջազգային տարբեր փաստաթղթեր մինչև կրթության որակին անդրադառնալը շեշտում են կրթության անօտարելի իրավունքը, որպես մարդու իրավունքների կարևորագույն մի ոլորտ և շատ դեպքերում հենց մարդու իրավունքների համատքեստում էլ դիտարկվում է կրթության իրավունքը և հետևաբար նաև որակյալ կրթության իրավունքի իրացումը: Այսպես, Յունեսկո-ի Կրթության մեջ խտրականության բացառման մասին կոնվենցիան (1960թ.) առաջին իրավական փաստաթուղթն է կրթության ոլորտում, որը հստակորեն սահմանում է որակյալ կրթության անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվենցիայի 28-րդ հոդվածը շեշտում է, որ պետությունները պետք է ապահովեն անվճար տարրական կրթություն: Նույն կոնվենցիայի 29-րդ հոդվածը պետություններից պահանջում է ճանաչել, որ կրթությունը պետք է նպատակաուղղված լինի զարգացնելու երեխայի անհատականությունը և կարողությունները, պատրաստի երեխային ակտիվ կենսագործունեության, ամրապնդի հիմնարար մարդու իրավունքները և նպաստի երեխայի՝ իր սեփական և այլոց մշակութային ու ազգային արժեքների նկատմամբ հարգանքին (ՄԱԿ, 1989թ.):

Ըստ Յունեսկոյի սահմանման որակյալ կրթության հիմնասյուները հետևյալն են .

  • սովորել իմանալու համար, որը ենթադրում է ամենօրյա գիտելիքների զարգացում,
  • սովորել անելու համար, որը ենթադրում է գիտելիքների պրակտիկ իրագործում,
  • սովորել համատեղ ապրելու համար, որը ենթադրում է այնպիսի կենսակերպի կառուցում, որտեղ չկա խտրականություն և կան զարգացման հավասար հնարավորություններ,
  • սովորել լինելու համար, որը ենթադրում է այնպիսի հմտություններ, որոնք հնարավորություն կտան անհատին զարգացնելու իր ողջ ներուժը:

Կրթության որակի բարձրացման գործողությունների շրջանակում անհրաժեշտ են հետևյալ հիմնական կետերը.

  • կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում,
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, ապահով և անվտանգ միջավայրի ստեղծում,
  • բարձր որակավորում և պատրաստվածություն ունեցող մանկավարժական անձնակազմի ապահովում, որոնք տիրապետում և կիրառում են ժամանակակից դասավանդման մեթոդներին,
  • կրթական պաշարների և ուսումնական գրականության որակական բարելավում:

Որակի սահմանման մեկ այլ մոտեցում էլ առաջ է քաշում այն հարցադրումը, թե արդյոք կրթության որակը միայն լավ սովորելն է, թե ոչ: Սակայն այստեղ հարց է առաջանում նույն սովորածի բովանդակային կողմի վերաբերյալ: Այս տեսանկյունից կրթության որակը պետքական գիտելիքների արդյունավետ յուրացումն է: Պետք է նշել, որ կրթությունը աշխարհի շատ երկրներում չի առնչվում կյանքի հմտություների հետ, օրինակ, Աֆրիկայում շատ երեխաների համար որակյալ կրթություն կարող է համարվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների յուրացումը, որը նրանց կօգնի պաշտպանել իրենց առողջությունը: Իսկ եվրոպական մի շարք երկրներում կրթության որակի ապահովման կարևորագույն կետը սովորողին որպես անհատ ձևավորելն է, նրա անհատականության կերտումն է:

Կրթության որակի ապահովման համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքերը՝

Մատչելիություն (ծախսերը, կոռուպցիոն խնդիրները, ուսման վարձերը),
Հավասարություն և ներառում (սեռ, ռասա, ինքնություն, հաշմանդամություն, էթնիկական ծագում կամ կրոնական պատկանելիություն)
Հասարակական ազդեցություն (կրթությունը պետք է համապատասխանի տվյալ հասարակության հիմնական կարիքներին ու նպաստի նրա զարգացմանը)
Մասնակցայնություն (սովորողն իրավունք ունի ներգրավված լինելու կրթական գործընթացի բոլոր փուլերում)

Կրթական ցանկալի արդյունքներ ստանալու կարևորագույն նախապայմաններից է աշակերտակենտրոն ուսուցումը, որը պետք է ուղեկցվի մասնակցայնությամբ և կրթողի և սովորողի միջև համագործակցությամբ:


Կրթական միջավայրում պետք է տեղ գտնեն ժողովրդավարական և ոչ-խտրական սկզբունքները, բազմազանությունը և հանդուրժողականությունը: Կրթական միջավայրում պետք է տեղ չգտնեն որևէ տեսակի բռնություն, չարաշահում, արհամարհանք կամ շահագործում:

Վիճակագրություն որակյալ կրթության շուրջ

  • Մինչ համաճարակը, կանխատեսումները ցույց էին տալիս, որ ավելի քան 200 միլիոն աշակերտ դուրս կմնա դպրոցից, և երեխաների միայն 60%-ը կստանա միջնակարգ կրթություն մինչև 2030 թվականը
  • Աշակերտների կեսից ավելին, ովքեր տարրական կրթություն չեն ստանում, ապրում են Հարավային Աֆրիկայում
  • Աշխարհում 617 միլիոն երիտասարդներ չունեն մաթեմատիկայի և գրագիտության բազային գիտելքիներ
  • Ցածր և միջին եկամուտ ունեցող 10 երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են մնում կրթություն ստանալու գործընթացից:

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Ջեմմա Գաբրիելյանի կողմից։

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

Spread the love