Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ Լոռու մարզի Չկալով գյուղն առաջին անգամ գազաֆիկացվում է։

Պետություն համայնք համատեղ ներդրմամբ այս տարի վերջապես կգազաֆիկացվի Լոռու մարզի Չկալով համայնքը: Չկալովը շուրջ 250 տարվա պատմություն ունի, սակայն կապույտ վառելիքը գյուղ կհասնի այս տարի միայն: Գյուղում հաշվառված է 185 բնակիչ, սակայն փաստացի ներկայումս բնակվում է 210 բնակիչ. «Գյուղում գազաֆիկացման ծրագիր երբեւէ չի եղել, որ ասենք թեկուզ մասնակի ինչ-որ բան է արվել այդ ուղղությամբ: Ծրագիրն արժե 25 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 35 տոկոս: Դրա մեջ է մտնում նաեւ ամերիկահայ բարերար, ծնունդով չկալովցի բնակչի ներդրումը»,- ասաց համայնքի ղեկավար Ռոման Շաքարյանը:

Գյուղապետը նշեց՝ այսքան տարի գյուղում ցանկացած աշխատանք կատարվել է՝  հաշվի առնելով դրանց առաջնահերթությունը, ինչպես նաեւ գյուղացիների պահանջը. «Գազաֆիկացման մտահաղացում վաղուց ունեինք, սակայն ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով չենք կարողացել իրականացնել: Իմ պաշտոնավարման 8 տարիների ընթացքում բավականին ծրագրեր են իրականացվել համայնքում: Ամենամեծ ծրագրերը, որ կատարել ենք նախորդ տարիներին, խմելու ջրի խնդրի լուծումն էր, ինչպես նաեւ համայնքային կենտրոնի կառուցումն ու լուսավորությունը: Վերջապես հերթը հասավ նաեւ գազաֆիկացմանը»:

Համայնքապետարանում նախնական հաշվարկ են իրականացրել՝ մինչեւ 2021 թվականը գյուղի 73 տնտեսությունից 45-50 տնտեսություն, ըստ բնակիչների հավաստիացումների, կօգտվի կապույտ վառելիքից: «Եթե անգամ բնակարանները չտաքացվեն կապույտ վառելիքով, ապա միանշանակ կենցաղային հարցերը կկարողանան դրանով լուծել»,- նկատեց Շաքարյանը:

Գազաբաշխիչ ցանցն ու գազատարը այսքան տարի գտնվել են գյուղից մոտ 530 մետր հեռավորության վրա՝ Դսեղ-Դեբետ գյուղերի մոտ: Համայնքի ղեկավարը հիշեցնում է՝ մինչեւ 2015 թվականը անգամ խմելու ջուր չի ունեցել գյուղը. «Մի հատ հուշաղբյուր կար ընդհանուր, այդտեղից էին կրում»:

Չկալովի բյուջեն՝ սեփական եկամուտներով ու կառավարության կողմից հատկացվող դոտացիայով կազմում է 5 մլն 200 հազար դրամ է, որից, ըստ գյուղապետի, 4 մլն 200 հազար դրամը կազմում է ապարատի պահպանման ծախս. «Երեւի արդեն պարզ է, որ այս միջոցներով հնարավոր չէր ինչ-որ բան անել… Գազաֆիկացման ծրագրում մեր 35 տոկոսի 30 տոկոսն էլ մեր ամերիկահայ բարերարն է նվիրատվություն արել, որի համար, իհարկե, շնորհակալ ենք»:

Աղբյուրը ՝ www.armtimes.com

Spread the love