Վերջին 300 տարիների ամենաազդեցիկ հայը հարկավ Հովհաննես Թումանյանն է։ Հովհաննես Թումանյանը մեզ ուղեկցում է մանկությունից, նա մեզ հետ ընկերանում է պատանեկության տարիներին, իսկ երիտասարդության ու հասուն տարիքում դառնում է մեր խորհրդատուն ու անդավաճան ընկերը։ Նրա ստեղծագործություններից մենք առնում ենք մեր մանկության համը, շնչում խոհունության և իմաստության բույրը։ Անշուշտ հայ գրականությունը ունի նաև այլ նշանավոր գրողներ ու հրապարակախոսներ, սակայն Թումանյանը սոսկ գրող չէ, նա նշանավոր հայ բանաստեղծ է , արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։ Սակայն այս բնութագրիչներն էլ չեն կարող ամբողջությամբ բնութագրել ամենայն հայոց բանաստեղծին, նրա գործունեությունը ավելին է քան մշակութային ու հասարակական գործունեությունը։ Թումանյանը հայրենասեր գործչի տիպիկ օրինակ է, հայրենասիրությունը կարծես հորդում է նրա ստեղծագործություններից։ Նրա անգամ ամենափոքրածավալ հեքիաթը, մանրապատումը կամ քառյակը քարոզում են ընկերասիրություն, արդարամտություն, սեր ու հարգանք դրկիցի, բարեկամի, ազգի, հայրենիքի ու համայն մարդկության նկատմամբ։
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա միավորող ու համախմբող դեր ուներ հայ գրականության մեջ։ Նա նաև նվիրված մանկավարժի տիպիկ օրինակ էր, քանզի նա ուսուցիչ և օրինակ էր իր ժամանակի ստեղծագործողների համար։ 1900-ականները շրջադարձային էին հայ գրականության զարգացման համար և հենց այս շրջանում «Վերնատան» ստեղծումը պատահական չէր։ Թումանյանի կողմից ստեղծված «Վերնատուն» գրական խմբակը մեծ դեր ունեցավ ինչպես հայ գրականության, այնպես էլ 20-րդ դարի սկզբի հայ մշակույթի պատմության մեջ։ Այն իր անջնջելի հետքն ու ձեռագիրը թողեց ժամանակի գրական ոգու վրա։
20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև, որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարում ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է պատերազմից վնասվածներին օգնող կոմիտեին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին հաստատվել Էջմիածնում ։ Մի հիշատակություն կա Թումանյանի վերաբերյալ, որ երբ կոմիտեի անդամների հետ նա զբաղված էր հայ որբ երեխաների հավաքագրմամբ, նա գնում էր, քաչալացնում էր հայտնաբերված երեխային, հետո նոր միացնում որբերի խմբին, որպեսզի երեխաների մեջ ոջիլ չտարածվի։ Երբ որբերը հավաքվել էին Էջմիածնում, անձրև է սկսվում, նա ուզում է երեխաներին տեղավորել Սուրբ Էջմիածնի եկեղեցում, որպեսզի չթրջվեն, կաթողիկոսը սա տեսնելով ջղայնացած հարցնում է․ << Ո՞վ ես դու, որ առանց ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվության, այսպիսի քայլի ես գնում>>, իսկ Թումանյանը պատասխանում է․ << Ե՛ս ամենայն հայոց բանաստեղծն եմ>>, այսպիսով նա իրեն հռչակում է ամենայն հայոց բանաստեղծ։ Այսպիսով Թումանյանը նաև մարդասիրության ջատագով էր, նա հայու խիղճ արտահայտող տեսակն էր։
Թումանայնը նաև օրինակելի ընտանիքի, օրինակելի հոր կերպար էր։ Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա նրա զավակներին ևս դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»: Նրա մասին հոշագրությունները մեզ պատմում են, որ նա շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ: Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- այս խոսքը Թումանյանը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող: Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունքը բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը վատ վերաբերմունքից նեղանար, փակվեր, հեռանար:
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
Վերջին 300 տարիների ամենաազդեցիկ հայը, այո՛ Թումանյանն է, քանզի հենց նա է հայու խղճի տեսակը, մարդասիրոթյան տեսակը, հայրենասիրության տեսակը, լավ ընկերոջ, բարի մարդու, օրինակելի հոր ու մեծն հայի տեսակը։
Համերաշխ ապրենք կողք կողքի
Համերաշխ ապրել կողք-կողքի, լինել ազատ, ստեղծագործել , զգալ կյանքի բերկրանքը, միթե՞ սա չէ յուրաքանչյուր մարդ արարածի բաղձալի ցանկությունը։ Աշխարհում կան բազմաթիվ ազգային, էթնիկ ու կրոնական միավորներ, Աստված կամ տիեզերքը մարդկանց տարբեր է ստեղծում՝ տարբեր դիմագծերով,մաշկի,մազերի և աչքերի գույնով, կազմվածքով, ֆիզիկական և մտավոր ունակություններով, այս ամենին գումարվում է նաև այն բնական ու հասարակական միջավայրը, որտեղ մարդը հասակ է առնում ու ապրում։ Քանի որ մարդուն երբևէ բնորոշ չի եղել առանձին, մեկուսի ապրելը, նա անընդհատ ձգտում է միավորներ ստեղծել և ապրել խմբով։ Ժամանակի ընթացքում ձևավորվում են կայուն հավատալիքներով ու սովորույթներով խմբեր, որոնց վրա իհարկե մեծ ներգործություն է ունենում շրջակա միջավայրի բնակլիմայական պայմանները։ Ըստ շրջապատող միջավայրի բնական ու հասարակական փոփոխությունների էլ զարգանում են կրոնական հավատալիքները և ստեղծված խմբին դարձնում ավելի կայուն և ավելի է ամրապնդում նրա առանձնահատկությունները։ Այս միավորներին մենք անվանում ենք ազգ, էթնոս կամ կրոնական խումբ։ Եթե այս ամենին գումարենք նաև պատմական ողջ անցուդարձը, ցավալի պատերազմներն ու մարդկանց խոշոր տեղաշարժերը, ապա ստացվում է այնպես, որ տարբեր ազգային, էթնիկ ու կրոնական խմբերը ապրում են կողք-կողքի, միախառնված, ամեն օր տեսնում ու շփվում են իրենցից տարբեր մարդկանց հետ։
Երբեմն մարդկային տկարամտությունը չի կարողանում ընդունել այն ամենը ինչը իրենից տարբեր է, կամ այն միջավայրը, որտեղ ինքը այնքան էլ կոմֆորտ չի զգում և ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերում իրենից տարբեր ամեն ինչի նկատմամբ, ինչը բնականաբար չի կարող բումերանգի էֆեկտով չվերադառնալ։ Գաղջ մթնոլորտ ստեղծող այս երևույթներից խուսափելու միակ ու անփոխարինելի միջոցը հանդուրժողականությունն է։ Հանդուրժողականությունը գալիս է մարդկանց գիտակցությունից, երբ մարդը հասկանում է, որ աշխարհում ինքը կամ իր ազգային միավորը միակը չէ, որ կան տարբեր ազգեր, կրոնական միավորներ, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք ապրում են մեզ հետ համահավասար, և հետո ի՞նչ, որ ունեն ավելի բաց կամ մուգ մաշկ, աչքերի տարբեր գույներ, խոսում են այնպիսի լեզվով, որը մենք չենք հասկանում, կամ աղոթում են ուրիշ լեզվով, որը մենք չգիտենք , բայց հավանաբար աղոթում են նույն Աստծուն։ Երկիր մոլորակը այնքան մեծ է ու այնքան հյուրընկալ, որը հերիքում է բոլոր ութ միլիարդ մարդուն, որոնք ծնվել ու լույս աշխարհ են եկել, հավանաբար ուղղակի պետք է խելամիտ ու խնայողաբար օգտագործել այդ ռեսուրսնեը, և ոչ մի ազգ կամ էթնոս ձեռնունայն չի մնա։ Որոշ կեղծ դոգմաներ են առաջ քաշվել, ըստ որի երկրագնդի ռեսուրսները սահմանափակ են, որ բոլորին չեն հերիքում, պետությունները պետք է հնարավորինս մեծ հողատարծքներ ձեռք բերեն, հանքեր շահագործեն, երկրից դուրս մղեն ազգային փոքրամասնություներին, որ հանկարծ չշատանան ու չդառնան մեծամասնություն և շատ մարդիկ անասնական բնազդով կոտորում են իրար, ձգտում են ճնշել մեկը մյուսին` կյանքի տորթից ավելի շատ չափաբաժին ունենալու մղումով, և այս ամենը էթնիկ ու կրոնական խտրականության ֆոնին ավելի ու ավելի դաժան կերպարանք է ստանում։
Սակայն այս ամենի ֆոնին ի պատիվ հանդուրժողական ազգերի ու ժողովուրդների, ունենք օրինակներ, երբ տարբեր ազգեր, ժողովուրդներ ու կրոնական խմբեր ապրում և արարաում են կողք կողքի։ Այս ազգերի շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցնում հայ ազգը։ Հայաստանը այն երկրներից է, որտեղ ապրում են տասնմեկ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, քրդեր, ասորիներ, ռուսներ և այլ ազգեր, ովքեր ապրում են համերաշխ, չեն վախենում մեկը մյուսի առանձնահատկություններից, արարում են ու ստեղծագործում։ Բոլոր ազգերը մեկը մյուսին լրացնում են, ոչ թե խանգարում։ Ինչքա՜ն հարուստ են դարձնում միջավայրը տարբեր ազգերը՝ իրենց մշակույթով, կենցաղով ու նիստուկացով։ Հայաստանում այդպիսին են մեր բարեկամ եզդիները։ Հետո ի՞նչ, որ մեր բարեկամ եզդիները քրիստոնյաներ չեն, նրանք ունեն իրենց առանձին կրոնը, որին մենք հայերս հարգանքով ենք մոտենում, նրանք ևս հարգում են մեր կրոնը։ Վերջերս Հայաստանում բացվել է եզդիների պաշտամունքի խոշոր կենտրոն, որը ամբողջ աշխարհի եզդիները մեծ ուրախությամբ են ընդունել։ Նրանք ունեն իրենց լեզուն, դպրոցներում դասաժամ ունեն իրենց մայրենի լեզվով, բայց նաև սովորում ու տիրապետում են հայերենին։ Եզդի ազգի մոտ արգելվում է այլազգերի հետ ամուսնությունները, որի շնորհիվ երբեք չեն ձուլվում, կենցաղավարության մեջ ևս իրենց առանձնահատկություններն ունեն, շատ ծեսեր ու սովորույթներ տարբերվում են հայերի սովորույթներից։ Հայաստանում կայուն ազգային փոքրամասնություն են նաև ռուսները, աշխարհում կատարվող վերջին ցավալի իրադարձությունների հետո նրանց թիվ վերջին մեկ տարվա մեջ կտրուկ աճել է։ Նրանք ապրում են հիմնականում Սևանի ավազանում,նրանք ևս կարողացել են միաժամանակ ապրելով հայերի հետ կողք կողքի, պահպանել իրենց ազգային առանձնահատկությունները։ Իսկ վերջին ժամանակներում Հայաստան տեղափոխված ռուսները հեշտությամբ են ինտեգրվում մեր միջավայրին։ Արդարացիորեն կարող ենք նշել նաև քրդերին, ասորիներին և մնացած ազգային փոքրամասնություններին, ովքեր նույնպես երբևէ որևէ տեսակի խտրականության չեն ենթարկվել հայերի կողմից և կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունը։
20-րդ դարի վերջերին Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացրած կոտորածների ֆոնին անգամ Հայաստանում չի ձևավորվել փոխադարձ թշնամանք այդ ժամանակ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն հանդիսացող ադրբեջանցիների նկատմամբ։ Սումգայիթի և Ադրբեջանի մյուս քաղաքներում տեղի ունեցած անմարդկային ջարդերին հետևեց հայերի բռնի տեղահանությունը, իսկ փոխարենը հայերը պատվով ճամփու դրեցին ադրբեջանցիներին, հնարավորություն տալով նրանց վաճառել իրենց գույքն ու ունեցվածքը, միաժամանակ չկորցնելով իրենց ազգը, հայրենիքն ու պատիվը պահպանելու արժանապատվությունը։ Իսկ ահա հազարավոր հայեր Ադրբեջանից ներգաղթեցին Հայաստան, որոնք ակամա դարձան միգրանտ։ Գովելի է, թե երկրաշարժի ու այլ դժվարությունների պայմաններում անգամ, ինչպես տեղի ժողովուրդը ջանքեր չէին խնայում նրանց օգնելու, տեղավորելու գործում։
Իսկ ահա, որպես մի ազգի ներկայացուցից, ում հայրենակիցները սփռված են աշխարհով մեկ, չեմ կարող խորին երախտագիտությամբ լցված չլինել բոլոր այն ազգերի նկատմամաբ, ովքեր բարեկամաբար ու հանդուրժող են եղել իմ հայրենակիցների նկատմամբ, նրանք էլ իրենց հերթին կարողացել են ինքնաիրացվել և երախտագիտորեն շենացրել ու զարգացրել են հյուրընկալ երկիրը։ Կար ժամանակ, որ մեղադրում էի իմ հայրենակիցներին իրենց հայրենիքը լքելու համար, բայց այժմ շփվելով օտար երկներում ապրող հայերի հետ, հասկանում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը մի փոքրիկ Հայաստան ունի իր սրտում պահած, որ նրանք նաև մեր լեզվի ու մշակույթի ակտիվ տարածողներն են։
Որքա՞ն տխուր կլիներ այն այգին, որտեղ միայն մի տեսակի ծաղիկ կլիներ, չէ՞ որ ամեն մի թուփ ու ծաղիկ՝ փոքրից մեծ, գեղեցկացնում ու յուրահատուկ են դարձնում այգին։ Այնպես և, որքա՜ն տխուր կլիներ երկիր մոլորակը, եթե այնտեղ ապրեր միայն մի տեսակի ազգություն, չէ՞ որ ամեն մի ազգ, ամեն մի էթնոս ավելի է գեղեցկացնում երկիր մոլորակը, իր համն ու հոտն է տալիս շրջակայքին։ Իսկ որքա՜ն հաճելի, թեթև ու երջանիկ կլիներ կյանքը, եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանար ընդունել դիմացինին, անկախ նրա ազգային, էթնիկական և կրոնական առանձնահատկություններից։ ՈՒրեմն հարգեք իրար մարդի՛կ, գնահատեք դիմացինին, արժևորեք անգամ փոքր առավելությունները, կիսվեք ուրախություններով ու ձեռքբերումներով, և այդ ամենը չի կարող բումերանգի էֆեկտով հետ չվերադառնալ։ Ապրենք խաղաղ ու երջանիկ ։
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Զարուհի Կիրակոսյանի կողմից։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում