Դերասանուհի, երգչուհի և մոդել: Մահացել է 36 տարեկանում, Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա:
Ես կցանկանայի լինել մեծ դերասանուհի բառի բուն իմաստով և հնարավորինս երջանիկ: Բայց ի՞նչ է երջանկությունը:
Շներն ինձ երբեք չեն կծում: Միայն մարդիկ:
Ես երբեք չեմ ցանկացել լինել Մերլինը, դա պարզապես պատահեց: Մերլինը վարագույրն է, որի տակ ես թաքցնում եմ Նորմա Ջինին (Մերիլին Մոնրոյի իսկական անունն է՝ Նորմա Ջին Բեյքեր):
Երբ ես շատ փոքր էի, սենյակ մտած առաջին կնոջը ասում էի «Մա՛մ»: Եթե տղամարդ լիներ, ասում էի «Հայրի՜կ»։ Բայց մի առավոտ (ես մոտ երեք տարեկան էի) ինձ լողացնում էին, և ես մայրիկ կոչեցի այն կնոջը, ով հոգ էր տանում ինձ մասին: Նա ասաց. «Ես քո մայրը չեմ: Ինձ կոչիր մորաքույր: «Իսկ նա իմ հա՞յրն է»: Հարցրեցի ՝ մատնացույց անելով իր ամուսնուն: «Ոչ», – պատասխանեց նա, «մենք քո ծնողները չենք: Այն կարմիր մազերով կինը, ով երբեմն գալիս է քեզ մոտ, նա է քո մայրը»: Այդ ժամանակ դա ինձ համար ցնցում էր: Բայց նա հազվադեպ էր գալիս, ուստի ինձ համար նա միշտ մնում էր կարմիր մազերով այդ կինը:
Մարմինը հիացմունքի համար է, այլ ոչ թե նրան կապանքների մեջ պահելու:
Մենակությունն ինձ ամենաքիչն է անհանգստացնում: Ես ինձ լավ եմ զգում, երբ մենակ եմ: Ինձ նույնիսկ դուր է գալիս։ Սա թույլ է տալիս թարմացնել միտքը:
Մարդիկ ծիծաղելի են: Նրանք տալիս են այս բոլոր հարցերը, և երբ դու անկեղծ պատասխանում ես, նրանք ցնցվում են: Մի անգամ ինձ հարցրեցին. «Ի՞նչ ես հագնում, երբ քնում ես: Գիշերանո՞ց։ Գիշերազգե՞ստ»: Ես պատասխանեցի. «Chanel No5 օծանելիք»: Որովհետեւ դա ճիշտ է: Ես չէի ուզում ասել, որ մերկ եմ քնում, բայց … դա ճիշտ է:
Ես խնդիր ունեմ ՝ անընդհատ ուշանում եմ: Հավանաբար, մարդիկ կարծում են, որ սա մեծամտության դրսեւորում է, բայց ես ճիշտ հակառակն եմ կարծում: Ես այս մեծ ամերիկյան արագության մեջ չեմ: Եթե ես ինչ-որ տեղ գնամ, ուզում եմ անել առավելագույնը, որն ինձանից պահանջվում է: Շատերը գալիս են ժամանակին և ոչինչ չեն անում, պարզապես նստում և զրուցում են իրենց սոցիալական կյանքի մասին: Գեյբլը (դերասան Քլարկ Գեյբլ, հոլիվուդյան աստղ, 1930-1940-ականներ) մի անգամ իմ մասին ասաց. «Երբ նա այստեղ է, նա այստեղ է իրականում: Նա աշխատում է»:
Երբ հայտնի ես, քո յուրաքանչյուր թուլությունը չափազանցված է: Արդյունաբերությունը, լավ առումով, պետք է իրեն պահի այնպես, ինչպես մայրը, որի երեխան թռել է մեքենայի անիվների տակ: Բայց երեխային գրկելու ու մխիթարելու փոխարեն, նա պատժում է երեխային: Իսկ հիմա մենք իրավունք չունենք մրսելու: Պրոդյուսերները կարող են հիվանդանալ, բարիկադավորվել տանը և կախվել հեռախոսից, բայց մենք ՝ դերասաններս, իրավունք չունենք հիվանդանալու:
Ֆիլմերում նկարահանվելիս ես միշտ պատասխանատվություն էի զգում: Նույնիսկ փոքր էպիզոդիկ տեսարանների դեպքում, որտեղ պարզապես պետք էր ներս մտնել և ասել
«Բարև»: Մարդիկ պետք է զգան, որ տոմսը գնել են ինչ-որ պատճառով, և ես պարտավոր եմ նրանց տալ այն ամենը, ինչ կարող եմ անել որպես դերասանուհի:
Դերասանները շատ ավելի ամաչկոտ են, քան դուք կարող եք պատկերացնել: Մեզանից յուրաքանչյուրի մեջ կա գրաքննիչ, որը վերահսկում է, թե որքանով կարող ենք ինքներս մեզ ազատագրել: Կարծում եմ ՝ մարդիկ վստահ են, որ մեր միակ աշխատանքը հանրության առջև հայտնվելն է: Բայց սա իսկապես դժվար է, դրա հետևում հսկայական պայքար է: Ես աշխարհի ամենաանապահով մարդկանցից մեկն եմ: Ես իսկապես պետք է պայքարեմ ինքս ինձ հետ:
Դերասանը մեքենա չէ, անկախ նրանից, թե քանի մարդ է ձեզ հակառակը համոզում:
Հիշում եմ իմ նկարահանումները «Ջենթլմենները նախընտրում են շիկահերների» ֆիլմում: Ջեյն Ռասելը թխահեր էր, ես ՝ շիկահեր: Թեև ֆիլմի համար նա ստացավ 200,000 դոլար, իսկ ինձ շաբաթական 500 դոլար էին վճարում, ինձ համար դա ավելի քան ընդունելի էր: Ի դեպ, Ջեյնը հիանալի էր տրամադրված իմ հանդեպ: Միակ բանն այն էր, որ ինձ հանդերձարան չտվեցին:
Արթուր Միլլերը (ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր) երբեք չէր ամուսնանա ինձ հետ, եթե ես պարզապես հիմար շիկահեր լինեի:
Երեխաները միշտ եղել են իմ ամենամեծ վախը: Ես երեխա ուզում եմ այնքան, որքան վախենում եմ նրանցից: Ամեն անգամ, երբ հղիանում էի, մարմինս ասում էր ոչ, և ես կորցնում էի երեխայիս:
Իմ ամուսնու երեխաները ստիպված էին կրել իմ փառքի բեռը: Երբեմն նրանք իմ մասին գարշելի բաներ էին կարդում, և ես անհանգստանում էի, թե արդյոք դա նրանց կվնասի: Ես ասացի նրանց. «Մի՜ լռիր, ավելի լավ է ուղղակիորեն ինձ հարցնես այս բաների մասին, և ես ամեն ինչ անկեղծորեն կպատասխանեմ»:
Երբեմն ինձ թվում է, որ իմ ամբողջ կյանքը մեկ անվերջանալի մերժում է:
Նյութի աղբյուրը՝ esquire.ru
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն