Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Մասնագիտական արդի մոտեցումները և առաջնահերությունները` երեխաների հետ տարվող սոցիալական աշխատանքում․ Էլլա Պողոսյան

Մեր հոդվածում տեղ են գտել երեխաների հետ կիրառվող հմտություններն ու առանձնահատկությունները, ինչպիսի միջոցներ կիրառել, որպեսզի հաջողված արդյունք գրանցվի, քանի որ մեր աշխատանքի կիզակետում են երեխաները` ամենազգայուն ու ամենաանպաշտպան էակները, որոնց հետ աշխատելիս պիտի հնարավորինս հմուտ և զգուշավոր լինել:

Հանգուցային բառեր` սոցիալական մշակույթ, հանդուրժողականություն, խտրականության բացառում, կարծրատիպերի կոտրում, իրավունք, պաշտպանություն, անվտանգություն, ապահովություն, ինքնազարգացում, դաստիարակություն, աջակցություն:


Հոդվածի նպատակը: Առաջարկել մասնագիտական գրագետ աջակցություն երեխաների հետ աշխատելիս:


Թեմայի արդիականությունը: Բոլորիս էլ հայտնի է այն միտքը, որ մանկությունը յուրաքանչյուրիս կյանքի կարևորագույն և անբաժան փուլն է, և այդ փուլը պիտի հիմք հանդիսանա ապագային, այն ապագային, որը պիտի կերտվի հաստատուն և կայուն, իսկ դրա համար անհրաժեշտ է ճիշտ պահին ու ժամանակին բոլոր հարցերին ու եղած խնդիրներին հստակ լուծում տալ և բավարարել պահանջմունքները:


Երեխաների պահանջմունքների անբավարարության մասն են եղել համավարակը և պատերազմական իրողությունների հետքը: Դրանցով պայմանավորված ոտնահարվեցին կրթության, անվտանգության, ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքները:

Նորույթի հիմնավորումը: Մեր հոդվածում ներկայացված է մասնագիտական նորարար գործիքակազմ, որի կիրառումը երեխաների հետ աշխատելիս մասնագետին հնարավորություն կտա հասնել ցանկալի արդյունքի:

1․ Գրականության վերլուծություն: Հոդվածը գրելիս ուսումնասիրել ենք հետևյալ գրքերը` Սոցիալական աշխատանքի վերապատրաստման դասընթացի նյութեր նախակրթարանի աշխատակիցների համար, Սոցիալական աշխատանքի ձեռնարկ ուսուցիչների համար, սոցիալական աշխատանքի հիմունքները, Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչները, Սոցիալական մանկավարժություն, բուհական ձեռնարկ, ԵՊՀ հրատարակչություն /2017թ/, Средства массовой информации и права ребенка. Справочник для журналистов, составленный самими журналистами. Разработано MediaWise для ЮНИСЕФ; Второе издание 2005г. при сотрудничестве с Региональным Представительством ЮНИСЕФ По странам Центральной и Восточной Европы и СНГ MediaWise&UNICEF; 2005г.: Ինչպես նաև ուսումնասիրել ենք ՀՀ Օրենքը երեխայի իրավունքի մասին, Երեխաների իրավունքի պաշտպանության 2022թ․-ի տարեկան ծրագիրը, և ՀՀ Օրենքը Սոցիալական աշխատանքի մասին, 2018թ.:

Երեխաները միանգամից և հեշտությամբ են համակերպվում երջանկության հետ, քանի որ իրենց էությամբ նրանք իրենք են ուրախություն և երջանկություն… Վ. Հյուգո

Երեխան իր ընտանիքի և համայնքի մի մասն է: Ցանկացած երեխա ունի ընտանեկան խնամք ստանալու իրավունք: Երեխային հատուկ հաստատություն տեղավորելը պետք է ամենածայրահեղ քայլը լինի: Եվ ոչ մի դեպքում երեխաների համար նախատեսված հատուկ հաստատությունները չպետք է խոշոր և լքված անկյուն հիշեցնեն: Հաստատություններում երեխաների տեղավորումը, նույնիսկ լավագույն մտադրությունների դեպքում, խոչընդոտում է նրանց մտավոր, ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական զարգացմանը: Որքան ավելի վաղ հասակում է երեխան տեղավորվել նման կարգի հաստատություններում, և որքան ավելի երկար ժամանակ է այնտեղ գտնվել, այնքան ավելի մեծ է նրան հասցվող վնասի չափը: Լավագույն դեպքում հաստատություններում գտնվող երեխաները զրկվում են իրենց ներուժը զարգացնելու հնարավորություններից, վատագույն դեպքում` իրենց ամենահիմնարար իրավունքներից: Թեև երեխայի ընտանիքից բաժանումը երբեմն միակ տարբերակն է, այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե որքան դժվար է պետության համար հանդես գալ «լավ ծնողի» դերում: Չկրթված կամ անտուն մարդկանց, հանցագործություն կատարած անձ կամ հակասոցիալական վարք դրսևորած անձ, մարմնավաճառությամբ զբաղվողների, անչափահաս տարիքում հղիության դեպքերի, գործազրկության և աղքատության վերաբերյալ վիճակագրական տվյալներում գերակշռում են հասարակության այն անդամները, ովքեր զրկված են եղել ընտանեկան խնամքից: Հաշվի առնելով հաստատության բացասական ազդդեցությունը և ընտանիքում խնամքի կազմակերպման անհնարիությունը, ընդգծում են սոցիալական աշխատանքի ծառայության անհրաժեշտությունը` որպես մասնագիտական միջամտություն: Վերը թվարկված ռիսկերը կանխելու և կյանքի նորմալ զարգացումը ապահովելու համար մասնագետները պետք է հոգ տանեն, որպեսզի բավարարվեն երեխաների էմոցիոնալ պահանջմունքերը, որոնք են, սիրո և անվտանգության, նոր փորձի, գովասանքի և գնահատման, պատասխանատվության պահանջմունքները:
Այս պահանջմունքները պետք է բավարարված լինեն երեխայի կյանքի հենց սկզբից, որպեսզի օգնեն նրան չափահաս մարդ դառնալու համար: Անշուշտ, հասունության տարբեր փուլերում դրանց կարևորությունը փոխվում է, ինչպես նաև փոխվում է դրանց բավարարելու միջոցները: Հիմնական պահանջմունքներն են.

1․ Սիրո և անվտանգության պահանջմունքը: Ամենակարևորն է, քանի որ սա հիմք է հետագա փոխհարաբերությունների համար /ընտանիքի, ընկերների, գործընկերների հետ և այլն/։ Սրանից է կախված անձի առողջ զարգացումը, հոգատարության ընդունակության առաջացումը, ինչպես նաև այն, որ անհատը ժամանակի ընթացքում դառնա սիրող և հոգատար ծնող։ Այս պահանջմունքը պետք է երեխայի մոտ բավարարված լինի կյանքի առաջին իսկ օրից, որի բավարարմանը պետք է նպաստի նախ մայրը, հետո հայրը, այնուհետև միկրոշրջապատը: Ծանոթ միջավայրի նկատմամբ, անվտանգության զարգացումը նպաստում է, որ երեխայի մոտ ձևավորվի վստահության զգացում և որ երեխան համարի իրեն անհատական և անկրկնելի էակ:

2․ Նոր փորձի պահանջմունք: Միայն այս պահանջմունքի ադեկվատ բավարարման դեպքում մանկության շրջանում երեխայի մոտ ունակությունները կզարգանան ճիշտ ձևով: Ինչպես սնունդն է անհրաժեշտ ֆիզիկական աճի համար, այնպես էլ նոր փորձն է կարևոր մտավոր զարգացման համար: Երեխաները նոր փորձ են ձեռք բերում խաղի միջոցով կամ սովորելու ընթացքում: Սովորելու համար կարևոր է ոչ միայն երեխայի ընդունակությունները, այլ նաև շրջապատը: Ընտանիքում առկա էմոցիոնալ և մշակութային եղանակը, ինչպես նաև ծնողների ներգրավումը և ձգտումը կարող են նպաստել երեխայի սովորելուն կամ էլ սահմանափակել նրա ընդունակությունները: Խաղը բավարարում է նոր փորձի պահանջմունքին երկու ձևով. այն թույլ է տալիս երեխային ճանաչել աշխարհը և ապահովում այն միջոցները, որոնք ղեկավարվում են և լուծում կոնֆլիկտային էմոցիաները՝ թույլ տալով երևակայությանը հաղթահարելու իրականությանը և տրամաբանությանը: Երեխայի ինտելեկտուալ զարգացման համար կարևոր է նաև խոսքը, բայց պետք է նրա հետ ոչ միայն խոսել ակտուալ հասկանալի և բովանդակալի: Խոսքն օգնում է մտածել, ինչպես նաև օգնում է շփման կայացմանը։ Դպրոց հաճախելը նույնպես հանդիսանում է նոր փորձ: Երեխայի առաջընթացը կախված է ուսուցչից` նրա հետ հարաբերություններից, նրա համոզմունքներից։ Հետաքրքրությունների ընդլայնումը և նոր գաղափարների ընկալումը վարակիչ են, և այստեղ ուսուցիչը մեծ դեր ունի, որպեսզի երեխայի մոտ առաջացնի հետաքրքրություն և սեր նորի նկատմամբ:

3․ Գովասանքի և գնահատման պահանջ: Չափահաս դառնալու համար պետք է շատ բան սովորել էմոցիոնալ, սոցիալական և ինտելեկտուալ ոլորտում: Երեխան հասնում է դրան այն մարդկանց շնորհիվ, ովքեր հոգ են տանում նրա մասին, որոնցից էլ պահանջվում է գովասանք և գնահատում: Ուսուցիչները ևս մեծ դեր են խաղում այս պահանջմունքը բավարարելու համար, նաև այն պարզ պատճառով, որ երեխան օրվա մեծ մասը անցկացնում է դպրոցում: Մանկավարժները պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր երեխա ունի թաքնված պոտենցիալ, որը պետք է բացահայտել, և չպետք է ամեն մի անհաջողություն դիտել որպես կարողությունների սահմանափակում:

4․ Պատասխանատվության պահանջմունք: Այս պահանջմունքը բավարարարելու համար երեխան պետք է ունենա սեփական անկախությունը, նաև երեխան պետք է լինի ազատ սնվելիս, լվացվելիս, որպեսզի նա լինի պատասխանատու այդ գործի համար։ Նրա զարգացման հետ զուգահեռ պատասխանատվությունը պետք է մեծանա՝ տալով ազատություն իր գործերում: Իսկ հետագայում, դառնալով չափահաս, պետք է լինի պատասխանատու նաև այլ մարդկանց համար: Երեխային ազատություն տալ չի նշանակում, որ ծնողները չպետք է հայտնեն սեփական տեսակետը, մատների արանքով նայեն այն ամենին, ինչը երեխան անում է։ Այլ ընդհակառակը, երեխաները վերահսկողության և ուղորդման կարիք ունեն: Ծնողները պարտավոր են սովորեցնել ինչն է թույլատրելի է և ինչը ոչ, հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափել, ուրիշների ցանկությամբ չառաջնորդվել: Ծնողները նոր փորձի յուրացումը պետք է ղեկավարեն, որը պետք է նաև հետզհետե մարի: Պետք է լինի համաչափություն նոր տեղեկություն հաղորդելու և խորհրդի միջև, մի կողմից պետք է ազատ որոշում կայացնելու հնարավորություն տալ, միաժամանակ պետք է պատրաստակամ լինեն օգնելու և միջամտելու, եթե դրա կարիքը կա:

Սոցիալական աշխատողներն իրենց պրակտիկայում/փորձաշրջան/ կենտրոնանում են ոչ թե ընդհանրապես երեխաների, այլ` հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի վրա:
Մանկության պաշտպանությունը ընդհանուր առմամբ դրված է պետության և հասարակության վրա, կանոնակարգվում է օրենքներով և երաշխավորվում է գործող սոցիալական համակարգերի մեխանիզմներով:

Հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:
Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:
Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:
Սոցիալական ծառայություններ երեխաների հետ սոցիալական աշխատանքում շատ կարևոր է նաև ապահովել հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաներին /ՀՊԿՈՒԵ/ ուղղված արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացումը, մշակել քաղաքականություն, գործակալությունների չափորոշիչներ և ուղենիշներ, որոնք պաշտպանում են ՀՊԿՈՒԵ-ի իրավունքները, մշակել և իրագործել օրենքներ այդ ուղղությամբ, ապահովել վարչական, առողջապահական և կրթական վերահսկողություն այս խմբի նկատմամբ: Ընդհանուր առմամբ ՀՊԿՈՒԵ-ի խնդիրը Հայաստանում համարվում է համեմատաբար նոր երևույթ: Իրականում այս խնդիրն ահագնացող է դարձել միայն վերջերս` հետխորհրդային շրջանում: Սակայն, Խորհրդային Հայաստանում հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների խնդրի «բացակայությունը» բավականին արհեստական էր: Այս խնդիրը կանխելու նպատակով, որը հակասում էր խորհրդային սոցիալական «երջանիկ մանկություն» գաղափարին, խորհրդային պետությունը երեխաների համար հաստատեց գիշերօթիկ հաստատությունների մի համակարգ /մանկատներից, որբանոցներից ու գիշերօթիկ դպրոցներից սկսած մինչև ուղղիչ դպրոցներ, դաստիարակչական գաղութներ և խիստ ռեժիմի ուղղիչ տներ/: Սակայն, իրենց երեխաների համար կարիքների բավարարման և իրավունքների իրականացման առումով սրանք լավագույն լուծումը չէին, քանի որ հաստատություններում երեխաների մոտ չբավարարված էին մնում մի շարք պահանջմունքներ: Բացի այդ հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների խնդիրներն այնքան էլ մշակութային նկատելի չէին հասարակությունում` պայմանավորված մշակութային առանձնահատկություններով,, քանի որ երեխան արժևորված էր և նրան խնամում էին ընտանիքում: Անցած տասը տարիների ընթացքում հանրապետության տնտեսության կենտրոնացված պլանային համակարգից ազատ շուկայական հարաբերությունների անցման գործընթացը բերեց տնտեսության անկման, հետևաբար՝ բնակչության կենսամակարդակի խիստ իջեցման, աղքատության խորացման, դրա տարածվածության, սրության մեծացման և հասարակության բևեռացման:

Իսկ վիճակն էլ ավելի է դժվարանում` կապված համապատասխան ինստիտուտների և սոցիալական ծառայությունների բացակայության հետ: Մինչ այսօր շարունակում է գործել դեռ Խորհրդային Միությունից մեզ մնացած երեխաների համար նախատեսված անարդյունավետ ինստիտուցիոնալացված համակարգը։ Այդ ծառայությունները կարելի է դասակարգել այսպես.

․ Ընտանեկան սոցիալական ծառայություններ
․ Վնասը կանխող ծառայություններ
․ Այլ սոցիալական ծառայություններ

Որքան էլ կարևորենք երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում արհեստավարժ մասնագետների ներկայությունը և նրանց մասնագիտական միջամտությունը` երեխայի ընթացիկ և հետագա զարգացման համար, միևնույնն է, հաստատությունը չի կարող փոխարինել ընտանիքին, իսկ պետության համար դժվար է հանդես գալ որպես լավ ծնող:


Երեխաների հետ սոցիալական աշխատանքի էությունը կարելի է ներկայացնել հետևյալ կետերով.

1․ Խորհրդատվություն, որի նպատակն է երեխայի հոգեվիճակի թեթևացումը: Օրինակ` հաճախ ամուսնալուծության գործընթացում ծնողները, ծանրաբեռնված լինելով սեփական խնդիրներով, մոռանում են երեխայի մասին, որն այդ ժամանակահատվածում հատկապես կարիք ունի մեկի, որի հետ կարողանար կիսվել իր ապրումներով, ստանալ որևէ տեղեկություն և այլն։ Այդ դերը իր վրա կարող է վերցնել սոցիալական աշխատողը, որն աշխատելով ամբողջ ընտանիքի հետ պարտավոր է օգնել նաև երեխային:

2․ Խնդրի լուծմանն ուղղված հնարավոր գործնական քայլերի իրագործում` ներառյալ ֆինանսական ռեսուրսների փնտրումը։ Այսինքն, պաշտպանել խորհրդառուին պետական հիմնարկությունների և մասնավոր կազմակերպությունների առջև:

3․ Վերահսկում, այսինքն աշխատելով երեխայի հետ /անկախ նրանից, թե որտեղ` դպրոցում,ընտանիքում, մանկատանը, հիվանդանոցում, գաղութում և այլն/, սոցիալական աշխատողը պարտավոր է հետևել երեխային և նրա շրջապատին` երեխային վնասելու գործընթացը ժամանակին նախազգուշացնելու կամ կանխելու նպատակով։

Եվ այսպիսի մասնագիտական աշխատանքի նպատակներն էլ հետևյալն են `

1․ Սոցիալական դեպք վարողները պետք է կարողանան աշխատել երեխայի` որպես յուրահատուկ այցելուի և նրա ծնողների կամ ընտանիքի այլ անդամների հետ, ինչպես նաև պետք է կարողանան զարգացնել տրամաբանորեն կապակցված և «փորփրող» հարցեր ձևակերպելու իրենց հմտությունները, որպեսզի առավել ամբողջական տեղեկություններ հավաքեն երեխայի և նրա ընտանիքի մասին` որքանով այդ տեղեկություններն առնչվում են առկա հիմնախնդիրներին, արգելքներին և ուժեղ կողմերին:

2․ Սոցիալական դեպք վարողները պետք է կարողանան գնահատել այցելուի, նրա ընտանիքի և միկրոմիջավայրի այլ անդամների ուժեղ կողմերը և դրանք օգտագործել հիմնախնդիրները լուծելու և արգելքները վերացնելու նպատակով:

3․ Սոցիալական դեպք վարողները պետք է կարողանան անհրաժեշտության դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի ներգրավել երկխոսության մեջ, որը կնպաստի առկա և անհայտ հիմնախնդիրների հետ կապված զգացմունքների և պահանջմունքների բացահայտմանը։

4․ Սոցիալական դեպք վարողները պետք է կարողանան ձևակերպել այնպիսի հարցեր, որոնց օգնությամբ ստացված տեղեկությունը նպաստի լիարժեք և ճշգրիտ գնահատմանը, որտեղ գնահատումը դիտվում է որպես շարունակական գործընթաց:

Անշուշտ, պակաս կարևոր չէ սոցիալական աշխատանքը երեխաների ծնողների հետ: Ծնողները պետք է իմանան, որ.


․ իրենց երեխայի ընդունակությունները բացառիկ են,
․ երեխաները չպետք է դառնան ընտանիքի համար ամեն ինչ,
․ ծնողական «կույր» սիրո պայմաններում վտանգվում է երեխայի հաջող սոցիալականացման գործընթացը,
․ ընտանիքում կոնֆլիկտները երեխաների մոտ առաջացնում են խիստ ճնշվածություն,
․ երեխայի անձնային ռեսուրսները (ինչ-որ առումներով) նույնպես կարող են սահմանափակ լինել,
․ երեխաներն ունեն ոչ սովորական վարքագիծ. շատ հաճախ անհանդուրժող են, արագ փոխվում է նրանց տրամադրությունը,
․ անհրաժեշտ է հետևել նրանց տարիքային զարգացման կենսաբանական, սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին,

Եզրահանգում

Երեխաների պաշտպանության հիմնահարցերի լուծման քաղաքականության հիմնական ուղղվածության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում երեխաների խնամքը, կրթությունը և պաշտպանությունն իրականացնող հաստատությունների գործունեության բարելավումը հաշվի առնելով մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման անհրաժեշտության խնդիրը: ՀՀ-ում երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Հայաստանում երեխաների պաշտպանությունը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, քանի որ երկրում երեխաների իրավիճակը խնդրահարույց է: Իրական խնդիրները ներառում են աղքատության ու գործազրկության, ինչպես նաև միգրացիայի բարձր մակարդակ` կնոջ կողմից ղեկավարվող ընտանիքների քանակի աճով, երեխաների խնամքի լիարժեք համակարգի և այլընտրանքային խնամքի ծառայությունների բացակայություն, խնամքի հաստատություններում մեծ թվով երեխաների առկայություն, քաղաքացիական թույլ հասարակություն և այլն: Երեխաները՝ որպես հասարակության առավել խոցելի խումբ, տառապում են այս հանգամանքների պատճառով:
Երեխայի հետ աշխատելիս անհրաժեշտ է հիշել, որ երեխաների հետ սոցիալական աշխատանքը զբաղեցնում է հատուկ տեղ, քանի որ այստեղ սոցիալական աշխատողը գործ ունի դեռ ոչ հասուն, զարգացման և անհատի կայացման գործընթացում գտնվող, անպաշտպան և խոցելի էակի հետ:
Ի տարբերություն մեծահասակների` երեխան ոչ միշտ կարող է գիտակցել, որ ինքն ունի այս կամ այն խնդիրը, իսկ եթե նույնիսկ անհանգստություն է զգում, ապա շատ հաճախ չի հասկանում դրա պատճառները կամ չի կարողանում այն ձևակերպել, հետևաբար, հաճախ չգիտի` ում դիմել մասնագիտական օգնություն ստանալու համար:
Երեխաները մեր ապագայի կերտողներն են. հեռանկարային ապագա կերտելու համար հարկավոր է վերաձևավորել նրանց ներկան։

Գրականության ցանկ

1․ «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենք, 2018թ., https://www.e-draft.am/projects/1027/about
2․ Երեխաների իրավունքի պաշտպանության 2022թ․-ի տարեկան ծրագիր:
https://www.e-gov.am/gov-decrees/item/37020/
3․ ՀՀ Օրենքը երեխայի իրավունքի մասին
https://www.arlis.am/documentview.aspx?docID=69115
4․ Սոցիալական աշխատանք /վերապատրաստման դասընթացի նյութեր նախակրթարանի աշխատակիցների համար/, Գյումրի-2018թ․, էջ 120:
5․ Սոցիալական աշխատանքի ձեռնարկ ուսուցիչների համար, Երևան, 2016թ․ էջ 75:
6․ Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչներ, մշակվել է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ, Երևան, 2015թ․, էջ 58:
7․ Հարությունյան Ն. Կ., Ղազարյան Ա. Փ., Ղուկասյան Լ. Հ., Սոցիալական մանկավարժություն, բուհական ձեռնարկ, ԵՊՀ հրատարակչություն, 2017թ., էջ 338:
8․ СРЕДСТВА МАССОВОЙ ИНФОРМАЦИИ И ПРАВА РЕБЕНКА. Справочник для журналистов, составленный самими журналистами. Разработано MediaWise для ЮНИСЕФ; Второе издание 2005г. при сотрудничестве с Региональным Представительством ЮНИСЕФ По странам Центральной и Восточной Европы и СНГ MediaWise&UNICEF; 2005г.

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Էլլա Պողոսյանի կողմից։

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

Spread the love