Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Վարդգես Գուլիկյան․ Անի Բաղդասարյան

Ասում են, որ կյանքում մարդու հաջողություններն ու անհաջողություններն երբեմն պայմանավորված են և գալիս են մանկությունից: Այդ վարկածն է գալիս ապացուցելու Վարդգես Գուլիկյան՝ արվեստագետը, ընտանիքի հայրը, օրինապաշտ քաղաքացին և ուսուցիչը:

Վարդգես Գուլիկյանը ծնվել է 1942 թվականին Երևանում: Նրանց տան հարևանությամբ՝ Զորավոր սբ. Աստվածածին եկեղեցու մոտակայքում էին բնակվում այսպես ասած հին Երևանի անվանի մտավորականներ՝ գիտնական, բժիշկ, երաժիշտ…դրանց թվում էին նաև հայ կերպարվեստի մեծագույն վարպետներ Մարտիրոս Սարյանը /որի արվեստանոցում հաճախ է եղել Գուլիկյանը/, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը: Ըստ էության նրանցից Գուլիկյանը շատ բան էր սովորում:

Եռանդուն ու պառթկուն են եղել Գուլիկյանի ուսանողական տարիները: Նա սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում, ապա՝ Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որտեղ գեղանկարչական իր հմտություններն ավելի է զարցացրել: Դեռ ուսանողական տարիներից Գուլիկյանն իր նախասիրությունները դրսևորել է կերպարվեստի տարբեր ճյուղերում՝ գեղանկարչություն, բեմանկարչություն, ֆիլմարտադրություն: Մեծ էր նկարչի ներդրումը հատկապես <<Հայֆիլմ>>-ում՝ մուլտիպլիկացիայի ժանրում: Այս ամենով նա ժամանակ է հատկացնում նաև հասարակական գործունեությանը, մասնակցում՝ մրցանակաբաշխությունների: Մի քանի տարի առաջ՝ 2013 թվականին նկարիչը մասնակցություն է ցուցաբերում Համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության ՀՀ Սփյոռքի նախարարության, ՀՀ նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխությանը արժանանալով դափնեկրի:

Վարդգես Գուլիկյանը կոլորիտի նկարիչ էր: Այն որոշակի փոփոխության էր ենթարկվել վերջին շրջանի ստեղծագործություններում, դրանցում ինչ-որ չափով զգացվում է նաև ժամանակակից եվրոպական արվեստի ազդեցությունը: Ընդհանրապես վարպետի արվեստում ուշադրություն է գրավում գույնի ընտրությունը: Գունային անցումները նրա գործերում ինչպես վառ այնպես էլ մեղմ են: Ստեղծագործոությունների հիմնական մասն արված են իրատեսական շնչով, սակայն երբեմն դրանցում կարելի է նկատել իմպրեսիոնիստական` նույնիսկ լուչիզմին հարող որոշակի տարրեր:

Նկարչի որոշ ստեղծագործություններում կարևորվում է <<ձայնի ընկալման>> զգացումը, մանավանդ երաժշտական գործիքներ պատկերող աշխատանքներում՝ <<Քառյակ>>, <<Երաժշտություն>>, <<Ջութակահարը>> և այլն: Երաժշտությունը <<պատկերել>> նկարիչը սկսել է Լորիս Ճգնավորյանի համերգի անմիջական տպավորությամբ: Տոնական, ոգեհույզ տրամադրություն նկատվում է նաև կենցաղային բնույթի ստեղծագործություններում: Դրանցից մեկում օրինակ տեսնում ենք մի խումբ մարդկանց, որոնց մոտ նկատելի է բարձր տրամադրություն: Ստեղծագործությունն ունի պլանային հստակ բաժանում. առաջին պլանում մարդիկ զարմանքով հետևում են երիտասարդների մրցախաղին, իսկ երկրորդում արդեն այդ զարմանքը վերածվում է իրական ուրախության:

Բավականին տպավորիչ են նաև հեղինակի կատարած բնանկարները, հատկապես Բիբլիական Արարատը, որը ներկայացված է լուսավոր, պայծառ գույներով ու պահպանում է արևային վառ տրամադրություն: Բնանկարների շարքում առանձնանում են <<Գարուն>>, <<Աղավնաձոր>> աշխատանքները:
Նկարչի արվեստում ուրույն տեղն ունեն նաև նատյուրմորտները, դրանց թվում <<Աշնանային նատյուրմորտ>>, <<Նատյուրմորտ ձմերուկով>> և այլ աշխատանքներ:
Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ Գուլիկյանը նույնպես ունեցել է իր ոգեշնչման աղբյուրը. Դա գրականությունն էր, պոեզիան: Ընդ որում, նկարչի դստեր վկայությամբ, Վարդգես Գուլիկյանի հոգում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շիրազի <<Դանթեականը>>:

Այժմ Գուլիկյան-ուսուցչի մասին: Սկսած 1990 թվականից Գուլիկյանը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ կերպարվեստի ամբիոնում, պրոֆեսոր էր: Ուսանողները պատմում են, որ վարպետը և՛ խստապահանջ էր և՛ հոգատար՝ ձգտելով նրանց ավելին ու ավելին սովորեցնել և որ կարևոր է՝ ձևավորել նրանց մեջ գեղագիտական ճաշակ: Երբ շրջանավարտներին չէր հիշում անունով կամ դեմքով, ամնիջապես հարցնում էր ավարտական աշխատանքի թեման: Սա կարող է խոսել մի փաստի մասին, թե որքան կարևորություն էր տալիս նկարիչն ուսանողների կատարած աշխատանքին և ինչպիսի պատասխանատվությամբ էր վերաբերվում իր առաքելությունը դարձած մանկավարժական գործունեությանը:

Իր սեղծագործական գործունեության ընթացքում Գուլիկյանը գրել է նաև տեսական բնույթի աշխատանքներ, ինչպիսիք են՝ <<Գեղարվեստական գիտակցությունը և նրա ձևերը>>, <<Գունային ներդաշնակության խնդիրները պլեներում>> և այլն: Ունենալով մեթոդական նշանակություն, դրանք այսօր էլ կիրառվում են մանկավարժների կողմից:

Այս ամենն անվանի նկարչի ստեղծագործական գործունեության մի մասն էր միայն: Մի քանի ամիս առաջ՝ 2017 թվականի սեպտեմբերին, հանրությունը հրաժեշտ տվեց նկարչին: Նկարիչ, ով դեռ այնքան ասելիք ուներ: Ցավոք սրտի նա չհասցրեց ավարտել իր կիսատ մնացած աշխատանքները:

Սակայն այսօր էլ նկարչի աշակերտների, ուսանողների, ընտանիքի անդամների /նրանց մեջ նույնպես կան նկարիչներ/ ուժերով նրա գործը շարունակվում է: Սկսած 2010 թվականից Երևանում գործում է Վարդգես Գուլիկյանի անունը կրող արվեստի դպրոց: Ներկայումս այն տնօրինում է վարպետի դուստրը՝ Ալինա Գուլիկյանը, ով և սիրով տեղեկացրեց Արվեստի IV միջազգային օլիմպիադայի հայաստանյան փուլի ցուցահանդեսում, ինչպես նաև Եգիպտոսում, Չեխիայում կայացած մրցույթ-ցուցադրությունների ընթացքում դպրոցի սաների գրանցած հաջողությունների մասին:

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Անի Բաղդասարյանի կողմից։

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։


Spread the love