Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Փայլան․ Առանց սահմանների բացման՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում սկսել հնարավոր չէ

Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Factor.am-ին հարցազրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը, ասել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղճված իրավիճակից դուրս գալու 2 ճանապարհ կա՝ վերսկսել պատերազմը կամ մտածել հաշտեցման մասին։

Փայլանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գլխավոր նախապայմանը սահմանների բաց լինելն է․ «Առանց սահմանների բացման՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել հնարավոր չէ»։

«Ուրախ եմ տեսնել, որ երկու կողմերը մտածում են հաշտեցման գործընթաց սկսելու մասին։ Պատերազմի հետևանքով ստացած տրավմաները վերացնելու համար կողմերը պետք է մտածեն հարաբերությունների նորմալացման մասին»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի իշխանություններն իսկապես ցանկանում են նման գործընթաց սկսել։ Ըստ Փայլանի՝ պատճառն այն է, որ Էրդողանը ցանկանում է փոխել միջազգային հանրության կարծիքն իր մասին։ «Թուրքիան իր ոտքն է դրել մի քանի տարածաշրջաններում, ունի խնդիրներ Կիպրոսում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլն, իր նեոօսմանական երազանքներն էր փորձում իրականացնել, և հիմա նա ոչինչ չունի աշխարհին պատմելու՝ խաղաղություն հաստատելու, ինչ-որ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու մասին։ Էրդողանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պատմություն՝ աշխարհին ներկայացնելու համար, որ Թուրքիան աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- կարծիք է հայտնել Փայլանը։

Նա մատնանշել է, որ Թուրքիայի նախագահը հաճախ է խոսում նախագծերի մասին, որոնցում ներգրավված է 6 տարածաշրջանային երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, որոնց միանալու է նաև Հայաստանը՝ ունենալով որոշ տնտեսական օգուտներ։ «Էրդողանը հիմա ցանկանում է Արևմուտքին՝ Եվրոպային և ԱՄՆ-ին հավատացնել, որ դեռ աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ, մտածում է այս տարածքում երկրների հաշտեցման մասին»,- ասել է նա։

Այն դիտարկմանը, թե Հայաստանում շատերը մտահոգություններ ունեն Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր նորմալացման հետ կապված, քանի որ չեն վստահում այդ պետությանը՝ Փայլանն արձագանքել է, որ դա նորմալ է, քանի որ հայերը դրա համար մի շարք պատճառներ ունեն։

«Թուրքիան նշանակալի դեր խաղաց նաև նախորդ տարվա պատերազմում՝ օգնելով Ադրբեջանին։ Բայց Էրդողանն օպորտունիստ և պրագմատիկ նախագահ է․ անցած տարի նա ներգրավվեց պատերազմում՝ ազգայնականներին հաճոյանալու և Ադրբեջանի համար որոշ առավելություններ ստեղծելու համար։ Բայց նա տեսավ նաև, որ պատերազմով չկարողացավ իր համար լծակներ ստանալ: Ռուսաստանը կարողացավ ստանալ լծակներ, իսկ Թուրքիան՝ ոչ»,- ասել է նա։ Իսկ հաշտեցման «խաղով» Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ Կարո Փայլանի, երկու հարց է լուծում․ առաջինը տնտեսականն է՝ առևտուր Հայաստանի հետ, երկաթուղու վերագործարկում և այլն, իսկ երկրորդը՝ աշխարհին ներկայացնել պատմություն, որ ինքը դեռ կողմ է խաղաղությանը։

Մեկ այլ դիտարկմանն ի պատասխան էլ՝ արդյո՞ք հիմա աշխարհին հուզում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, ինչպես 13 տարի առաջ էր՝ Կարո Փայլանը նկատեել է, որ ժամանակին աշխարհն այստեղով նավթի, բնական գազի տարանցմամբ էր հետաքրքրված, իսկ հիմա նման նախագծերն արդեն Վրաստանով են իրականացվում։

«Փողի բացակայությունն արդեն թուլացնում է հետաքրքրությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հանդեպ։ Գուցե, ամեն դեպքում, ինչ-որ հետաքրքրություն լինի, բայց արևմտյան երկրներն աչքերը հաճախ են փակում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Արևելքի երկրներում։ Դա ցույց տվեց նաև նախորդ տարվա պատերազմը։ Մենք պետք է դրանից դասեր քաղենք և ինքներս մեր խնդիրները լուծենք մեր տարածաշրջանում։ Եթե չես կարողանում լուծել խնդիրները, ուրեմն պետք է ուժեղ լինես, իսկ եթե բավարար ուժեղ չես, պետք է ձգտես խաղաղության»,- եզրափակել է Փայլանը։

PanARMENIAN.Net

Spread the love