Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Գյումրվա բակերի ֆենոմենը կամ ալեքպոլյան հայաթներից դեպի լեննականյան բակերը. Գայանե Պապիկյան

Ցանկացած քաղաք ճանապարհորդելիս, լինի դա քիչ թե շատ ծանոթ կամ անծանոթ, առաջին և պարտադիր նախապայմանը այդ քաղաքը յուրացնելու համար ոտքով քայլելն է: Ցանկացած քաղաքի գրավչությունը, բացի գլխավոր շինություններից ու ճարտարապետական խորհրդանիշերից փոքրիկ, նեղլիկ, ծուռ ու շիտակ փողոցներն են: Սակայն հյուսվածքների մեջ մտնելու և մեկ այլ միջավայր շոշափելու գրավականը քաղաքի «թաքնված»  հատվածները՝ բակերը բացահայտելն է: 

Վերջին շրջանում Գյումրի քաղաքի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը շատ էր: Զբոսաշրջիկները գալիս են Գյումրի, շրջում քաղաքի տարբեր մասերով, փողոցներով, պատմամշակութային վայրերով: Բայց առանց Գյումրվա գողտրիկ,  կոլորիտային բակերի հնարավոր չէ պատկերացնել քաղաքի դիմագիծը: 

  Բացի պատմական և ճարտարապետական արժեք ներկայացնելուց, բակերը հանդիսանում են տների կամ շենքերի կարևոր մասերը: Չէ որ այստեղ են տեղի ունենում խելոքների հավաքները, տաղավարային զրույցները,  վեճերն ու կանացի բամբասանքները,  լվածքը ճիշտ փռելու նուրբ արվեստը,  մանկական խաղերը, ձևովորելով բակային մշակույթը:

Գյումրիում յուրաքանչյուր տուն կամ շինություն ունի իր պատմությունը և յուրաքանչյուր պատմություն իր բակը/հայաթը: 

Մտովի քայլենք Գյումրու փողոցներով, մտնենք բակերն ու բացահայտենք գրավչությունը: 

Ի սկզբանե եթե հետևենք Գյումրու բնակելի ճարտարապետության պատմական զարգացման ընթացքին բակը եղել է տան գլխավոր հատվածներից մեկը, ինչի շուրջ տեղակայվել են տան մյուս հատվածները: Դեռ Կումայրիի ժամանակվանից գետնափոր կամ կիսագետնափոր գյուղական տիպի տներում կենտրոնական տեղ է զբաղեցրել փակ բակը: Բակերի մեծամասնություններն ունեին դարավանդներ, հարթակներ, անցուղիներ, աստիճաններ: 

Ալեքպոլյան շրջանում երբ բնակավայրը ստանում է քաղաքի կարգավիճակ, մեծահարուստները կազմակերպում էին իրենց տները մեկը մյուսից ավելի ճոխ: Արդեն վերգետնյա քաղաքատիպ մեկ կամ մեկ ու կես հարկանի տները կենտրոնացած էին բակերի շուրջ: Այս պարագայում արդեն բակերն ավելի բարեկարգ էին: Բակերի մեծամասնությունն ուներ քարով սալարկված դարավանդներ, հարթակներ, ջրավազաններ, աղբյուրներ, հաճախ նաև ջրհորներ: Չափազանց հետաքրքիր է լուծված բակի ներքին տարածությունը՝կից կառուցված թոնրատնով:

Արդեն 19-րդ դարի կեսերից եկամտաբեր տները դառնում են ավելի ակտուալ: Երկհարկանի տների առաջին հարկը ծառայում էր որպես խանութ կամ այլ եկամտի աղբյուր, իսկ երկրորդ հարկը բնակելի հատվածն էր: Գլխավոր մուտքը բացվում էր դեպի կենտրոնական փողոց, իսկ սենյակները հաղորդակցվում էին ներքին բակի հետ: Բակը այս պարագայում ծառայում էր նաև տնտեսական նպատակներով: 

Ալեքպոլյան շրջանի հետաքրքիր ու կոլորիտային բակերից է Գեղամովների առանձնատան բակը: Ներկայումս այնտեղ տեղակայված է  Իտալիայի հյուպատոսին պատկանող «Վիլլա Կարս» հյուրանոցը: Ժամանակին այն պատկանել է Գեղամով եղբայրներին: Շինության նախագիծը պատկանել է  Թիֆլիսից հրավիրյալ իտալացի ճարտարապետին: Տան կառուցումից հետո երեք եղբայրներն էլ այդտեղ են ապրել: Նրանցից միայն մեկն է ամուսնացած եղել, բայց զավակներ չի ունեցել: Կինը՝ Ամալյա Դմիտրիևան, գրագետ և արիստոկրատ կին էր: Երեք եղբայրների մահվանից հետո Ամալյա Դմիտրիևնան տանը միայնակ է ապրել: Տարիներ անց նա տունը վաճառում է, բայց այն նախապայմանով, որ կշարունակի ապրել այդ տանը:  Այժմ՝ Մոնտալդոն բակը կազմակերպել է դեկորատիվ խճաքարերով, ջրհորով, փայտե նստարաններով, աղբյուրով, ստանալով կոլորիտային և գեղեցիկ միջավայր: Այն մեծ հետաքրքրություն է վայելում զբոսաշրջիկների կողմից: 

Ալեքպոլյան բակերի առանձնահատկությունը կայանում է ներքին  պատշգամբների ու դռների փայտաշենությունը, դեկորատիվ փայտափորագրության նախշազարդ մոտիվները: 

Նմանատիպ բակերի օրինակ է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակը: Պատկերասրահի շենքը գտնվում է Գյումրու ներկայիս Աբովյան փողոցում: Շենքը կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝որպես իրենց բնակարան: Պատկերասրահի շենքը 19–րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով:

Այսպիսի գողտրիկ բակերից է նաև  նախկինում Սահականուշյան օրիորդաց դպրոցի բակը, որը գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ: 1882 թվականին քաղաքի բնակիչների հանգանակած գումարների հաշվին և մեծահարուստ, ազգային բարերար Կարապետ Յուզբաշյանի նշանակալի աջակցությամբ բացվում է Սահականուշյան օրիորդաց դպրոցը:  Հենց իրենց՝ Յուզբաշյանների տունը ևս աչքի է ընկնում իր գրավիչ փայտակերտ բակով:  Կառուցվել է Յուզբաշյան մեծահարուստ ընտանիքի կողմից 1880-ականներին Թումանյան – Ջիվանի փողոցների հատույթում, որը ծառայել է որպես շահութաբեր տուն: 

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը, նույն ինքը՝ Ձիթողցյանների տունը հեռվից արդեն գրավում է իր գեղեցիկ  փայտակերտ պատշգամբային բակով: Կառույցն ունի երկու՝ ներքին և արտաքին բակեր, վերջինս պարսպապատ է կռածո մետաղական նախշազարդ ճաղերով: Շինությանն առանձին հմայք է հաղորդում կամարակապ դարպասը:

Վերջին շրջանում քաղաքի շատ բնակիչների համար իսկական բացահայտում, իսկ զբոսաշրջիկների համար սիրելի վայր դարձավ  նախկին Ֆրանսիա հյուրանոցի հսկայական բակը, այժմ՝Գյումրի գարդեն հաուս բայ Չեչիլ Gyumri Garden Hous by Chechil ռեստորանը: Նախկին «Ֆրանսիա» հյուրանոցը,  կառուցվել է 1880-ականին մեծահարուստ Ռաֆայելյանցի կողմից: Ժամանակին շքեղ այս հյուրանոցը, ընդունում էր քաղաքի ամենանշանավոր հյուրերին: Ծառայել է որպես ՊԱԿ-ի գրասենյակ։ Հետաքրքիր է նաև դեպի բակ տանող լայն դարպասամուտքը, ալեքպոլյան ոճին բնորոշ, Գյումրեցի դարբինների ձեռքով պատրաստած դարպասնրը: 

Հետաքրքիր բակերից է նաև հայտնի Ալեքպոլի առաջին քաղաքապետարանի կամ  «Օժիտի շենքի» բակը: 1897թ. Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Գեղամ Տեր-Պետրոսյանցը երբ ամուսնանում է Նիկողայոս Դրամփյանի դստեր՝ Ջավահիր խանումի հետ, ապա վերջինիս հայրը նրան որպես օժիտ նվիրում է այս շենքը: Նորընտիր քաղաքապետը ոչ միայն ապրում է այս տանը, այլ նաև դարձնում է այն քաղաքապետարան:  Այստեղ հիմա մի քանի բնակիչ են ապրում, իսկ շինությունը անմխիթար վիճակում է: 

Խորհրդային տարիներին ևս բակերն արդեն բազմաբնակարան շենքերի ամենաակտուալ վայրերից էին: Յուրաքանչյուր բակ ուներ տաղավար/ բեսետկա նստարանով ու սեղանով/: Բակը համարվում էր հավաքատեղի, զրույցների ու քննարկումների միակ հարթակը մեծահասակների համար: Իսկ բակային խաղերը, զվարճանքները երեխաների  համար զարգացման ու կայացման միջավայր:  Գյումրվա շենքերի, բազմասենյականոց մասնավոր տների/սեփական տների/ բակերի անբաժանելի մաս էր համարվում պուլպուլակը/ցայթաղբյուրը: 

Արվեստային յուրահատուկ ու քիչ հայտնի բայց շատ հատկանշական բակերից է Կինո Հոկտեմբերի հարևանությամբ, Աբովյան փողոցում գտնվող շենքի  բակը: Նեղլիկ աստիճաններով, ծուռումուռ սալիկներով, կենցաղային կոլորիտով ողողված դեղին բակը կապված է հայտնի լուսանկարիչ Կարախանի անվան հետ: 

Կարախանի լուսանկարչատունը բացվել էր 1939թ. Աբովյան փողոցում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարեւանությամբ: Այդտեղ նախկինում տեղավորված էր «Ճերմակ» Համոյի մթերային խանութը: Այս լուսանկարչատունը գյումրեցիների շրջանում առավել հայտնի էր «Կարախանի ֆոտո» անվամբ: Լուսանկարչատան տնօրենը քաղաքում հայտնի զվարճախոս ու կատակասեր Գուրգեն Կարախանն էր: 

Ինչպես գիտենք Գյումրին հայտնի է նաև այստեղ խորհրդային տարիներին նկարահանված ֆիլմերով, իսկ ֆիլմերն էլ իրենց հերթին բակերով, որտեղ տեղի են ունեցել շատ ու շատ դրվագներ: 

Զբոսաշրջիկների համար սիրելի վայր է դարձել Ֆիլմերի բակը: Գորկու 22, այժմ՝ Շիրազի փողոցում գտնվող կամարից կարելի է հայտնվել այնտեղ, որտեղ մտքին գալիս  են «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս», /մի հատված/ «Կտոր մը երկինք», «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմերից հայտնի դրվագներ:

 Շենքը կառուցվել է 19-րդ դարավերջին և պատկանել է ռուսական կայազորի բարձրաստիճան սպա գնդապետ Վեքիլյանին: Գնդապետը սենյակների մի մասը վարձակալությամբ է տվել՝ հիմնականում 1840-50 թվականներին Գյումրիում հյուրընկալվող ռուս գործիչներին: Մեր ուսումնասիրությունից, ու բնակիչների հետ զրույցից հետո պարզ դարձավ որ բակում ապրել են 10 բնակիչ, սակայն այժմ շատ ավելի քիչ են, որոշ բնակիչներ հեռացել են երկրից, մյուսները տեղափոխվել: Սակայն շենքի ընտհանուր վիճակը առանց խոսքերի էլ տեսանելի է, պատշգամբի կիսախարխուլ վիճակը, պատերի ճաքերն ու ճեղքերը: 

Այնուամենայնիվ Գյումրվա բակերը մնում են այդքան գրավիչ ու որոշներն էլ այդքան ծպտյալ: 

Արվեստաբան՝ Գայանե Պապիկյան

Հասակն առած դպրոցի՝ մերկուրովցիների պատմությունը

Փոքր ժամանակ մոտ 96, 97 թ.երին, երբ ծնողներիս հետ զբոսնում էի Գյումրու «Գորկա» այգում, միշտ նկատում էի նկարակալերով ու թղթերով ինձանից ավելի մեծահասակ երեխաների, ովքեր բացօթյա պայմաններում նկարում էին: Հետաքրքրությամբ մոտենում, զննում ու հիանում էի նրանց նկարներով: Ինձ պատմում էին, որ նկարչական դպրոցից են ու էտիուդներ են անում: Ճիշտ է, ինքնուրույն շատ էի նկարում,  բայց միշտ հոգուս խորքում երազել եմ լինել նրանցից մեկը: Մերկուրավցի աշակերտ ինձ բախտ չվիճակվեց  դառնալ, բայց տարիներ հետո մեծ պատիվ ունեցա մերկուրովցիեների հետ կիսվել  ունեցածս գիտելիքներով: Դպրոցի շեմից միշտ ներս մտնելով  հասկանում եմ, որ դարձել եմ հարյուրամյա պատմություն ունեցող կառույցի մի մասնիկը: Եվ ամեն անգամ, երբ Գյումրիում զրուցում եմ արվեստի, մշակույթի, արվեստագետների մասին, անհնար է, որ խոսք չգնա Գյումրու նկարչական դպրոցի մասին: Քիչ մարդ կա քաղաքում ով գոնե մեկ անգամ չի լսել կամ  առնչվել  դպրոցի հետ, լինի դա արվեստի ոլորտից և ոչ միայն: Գրեթե բոլոր անցած գնացած արվեստային իրադարձությունները, նկարիչների հուշերը կապված են այդ դպրոցի հետ: 

 Արդեն մեկ դար է, ինչ Ս.Դ. Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, դարձել է Լենինականի և Գյումրու արդի նկարչության/գեղարվեստական հիմնաքարը: Դպրոցը քաղաքում զարգացրել  է առանձնահատուկ ձևաոճային մտածողություն:  Հմնադրվել է 1921 թ.ին որպես նկարչական ստուդիա: 1936 թ.ից վերածվել է քառամյա դպրոցի: Ստուդիայի հիմնադիրներից է եղել 20-րդ դարի հայ գեղանկարիչ, գրաֆիկ Գևորգ Բրուտյանը:  Ինչն է հետաքրքիր, որ դպրոցը հարյուր տարվա ընթացքում իր պատմական ուղիով անցել ու «տեսել» է քաղաքի երեք պատմական շերտերը: Հիմնադրվել  է Ալեքսանդրապոլում, կայացել՝ Լենինականում, և շարունակում է զարգանալ Գյումրիում: 

 Հարկ է նշել, որ տարածաշրջանում որպես գեղարվեստի պետական դպրոց եղել է միակը:  «Նկարչական դպրոցը մեծ վարքանիշ ուներ, քանի որ նաև միակն էր, ու ընդունվելը բարդ էր քննությունով,  դպրոցը վճարովի էր»  պատմում է արվեստագետ Գագիկ Մանուկյանը:

 Սկզբնական շրջանում դպրոցը տեղակայված է եղել Սբ. Նշան եկեղեցու մոտ գտնվող տան առաջին հարկում, այնուհետև տեղափոխվել «Դալտոպլան» կոչվող դպրոցի տարածք: 40-ականներին զբաղեցրել է նախկին գիմնազիայի շենքի մի մասը: Հայերից բացի առաջին տարիներին և հետագայում ևս դպրոցում դասավանդել  են նաև ռուս նկարիչներ:  Օրինակ Յուլիա Վերժբիցկայան՝ ում անունը սերտորեն կապված է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի հետ: Մարիամի և Երանուհու նկարչական տաղանդն ի հայտ եկավ դպրոցական տարիքից։ Ալեքսանդրապոլում նկարչական ստուդիա բացվելուն պես, քույրերն անմիջապես ընդունվում են այնտեղ ուսուցանելու: Նկարչության ուսուցիչները՝  այդ թվում  Վերժբիցկայան առաջինն էր, ով նկատեց քույրերի շնորքը: 

Ավելի ուշ տեղափոխվել Մանկավարժական ինստիտուտի տարածք: «Ինստիտուտի շենքում դասարանները միջանցիկ էին դռներով, երբ որ ցուցահանդես էր լինում դռները բացվում էին ու կար մեծ սրահ որտեղ էկրան էր կպած, ամեն շաբաթ նկարիչների մասին ֆիլմեր էր ցուցադրվում, Սուրիկովի, Վասնեցովի, Ռեպինի մասին, սլայդներ էին ցուցադրում, կամ կինո Հոկտեմբեր էին տանում: Ավանդույթ էր ու դասավանդման մեթոդիկա: Հիշում եմ  նկարչականի մեր ուսուցչուհուն,  ռուս նկարչուհի Մոլևան էր, շատ հետաքրքիր և խիստ կին էր:   Ինձ դաս չի տվել, բայց շատ լավ հիշում եմ»: Սիրով պատմում է Գյումրու Գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը: 

 Որոշ ժամանակ էլ տեղակայված է եղել Գյումրիում հայտնի մեծահարուստ Դրանփյաններին պատկանող շահութավեր տանը, որն երկրաշարժից հետո դարձել էր կիսավեր: Չնայած արհավիրքին, գյումրեցի արվեստագետները ոչ միայն չեն լքել քաղաքը, այլ նաև  երեխաներին շարունակել են արվեստ սովորեցնել: Դպրոցը ոչ մի օր պարապուրտի չի մատնվել նաև դժվարին տարիներին: Անգամ կիսավեր շենքային պայմաններում երեխաները մեծ հաճույքով են հաճախել նկարչական: «Շենքը հին էր, վթարային, բայց չէր խանգարում, որ սիրով հաճախեինք: Պատերին կպած, փոքր ինչ վախենալով գնում էինք կրթվելու։ Դպրոցն ուներ ջեռուցման խնդիր, բայց դա էլ չէր խանգարում, քանի որ ուսուցիչները ջերմ էին, միջավայրը՝ տրամադրող, աշակերտները՝ ձգտող։ Ձմռանը, եթե չհասցնեիր արագ վերջացնել նկարը, ապա վրձինը սառած կմնար ջրամանի մեջ։ Չնայած այս ամենին ամենաքաղցր հիշողություններով տարիներն էին» հիշում է նախկին շրջանավարտ, երիտասարդ արվեստագետ Գոհար Սաֆարյանը:

 1989թ-ից դասապրոցեսն անցկացվել է այգում տեղադրված ժամանակավոր տնակում: Գագիկ Մանուկյանի խոսքերով երկրաշարժից հետո տնօրենը Լաճիկյան Սամվելն էր, ով այգու մեջ դոմիկային դպրոց կազմակերպեց:

 «Շնորհալի աշակերտներ շատ եմ ունեցել: Շատերը Երևան են ընդունվել, ու առանց կրկնուսույցի մոտ պարապելու, միանգամից ընդունվել են ինստիտուտ: Հիշում եմ, մի երեխա կար, որ անգամ ներկեր ու վրձիններ չուներ: Վրձնի պոչը սրել եր, ու սրած պոչով մենակ սևով էմպիսի էտյուդներ էր անում որ, շշմելու, կարելի էր մեկից որպես գրաֆիկական աշխատանք ներկայացնել ցուցահանդես: Երկրաշարժի տարիներին եղել է, որ ջուր չկար, և ձյունն ենք բերել հալեցրել, ջուր սարքել, որ կարողանայինք նկարել»: Հավելում է  արվեստագետ Աղունիկ Բերդիկյանը: 

Ունենալով տասնյակից ավել ղեկավարներ, որոնք բոլորն ունեն իրենց ավանդն ու ներդրումը, սակայն դպրոցի հաջողություններում իր դրվատելի վաստակն ունի երեսուն տարի (1945-1977թ.թ.) դպրոցն անընդհատ գլխավորած Շանթ Սարգսյանը: Նա իր շուրջն համախմբած էնտուզիաստների հետ դպրոցը դարձրել է Հայաստանի առաջնակարգ ու ճանաչված կրթoջախներից մեկը, որի համբավը վաղուց դուրս է եկել հանրապետության սահմաններից: 

1977-1987 թվականներին նկարչական դպրոցի տնօրեն է նշանակվում Սերգեյ Միրզոյանը: Դպրոցում դասավանդվող առարկաներից եղել են գծանկարչությունը, գունանկարչությունը, քանդակը, դեկորատիվ կիրառական արվեստը, գոբելենը, կոմպոզիցիան: Անժելա Մանվելյանը դպրոցում դարձավ գոբելենի դասարանի հիմնադիրը: «Թերլեմեզյանից հետո վերադարձա Գյումրի/Լենինական ու աշխատեցի նախ՝ մասսայական դպրոցում, հետո Արթիկ քաղաքի դպրոցում: Քանի որ այնտեղ լավ որակով  թելեր կային  գոբելեններ էի անում հետաքրքիր: Ցուցահանդես էր կազմակերպվել Գյումրիում, ու գոբելեններս բերել էի ցուցադրության: Հենց այդ ժամանակ Միրզոյանը տեսավ աշխատանքներս ու հրավիրեց նկարչական դպրոց աշխատելու»:

 Միրզոյանի դասարանում սովորել, այնուհետև դպրոցում դասավանդել է  արվեստագետ Գագիկ Մանուկայնը: «Երկար տարիներ չկար քանդակի դասարան: Փոխտնօրեն լինելուս ժամանակ բացեցինք քանդակի դասարան: Աշխատում էինք այգու տնակային դպրոցում, և նոր էինք թոթափել երկրաշարժի արհավիրքը: Շատ լավ մթնոլորտ է եղել դպրոցում, էտյուդների էինք գնում, չնայած չհասանք բնորդ նկարելու: Ցուցահանդես-վաճառք  կազմակերպեցինք ԱՄՆ-ում, տնակներում ապրող երեխաներին աջակցելու համար: Հետո տնօրեն եկավ Հովհաննես Գասպարյանը( Ծիբոն)»:

Գասպարյանը բացի հետաքրքիր նկարիչ լինելուց միշտ աչքի է ընկել իր հումորով: Արամ Բաղդասարյանի հուշերում տիպիկ կերպով դա երևում է: 

Իհարկե, նկարչին ճանաչում են առաջին հերթին նկարներով, բայց հումորն էլ օգնում էր ավելի ճանաչել նրա ներաշխարհը: Այն տարիներին, երբ Գյումրին ընկղմվում էր խավարի մեջ, Ծիբոն ծիծաղում էր…

-Ինձ ինչ: Բանդը մեր տան կողքին է: Այնտեղ լուս միշտ կա ու կա… 

 Ներկայումս՝ դպրոցը տեղակայված է Ջիվանու 78 հասցեում գտնվող նախկին Հ.Թումանյանի անվան գրադարանի շենքում: Ներկայիս տնօրեն  երիտասարդ արվեստագետ Ժակլին Սարգսյանն արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատում է բարելավել շենքային պայմանները, ընդլայնել թե՛ տարածքը, թե՛ կրթական պայմանները: Ավանդականի հետ մեկտեղ արդեն զուգահեռվում են  ժամանակակից  միտումնրը: «Երբ մտնում եմ նկարչական,  լռիվ ուրիշ աշխարհ է,   ամեն անկյունը արվեստային  է, թեյնիկը՝ որ կախած է առաստաղից, գդալները փակցված դռանը, ամեն անկյուն արվեստային  է:  Այնտեղ ունեցա ուսուցիչներ, որոնք ընկերոջից չեն տարբերվում, ազատ ենք զգում մեզ, ինչպես մեր տանը»: Անկեղծանում է ներկայիս մերկուրովցի Վոլոդիա Քոչարյան

Հ,.Գ. Դպրոցի մասին կարելի է խոսել էջերով, պատմությունները շատ են, հիշողությունները բյուր,  սակայն անհնար է հիշատակել բոլորին անհատապես, և խնդրում եմ ներեն բոլոր նրանք ում անունները չհիշատակվեցին կամ չներկայացվեցին ավելի մանրամասն: 

Հոդվածները գրվել են «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երկրորդ փուլի մասնակից Գայանե Պապիկյանի կողմից:

Spread the love