Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Մարզաբնակ երիտասարդների սոցիալական խնդիրները. Եվգինե Մնացականյան

Հայաստանի Հանրապետության ապագայի ու զարգացման մեջ մեծ դեր ունի երիտասարդության ձայնը, գիտելիքները, ուժն ու հմտությունները։ Չնայած մարդկային զարգացման ամբողջ աշխարհում արձանագրված ցուցանիշին՝ երիտասարդությունն աշխարհում և Հայաստանում շարունակում է բախվել բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերների։ Մասնավորապես ՀՀ մարզերում երիտասարդներն ունեն լուրջ սոցիալական, մշակութային և այլ հիմնախնդիրներ, որոնց լուծումը բավականին բարդ է թվում։ 

Վերջին տարիներին ՀՀ-ում նկատվում է երիտասարդության ներուժի կարևորության գիտակցում։ Երիտասարդների մեծ ներդրման շնորհիվ զարգանում է ՏՏ ոլորտը, սկսում են զարգանալ գիտությունն ու մշակույթը։ Հիմնվել են բազմաթիվ երիտասարդական կենտրոններ ու հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են երիտասարդներին։ Այսպիսի կազմակերպությունների շնորհիվ շատ երիտասարդներ կարողանում են որոշ չափով խուսափել խնդիրներից ու գտնել իրենց կյանքի բարելավման լավագույն ուղիներ: Սակայն այս ամենին զուգահեռ կա այնպիսի  իրականություն, որտեղ բացերը չափազանց շատ են, իսկ խնդիրներն անլուծելի են թվում։  Մարզերում երիտասարդներն ունեն հիմնականում կրթության, զբաղվածության, ժամանցի հիմնախնդիրներ, բացի այս ամենից կան նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օրինակ՝ տեղեկացվածության, ինքնուրույնության, կոմպլեքսների հաղթահարման, ինքնադրսևորման խնդիրները։ Սրանք ունեն իրենց հետևանքները, որոնք բացասական ազդեցություն են ունենում երկրի զարգացման վրա։ 

Լինելով մարզաբնակ երիտասարդ ես առնչվում եմ բազմաթիվ խնդիրների միևնույն ժամանակ փորձում եմ գտնել դրանց լուծման ուղիները։ Անդրադառնամ գլխավոր հիմնախնդրին՝ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիր․ ըստ պաշտոնապես գրանցված տվյալների Հայաստանում երիտասարդների  ընդամենը 29%-ն է զբաղված, ավելին՝  ըստ “World Vision Armenia”  և “Save the children” կազմակերպությունների հրապարակած տվյալների մարզաբնակ երիտասարդների 70%-ը գործազուրկ է։ Այս հիմնախնդիրը կազմված է մի քանի գործոններից՝ աշխատատեղերի բացակայություն, խիստ ցածր աշխատավարձ, աշխատանքային փորձի պահանջ, կրթության բացակայություն, կոռուպցիա և այլն։ Այս ամենի արդյունքում մարզաբնակ երիտասարդների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի։ Գյուղաբնակ երիտասարդների մոտ 90%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, քանի որ չկա այընտրանք։ Մարզերում երիտասարդ աղջիկների համար իրավիճակն ավելի բարդ է, եթե երիտասարդ տղաները գոնե փնտրում են աշխատանք, ապա աղջիկների դեպքում «լավագույն տարբերակն» ամուսնությունն է և ընտանեկան պարտականությունները։ Հիմնականում գյուղական համայնքներում աղջիկները գտնվում են ենթակայական դիրքում, մասամբ՝ չունեն աշխատելու, որոշում կայացնելու, վատագույն դեպքում՝ բարձրագույն կրթություն ստանալու իրավունք։ Նաև երիտասարդ աղջիկների առումով Հայաստանում աշխատաշուկան չի ապահովում հավասար պայմաններ։  Այսպիսով մարզերում լուրջ խնդիր է նաև խտրականությունը։  Բացի այս ամենից գործազրկության գլխավոր պատճառներից է նաև կրթական համակարգի և աշխատաշուկայի կապի բացակայությունը։ Բուհերում երիտասարդներն ստանում են այնպիսի կրթություն և ձեռք են բերում այնպիսի մասնագիտություններ, որոնք քիչ կիրառելի են և որոնցով չեն կարող աշխատել, քանի որ չկա համապատասխան աշխատատեղ այդ մասնագիտությամբ։ 

Կան մարզաբնակ երիտասարդներ, ովքեր Երևանում բարձրագույն կրթություն ստանալով, գտնում են իրենց տեղը մարզում՝ գտնում են աշխատանք կամ իրենք են ստեղծում իրենց աշխատանքը։ Կան նաև երիտասարդներ, ովքեր մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալով ցանկություն չեն ունենում մարզ վերադառնալու, քանի որ մարզում չկան համապատասխան պայմաններ իրենց և իրենց ընտանիքի բարվոք բնակության համար։ Ցավոք, երկրորդ դեպքն ավելի հաճախ է պատահում, ինչի հետևանքով մարզերը դատարկվում են։ Սա լրջագույն խնդիր է, որն իր լրջագույն հետքն է թողնում Հայաստանի և մեր ապագայի վրա։ Կրթության հիմնախնդիրը նույնպես կարևոր դեր է խաղում։ Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի բուհերում ստացած կրթությունը էականորեն տարբերվում է մարզերի բուհերում ստացած կրթությունից։ Մարզաբնակ երիտասարդների մի մասը սովորում է մայրաքաղաքի բուհերում՝ այն երիտասարդները, որոնց ծնողներն ի վիճակի են լուծել  կեցության, ուսման վճարի և բազմաթիվ այլ ֆինանսական խնդիրներ։ Երիտասարդների մի մասը սովորում է մարզերի բուհերում, որը պահանջում է ավելի քիչ ֆինանսական ներդրում։ Կա երիտասարդների մեկ այլ խումբ, ովքեր ընդհանհրապես չեն սովորում բուհում, խնդիրը ֆինանսի մեջ է։ Այո՛, երիտասարդների համար ապահովված չեն կրթության հավասար պայմաններ։ Խնդիրը կարող էր լուծվել, եթե 18 տարեկան երիտասարդը կարողանար գոնե գտնել այնպիսի աշխատանք, որով կհոգար ուսման վճարը, ցավոք, Հայաստանում, առավել ևս մարզերում չկան այդպիսի հնարավորություններ։ Այս ամենի հետևանքով Հայաստանում գործազրկության մակարդակն, ըստ տարիքային խմբերի, ամենաբարձրն է 18-19 տարեկանների խմբում՝ մոտ 43%։ Այս խնդիրի լուծումը բավականին բարդ է և պահանջում է երկարատև աշխատանք։ Կարծում եմ՝ խնդիրը որոշ չափով կլուծվի, եթե հավասարեցվեն մարզերի և մայրաքաղաքի բուհերի տված կրթության որակները, ուսման վճարները ցածրացվեն կամ գործի զեղչային համակարգ, գյուղաբնակ երիտասարդների համար տրամադրվի անվճար տրանսպորտ դեպի մարզկենտրոն՝ դեպի բուհ։ 

Հաջորդը երիտասարդների ժամանցի հիմնախնդիրն է։ 

Մարզերում առավել լուրջ վիճակում է գյուղաբնակ երիտասարդների ժամանցի խնդիրը։ Ես՝ լինելով գյուղաբնակ երիտասարդ, հավաստում եմ, որ գյուղերում գրեթե իսպառ բացակայում են ժամանցի վայրերը, չկան գրադարաններ, երիտասարդկան կենտրոններ, մշակութային կենտրոններ, չկա նույնիսկ այնպիսի վայր, որտեղ երիտասարդները կարող են ընդամենը հավաքվել, քննարկումներ անել, խոսել, ինչ-որ բանով զբաղվել։ Ինչի հետևանքով էլ երիտասարդների մոտ կորում է հետաքրքրությունը գյուղի առօրյայի հանդեպ, մի մասի մոտ կորում է նաև ձգտումը, ցավոք շատերը կոտրվում են։ Կան համայնքներ, որոնցում ինչ որ չափով լուծված է այս խնդիրը, սակայն այդպիսի համայնքների քանակն անհամեմատ քիչ է։ 

Մարզաբնակ երիտասարդներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք փոքր են թվում, սակայն չափազանց կարևոր են ու ահռելի բացասական հետևանքներ ունեն։ Շատերը կոմպլեքսավորված են, չեն կարողանում ինքնադրսևորվել, ինքնուրույնությունը բացակայում է մի մասի մոտ։ Այս ամենն առաջացել է քիչ շփվելու ու իրական կյանքին քիչ ծանոթ լինելու հետևանքով։ Հիմնականում չունեն մասնակցություն ՏԻՄ-ի որոշումների կայացման հարցերում։  Ցավալին այն է, որ հատկապես գյուղաբնակ երիտասարդները չեն կարող ինքնուրույն լուծել այս խնդիրները, նրանց պետք է օգնություն, նրանք ունեն տեղեկացվածության պակաս, անվստահություն, փորձի պակաս։ 

Այսպիսով մարզաբնակ երիտասարդները չափազանց խոցելի են։ Անվերջ կարող եմ խոսել խնդիրների մասին, դրանք բազմաթիվ են։ Պետք է սկսել փոքր քայլերից ու փորձել լուծել բոլոր խնդիրները։ Կարծում եմ, կարող ենք լուծում տալ սրանց, եթե սկսենք երիտասրդներին ներգրավել տարբեր գործերում, տարբեր կառույցներում ու տարբեր ծրագրերում։ Պետք է ստեղծել ակտիվ երիտասարդություն։ 

Էսսեն գրվել է Ռեստարտ ճամբար2-ի մասնակից Եվգինե Մնացականյանի կողմից:

Spread the love