Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ Բարձրագույն կրթության խնդիրները. Սյուզաննա Չալղյան

Սույն հոդվածը նվիրված է ՀՀ բարձրագույն կրթության խնդիրներին։ Ոլորտում առկա խնդիրները վեր հանելու համար անցկացվել է հարցում՝ ուսանողների և նորավարտ երիտասարդների շրջանակում, հնարավորություն տալով բարձրաձայնել ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առկա թերություններն ու բացթողումները,  

տալ առաջարկություններ։ Հարցմանը մասնակցել են ՀՀ-ում թվով քսանմեկ ( ՀՊՏՀ,  ՀՊՏՀ ԳՄ, ԵՊՀ, ՀԱՊՀ, ՇՊՀ, ՀԳՊԱ, ՀՖԿՍՊԻ, ԵԹԿՊԻ ,ԳՊՀ, ԵԳՀ, ԵՄՀ, ՀԱԱՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ԵՊԲՀ, ՀՀ ՊԿԱ, ՃՇՀԱՀ, ՀՊՄՀ, ԵՊԼՀ , ՄՄՀ, ՀՀ Ոստիկանական ակադեմիա, ) բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 18-30 տարեկան, 270 ուսանողներ ու նորավարտներ։ 

Ստորև ներկայացնում եմ հարցման մասնակիցների կողմից բարձրաձայնված  խնդիրները, մշակված և համակարգված տեսքով։ 

Քննարկվել են հետևյալ հարցերը՝ 

⮚ Ի՞նչ հնարավորություններ է Ձեզ տալիս/տվել բարձրագույն կրթությունը ⮚ Ի՞նչ խնդիրների եք հանդիպել ուսումնառության ընթացքում և ի՞նչ փոփոխություն եք առաջարկում իրականացնել 

⮚ Բուհն ավարտելուց հետո ինչպե՞ս եք գտել աշխատանք և ի՞նչ խնդիրների եք հանդիպել 

Այն հարցին թե ի՞նչ հնարավորություններ է տալիս բարձրագույն կրթությունը,  պատասխանել են հետևյալ կերպ՝ ,

Հարցմանը մասնակցածների 29%-ը պատասխանել են, որ բարձրագույն կրթությունը իրենց ապահովել է միայն դիպլոմով, և ոչ բավարար են համարում կրթական համակարգի գործունեությունը։ 19%-ը դժգոհություն են հայտնել առ այն, որ բարձրագույն կրթությունը տալիս է միայն տեսական գիտելիքներ, որոնք չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին և դժվարությունների առաջ են կանգնեցնում ։ Հարցվածների 15%-ը համարում են, որ բարձրագույն կրթությունը հետագայում միայն աշխատաք ունենալու հիմք է հանսանում, իսկ 8%-ը համարում են,  որ բարձրագույն կրթությունը հնարավորություն է տալիս, որպես մասնագետ ձևավորվելու ։ Հակառակ հարցման 19%-ի կարծիքի, մասնակիցների 7%-ը համարում է, որ բարձրագույն կրթությունը տալիս է նաև պրակտիկ գիտելիքներ։ 16%-ի կարծիքով բարձրագույն կրթությունը հնարավորություն է ընձեռնում մասնակցել տարբեր սեմինարների, գիտաժողովների և միջազգային փոխանակման ծրագրերի, որոնք հիմնական մոտիվացիան են համարվում և խթանում են երիտասարդների ինքնազարգացմանն ու անձնային աճին, փորձի ձեռք բերմանը ։ Մասնակիցների 6%- ի համար բարձրագույն կրթությունը տալիս է միայն նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն։ Ամփոփելով ցուցանիշները կարող ենք եզրակացնել,  որ առաջին տեղում շեշտադրվում է երիտասարդների մոտ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալու առկայությունը, որը բացարձակ հիմք չի հանդիսանում որակյալ մասնագետների ձևավորման համար։ Երիտասարդների մյուս մեծ մասն էլ հետագայում գործազուրկ չդառնալու նպատակով են ընդունվում բուհեր, բայց հետագայում ստացած և աշխատաշուկայում պահանջված գիտելիքների և  հմտությունների անհամապատասխանության պատճառով բախվում են տարատեսակ խնդիրների։ 

Ուսումնառության ժամանակ հանդիպած խնդիրների մասով ուսանողների կողմից առանձնացվել է հետևյալը՝

 

Ըստ 45%-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ կա՛մ բավարար չափով նյութեր չեն տրամադրում, կա՛մ տրամադրում են ոչ արդի նյութեր,  մասնավորապես տրամադրվում են օտարալեզու գրականությունով նյութեր, որոնք դժվարություն են առաջացնում նախ ժամանակային առումով՝ թարգմանելու և սովորելու, իսկ հետո կան ուսանողներ ովքեր բավարար չափով չեն տիրապետում օտար լեզվին, այսինքն տրամադրվում է գրականություն որոնք մատչելի և հասանելի չեն բոլորին։ Դժգոհություններ են գրանցվել առ այն, որ երկրորդական առարկաների քանակը գերակշռում է մասնագիտական առարկաներին, որոնք ավելորդ ծանրաբեռնվածություն են առաջացնում։ Դասավանդվում են ոչ արդիական մեթոդներով, նկատվում է տեխնիկայի և այլ անհրաժեշտ պարագաների պակաս,  

որոնք ուղղակիորեն ազդեցություն են ունենում դասապրոցեսի արդյունավետության և հետաքրքրության վրա։ Ուսանողների 25%-ը բախվել է խտրական վերաբերմունքի ,  քննական պրոցեսի ժամանակ առանձնացվում են անվճար համակարգում սովորող ուսանողները վճարովի համակարգում սովորողներից, գնահատման անհավասար պայմաններ, մասնավորապես դասախոսները գնահատում են ըստ ուսանողի նկատմամբ ունեցած համակրանքի, հետևաբար բացարձակ անտեսված են ուսանողի գիտելիքներն ու պատրաստվածության աստիճանը դասապրոցեսին և քննությանը։ Ուսանողների 16%-ը տոկոսը թերի են որակավորում դասավանդող մասնագետներին,  

նկատում ոչ բավարար գիտելիքներով անձանց, ովքեր դասավնդվող առարկաներին չեն տիրապետում, չեն տրամադրում անհրաժեշտ նյութերը, դրդում ուսանողներին իրենց մոտ անցնել վճարովի դասաժամեր, քննական պրոցեսի ժամանակ պահանջում գումար։ Ըստ հարցվածների 7%-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է վարձավճարների ոչ ճկուն համակարգ, որոշ հաստատություններում վարձավճարները պահանջում են դասապրոցեսի սկսման առաջին իսկ օրվանից, իսկ մինչև քննությունը չվճարելու դեպքում արգելում մասնակցել քննությանը։ Վարձավճարների զեղչերի փոփոխությունների դեպքում նախօրոք տեղեկություն չի տարածվում։ Հարցմանը մասնակցած հեռակա կրթաձևում սովորող ուսանողների 5%- ը թերի են համարում դասապրոցեսը, կարճ ժամանակահատվածում տրամադրվում են մեծ ծավալով նյութեր, որոնք հնարավոր չեն ամբողջովին ընկալել, դասավանդողների մոտ նկատվում է խտրական և թերի վերաբերմունք կապված հեռակա կրթաձևում սովորելու հետ, ուսանողների և ուսումնական հաստատության կապը թույլ է, ինչի արդյունքում ուսանողը համարում է իրեն անտեսված ։ 

Առաջարկվում է՝ 

✔ Վերանայել տրամադրվող ուսումնական նյութերի բովանդակությունը և երկրորդական առարկաների քանակը 

✔ Մշակել և իրականացնել դասավանդման արդիական մեթոդներ ✔ Կազմակերպել շարունական բնույթ կրող վերապատրաստումներ դասախոսների շրջանում

✔ Խստորեն հետևել քննական պրոցեսի կազմակերպման թաձանցիկ ընթացքին,  բացառել կոռուպցիան 

✔ Բացառել խտրական վերաբերմունքը ուսանողների նկատմամբ՝ կապված առկա/հեռակա, վճարովի/անվճար համակարգում սովորելու հանգամանքից,  հաստատել հավասար պայմաններ ։ 

Հարցմանը մասնակցած և բուհն ավարտած ուսանողները աշխատանք են գտել հետևյալ գրաֆիկում նշված տարբերակներին համապատասխան։ 

Ըստ գրաֆիկի արդյունքների ուսումնառությունն ավարտած ուսանողների ընդամենը 6%-ն է աշխատանք գտել բուհի միջնորդությամբ, որը բավական ցածր ցուցանիշ է,  բնութագրում է բուհի և աշխատաշուկայի միջև եղած թույլ կապը։ Կարծում եմ բուհի առաքելությունը պետք է լինի, ինչպես որակյալ մասնագետներ պատրաստելը,  այնպես էլ նրանց աշխատանքի տեղավորման հարցում միջնորդ հանդիսանալը։ Աշխատանքի ընդունման առաջնային խնդիրը համապատասխան փորձի բացակայությունն է, տեսական և պրակտիկ նյութերի անհամապատասխանությունը։  Աշխատաշուկայի հետ կապի ամրապնդման արդյունքում բուհը կլուծի ևս մեկ խնդիր,  այն է՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելը, տեսական դասընթացները կրճատելու և պրակտիկ դասընթացներն ավելացնելու միջոցով։ 

Ամփոփելով հավելեմ, որ ունենք ոչ այնքան դրական և գոհացնող ցուցանիշներ։ Ամուր պետության հիմքը գիտելիքով զինված հասարակությունն է, սակայն այս ցուցանիշներով, երբ երիտասարդների գերակշիռ մասը բացի դիպլոմից այլ բան չեն ստանում բուհից, ստանալու դեպքում չեն կարողանում կիրառել աշխատանքի մեջ,  

խոսք չի կարող լինել դրա մասին։ Բարձրագույն կրթության խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության ներքո և ստանան համապատասխան լուծումներ։ Այն  այսօր համակարգային խնդիր է ՀՀ-ում, քանի որ 21 տարբեր բուհերի կողմից ստացել եմ միանամն խնդիրների վերաբերյալ տեղեկություն։ Բուհերը քաջատեղյակ են իրենց մասնագետների որակներից և մասնագիտական կարողություններից, այդ իսկ պատճառով ակնկալում եմ պետության ակտիվ և արդյունավետ միջամտությունը։ Առաջնահերթ անհրաժեշտ է բացառել բուհերում թերի մասնագետների շարունակական գործունեությունը և կոռուպցիան, այնուհետև մշակել կրթական նոր, արդյունավետ մեթոդներ, տալ հնարավորություն ուսանողին ազատ մտքի ու կամքի արտահայտման։ Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր գերազանց տիրապետում են իրենց աշխատանքին, դրանից զատ ունեն դասավանդման հմտություն,  առաջարկում եմ սահմանել խիստ պահանջներ և որակավորում համապատասխան հաստիքի համար, ինչպես նաև շարունակական բնույթ կրող վերապատրաստման դասընթացներ։ Կարևոր է ապահովել միջավայր՝ որտեղ ուսանողը կկարողանա ձևավորվել որպես մասնագետ, կկարողանա մտածել, վերլուծել, քննարկել,  ստեղծագործել, հանդես գալ առաջարկություններով, կզարգացնի՝ կազմակերպչական, հաղորդակցման, թիմային և այլ անհրաժեշտ հմտություններ։ Մեր պետության ապագան այսօրվա երիտասարդներն են, ովքեր իրավունք ունեն ստանալու որակյալ կրթություն և աշխատել ի նպաստ հայրենիքի բարօրության և զարգացման։ 

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երկրորդ փուլի շրջանակներում առաջին տեղը զբաղեցրած Սյուզաննա Չալղյանի կողմից:

Spread the love