Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Քրգործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ընթացքում, համայնքապետարանի մի քանի պաշտոնյաների օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թթ․ ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ:
Արդյունքում համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը:
Պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. օգոստոսի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 4 տարվա ազատազրկման՝ 9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է 3 տարվա ազատազրկմամբ՝ 10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը, պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ՝ 19 դրվագ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
PanARMENIAN.Net

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման