ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՈՆ
Գաղտնիք չէ, որ 21-րդ դարը լայն հնարավորություններ է ընձեռում երիտասարդությանը, ուսանողությանը: Բազմաթիվ են այն բնագավառները, ոլորտները, որտեղ կարող են ընդգրկվել երիտասարդներն ու ուսանողները՝ գրանցելով շոշափելի արդյունքներ, հաջողություններ: Երիտասարդության և ուսանողության ընդգրկումն ու մասնակցությունը ցանկացած գործընթացի, ներդրում է տվյալ երկրի ձևավորվող լավ ապագայի համար։ Խրախուսելի է երիտասարդների ընդգրկումն և մասնակցությունը պետության քաղաքական, կրթական, մշակութային, հասարակական կյանքին։
Պետությունը իր բոլոր կառույցներով, ենթակառույցներով պետք է նպաստի և անմիջական ներդրում ունենա, որպեսզի պետությունը և պետության մեջ ապրող ու ձևավորվող երիտասարդությունն ու ուսանողությունը կարողանան զինվել նորանոր գիտելիքներով ու նպատակներով, համարձակ և հետևողական լինեն իրենց որոշումներում, գործողություններում՝ չմտածելով, որ հնարավոր է իրենց գաղափարները, գործողությունները ճնշվեն կամ ուղղակի անտեսնվեն։ Ուսանողությունը պետք է զգա պետության ներկայությունը և աջակցությունը իր կողքին։ Իսկ դրա համար պետք է շարունակաբար կազմակերպվեն նոր ծրագրեր, միջոցառումներ, գիտաժողովներ, որոնք պետք է միտված լինեն երիտասարդների ներուժի բացահայտմանը, հնարավորությունների, կարողությունների զարգացմանը, ինքնադրսևորման համար պետք է ստեղծվեն համապատասխան հարթակներ, միջոցներ, և այս ամենին պետք է մասնակից դառնա ողջ հանրապետության երիտասարդությունը և ուսանողությունը՝ քաղաքային, մարզային։
Որպեսզի երիտասարդությունը կարողանա մասնակից դառնալ և նպաստավոր գործունեություն ծավալել պետության զարգացման գործում, ավագ սերունդը պետք է իր տարիների ընթացքում կուտակած փորձը գործանականորեն կարողանա փոխանցել կրտսեր սերնդին։ Սերուդների մեջ պետք է լինի համերաշխություն, փոխադարձ հարգանք, կարողությունների լիարժեք և բացահայտ գնահատում։ Ըստ իս՝ սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ մենք բազմիցս բախվել ենք սերունդների անհամաձայնության, կրտսեր սերնդի գիտելիքների թերարժեք գնահատման, որը ուղղակիորեն կոտրում է նոր սերնդի մեջ ձևավորվող լուրջ և հիմնաքարային գիտելիքները, որոնցից էլ ձևավորվում են հզոր գաղափարներ։
Ստորև ներկայացնենք մի առաջարկություն, որը կարծում ենք կնպաստի սերունդների համագործակցության բարձրացմանը, ինչն էլ կդառնա խթան պետության զարգացման, առաջընթացի համար: Այսպես՝
- Այնպիսի կենտրոնների հիմնում, որոնցում հնարավորություն կտրվի ավագ և երիտասարդ սերնդին համատեղ գործունեություն ծավալելու: Խրախուսելի կլինի համատեղ միջազգային միջոցառումների մասնակցությունը, միջազգային կառույցների հետ համագործակցությունը, միջազգային կրթական նորմերին տիրապետելը, քանի որ այդ ամենը կնպաստի նոր սերդնի շրջահայաց մոտեցմանը պետության զարգացման գործում։ Միջազգային բազմապիսի ոլորտներում ձեռք բերած տարատեսակ գիտելիքները կնպաստեն պետության և՛ գիտական, և՛ տեխնոլոգիական, և՛ մշակութային զարգացմանը, արդիականացմանը, քանի որ առանց նոր սերնդի ձեռք բերել և կիրառել ժամանակակից և նորարար գիտատեխնիկական նվաճումները զանազան բնագավառներում ուղղակի հնարավոր չէ, քանզի երիտասարդությունը ու ուսանողությունն է, որ ծվել է և ապրում է այն ժամանակահատվածում, երբ մարդը կարողացավ բոլոր հնարավոր տարբերակներով հեշտացնել իր աշխատանքը և սեփական հիշողության սպառվող պաշարը խնայել էլ առավել պետքական տեղեկությունների համար։
Այսպիսով, միայն սերնդային համագործակցության միջոցով կարելի է կերտել պետության վաղվա հզոր ապագան։ Քանզի ապագայի մարտահրավերները անսպասելի և անկանխատեսելի են, բայց համախմբված և համագործակցված գործունեությունը հենասյուն կլինի պետության վաղվա օրվա համար։ Ուստի պետք է երիտասարդներին և ուսանողներին տրվի ավելին, քան նրանք ունեն, պետք է ավագ սերունդը հոսուն գիտակցությամբ ընկալի, որ այս նոր սերունդը ավելի տեղեկացված է, ավելի շրջահայաց, ավելի մարտունակ, և երբեք, ոչ մի դեպքում չպետք է թերագնահատվեն երիտասարդության ուժերը, աշխարհայացքները, որոնք գնում են դեպի լույս, դեպի պայծառ ապագա, դեպի վաղվա հզոր և անկախ պետության կողմը։ Կարևոր է մեր հայրենիքի վաղվա լուսավոր օրը, իսկ վաղվա օրը լուսավորելու է ապագա սերնունդը։
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Աննա Հովհաննիսյանի կողմից։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում