Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Բարեփոխումները բարձրագույն կրթության համակարգում որպես ինովացիոն գործընթաց․Վալտեր Բերբերյան

21-րդ դարը նոր պահանջներ է դնում կառավարման բոլոր բնագավառների, դրանց ճյուղերի առջև, մասնավորաբար, բարձրագույն կրթության կառավարման համակարգի դեմ։ Բարձրագույն կրթության ոլորտում ինովացիաների կիրարկման հարցերը, խնդիրների լուծումը հույժ կարևոր են՝ բուհը ցանկալի արդյունքի բարձրացնելու նկատառումով: Առայսօր կրթական համակարգում կարևորվում է արդյունավետ կառավարումը. այն առաջնորդությանը առնչվող հատուկ խնդիր է։  Կրթության համակարգում, իսկապես, առանցքային է երրորդ կրթական մակարդակը՝ բարձրագույն դպրոցը, քանզի այն հնարավորություն է տալիս պատրաստել որակավորված մասնագետներ տնտեսության և գիտության տարբեր բնագավառների համար: Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի՝ բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը:

ՀՀ բարձրագույն կրթության համակարգի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ: Մեր կարծիքով, դրանցից աչքառուներն են՝ բարձրագույն կրթության պետական կառավարումը և բուհերի ինքնավարությունը, կրթության հասանելիության և հավասար մուտքի ապահովումը, կրթության որակի ապահովումը և վերահսկողությունը, ֆինանսավորումը և մեխանիզմների կառավարումը: Մեր օրերում մտածելու տեղիք է տալիս նաև Եվրոպական կրթական եռաստիճան համակարգը (այն դեռևս գործում է բոլոր բուհերում): Արդյո՞ք եվրոպական կրթական դաշտում լինելը նպաստավոր է ու կարևոր որակյալ մասնագետներ ունենալու առումով և ոչ միայն:

Գաղտնիք չէ, որ ՀՀ անկախության հռչակումից հետո իրականացվեցին բազմաթիվ վերափոխումներ, որոնք վերաբերեցին ամենատարբեր բնագավառներին, ոլորտներին. դրանցից անմասն չմնաց նաև կրթության համակարգը: Նշենք, որ ՀՀ կրթական համակարգը ներառում է կրթության բոլոր մակարդակները, այն են՝ նախադպրոցական, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն, հատուկ ընդհանուր կրթություն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն: Կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է՝ ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կնպաստեն կրթության և գիտելիքի վարկանիշի մեծացմանը և կամրապնդեն Հայաստանի՝ որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը:

Այժմ ներկայացնենք մի քանի դիտարկումներ և նկատառումներ բարձրագույն կրթության մասին օրենսդրության բարեփոխումների գործընթացից և բովանդակությունից: 

Այսպես՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում կատարվել են մի շարք հավելումներ, նախագծում օգտագործվել են նոր հասկացություններ, որոնք, ըստ էության, նորություն են, քանի որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում դրանց վերբերյալ խոսք չկա: Կարևոր է առաջարկվող նախագծի այն դրույթը, ըստ որի՝ անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին: Հավելենք, որ այս համակարգը ընդունված և կիրառելի է ԱՄՆ-ում, որը համարվում է այս ձևի ստեղծարար երկիր: Մենք կարծում ենք, որ այսօր, երբ գիտությամբ և կրթությամբ հետաքրքրվողները քիչ են, և գնալով նվազում է ցանկությունը շարունակելու տևական այդ գործընթացը, սա կլինի մոտիվացնող երևույթ: Շատ քիչ են այն երիտասարդները, որոնք իսկապես խորամուխ են գիտությամբ և կրթությամբ: Նրանց ճանապարհը խոչընդոտներով չպետք է լինի, նրանք պետք է արժևորված և գնահատված լինեն: Դոկտորական ատենախոսությունները մեր երկրում, սովորաբար բավականին ուշ են պաշտպանվում (50 անց տարիքում), և սա կլինի ոգևորող մի գործոն՝ երիտասարդ տարիքում հասնելու գիտության ցանկալի աստիճանին: 

Ուշարժան է նաև ԳԱԱ ինստիտուտների համագործակցությունը բուհերի հետ: Պետք է նշել, որ այսօր համալսարանները սերտ կապի մեջ են ակադեմիայի հետ: Կան շատ դասախոսներ, որոնք համատեղությամբ են աշխատում կրթական-գիտական այս երկու օջախներում, ուսանողներին հաճախ արտադրական պրակտիկայի են ուղարկում ակադեմիայի ինստիտուտներ, համատեղ կազմակերպում են հանրապետական, միջազգային գիտաժողովներ և այլն: 

Ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տևողությունն է՝ ա. բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, ոստիկանական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարվա, բ. դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարվա, արվեստի և ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար` առնվազն 4 տարվա, գ. մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարվա, բժշկական մասնագիտությունների համար` մինչև 4 տարվա, դ. հետազոտողի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 3 տարվա: 

Ըստ առաջարկվող օրենքի նախագծի՝ ա. առաջին մակարդակի որակավորում շնորհող կրթական ծրագրերի բեռնվածությունը ոչ պակաս 180 և ոչ ավելին, քան 240 կրեդիտ է. բակալավրի որակավորում ստանալու համար ուսուցման տևողությունը առնվազն 3 տարի է, բ. երկրորդ մակարդակի որակավորում շնորհող կրթական ծրագրերի բեռնվածությունը ոչ պակաս 60 և ոչ ավելին, քան 120 կրեդիտ է. մագիստրոսի որակավորում ստանալու համար ուսուցման տևողությունը առնվազն 1 տարի է, գ. երրորդ մակարդակի որակավորում շնորհող գիտակրթական ծրագրերի բեռնվածությունը 180 կրեդիտ է, դոկտորի որակավորում ստանալու համար ուսուցման տևողությունը առնվազն 3 տարի է: Առաջարկվող նախագծով շեմը, կարծես, իջեցվել է: Սա անչափ կարևոր փոփոխություն է: Արդյո՞ք համապատասխան փոփոխության կենթարկվեն դասընթացները, քանի որ ժամանակի կրճատումը աներկբա ազդում է դասընթացի դասավանդման և առարկաների բաշխման վրա և այլն: 

Ըստ առաջարկվող նախագծի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ ա. 1-ը՝ ուսանողության ներկայացուցիչներից, որին առաջադրում է բուհի ուսանողական խորհուրդը, բ. 4-ը՝ բուհի հիմնական ակադեմիական կազմից, որոնց առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, գ. 1-ը՝ բուհի հետ համագործակցող կազմակերպություններից, որոնց ներկայացուցչին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, ելնելով բուհի առանձնահատկություններից և ոլորտային ուղղվածությունից, դ. 6-ին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ գործարարներից, կրթության, գիտության, մշակույթի կամ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներից: Գործող օրենքով բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է նվազագույնը 20 անդամից: Առաջարկվող օրենքի նախագծում կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու ընդամենը 12 անդամից, որից 6-ին նշանակում է համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ գործարարներից, կրթության, գիտության, մշակույթի կամ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներից։ Սա ևս խորհելու տեղիք է տալիս: Ինչ խոսք, տարբեր են տեսակետները և կարծիքները. շատերը այս և մի շարք այլ դրույթներ որակում են իբրև ինքնուրույնության, ինքնավարության խախտում, շատերն էլ նշում են, որ ամեն դեպքում պատկան մարմինների կողմից վերահսկողության գործառույթի իրականացման անհրաժեշտություն կա, քանի որ համալասարանում բազմաթիվ անօրինություններ են կատարվել և գուցե կատարվում՝ մատնանշելով կեղծ բազմապիսի ընտրություններ և այլն: Հետևապես, այս և մի շարք այլ փոփոխություններ հավատ են ներշնչում, որ մենք կունենաք հզոր համալսարան՝ զերծ կեղծիքներից, անարդարություններից: 

Հետաքրքրական դրույթներ են սահմանվել նաև ռեկտորի՝ կառավարման գործադիր մարմնի վերաբերյալ: Այսպես՝ բուհի ռեկտորի (այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և՝ ա. բուհում դասավանդման և վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ, բ. գիտական և վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ, գ. բարձրագույն կրթության կամ գիտության համակարգի ղեկավար աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ: Մենք ունենք տարբեր բուհեր, ուստի կարծում ենք, որ նպատակահարմար է բուհի ռեկտորին առաջադրվող չափանիշները ամրագրել բուհի կանոնադրության մեջ:

Մեր կարծիքով, կրթության բնագավառը առավել պահպանողական է, հետևապես շտապողական քայլեր իրականացնելն այս ոլորտում, մասնավորաբար, բարձրագույն կրթության դաշտում համարում ենք սխալական, իսկ որքանով ամբողջական նախագիծը կլինի հաջող և ստացված՝ ցույց կտա միայն ժամանակը:

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երկրորդ փուլի շրջանակներում երրորդ տեղը զբաղեցրած Վալտեր Բերբերյանի կողմից:

Spread the love