Գիտությունը վաղուց ապացուցել է, որ յուրաքանչյուր տեսակի էվոլյուցիայի շարժիչ ուժը բնական ընտրությունն է։ Հենց դրա շնորհիվ են տեսակները հարմարվում շրջակա միջավայրի պայմաններին ու փոփոխություններին։ Ընդ որում, մի տեսակից մյուսի վերափոխման գործընթացը, որպես կանոն, տևում է դարեր և ավելին:
Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ կլինի, եթե մարդկությունը կարողանա ամբողջովին շրջանցել այս կենսաբանական գործընթացը: Թերևս սա շուտով իրականություն կդառնա, քանի որ գիտությունը մեծապես բարելավում և հեշտացնում է մարդու կյանքը: Հայեցակարգը, որը թույլ է տալիս «ցատկել» էվոլյուցիայի որոշակի փուլից վրայով, կոչվում է «տրանսհումանիզմ»: Տրանսհումանիզմը շարժում է, որի նպատակն է օգտագործել տեխնոլոգիական զարգացումները մարդկությանը ընդմիշտ փոխելու համար:
Ի՞նչ է տրանսհումանիզմը
Տրանսհումանիզմի հայեցակարգը, որը ապագայի մասին մտածելու միջոց է, պնդում է, որ մարդկությունը ոչ թե հասել է (կամ մոտեցել) իր զարգացման գագաթնակետին, այլ, ընդհակառակը, գտնվում է իր էվոլյուցիայի համեմատաբար վաղ փուլում: Տրանսհումանիզմ տերմինն առաջին անգամ օգտագործել է անգլիացի կենսաբան Ջուլիան Հաքսլին (հանրահայտ գրող Օլդոս Հաքսլիի եղբայրը)՝ իր «Կրոնն առանց հայտնությունների» (1927) գրքում։ Անդրադառնալով մարդու ինքնակատարելագործմանն ու զարգացման հնարավորությանը՝ Հաքսլին գրում է․ «Ցանկության դեպքում մարդ տեսակը կարող է գերազանցել ինքն իրեն՝ ոչ միայն ժամանակավոր և որպես մի առանձին անհատականություն, այլ՝ ամբողջապես, որպես մարդկություն»։
Ավելի ուշ՝ 1990 թվականին, փիլիսոփա, ֆուտուրիստ Մաքս Մորը, ով բազմաթիվ համալսարաններում դասախոսություններ էր կարդում նոր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների և մարդկության վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ, տվեց տրանսհումանիզմի նախնական սահմանումը։ Նա այս գաղափարը բացատրում էր հետևյալ կերպ. «Տրանսհումանիզմը փիլիսոփայական տարբեր ուղղությունների խումբ է, որոնք ձգտում են արագացնել բանական կյանքի էվոլյուցիան և գիտության ու տեխնոլոգիայի միջոցով այն դուրս բերել մարդու ներկայիս ձևից և մտավոր սահմանափակումներից՝ առաջնորդվելով կյանքի կարևոր սկզբունքներով և արժեքներով»:
Մարդու մարմինը փոփոխելու և բարելավելու համար տեխնոլոգիա/գործիքներ կիրառելը նորություն չէ: Փաստ է, որ մարդկությունն իր կենսաբանական սահմանները հաղթահարելու հնարավորության մասին պատկերացում ունեցավ այն պահից, երբ մարդիկ մշակեցին առաջին գործիքներն ու պարզեցին՝ ինչպես օգտագործել կրակը:
Էվոլյուցիան մարդկությանն ավելի խելացի է դարձրել. Առաջին հերթին բանականությունը (ինտելեկտը) մարդկանց թույլ տվեց ոչ միայն գոյատևել, այլև բարգավաճել՝ անկախ բազմաթիվ կենսաբանական թերություններին: Այստեղից էլ գալիս է տրանսհումանիզմի ոգեշնչումը. այս շարժումը ոչ միայն սատարում է տեխնոլոգիաների օգտագործմամբ մեզ շրջապատող աշխարհի վրա ազդելու գաղափարին, այլ նաև առաջարկում է ներդնել այդ տեխնոլոգիաները մարդու կենսաբանության մեջ:
Ոսպնյակները լուծել են թույլ տեսողության խնդիրը, բրեկետները թույլ են տվել կատարյալ ժպիտ ունենալ (սրանք միջամտությունների պարզագույն տարբերակներն են) կան բազմաթիվ այլ օրինակներ, թե ինչպես են բարդ գյուտերն ու ժամանակակից տեխնոլոգիաները բարելավել մարդու մարմինը և կյանքը:
Ներկայումս տրանսհումանիզմը ցանկանում է մեկ քայլ էլ առաջ անցնել և բոլոր առկա զգայական համակարգերը (զգայարանները) փոխարինել տեխնոլոգիաներով։ Նպատակն այն է, որ մարդը կարողանա դուրս գալ բնության կողմից իրեն տրված սահմանափակ հնարավորությունների սահմանից:
Յուրաքանչյուր ոք, ով որոշում է բարելավել/համալրել իր մարմինն ու հնարավորությունները տեխնոլոգիաներով, որպեսզի վերացնի թերություններն ու հասնի ավելիին, քան հնարավոր է կենսաբանական տեսանկյունից, կոչվում է տրանսմարդ:
Ինչպե՞ս կանդրադառնա մարդկության ապագայի վրա տրանսհումանիզմը
Ներկայացնենք բազմաթիվ տարբերակներից երեքը․
- Համալրված մարմին
Առաջիկա տարիներին մենք ականատես կլինենք մոդիֆիկացված մարդկանց առաջացմանը, ովքեր սովորական մարդկանցից ավելի ուժեղ, խելացի և դիմացկուն կլինեն: Այս վերափոխումը տեղի է ունենալու իմպլանտների միջոցով, ինչպիսիք են ուղեղի միկրոչիպերը և RFID չիպերը, որոնք տեղադրվում են մարդու մարմնում և ընդլայնում են դրա հնարավորությունները:
Չնայած այս տեխնոլոգիական զարգացումները հսկայական կարևորություն կստանան, բայց ամենակարևորը կլինեն մարդու գենոմի և արտամարմնային բեղմնավորման (IVF) բնագավառներում հետազոտական ծրագրերի առաջխաղացումները: Այս երկու տեխնոլոգիաների համադրությունը բժշկությանը թույլ կտա, օգտագործելով CRISPR գենային ինժեներիան, խմբագրել սաղմերը և վերացնել ժառանգական հիվանդությունները: Բացի այդ, մարդու մարմինը հնարավոր կլինի վերլուծել և վերահսկել այնպես, ինչպես համակարգիչների աշխատանքը: - Կոգնիտիվ գործընթացների արագացում
Այնպիսի ընկերությունները, ինչպիսիք են DARPA-ն, Facebook-ը և Neuralink-ը, արդեն նախաձեռնել են մի շարք նախագծեր, որոնք աշխատում են «ուղեղ-մեքենա» սարքերի զարգացման համար: Այս սարքերի հայտնվելը էապես կփոխի թե մարդկանց շփումը միմյանց հետ, թե փոխազդեցությունները այլ տարատեսակ սարքերի, գործիքների հետ: - Արդյունավետության բարելավում գեյմիֆիկացիայի և վարքաբանական ուսումնասիրությունների շնորհիվ
Որոշ նորարարական ընկերություններ արդեն իսկ կիրառում են գեյմիֆիկացիան և վարքաբանական ուսումնասիրությունների տվյալները։ Օրինակ՝ Uber-ը այնպես է կառուցում երթուղին, որ վարորդը չիմանա, թե որքան եկամուտ է ստանալու դրանից, որպեսզի խթանի վարորդի մոտ դոֆամինի արտադրույունը։ Բացի այդ ընկերությունը, վարորդների առջև գերնպատակներ է դնում՝ նրանց մոտ ձգտումը մշտապես բարձր պահելու համար։
Uber-ի գեյմիֆիկացման տեխնիկան առաջարկում է այնպիսի գրաֆիկական ինտերֆեյս, որը երթուղուն հաղորդում է համակարգչային վիդեոխաղի զգացողություն
https://www.ita.am/
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում