ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Նախաբանի փոխարեն
Ես ՀՀ քաղաքացի եմ և կամավորություն եզրույթի հետ առաջին հանդիպումս եղել է 7 տարեկան հասակում: Այս թեմային զուր չեմ անդրադարձել : Ես այն երիտասարդներից չեմ,որոնք կամավորություն բնութագրում են հետևյալ նախադասությամբ . §Երբ երիտասարդ ես և մեծ փորձ չունես, բայց ուզում ես ինչ-որ բան անել՝ կամավորությունը հենց այդ հնարավորությունն է:
Կամավորությունը ինձ համար կենսակերպ է և չկա մի օր, որ ես դրանով չապրեմ: Այն ամենը, ինչ ունեմ իմ առօրյայում, կամավորությունն է ինձ տվել․ շատ ընկերներ, միջոցառումներ կազմակերպելու, ծրագրեր համակարգելու փորձ, հստակ գիտակցություն, թե ի՞նչ եմ ուզում ,ի՞նչ կարող եմ անել և վերջապես անսահման սեր ու հոգատարություն դեպի մարդը:
2005 թվականին ես 7 տարեկան էի, երբ մայրս իր գաղափարակիցների հետ հասարակական կազմակերպություն հիմնեց: Մեր ընտանիքը բազմանդամ է` հայր, մայր 7 երեխաներ: Ամբողջ ընտանիքի հիմնական հոգսը մայրիկիս ուսերին էր `գյուղի կենցաղ, 7 երեխաների խնամք, դասախոսական աշխատանք, միևնույն ժամանակ երկրորդ բուհական կրթություն և դրան գումարած հասարակական աշխատանք: Ընտանիքով փորձում էինք օգնել մայրիկիս՝ կատարելով տարատեսակ հասարակական աշխատանք: Մեզ էին միանում մեր դասարանցիները,կուրսեցիները, շրջապատի ակտիվ մարդիկ : Ակամայից դարձել էինք կամավոր, կամավորությունը դարձել էր մեր ապրելակերպը, տալիս էինք անհատույց, ստանում՝ հզոր էներգիա:
Ի՞նչ պարտավորություններ ունեն կամավորները
Շատ հաճախ մեկ կամ մի քանի կամավորական աշխատանք կատարած երիտասարդներին թվում է, թե արդեն պրոֆեսիոնալ կամավոր են և ունեն միայն հստակ իրավունքներ, որը նաև վերջերս ամրագրվել է ՀՀ օրենսդրությամբ, մոռանալով ,որ կամավորներն իրենց իրավունքներից զատ ունեն նաև պարտավորություններ: Հարաբերությունների կամավոր բնույթը մեզ կամավորներիս ոչ բոլոր
պարտականություններից է ազատում: Դա հատկապես կիրառելի է կամավորության ֆորմալ, երկարատև հարաբերությունների դեպքում, քանի օգնում է պատշաճ ջանասիրությամբ ծառայությունների մատուցմանը: Ես ինձ թույլ եմ տվել առանձնացնել ամենակարևոր
պարտականությունները, որոնք պարտադիր են կամավորների համար և որոնց հետ շատ հաճախ առնչվել եմ իմ կամավորական կենսագրության ընթացքում:
1) Կամավորական գործունեությունը կատարել անձամբ և սեփական կամքով:
Կամավորությունն իր բնույթով ազատ ընտրության վրա հիմնված անձնական հանձնառություն է : Ուստի, կամավորները պարտավոր են առաջադրված գործառույթները կատարել սեփական կամքով և ինքնուրույն:
2007 թվականն էր, մեր հասարակական կազմակերպության հիմնական գործառույթներից մեկը հումանիտար օգնությունների բաշխումն էր սոցիալապես անապահով խավին: Փոքրիկ պահեստ ունեինք ,որտեղից բաշխում էինք հագուստ,սնունդ, հիգիենայի պարագաներ: Մի անգամ այցելեցի պահեստ,որտեղ շահառուներին հագուստ էին բաժանում: Շատ խառնաշփոթ էր, հիշում եմ մի տարեց կին խնդրում էր երեխայի տաք հագուստ, բայց այնքան շատ էին պարկերը ,որ հնարավոր չէր գտնել նրա ուզածը:Մայրս խնդրեց ,որ օգնեմ: Ես փորձեցի ինքնուրույն տարանջատել ամառային և ձմեռային հագուստը: Հաջորդ օր դասերից հետո ոտքերս ինձ պահեստ տարան, սկսեցի առանձնացնել հագուստը ըստ տարիքի, ըստ սեզոնի :Մայրս զարմացավ,բայց ոչինչ չասեց, միայն գլուխս շոյեց: Հաջորդ և մնացած բոլոր օրերը,ազատ ժամերիս այցելու էի պահեստ և օգնում ՀԿ-ի աշխատակազմին փոքրիկ աշխատանքներ կատարելով:
2) Բավարարել իրավական և կազմակերպական կիրառելի կանոնների պահանջները, մասնագիտական և էթիկական պահանջները:
Կամավորները պետք է կամավորական գործունեությունն իրականացնեն օրինական և արհեստավարժ կերպով: Կամավորները պետք է հարգեն իրենց աշխատանքի վայրում կիրառվող կանոնները և կանոնակարգերը:
Ես կամավորական աշխատանք էի կատարում մի իրավապաշտպան կազմակերպությունում, որի ներքին կանոնակարգից մի փոքրիկ հատված փակցված էր հենց գրասենյակի պատին և այն մեծ ազդեցություն էր թողնում այդ կազմակերպություն աշխատողների և կամավորների վրա:
ՀԱՐԳԱՆՔ
Մեր պարտքն է ցուցաբերել հարգանք մեր, այլոց և մեզ վստահված ռեսուրսների նկատմամբ։ Մեզ վստահված ռեսուրսները կարող են ներառել մարդկանց, գումար, հեղինակություն, այլ անձանց անվտանգություն, բնության կամ շրջակա միջավայրի ռեսուրսներ։ Հարգանքով լի միջավայրը ծնում է վստահություն, ապահովություն և գերազանց կատարողականություն՝ խթանելով փոխադարձ համագործակցությունը՝ միջավայր, որտեղ խրախուսվում և արժևորվում են տարբեր հեռանկարները և տեսակետները։
3) Կամավորները պետք է պատրաստ լինեն տարատեսակ վերապատրաստումների կարողությունների բարձրացման դասընթացների
Շատ հաճախ կամավորներին ներգրավող կազմակերպությունները կազմակերպում են դասընթացներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել առաջադրված գործողությունների կատարման համար: Ուստի, կամավորները,որոնք ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել տվյալ կազմակերպությունում պետք է ընդունեն վերապատրաստման դասընթացների առաջարկները:
Մի ծրագրի շրջանակներում պետք է ուղեկցեի կույր երիտասարդներին դեպի Արցախ: Մի անգամից 3 վերապատրաստում անցա:Սկզբից դժգոհում էի մտածում էի,թե ինչի են պետք այդ վերապատրաստումները, սակայն գործի ընթացքում հասկացա,որ առանց դրա երևի թե չկարողանայի առաքելությունս իրականացնել:Նախ մասնակցեցի ուղեկցորդների և զբոսավարների 3 շաբաթյա դասընթացի,որը հնարավորություն տվեց ինձ կցված խմբի համար զբոսաշրջային տուր կազմակերպել Ստեփանակերտում և հարակից քաղաքներում: Ուսումնասիրեցի նաև բրայլի այբուբենը, որը հնարավորություն տվեց երեկոյան ժամերին տեսաղոկան խնդիրներ ունեցող խմբիս հետ թղթախաղ խաղալու:
4) Պահպանել տվյալ գործունեության, կամ ընդունող կազմակերպության վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը:
Կամավորները կարող են կամավորական գործունեություն իրականացնելիս որոշակի գաղտնի տեղեկությունների ծանոթանալ: Կամավոր ներգրավող կազմակերպությունները գաղտնիքի պաշտպանության իրավունք ունեն, որն անհրաժեշտ է հարգել: Կամավորները պարտավոր են գաղտնի պահել գործարար և այլ գաղտնիքները: Կարող է ստորագրվել չբացահայտման պայմանագիր, կամ՝ կամավորության մասին պայմանագրում ներառվում են հատուկ դրույթներ:
Մի քանի տարի առաջ մեր կազմակերպությունում ընդունեցինք Խաղաղության Կորպուսի կամավորի, որը եկել էր օգնելու բարձրացնել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունները: Կեվինը հիմնականում աշխատում էր կազմակերպության ռազմավարության և կամավորական աշխատանքի որակը բարելավելու վրա: Մի տեսակ թերհավատորեն էինք սկզբից նրան ընդունում,մենք ` գյուղի պարզ և շիտակ տղաներ էինք, ինքը Չիկագոյից եկած կասկածամիտ, մի տեսակ փակ անձնավորություն: Մտածում էինք որ գաղտնի գործակալ է,բերանից խոսք դուրս չի գալիս,չի պատմում իր նախկին աշխատանքից, նաև իր կենցաղից:
Հետաքրքիր էր, որ շատ արագ հայերեն սովորեց, մեր մշակույթին ծանոթացավ, այնուհետ սկսեց մեր հետ ընկերություն անել, նաև մեր մեջ կամավորին բնորոշ հատկանիշներ ձևավորել: Ամենաառաջին խորհուրդներից մեկը ՀԿ-ի մասին որոշ տեղեկատվությունների գաղտնիության պահպանումն էր: Կեվինը նաև մշակեց կամավորի պայմանագիր,որտեղ որպես դրույթ ամրագրեց վերոհիշյալը:
ՀՀ-ում այսօր կամավորների համար ստեղծվել են նոր պայմաններ ավելի լիարժեք ու հաջողակ աշխատանք ծավալելու համար։ Դա համահունչ է միջազգային չափանիշներին, որոնց համաձայն պետական և հասարակական ոլորտը օժանդակում է կամավորական գործունեությանը՝ ստեղծելով բարենպաստ միջավայր:
Եթե մենք մեզ համարում ենք կամավոր , ապա այդպիսին պետք է լինենք մեր վարքով, մտածելակերպով, մեր իրավունքներով և պարտականություններով ։ Լինել կամավոր ինչ որ առումով նշանակում է լինել իսկական ՀՀ քաղաքացի:
Էսսեն գրվել է Ռեստարտ ճամբար2-ի մասնակից Եղիազար Ավետիսյանի կողմից։
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024