2020 թվականի 44֊օրյա պատերազմում ադրբեջանական կողմի հաղթանակն ու հայկական կողմի պարտությունը փոխեցին արցախյան հարցի լուծման հեռանկարները։ Ստատուս քվոյի փոփոխության ու պատերազմի հետևանքները, կարծես, հնարավորություն տվեցին կողմերին ՝շրջելու երկու ժողովուրդների հարաբերությունների կոնֆլիկտային ընթացքը և կայունություն բերելու տարածաշրջանում։Չնայած սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ հակասություններին՝ հայ֊ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին և Հայաստանի արևելյան հարևանի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին`խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունները մեծ առաջընթաց են երկու երկրների հարաբերություններում։Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակի արագ փոփոխությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դարձնում են ավելի ու ավելի բարդ գործընթաց։Թեմային անդրադառնալիս անհնար է չխոսել երկու կողմերի միջև եղած տարբերություններից,որոնք բարդացնում են խաղաղության և անվտանգության հաստատումը։Նախ,անկարող ենք չընդգծել ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ երկու պետությունների վերաբերմունքը։Հայաստանի`միջազգային կազմակերպությունների կողմից ստացվող գնահատականի տարեցտարի աճի ֆոնին,Ադրբեջանում շարունակվում են աճել քաղբանտարկյալների և հետապնդվողների թիվը։Ադրբեջանի նկատմամբ շատ քննադատական էր Amnesty International կազմակերպության հատկապես վերջին զեկույցը, որտեղ նշվում էին ազատ հավաքների,արդարադատության և մարդու իրավունքների այլ ոլորտներում Ադրբեջանի “հաջողությունների” մասին։Խաղաղության հաստատման գործընթացում կարևոր է երկու երկրների վերաբերմունքը մարդու իրավունքների հանդեպ,քանզի շատ ավելի դժվար կլինի հասնել խաղաղության ավտորիտար և ժողովրդավար հասարակարգերի միջև։ Ներքին քաղաքականությունից շատ ավելի կարևոր է երկրների վարած արտաքին քաղաքականությունը,որտեղ երկուսն էլ ԽՍՀՄ փլուզումից ի վեր ունեն տարբեր սկզբունքներ։Ադրբեջանի բալանսավորված`նավթային ու գազային գործարքների վրա հիմնված ճկուն քաղաքականությունը ,նրան ի սկզբանե տվել են մեծ հնարավորություններ տնտեսական ու ռազմական զարգացման համար։Ի տարբերություն ադրբեջանական պետության,Հայաստանի արտաքին կողմնորոշումը եղել է և այսօր էլ մնում է արևելյան ուղղությամբ։Այսօր, առավել քան երբևէ,Հայաստանը մեծ կախում ունի իր հյուսիսային դաշնակցից։ Ալիևի ու Վոն Դեր Լեյենի միջև կնքված`ադրբեջանա֊եվրոպական գազային գործարքը,կարծես,փոխում է եվրոպական երկրների մոտեցումը այս խնդրի նկատմամբ։Այս պայմաններում Հայաստանի կողմից պետք է վարվի շատ ավելի ճկուն դիվանագիտական քաղաքականություն ՝խաղաղության հասնելու ճանապարհին։
Դիվանագիտական հարթության մեջ պետք է դիտարկվի նաև հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորումը,քանզի գաղտնիք չէ,որ Երևանի և Բաքվի միջև կարգավորման մեջ մեծ դեր ունի Անկարան։Հայկական կողմի օգնությունը Թուրքիային`վերջին իրադարձությունների ժամանակ և Քըլըչ-Ռուբինյան հաճախակի շփումները առաջընթաց են Երևանի և Անկարայի հարաբերությունների մեջ։Չնայած դիվանագիտական շփումներում առաջընթացին`շատ դժվար է այս պահին պատկերացնել լիարժեք խաղաղություն մեր տարածաշրջանում։Աներկբա է,որ ճգնաժամային այս ժամանակներում Հայաստանին հարկավոր է խաղաղություն,բայց արդյո՞ք չափազանց բարձր չէ խաղաղության համար վճարվելիք գինը,որը Հայաստանից պանջում և շարունակելու է պահանջել թուրք-ադրբեջանական զույգը։ Սաղմնային փուլում գտնվող խաղաղության գործընթացը խարխլում են 2020 թվականին հաջորդած միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին`Սև լճում, 2021 թվականի մայիսին,նաև Ջերմուկում, նախորդ տարվա սեպտեմբերին։Սրանք հաճախակի բախումների ամենամեծ օրինակներն են. իրականում նման իրադարձությունները`թեև փոքր մասշտաբներով,բայց բավականին հաճախադեպ են։Խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է,որ մենք ինքներս մեզ մի հարց տանք,թե ի՞նչ նպատակ է հետապնդում մեր հարևանը նման բախումներ հրահրելով և արդյո՞ք կարելի է Ադրբեջանից սպասել խաղաղության հասնելու լուրջ և հստակ քայլեր։Մեկ այլ մեծ խնդիր է Ադրբեջանի կողմից հրահրված մարդասիրական աղետը Արցախում։Շուրջ երկու ամիս է,ինչ ադրբեջանցի պսևդո-էկոլոգ ակտիվիստները փակել են Լաչինի միջանցքը`առաջացնելով մի նոր մեծ բիծ խաղաղության , այն էլ ոչ միանշանակ գործընթացի վրա։
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ուղեկցվում են նաև երկրի ռազմական բյուջեի տարեց տարի աճով։Վերջին յոթնամյակում աննախադեպ ներդրումները ռազմական ոլորտում Ադրբեջանին հնարավորություն տվեցին սանձազերծել պատերազմ 2020 թվականին։Պատերազմից հետո էլ, չնայած հաղթանակին, շարունակվեց աճը,որին զուգահեռ աճում և սաստկանում են սպառնացող ռազմական հայտարարությունները։
Ադրբեջանի ռազմական ծախսերը դոլարով և ռազմական ծախսերի տոկոսային հարաբերությունը պետական բյուջեում․
Հարցի շուրջ մոտեցումների տարբերությունը երկու կողմի միջև,գուցե,ամենամեծ խնդիրն է,որին ժողովուրդները կբախվեն խաղաղության հասնելու ընթացքում։Խաղաղության պայմանագրի կետերի մասին հայտարարությունները երկու կողմերից բավականին իրարամերժ են և այս պահին անիրատեսական։Խաղաղության հասնելու ճանապարհին միակ աներկբա միտքը առ այն է,որ պետք է շարունակել մեր պետության ներքին և արտաքին քաղաքականության բարելավումը և տնտեսական առաջխաղացման շուրջ աշխատանքը,քանզի միայն զարգացած և ուժեղ Հայաստանը կարող է դառնալ ապահով և անվտանգ։Միայն զարգացած Հայաստանը կարող է դիմակայել այն մարտահրավերներին,որոնք սպասում են մեր պետությանը խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին։
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Տիգրան Իսրայելյանի կողմից։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում