Street art/Փողոցային արվեստը ժամանակակից արվեստի ուղղություն է, որը սկսել է հանդես գալ 20-րդ դարի 1940-ական թվականներից: Street art/Փողոցային արվեստը միայն գրաֆֆիտին չէ, սակայն այն կազմում է հիմնական մասը: Դրա մեջ մտնում եմ քանդակագործությունը, ինստալյացիաները, վիդեո արտը և այլն: Այսինքն` ցանկացած արվեստային գործողություն, որը կատարվել է փողոցային միջավայրում, անվանվում է street art/փողոցային արվեստ: Գրաֆֆիտիի համար խորհրդանշական է եղել «Կիլրոն այստեղ է եղել» արտահայտությունը, որն առաջին գրաֆֆիտին է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ում: Այն հիմնականում նկարված է եղել ճաղատ տղամարդու տեսքով, երբեմն սիմվոլիկ` մի քանի մազով (տես` նկար 1)։
Նկար 1. «Կիլրոն այստեղ է եղել», ԱՄՆ 1940թ. (նկարը վերցված է համացանցից)
Հակամշակութային տեղաշարժը սկսվեց 1970-ական թվականներին՝ մետրոյում գրաֆֆիտիի առաջացմամբ։ Այդ երևույթը լայնորեն փաստաթղթավորված է 1973 թվականից: Սկզբնական շրջանում այն կապվում էր վանդալիստական խմբավորումների հետ, քանի որ ավելի շատ իրենից ներկայացնում էին բողոքի ակցիաներ, և կատարվում էր բանդիտական խմբավորումների միջոցով: Ի հակադրություն 1980-ական թվականների՝ այսօր street art/փողոցային արվեստը չի դիտարկվում որպես վանդալիզմ, այլ ձեռք է բերել ավելի օրինական կարգավիճակ:
Գրականության մեջ շրջանառվում են տարբեր տերմիններ՝ street art/փողոցային արվեստ, քաղաքային արվեստ, հանրային արվեստ անվանումները: Իրականում արվեստի այս ուղղությունը բավականին ազատ է, և ազատ է նաև տերմինի օգտագործումը, այդ իսկ պատճառով ընտրեցինք street art/փողոցային արվեստ տարբերակը:
Street art/Փողոցային արվեստը սովորաբար ստեղծվում է որպես քաղաքական գաղափարների, սոցիալական մեկնաբանության կամ առճակատման հետ կապված ուղերձ փոխանցող միջոց:
1990-ական թվականները ինչպես Հայաստանի, այնպես էլ Գյումրիի համար ծայրահեղ ծանր էին: Ճգնաժամի մեջ էր թե՛ տնտեսությունը, և թե՛ արվեստը:
Արվեստը հանրայնացնելու և արվեստի միջոցով Գյումրին «բուժելու» կարիք կար: Այդ պատասխանատու գործը իրենց վրա վերցրին գյումրեցի արվեստագետներ՝ Համբարձում Ղուկասյանը, Ալբերտը Վարդանյանը, Վալերի Խաչատրյանը, Գարիկ Մանուկյանը, Վահանը Թոփչյան, Գևորգ Սարգսյանը, Զավեն Կոշտոյանը, Գագիկը Մանուկյանը, Վազգեն Պահլավունի-Թադևոսյանը:
1995 թվականին Ալբերտի Վարդանյանի նախաձեռնությամբ նկարեցին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին շենքի պատը: Սա Գյումրիի պես լճացած քաղաքի համար աննախադեպ երևույթ էր, որը արժանի է ուշադրության և բարձրաձայնված լինելու: Այդ ժամանակ Գյումրիում պահպանվել էր նաև մանկավարժական ինստիտուտի նախկին շենքի հետնամասում գտնվող «Նկարիչ» սրճարանը: Այս ակցիայի շնորհիվ կարևորվեց այն, որ երկրաշարժից հետո սա առաջին արվեստային արարքն էր Գյումրում: Նկարիչների խումբը փորձեր արեց արվեստի միջոցով աշխուժություն մտցնել, հաղթահարել հոգեկան արգելապատնեշը:
Այդ տարիներին Գյումրիում հանրային արվեստի ևս մի օրինակ դարձավ Ալբերտ Վարդանյանի «Վիրահատական միջամտություն» (նկար 2) քանդակ-շինությունը, որը գտնվում է Վարպետաց փողոցում: Այն աղետից տուժած ժողովրդական ճարտարապետությանը պատկանող մի շինություն է: Ալբերտ Վարդանյանը կառույցի ճեղքված հատվածը կարեց արմատուրների միջոցով: «Վիրահատական միջամտություն» քանդակ-շինությունը, որը կատարվել է դեռևս 1995 թվականին, համարվում է Գյումրու առաջին street art/փողոցային արվեստի լավագույն նմուշը:
Նկար 2 . «Վիրահատական միջամտություն», հեղինակ՝ Ալբերտ Վարդանյան, Գյումրի՝ Վարպետաց փողոց, 1995թ. (նկարը վերցված է համացանցից)
1996թ-ին արտասահմանից Գյումրի է վերադառնում Գևորգ Սարգսյանը, նույն ինքը Ճալան (նրան հենց այդպես են ճանաչում): Հենց նույն թվականին Գյումրու «Նկարիչների տանը» կազմակերպում է իր «1+1+1+1» անունով անհատական ցուցահանդեսը:
1997 թվականին Ազատ Սարգսյանը Հենրիկ Խաչատրյանին ծանոթացրեց Վազգեն Թադևոսյանի հետ և միասին կազմակերպեցին «Արշավախումբ 101», որին հաջորդեց Վազգեն Պահլավունու- Թադևոսյանի «Մետապոլիս 58» նախագիծը, որը հիմք է հանդիսանում Գյումրու 1-ին Բիենալեի համար: Ավելի ուշ 1997 թվականին նույն արվեստագետների շնորհիվ Գյումրիում բացվեց Գեղարվեստի պետական ակադեմիան, ինչն էլ նպաստեց Բիենալեների կազմակերպմանը և արվեստագետների համախմբմանն ու սերնդափողությանը:
Բիենալեները երկամյա պարբերականություն ունեցող արվեստի փառատոներ են, որոնք աշխարհում արվեստի ստեղծագործական զարգացման միտումներն ի մի բերող հավաքներ են: Չնայած Բիենալեների բազմազանությանը, ստեղծագործական այս համաժողովներից ամենանշանավորը Վենետիկի Բիենալեն է: 1998թ-ին հիմնադրված Գյումրիի Բիենալեի հիմնադրումը ազդարարեց արդի արվեստի կազմակերպչական տեխնոլոգիաների մուտքը Հայաստան, ինչը նոր ներկայացուցչական դաշտ բերեց իր հետ: Առաջին Բիենալեն հիմնականում երեք արվեստագետների անձնական խանդավառության արդյունք է Վազգեն Պահլավունի-Թադեւոսյան (Վազօ), Հենրիկ Խաչատրյան (Սև) և Ազատ Սարգսյան (Ազատ):
Գյումրիում Բիենալե անելու գաղափարը ծագեց Կասսելի «Դոկումենտայի» փորձից, որ ստեղծվել էր հետպատերազմյան Գերմանիայի վերակառուցման համատեքստում: Օգտագործելով ժամանակակից արվեստի ճկունությունը, ցանկություն կար նորովի դիտարկել ժամանակի խնդիրները, դուրս գալ հոգևոր ու ֆիզիկական ավերակներից: Ըստ Ազատ Սարգսյանի խոսքերի Բիենալեն պատահական նախաձեռնություն չէր, քանի որ այն ուներ շարունակական բնույթ: Միջոցառումներին հաջորդեցին ցուցահանդեսները, հրապարակումները և այլն:
Բիենալեների սկիզբը Գյումրիու ազդարարվեց 1998 թվականից և շարունակվեց մինչև 2012 թվական: Այս տարիների ընթացում Գյումրի ժամանեցին բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետներ և իրենց փորձով կիսվեցին տաղանդավոր հայ երիտասարդների հետ:
Ժամանակակից արվեստի տեսանկյունից Բիենալեն իսկապես շարժիչ ուժ էր Գյումրու համար, քանի որ զարկ տրվեց նաև street art/փողոցային արվեստի զարգացմանը: Եվ պատահական չէ, որ 1998 թվակակին առաջին գրաֆֆիտին արվեց Գյումրում՝ Դաշնակցության շենքի պատին, հետևյալ գրությամբ. «քարը քարին պիտի սիրվցնես օղուլ», որի հեղինակը Գևորգ Սարգսյանն էր/Ճալա (նկար 3)։
Նկար 3. «1-ին գրաֆֆիտին», հեղինակ՝ Գևորգ Սարգսյան, Գյումրի՝ Ղորղանյան փողոց, 1998թ. (նկարի հեղինակ՝ Անի Ազարյան)
2000-ականներին ստեղծված արվեստային խմբավորումները (5-րդ հարկ, 15/3, Re Start/) մեծ ներդրում ունեցան ժամանակակից արվեստի ձևավորման մեջ: Street art/Փողոցային արվեստի թվարկված ներկայացուցիչներից բացի Գյումրիում եղել են և կան անհատ street artist/փողոցային արվեստագետներ, ովքեր նույնպես ապրում և ստեղծագործում են Գյումրիում: Այս հարցում Գեղարվեստի պետական ակադեմիայի դերը շատ մեծ է, քանի որ այն շարունակում են Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները և դրա շնորհիվ շարունակվում սերնդափոխությունը:
2000-ական թվականներին Գեորգի Աղաջանյանի, Կարեն Սարգսյանի, Ժիրայր Զաքեյանի և Գևորգ Մարգարյանի նախաձեռնությամբ Սպանդարյան փողոցում ստեղծվեց «Պիթոններ» (նկար 18) գործը: Գեորգի Աղաջանյանը նշեց, որ սա Հիփ Հոփ մշակույթի ազդեցության արտահայտումն է եղել: Սակայն գործն այժմ չի պահպանվել: Զուտ կարելի է նկատել պիթոնների հետքերը: Պատճառ կարող էին հանդիսանալ եղանակային պայմանները, ինչպես նաև այլ գրաֆֆիտիների հայտնվելը: Գեորգին այն առաջնեկներից էր, ով իր ընկերների հետ սկսեց street art/փողոցային արվեստի արշավը: Սա կարելի է համարել գրաֆֆիտիի 2-րդ գործը Գյումրիում: Ավելի ուշ «Պիթոններ»-ի (նկար 4) կողքին է հայտնվել «Tupac» (նկար 5) գործը:
Նկար 4. «Պիթոններ», հեղինակներ՝ Գեորգի Աղաջանյան, Կարեն Սարգսյան, Ժիրայր Զաքեյան և Գևորգ Մարգարյան, Գյումրի՝ Սպանդարյան փողոցում, 2003 թ. (նկարի հեղինակ՝ Անի Ազարյան)
Նկար 5. «Tupac», անհայտ հեղինակ, Գյումրի՝ Սպանդարյան փողոց, 2004թ. (նկարի հեղինակ՝ Անի Ազարյան)
Տեղեկություններ չունենք, թե ով է հեղինակը, բայց ըստ Գեորգի Աղաջանյանի խոսքերի ավելի ուշ է նկարվել, քան «Պիթոններ»-ը: Այս նույն պատին են գտնվում նաև «Նիկոլ Փաշինյան», «Ոստիկանը» քիչ հեռու `«Մերժիր Սերժին» գործերը: Այս պատը Գյումրիում հայտնի է որպես «street art/փողոցային արվեստի պատ» անվամբ: Սև տուֆով կառուցված պատը դարպաս է հադիսանում բնակելի տների համար: Այն տարիների գրաֆֆիտիների շերտ ունի՝ ուշադիր նայելու դեպքում կնկատենք նաև այլ գույներ: Ցավոք, նախկինում արված գործերը չեն պահպանվել:
Ինչպես արդեն պարզ դարձավ Բիենալեն Գյումրիի համար շարժիչ ուժ էր, և հենց 2008 թվականի Բիենալեի շրջանակում Հյուգոյի և ակադեմիայի ուսանող՝ Արտակ Փիլոսյանի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Ցորենի հասկ» (նկար 6): գործը:
Նկար 6 «Ցորենի հասկ» հեղինակ՝ Հյուգո և Արտակ Փիլոսյան, Գյումրի՝ Մազմանյան-Սունդուկյան խաչմերուկ, 2008
Նկարն արված է ի նշան հայ Շվեցարական (ընդհանուր առմամբ Եվրոպա և կովկաս՝ անդրկովկաս) բարեկամությանը: Հայկական աշխատանքի կուլմինացիան ցորենն է, որը հաց բառի նշանակություն ունի, իսկ Շվեցարիան աչքի է ընկնում ինժիներա շինարարական նորամուծություններով, որի հիմնաքարը կրկին գոյության ապահովումն է։ Ցորենը՝ որպես Հայաստան, գործիքները որպես Շվեցարիայի խորհրդանիշ: Կարմիրը՝ արյուն, սպիտակը՝ խաղաղություն։
Ընդհանուր գաղափարը համերաշխությունն ու բարեկամությունն է: Պատկերներից հաջորդը ձեռքսեղմումն է, որը տվյալ street art/փողոցային արվեստի շարունակությունն է և
կուլմինացիան, ի նշան բարեկամության սիմվոլի, որը արված է առանձին պատի վրա և այս գտնվում էր նույպես Սպանդարյան փողոցում, սակայն չի պահպանվել: Երիտասարդ սերունդն իր համար օրինակ վերցնելով ավագ սերնդի գործերը, շարունակում են զարդարել Գյումրու պատերը: Գրեթե բոլորի համար կարևոր է կենդանացնել անկենդան պատերը: Այս արվեստային ակցիաները և իհարկե Բիենալեները նախադրյալ դարձան ժամանակակից արվեստի ձևավորմանը և զարգացմանը Գյումրիում: Եվ արվեստագետների սերնդափոխությունն իսկապես հաջողված կարելի է համարել, քանի որ պատահական չէ, որ այսօր Գյումրում քայլելիս կհանդիպենք տարբեր street art/փողոցային արվեստի դրսևորումերի՝ ինստալյացիաներից մինչև անգամ կոլաժ գրաֆֆիտիների:
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի շրջանակներում արվեստաբաններ Անի Ազարյանի և Գայանե Պապիկյանի կողմից։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում