Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ռազմահայրենասիրական դաստիարակության դերը տարրական դպրոցում․ Շուշանիկ Ագանեզովա

Ռազմահայրենասիրական դաստիարակությունը այսօր դիտարկվում է որպես հասարակության սոցիալական պահանջ, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակության գլխավոր կենտրոնը կրթական համակարգն է: Որպեսզի մարդն իսկապես հարգի իր նախնիների հիշատակը, հարգի Հայրենիքը, պատասխանատվություն զգա իր հայրենիքի համար, պետք է ստանա հայրենասիրական դաստիարակություն և մեծանա որպես ռազմատենչ քաղաքացի։

Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի իր պետության անվտանգության նշանակությունը, և, գիտակցի, որ այդ անվտանգության գլխավոր պաշտպանը հայ զինվորն է, և, հայ սպան։

Աշխատանքի նպատակն է՝ ներկայացնել ռազմահայրենասիրության կարևոր բաղադրիչները հատկապես տարրական դպրոցում, քանի որ, տարրական դպրոցը այն օղակն է, որը նպաստում է՝ երեխայի զարգացմանը, ընդունակությունների բացահայտմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը։

Հիմա, հասարակության անկայունության ժամանակաշրջանում, կարիք կա վերադառնալու մեր ժողովրդի լավագույն ավանդույթներին, նրա դարավոր արմատներին, այնպիսի հավերժական հասկացություններին, ինչպիսիք են տոհմը, ազգակցական կապը, հայրենիքը։ Ռազմահայրենասիրության զգացումն իր բովանդակությամբ բազմակողմանի է. դա սեր է հարազատ վայրերի նկատմամբ, հպարտություն իր ժողովրդի հանդեպ, սեփական երկրի հարստությունը պահպանելու մեծացնելու ցանկություն: Ռազմահայրենասեր լինել՝ նշանակում է դառնալ Հայրենիքի անբաժան մասը։ Յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը զինված ուժերի առկայությունն է։
Ներկա ժամանակներում, երբ յուրաքանչյուր պետության հզորության ներուժը որոշվում է բանակի մարտական պատրաստվածությամբ, հայրենիքի սահմանները պաշտպանելու գիտակցությամբ, ապա, Հայաստանը չի կարող չմտածել ռազմահայրենասիրական դաստիարակության, պետության զարգացման, պահպանման և հզորացման մասին։
Հայաստանը, գտնվելով բարդ ռազմաքաղաքական տարածաշրջանում, որտեղ որոշ հարևաններ պլանավորում են մեր պետության և ժողովրդի ոչնչացումը, կարող է ապա- հովել իր անկախությունն ու անվտանգությունը միայն հզոր մարտունակ բանակի առկայությամբ։
Պետք է միշտ հիշել, որ հույսը դնել արտաքին ուժի վրա, մոռանալ պատմության դառը դասերը՝ կործանարար կլինի մեր հայրենիքի համար։ Միայն հզոր բանակի առկայության դեպքում կարող է լինել արդյունավետ արտաքին քաղաքական-ություն։ 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմում են պետության պաշտպանության համակարգի հիմքը: Հայ ժողովուրդն իր գոյատևման ողջ ընթացքում տոգորված է եղել հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարներով: Հիշենք Հայկ նահապետին ու Հայկյան աղեղը և կհամոզվենք, որ հենց հայրենիքի պաշտպանության դրվագով էլ բացվում է հայոց պատմությունը։ Չմոռանանք, որ մեր նախնիները ունեցել են նաև զենքի պաշտամունք, անսահման սեր և հարգանք հայրենիքի պաշտպանի հանդեպ։ Պետք է գիտակցել, որ ազգային արժեքները կարող են գոյատևել միմիայն զենքի և այն գերազանց տիրապետող զինվորի հովանու ներքո:
Մեր օրերում՝ առավել ևս [2, 4]։

Հզոր պետություն ունենալու նախապայմանը՝ հզոր սերունդն է։ Գիտակից, բանիմաց, խելացի, կրթված, ուժեղ սերունդն է՝ որ ապահովում է իր պետության գոյությունը։ Յուրաքանչյուր սերնդի դաստիարակությունը սկսվում է ընտանիքից և իհարկե դպրոցից։ Ուժեղ պետության հիմքը զարգացած տնտեսությունն է, խելացի հասարակությունը և տոկուն բանակը։

Ներկա ժամանակներում լուրջ աշխատանքներ են տարվում դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Դպրոցից պետք է պատրաստել գրագետ և հայրենասեր զինվոր։ Ռազմահայրենասիրական դաստիարակությունը և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ դաստիարակելու գործընթացը մեզանում օրեցօր ավելի է կատարելագործվում, իսկ արդյունքները տեսանելի են բոլորին:

Երեխաների մեջ հայրենասիրության դաստիարակության հատկանիշը բարոյական զգացմունքների և գիտելիքների միաձուլումն է: Գիտելիքը միայն այն ժամանակ է ազդում երեխայի բարոյական զարգացման վրա, երբ այն գունավորվում է զգացմունքներով և փորձառություններով:

Որտե՞ղից է սկսվում Հայրենիքը տարրական դպրոցի աշակերտի համար: Այն վայրից, որտեղ նա ծնվել և ապրում է, բնության գեղեցկությունից, որը շրջապատում է նրան։ Ընտանիքներից, ովքեր ապրում են մոտակայքում: Երեխաների մոտ աստիճանաբար ձևավորվում է սեր հայրենիքի հանդեպ, հայրենասիրական զգացմունքներ։ Մեզ շրջա-պատող աշխարհի, ժողովրդի պատմության և ավանդույթների, երկրի կյանքի, մարդկանց աշխատանքի և հայրենի բնության մասին գիտելիքների և գաղափարների կուտակման գործընթացում:

Դաստիարակության առաջին զգացմունքը երեխաների սիրո և հարգանքի դաստիարակությունն է տան, դպրոցի, փողոցի`որտեղ նա ապրում է, իր հայրենի քաղաքի նկատմամբ. հարգանք հայրենիքի պաշտպանների հանդեպ, հպարտություն զինվորների կատարած քաջության նկատմամբ: Հայրենասիրական դաստիարակու-թյունը դպրոցից չի սկսվում. Ծնվում է ընտանիքում, զարգանում է մանկապարտեզում, և արդեն նոր շարունակվում է տարրական դպրոցում: Տարրական դասարանների ուսուցիչները միայն այս ամենի ճիշտ ընթացքն են ապահովում՝ շարունակելով սովորեցնել իրենց աշակերտներին սեր տածել հայրենիքի նկատմամբ։ Արդեն տարրա-կան դասարաններում երեխաները կարողանում են հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել իրենց ժողովրդին, դառնալ նրա մասնիկը, հպարտանալ նրա պատմությամբ և պատասխանատվություն զգալ իրենց երկրի ապագայի հանդեպ:

Տարրական դպրոցի ուսուցչի խնդիրն է ճիշտ կազմակերպել հայրենասիրական դաստիարակչական գործունեությունը, պլանավորել միջոցառումներ՝ հաշվի առնելով ոչ միայն իրենց երկրի մշակութային և պատմական ավանդույթները, այլև այն շրջանը, որտեղ ապրում են աշակերտները:

Հայրենասիրական դաստիարակությունը օրգանապես միաձուլված է կրթական ծրագրի մեջ (գրականության, պատմության, մայրենի լեզվի, կերպարվեստի, երաժշտության դասերը), բայց արտադասարանական գործունեությունը ամենակարևոր գործիքն է։ Նման միջոցառումների նպատակն է երեխաներին ընկղմել իրենց ժողովրդի պատմության, մշակույթի մեջ, ձևավորել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սերը հայրենիքի հանդեպ, հանդուրժողականությունը:

Տարրական դասարանների աշակերտները դեռ բավականաչափ ընկալունակ չեն ազգային մշակութային արժեքների յուրացմանը, և դա պետք է լիովին հաշվի առնել.

Եթե խոսում ենք կրտսեր դպրոցականների հայրենասիրական դաստիարակության արդյունավետ ձևերի մասին, ապա դրանք ներառում են այնպիսի ոչ ստանդարտ ձևեր, ինչպիսիք են՝

  • դասեր հերոսական-հայրենասիրական թեմաներով.
  • ինտեգրված դասեր
  • քննարկումներ
  • թատերական դասեր
  • խմբակային սեմինարներ:

Ռազմահայրենասիրական դաստիարակության համակարգը կձևավորվի, եթե դասարանի ուսուցչի գործունեությունն ուղղված լինի ընտանիքի հետ համագործակ-ցության կազմակերպմանը, ծնողների հնարավորությունների և հետաքրքրության ուսումնասիրմանը այս հարցում և ընտրելու փոխգործակցության համապատասխան մեթոդներ: Հանրակրթական դպրոցի կրթական աշխատանքի համակարգում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարևոր գործոն է ողջ հասարակության համախմբման գործում, երկրի հոգևոր, քաղաքական և տնտեսական վերածննդի մի նոր աղբյուր։ Հայրենասիրակական դաստիարկությունը նպատակա-ուղղված գործունեություն է, որը իրականացվել է առաջ, և իրականացվում է հիմա: Հայրենասիրական դաստիարակություն է ապահովում ազգի պահպանությունը, սիրել հայրենիքը՝ նշանակում է սիրել, պետությունը, ընտանիքը, բնակավայրը [3,36]։

Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ իբրև միջոց: Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք։ Գ.Նժդեհ [1]

Հեղինակների մեծամասնությունը ռազմահայրենասիրական դաստիարակությունը հասկանում է չափազանց պարզ, այն է՝ որպես մարդու սիրո ձևավորում դեպի բանակ։ Սակայն ռազմահայրենասիրական դաստիարակությունը հայրենասիրական դաստիարակության հիմնական բաղադրիչն է։ Դրա հիմքը մատաղ սերնդի մեջ ամենա-կարևոր հոգևոր և բարոյական որակների ձևավորումն ու զարգացումն է՝ սեր հայրենիքի հանդեպ, հարգանք օրենքի և կարգի նկատմամբ, պատասխանատվություն սահմանադրական պարտքի կատարման համար և հայրենիքը պաշտպանելու պարտականություն: Սովորողների համար հայրենասեր լինել նշանակում է առաջին հերթին լինել իրենց երկրի արժանի քաղաքացի։ Լավ սովորել, պատրաստ լինել կատարել սահմանադրական պարտքն ու ծառայել հայրենիքին: Պետք է աշակերտներին գերել ազգային պատմության օրինակներով, հիշեցնել, թե ինչ նվիրվածություն է եղել հայրենիքին, ինչպես են մեր պապերը ծառայել և կռվել խորհրդային իշխանության տարիներին։ Այդ դարաշրջանների որոշիչ խորհրդանիշներն էին մեր հայրենակիցների անձնուրացությունը, արիությունը, խիզախությունը։ Աշակերտները պետք է կրթվեն այս օրինակներով: Ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնարար սկզբունքը պետք է լինի՝ հանրային և պետական շահերի գերակայությունը անձնականի նկատմամբ` կարգախոսը [4, 9]։

Յուրաքանչյուր դպրոցական պետք է գիտակցի, որ պետության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ են ոչ միայն զարգացած տնտեսություն, ժամանակակից հզոր բանակ, այլ նաև իր օջախին, հայրենիքին նվիրված, բարձր բարոյահոգեբանական հատկանիշներով օժտված, ուժեղ և կոփված, ռազմական գործը տիրապետած քաղաքացիներ։

Հիշենք Մեծն Գարեգին Նժդեհի խոսքն այն մասին, որ «հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն ու պսակն է», որ վախկոտ ժողովուրդները պատերազմից տուժում են ավելի շատ և որ հայրենասիրության հետ բարձրանում են ազգերը, ընկնում նրա պակասի հետ [2, 5]։

Գրականություն

1․ Գ. Նժդեհ «Հատընտիր», «Ամարաս», Երևան, 2006, 706 էջ։
2․ Նախնական զինվորական պատրաստություն: Հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի դասագիրք / Վ.Օհանյան, Ս.Մարգարյան, Վ. Առաքելյան և ուրիշներ։ Ընդհ. խմբ.՝ Ս.Մարգարյան, մասնագետ խմբ՝ Վ.Օհանյան. – Եր․, Աստղիկ գրատուն, 2014, 120էջ։
3․ Дворецкий Михаил Иванович,”Специфика военно-патриотического воспитания младших школьников”., Материалы Всероссийской научно-практической конференции «Наука и социум», № XI, 2020, с 36-41.
4․ Микрюков В.Ю., Военно-патриотическое воспитание в школе. 1-11классы, Москва, 2009, 194с.

Բանալի բառեր՝ ռազմահայրենասիրություն, դաստիարակություն, տարրական դպրոց, հայրենասիրություն, Հայաստանի Հանրապետություն

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Շուշանիկ Ագանեզովայի կողմից։

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

Spread the love